Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Շեղատառ տեքստազգային օրենսգրքերում նախատեսում համապատասխան իրավանորմեր։ Ա․ Թովմասյան

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, օրինականության և իրավակարգի այնպիսի խախտում, որն առաջացնում է քրեական պատասխանատվություն։ ԽՍՀՄ օրենսդրությամբ (ԽՍՀ Միության և միութենական հանրապետությունների քրեական օրենսդրության հիմունքներ, հոդված 7, ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 7) հանցագործություն է համարվում հանրության համար վտանգավոր այն արարքը (գործողություն կամ անգործություն), որն ուղղված է խորհրդային հասարակական, պետական կարգի, տնտեսության սոցիալիստական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների անձի, նրանց քաղաքական, աշխատանքային, գույքային և այլ իրավունքների դեմ, ինչպես նաև սոցիալիստական իրավակարգի դեմ ուղղված հանրության համար վտանգավոր ամեն մի այլ արարք։ Հանցագործությունն ընդգրկող հատկանիշների ամբողջությունը՝ օբյեկտ (հասարակական շահ, արժեք, որի դեմ ուղղված է հանցագործությունը), սուբյեկտ (հանցագործի անձը), օբյեկտիվ կողմ (արարքի բնույթ, կատարման եղանակ), սուբյեկտիվ կողմ [արարքի նկատմամբ անձի վերաբերմունքը, ամենից առաջ նրա մեղքը (դիտավորություն, անզգուշություն)], կազմում է հանցակազմ։ Հանցագործությունը կոնկրետ դրսևորվող արարք է։ Հանցագործությունը դասակարգային հասկացություն է, արարքի հանրորեն վտանգավորությունն ու հակաօրինականությունը յուրաքանչյուր հասարակարգում բնորոշվում է ըստ տիրող դասակարգի քաղաքական, գաղափարական, բարոյական հայացքների։ Այսպես, ԽՍՀՄ–ում սպեկուլյացիան, մասնավոր ձեռնարկատիրական գործունեությունը, պատերազմի պրոպագանդան հանցագործություն է, որոշ կապիտալիստական երկրներում՝ ոչ։ Գործող օրենսդրությունը սահմանում է ծանր հանցագործությունների սպառիչ ցանկը (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 71), որոնց կատարման համար նախատեսվում են խիստ պատիժներ։ Օրենքով պատժելի է համարվում նաև անձի այն արարքը, որը հանրության համար վտանգավոր հետևանք չի առաջացրել նրանից անկախ պատճառներով, սակայն այսպիսի հետևանքի սպառնալիք ստեղծել է (հանցագործության նախապատրաստություն, հանցափորձ)։ Ի տարբերություն վարչական, կարգապահական իրավախախտումների, հանցագործությունը հանրության համար առավել վտանգավոր արարք է։ Խորհրդային օրենսդրությամբ քրեական պատասխանատվության կարող են կանչվել միայն այն անձինք, որոնց 16 տարին լրացել է, իսկ հատկապես նախատեսված դեպքերում՝ 14 տարեկանից (սպանություն, գողություն, չարամիտ խուլիգանություն և այլն)։ Հանցագործության սուբյեկտներ կարող են լինել միայն մեղսունակ անձինք։ ԽՍՀՄ–ում անձի արարքը հանցագործություն է համարվում և պատժվում միայն քրեական օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, անալոգիան չի ընդունվում։ Անձը քրեական պատասխանատվության չի կարող կանչվել նաև ծայրահեղ անհրաժեշտության և անհրաժեշտ պաշտպանության վիճակում արտաքնապես հանցագործություն համարվող արարքի համար, քրեական հետապնդման վաղեմությունն անցնելու, իրադրության փոփոխման հետևանքով արարքը կամ այն կատարող անձը հանրության համար վտանգավորությունը դադարելու դեպքերում։ Տես նաև Հանցագործությունների համակցություն: Մ․ Ուզումյան

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԻ ԴԵՄ, անձի կյանքի, առողջության, ազատության և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություն։ ԽՍՀՄ օրենսդրությամբ անձի դեմ հանցագործությունը (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 99–132) բաժանվում է 6 խմբի՝ 1․ կյանքի դեմ ուղղված հանցագործություններ (սպանություն, ինքնասպանության հասցնելը)․ 2․ առողջության դեմ ուղղված հանցագործություններ (մարմնական վնասվածքներ պատճառելը, վեներական հիվանդությամբ վարակելը)․ 3․ կյանքին, առողջությանը վտանգ սպառնացող հանցագործություններ (ապօրինաբար աբորտ կատարելը, բռնաբարություն, ալիմենտ վճարելուց կամ երեխաներին պահելուց խուսափելը, վտանգի մեջ թողնելը և այլն)․ 4․ քաղաքացիների անձնական ազատության դեմ ուղղված հանցագործություններ (երեխային առևանգելը կամ փոխելը, ապօրինաբար ազատությունից զրկելը և այլն)․ 5․ սեռական հանցագործություններ (կնոջը սեռական հարաբերություն ունենալուն հարկադրելը, սեռական հարաբերությունը 16 տարեկան չդարձած կամ արբունքի չհասած անձի հետ և այլն)․ 6․ անձի պատվի և արժանապատվության դեմ ուղղված հանցագործություններ (զրպարտություն, վիրավորանք)։

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵՄ, քաղաքացիների՝ ԽՍՀՄ սահմանադրությամբ ապահովվող քաղաքական և աշխատանքային իրավունքների դեմ ուղղված հանրորեն վտանգավոր արարքներ։ Ըստ խորհրդային քրեական օրենսդրության, քաղաքացիների քաղաքական իրավունքները խախտող հանցագործություններն են՝ ընտրական իրավունքի իրականացմանը արգելք հանդիսանալը, ընտրական փաստաթղթեր կեղծելը կամ ձայները սխալ հաշվելը, անօրինական խուզարկությունը, նամակագրության անձեռնմխելիությունը խախտելը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը և այլն։ Աշխատանքային իրավունքները խախտող արարքների թվին են դասվում՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, հղի կնոջն աշխատանքի ընդունելուց հրաժարվելը, հեղինակային և գյուտարարական իրավունքները խախտելը, աշխատանքային օրենսդրությունը խախտելը (տես ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 133–136):

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ խորհրդային քրեական իրավունքի հանցավոր արարք, որով խախտվում է քաղաքացիների անձնական սեփականության իրավունքը։ Հանցագործության այս խումբը (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 143–1501) բաժանվում է առանձին ենթախմբերի։ Առաջին ենթախմբի հանցագործությունները (գողություն, կողոպուտ, ավազակություն, խարդախություն, շորթում) կատարվում են քաղաքացիների գույքին տիրանալու նպատակով։ Երկրորդ խմբի հանցագործությունների մեջ են մտնում անձնական գույքի դիտավորյալ (անզգույշ) ոչնչացումը կամ վնասումը։ Առանձին ենթախումբ են կազմում սոցիալիստական կազմակերպություններ չհանդիսացող միավորումների (արտասահմանյան ներկայացուցիչներ, եկեղեցիներ և այլն) սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Քաղաքացիների անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործությունների համար, հաշվի առնելով դրսևորման եղանակը, տեսակը, անձի կամ արարքի վտանգավորությունը, տարբեր պատիժներ են սահմանվում՝ ուղղիչ աշխատանքներից մինչև ազատազրկում՝ 10–15 տարի ժամկետով։ Այդ խմբի առավել վտանգավոր հանցագործությունների համար (գողություն, կողոպուտ, ավազակություն, ծանր հետևանք առաջացրած գույքի դիտավորյալ ոչնչացում, վնասում) պատիժ սահմանվում է 14 տարեկանից։ Ա․ Թովմասյան

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ խորհրդային քրեական իրավունքի, հանցագործություններ, որոնցով խախտվում է հասարակական անդորրը, անձանց առողջությունն ու անվտանգությունը, սոցիալիստական և անձնական գույքի ամբողջությունը, ինչպես նաև քաղաքացիների աշխատանքի, կենցաղի, հանգստի, պետական և հասարակական հիմնարկների, կազմակերպությունների ու ձեռնարկությունների գործունեության նորմալ պայմանները։ Խորհրդային քրեական օրենսդրությամբ (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 222–244) հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բաժանվում են 3 խմբի՝ 1․ հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ (խուլիգանություն, սպանության, ծանր մարմնական և այլն վնասվածքներ հասցնելու կամ գույքի ոչնչացման սպառնալիք, ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի գնելը կամ վաճառելը և այլն), 2․ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ (ապօրինի զենք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, պատրաստելը, ձեռք բերելը կամ վաճառելը, հրազեն, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր հափշտակելը և այլն)։ ՌԽՖՍՀ քրեական օրենսգիրքը այդ ենթախմբի մեջ է նախատեսել նաև տրանսպորտային հանցագործությունները (ՀԽՍՀ քրեական օրենսգիրք, հոդվածներ 173–181): 3․ Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ (ապօրինաբար բժշկությամբ զբաղվելը, ջրամբարները, օդը և հողը կեղտոտելը և այլն)։

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ, ըստ խորհրդային քրեական իրավունքի հանցագործություններ, որոնցով վնաս է հասցվում խորհրդային պետության տնտեսական հիմքին։ Որպես արտակարգ միջոցառում այդ հանցագործությունների համար երբեմն նախատեսվել են խստագույն պատժամիջոցներ (1932 թվականի օգոստոսի 7-ի օրենք, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1947 թվականի հունիսի 4–ի հրամանագիր և այլն)։