Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

գերհաղորդիչում հնարավոր է, այսպես կոչված, կուպերյան զույգերի առաջացումը: Այդ աշխատանքի համար 1972 թ.-ին Ջ. Բարդինի և Ջ. Ռ. Շրիֆերի հետ արժանացել է նոբելյան մրցանակի:

ԿՈՒՊԵՐ (Cooper) Ջեյմս Ֆենիմոր (1789 թ. սեպտեմբերի 15, Բըրլինգթոն, նահանգ Նյու Ջերսի – 1851 թ. սեպտեմբերի 14, Կուպերսթաուն), ամերիկյան գրող: 1806–1811 թթ–ին ծառայել է նավատորմում: Համաշխարհային համբավ է ձեռք բերել «Պիոներները» (1823 թ.), «Վերջին մոհիկանը» (1826 թ.), «Պրերիա» (1827 թ.), «Որսորդը կամ Լիճ–ծովը» (1840 թ.), «Գազանորս կամ Պատերազմի առաջին արահետը» (1841 թ.) վիպաշարով: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև Կուպերի ծովային վեպերը՝ «Լոցման» (1823 թ.), «Կարմիր ծովահենը» (1828 թ.) և այլն: Սկսելով «ամերիկյան ազատությունները» գովաբանելուց՝ Կուպերը 30-ական թթ. երկրորդ կեսին անցել է ամերիկյան իրականության խիստ քննադատության («Մոնիկինները», 1835 թ.):

«Խառնարան» (1847 թ.) հակաբուրժուական ուտոպիական երկում արտահայտվել է հեղինակի հոռետեսությունը: Կուպերի ստեղծագործությունը, որը շատ բանով կապված է 18-րդ դ. լուսավորական գրականության հետ, պատկանում է ամերիկյան ռոմանտիզմի վաղ շրջանին:

Երկեր՝ Վերջին մոհիկանը, Ե., 1959: Գազանորսը, Ե., 1973:

ԿՈՒՊԵՐԵՆ (Couperin) Ֆրանսուա (1668 թ., Փարիզ–1733 թ., Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսինահար: Կուպերենի տոհմը 17–18-րդ ղդ. տվել է երաժիշտների մի քանի սերունդ: Ժամանակակիցները նրան կոչել են «Մեծ Կուպերեն»: Կոմպոզիտորի երկերի մեծ մասը կլավեսինի համար գրված, մեղեդայնությամբ, նրբագեղությամբ առանձնացող պիեսներ են: Կուպերենի ստեղծագործությունը ֆրանսիական կլավեսինային արվեստի բարձունքն է: Գրել է «Կլավեսին նվագելու արվեստը» տրակտատը (1716 թ.): 1932–1933 թթ.-ին Փարիզում հրատարակվել է Կուպերենի երկերի լրիվ ժողովածուն (12 հատոր):

Գրականություն՝ Друскин М.С., Клавирная музыка, Л., 1960.

ԿՈՒՊԼԵՏ (ֆրանսերեն couplet), տես Քառյակ:

ԿՈՒՊՐ, ձյութ, հեղուկ նյութ, ստացվում է պինդ վառելանյութերի (քարածուխ, բնափայտ, տորֆ, թերթաքարեր ևն) չոր թորումից: Կուպրը օրգանական նյութերի բարդ խառնուրդ է: Բաղադրությունը կախված է ելային հումքից և մշակման եղանակից: Ոչ բարձր ջերմաստիճաններում (500–600°C) ածխի, տորֆի և այլ վառելանյութերի կիսակոքսացումից առաջանում է, այսպես կոչված, առաջնային կուպր:

Քարածխի կոքսացումից ստացված Կ. կոչվում է քարածխի խեժ, իսկ բնափայտի ջերմային մշակումից ստացվածը՝ բնափայտին խեժ:

ԿՈՒՊՐԵՎԻՉ Վասիլի Ֆեոֆիլովիչ [1897 թ. հունվարի 12(24), գյուղ Կալնիկի (այժմ՝ Մինսկի մարզի Սմոլևիչի շրջանում) – 1969 թ. մարտի 17, Մոսկվա, թաղված է Մինսկում], սովետական բուսաբան: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1953 թ.), ԲՍՍՀ ԳԱ ակադեմիկոս և պրեզիդենտ (1952 թ.-ից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969 թ.): ՍՄԿԿ անդամ 1945 թ.-ից: Ձմեռային պալատի գրոհի (1917 թ.-ի հոկտեմբեր) մասնակից: Աշխատել է ԲՍՍՀ ԳԱ կենսաբանության ինստիտուտում (1934–1938 թթ.): ՍՍՀՄ ԳԱ բուսաբանության ինստիտուտի ավագ գիտական աշխատող (1938 թ.-ից) և դիրեկտոր (1949–1952 թթ.): «Բոտանիչեսկի ժուռնալ» («Ботанический журнал», 1959–1966 թթ.) և «Միկոլոգիա ի ֆիտոպատոլոգիա» («Микология и филопатология» 1967 թ.-ից) հանդեսի գլխավոր խմբագիր: Հիմնական աշխատությունները նվիրված են սնկաբանությանը, հիվանդ բույսերի ֆիզիոլոգիային: Էնզիմոլոգիայի հիմնադիր: Բելոռուսիայի ԿԿ Կենտկոմի անդամ (1952 թ.-ից): ՍՍՀՄ 4 – 7-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով:

Երկեր՝ Физиология больного растения в связи с абщими вопросами паразитизма, М.-Л., 1947; Почвенная энзимология, Минск, 1966 (համահեղինակ՝ Т.А. Щербакова).

Գրականություն Гончарик М.Н., Василий Феодорович Купревич, «Микология и фитопатология», 1969, т.3, № 5 (ունի մատենագիտական ցանկ)

ԿՈՒՊՐԻՆ Ալեքսանդր Իվանովիչ [1870 թ. օգոստոսի 26 (սեպտեմբերի 7), ք. Նորովչատ (այժմ՝ Պենզայի մարզում) – 1938 թ. օգոստոսի 25, Լենինգրադ], ռուս գրող: 1873 թ–ին տեղափոխվել է Մոսկվա: 10 տարի անց է կացրել զինվորական ուսումնական փակ հաստատություններում, 4 տարի ծառայել հետևակային գնդում: 1894 թ.-ին թողել է ծառայությունը, մեկնել Կիև, շրջել Ռուսաստանի հաիավում, կատարել տարբեր աշխատանքներ: 1901 թ.-ից ապրել է Պետերբուրգում: 1919 թ.-ին Գատչինայից, որ գեներալ Յուդենիչի զորքերով կտրված էր Պետրոգրադից, Կուպրինը ընտանիքով անցել է Ֆինլանդիա, 1920 թ.-ին՝ Փարիզ: 1937 թ.-ին, ծանր հիվանդ, Կուպրինը վերադարձել է Սովետական Միություն:

Կուպրինի առաջին պատմվածքը տպագրվել է 1889 թ.-ին: Այնուհետև լույս են տեսել «Մոլոք» (1896 թ.) վեպը և «Օլեսյա» (1898 թ.) վիպակը: Նրա ստեղծագործությունն առավել արգասավոր է եղել 1905–1907 թթ.-ի հեղափոխությունից առաջ՝ հասարակական վերելքի շրջանում և հեղափոխության տարիներին: «Մենամարտ» (1905 թ., հայկական հրատարակություն 1960 թ.) վեպը պատկերում է ցարական բանակի սպայական կազմի անիմաստ կյանքն ու հոգեկան անկումը: «Յամա»-ն (մաս 1, 1909 թ., մաս 2, 1914–1915 թթ., հայկական հրատարակություն 1975 թ.) անբարոյականության խոցի վերացմանը օգնելու փորձ է: Կուպրինը պատմվածքի մեծ վարպետ է («Կրկեսում», 1902 թ., «Ճահիճ», 1902 թ., «Վախկոտը», 1903 թ., «Ձիագողերը», 1903, «Կարմրուկ», 1904 թ., և այլն): Ռեակցիայի տարիներին համակվել է հոռետեսությամբ («Ծովային հիվանդություն», 1908 թ., «Աշակերտ», 1908 թ., և այլն): 1917 թ.-ի հեղափոխությանը նախորդած տարիներին գրել է «Զմրուխտ» (1907 թ.), «Սուլամիթ» (1908 թ.), «Հեռագրիչը» (1911 թ.), «Նռնաքարե ապարանջան» (1911 թ.), «Գոգա Վեսելով» (1916 թ.) ուշագրավ գործերը: Այդ շրջանում հեղինակն զբաղվել է նաև գեղարվեստական ակնարկով, պատկերել աշխատավոր մարդու արիությունն ու հոգեկան գեղեցկությունը: Կուպրինի տարագրության տարիներն արգասավոր չեն եղել («Ոսկի աքաղաղ», 1923 թ., «Ժանետ», 1932-1933 թթ.): Կուպրինը քննադատական ռեալիզմի վերջին ներկայացուցիչներից է: Իր կենսասիրությամբ, հումանիզմով, լեզվի ու թեմատիկայի հարստությամբ նա դարձել է ռուսական ամենաընթերցվող գրողներից մեկը: Նրա ստեղծագործություններից շատերը բեմադրվել, կինոնկարահանվել ու թարգմանվել են տարբեր լեզուներով:

Երկեր՝ Собр. соч., т. 1–9, М., 1970–1973; Պատմվածքներ, Ե., 1956: Պատմվածքներ, Ե., 1968: Սպիտակ պուղելը, Ե., 1953:

Գրականւթյուն՝ Афанасьев В.И., А.И. Куприн. Критико-биографический очерк, 2 изд., испр. и доп., М., 1972.

ԿՈՒՊՐԻՏ (< լատիներեն cuprum – պղինձ), կարմիր պղնձի հանքաքար, միներալ: Քիմիական կազմը՝ Cu2О (Cu–88,8%, О–11,2%): Բյուրեղագիտական համակարգը խորանարդային է: Բյուրեղներն օքտաէդրի կամ դոդեկաէդրի տեսք ունեն, սակավ ասեղնաձև կամ թելավոր են: Սովորաբար առաջացնում է դրուզներ, հոծ հատիկավոր, երբեմն հողային ագրեգատներ: Գույնը՝ կարմիր, սև, փայլը՝ ալմաստի: Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 6140կգ/մ³ : Կուպրիտը տիպիկ հիպերգեն միներալ է: Առաջանում է պղնձի առաջնային սուլֆիդների և երկրորդային խալկոզինի հաշվին: Հանդիպում է մալաքիտի, բնածին պղնձի և այլ երկրորդային միներալների հետ՝ պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում:

ԿՈՒԶԱՂԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնաշղթայի վրա, Գայլատու լճից 18կմ արևելք, 2189մ բարձրության վրա: Չուխոտի (Առուն) գոգհովիտը կապում է Արարատյան դաշտի հետ: Կուզաղի լեռնանցքով անցնում է Մուսուն–Ագաշա–Չարկչի տեղական նշանակություն ունեցող ճանապարհը:

ԿՈԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, Կուռլանդական և Զեմգալական դքսություն, ֆեոդալական պետություն Լատվիայի տերիտորիայում: