հին գերեզմանատնով, փլված եկեղեցիով, Մելիք–Իսրայելյանների ապարանքը (17-րդ դդ.):
ԿՈՒՍԻԿՏԱՆ Կարապետ Բարսեղի (1864 թ հունվարի 7, Արմավիր – 1915 թ. դեկտեմբերի 12, Մոսկվա), հայ գրականագետ, մանկավարժ: Ավարտել է Լազարյան ճեմարանի գիմնազիական դասընթացը (1884 թ.), Մոսկվայի համալսարանի պատմա–լեզվագրական ֆակուլտետը: 1895 թ.-ից հայոց լեզու և գրականություն է դասավանդել Լազարյան ճեմարանում՝ որոշակի դեր խաղալով առարկաների դասավանդումը բարելավելու գործում: 1900 թ.-ին Լ. Սարգսյանի հետ հրատարակել է 3-րդ և 4-րդ դասարանների ընթերցանության ձեռնարկ («Մայրենի լեզու»), որը բազմիցս վերահրատարակվել է: 1915 թ.-ին նույնատիպ դասագիրք է կազմել Ա. Ծատուրյանի հետ («Հատիկներ»): Ճեմարանում հիմք է դրել հայ գրականության նորագույն շրջանի կանոնավոր ուսումնասիրմանը: 1912 թ.-ին լույս է տեսել Կուսիկյանի «Դրական դեմքեր» աշխատությունը (Խ. Աբովյան, Շիրվանզադե, Ա. Ծատուրյան և ուրիշներ): 1910–1912 թթ.-ին Վ. Տերյանի, Ց. Խանզադյանի, Պ. Մակինցյանի, Ա. Մյասնիկյանի հետ հրատարակել է «Գարուն» գրական ալմանախը:
Գրականություն՝ Իգնատյան Ա. Հ., Լազարյան ճեմարան, Ե., 1969 թ.:
ԿՈՒՍԻԿՏԱՆ Հովսեփ Կարապետի [1890 թ. հունիսի 14(26), Մոսկվա – 1964 թ. դեկտեմբերի 27, Մոսկվա], հայ սովետական լեզվաբան, բանասեր: Պրոֆեսոր (1921 թ.), դոկտոր (1961 թ.): ՍՄԿԿ անդամ՝ 1945 թ.-ից: ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962): Հայագետ Կ. Բ. Կուսիկյանի որդին: 1915–1920 թթ.-ին Լազարյան ճեմարանում դասավանդել է հայերեն, ռուսերեն, լատիներեն, գրաբար, կովկասագիտություն ևն: 1935–1937 թթ.-ին Երևակի պետական համալսարանում և մանկավարժական ինստիտուտում վարել է Հռոմի պատմության, բյուզանդագիտության, սլավոնագիտության, ընդհանուր լեզվաբանության դասընթացներ: 1950 թ.-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ լեզվի ինստիտուտում: Կուսիկյանի ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են հայոց լեզվին: Ունի նաև պատմագիտական, բյուզանդագիտական և սլավոնագիտական աշխատանքներ: Կուսիկյանը մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի ռուսերեն թարգմանության խմբագրությանը, ռուսերեն է թարգմանել Րաֆֆու «Սամվել» պատմավեպը (հրատարակված 1958 թ.):
Երկեր՝ Граматика современного лиитературного армянского языка, М.-Л., 1950; Очерки историяеского синтаксисиа литературного армянского языка, М., 1959; Изменение в словарном составе литературного армянского языка советского периода, М., 1964.
Գրականություն՝ Իգիթյան Ս. Հ., Լազարյան ճեմարան, Ե., 1969: И.К. Кусикян, «Известия АН СССР, серия лит. и яз.» 1065, т.24, в.62.
ԿՈՒՍԿՈ (Cuzco), քաղաք Պերուում, Կուսկո դեպարտամենտի վարչական կենտրոնը: 121 հազ. բնակիչ (1972 թ.): Երկաթուղային կայարան է, տեքստիլ և սննդի արդյունաբերության կենտրոն: Ունի համալսարան: Եղել է ինկերի պետության մայրաքաղաքը: Կուսկոն հիմնադրվել է 11-րդ դարում:
ԿՈՒՍԿՈՎՈ, 18-րդ դարի ճարտարապետական–գեղարվեստական անսամբլ (նախկինում կոմս Շերեմետևների քաղաքամերձ աթոռանիստը): 1960 թ.-ից Մոսկվայի սահմանագծում է: Լճակների ու ջրանցքների համակարգով, շենքերի տեղադրությամբ կանոնավոր հատակագծված պուրակի (մոտ 30 հա) հորինվածքը կազմավորվել է հիմնականում 1750-ական թթ. կեսին (կառուցել են ճորտ ճարտարապետ Ֆ. Ս. Արգունովը, Ա. Ֆ. Միրոնովը, Գ. Ե. Դիկուշինը՝ Կ. Ի. Բլանկի մասնակցությամբ): Պահպանվել են պալատի, «Իտալական», «Հոլանդական» տնակների, «Քարանձավի» ինտերիերների հարդարանքը, 18-րդ դ. ավելի քան 60 մարմարե արձաններ և կիսանդրիներ: 1918 թ.-ից Կուսկովոն թանգարան–դաստակերտ է:
ԿՈՒՍՏԱՆԱՅ (1893-1895 թթ.-ը՝ Նիկոլաևսկ), քաղաք, Ղազախական ՍՍՀ Կաստանայի մարգի կենտրոնը: Գտնվում է Տոբոլ գետի ձախ ափին: Երկաթուղային հանգույց է: 164 հազ. բնակիչ (1979 թ.): Կա սննդի և թեթև արդյունաբերություն, մետաղամշակում, շինանյութերի արտադրություն: Ունի մանկավարժական ինստիտուտ, Ցելինոգրադի գյուղատնտեսական ինստիտուտի մասնաճյուղ, այլ ուսումնական հաստատություններ, դրամատիկական թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան: Հիմնադրվել է 1883 թ.-ին, քաղաք է 1893 թ.-ից:
ԿՈՒՍՏԱՆԱՅԻ ՄԱՐԶ, Ղազախական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1936 թ.-ի հուլիսի 29-ին: Տարածությունը 114,6 հազ. կմ² է, բնակչությունը՝ 939 հազ. (1979 թ.): Բաժանվում է 13 շրջանի, ունի 4 քաղաք, 12 քաղաքատիպ ավան: Կենտրոնը՝ Կուստանայ: Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1966 թ., 1970 թ.):
Բնությունը: Կուստանայի մարզը գտնվում է Անդրուրալում, Տուրգայան և Անդրուրալյան սարավանդների (200–300 մ) սահմաններում, կտրտված է ձորակներով ու հովիտներով: Օգտակար հանածոներից կան երկաթ, բոքսիտ, նիկել, տիտան, ասբեստ, գորշածուխ, շինանյութեր: Կլիման ցամաքային է: Հունվարի միջին ջերմաստիճանը – 17°С-ից – 19°C է, հուլիսինը՝ 18°С-ից 22°C, տարեկան տեղումները՝ 240–350 մմ: Միակ գետը Տոբոլն է: Կան մանր լճեր: Տարածված են անտառատափաստաններն ու տափաստանները: Կենդանիներից կան գայլ, աղվես, այծյամ, գորշուկ և այլն:
Բնակչությունը: Բնակվում են ղազախներ, ռուսներ, ուկրաինացիներ, գերմանացիներ, բելոռուսներ, թաթարներ և այլք: Միջին խտությունը 1 կմ² վրա 8,1 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 48% (1979 թ.): Քաղաքներն են Կուստանայը, Ռուդնին, Ջետիգարան, Լիսակովսկը:
Տնտեսությունը: Գերակշռում են անջրդի հացահատիկային հողագործությունը, մսակաթնատու և մսաբրդատու անասնապահությունը, գյուղատնտեսական հումքի վերամշակման արդյունաբերությունը և օգտակար հանածոների արդյունահանությունը: Էներգետիկան հիմնվում է բերովի վառելանյութի վրա: Արդյունաբերության հիմնական ճյուղը լեռնահանքայինն է: Զարգացած է նաև մետաղամշակումը, շինանյութերի արտադրությունը, քիմիական, թեթև, սննդի արդյունաբերությունը: Գյուղատնտ. հողահանդակները 9,9 մլն. հա են (1971 թ.), ցանքատարածությունները՝ 5337 հազ. հա (1972 թ.): Մշակում են ցորեն, գարի, կորեկ, վուշ, արևածաղիկ, կերային կուլտուրաներ ևն: Երկաթուղիների երկարությունը 835 կմ է (1971 թ.), ավտոճանապարհներինը՝ 8,3 հազ.կմ:
1971-1972 թթ. ուսումնական տարում մարզն ուներ 912 հանրակրթական դպրոց, 30 պրոֆտեխնիկական ուսումնարան, 15 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, մանկավարժական ինստիտուտ, Ղազախական պոլիտեխնիկական և Ցելինոգրադի գյուղատնտեսական ինստիտուտների մասնաճյուղեր: 1972 թ.-ին Կուսստանայի մարզում կար 604 գրադարան, 755 կինոկայանք, 15 պիոներական պալատ և տուն, մարզային 2 թերթ, 152 հիվանդանոց, 1,2 հազ. բժիշկ:
Քարտեզը տես հաջորդ էջում:
ԿՈՒՍՏՈԴԻԵՎ Բորիս Միխայլովիչ (1878–1927 թթ.), ռուս սովետական նկարիչ: 1896–1903 թթ.-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909 թ.-ից՝ ակադեմիկոս): Ռուս նկարիչների միության (1907 թ.-ից), «Միր իսկուստվա»-ի, ԱԽՌՌ (1923 թ.-ից) անդամ: 1906 թ.-ից հանդես է եկել գեղջկական տոնակատարություններ ու գավառային քաղաքի քաղքենիական–վաճառականական կենցաղը պատկերող վառվռուն, դեկորատիվ բնույթի նկարաշարերով («Տոնավաճառներ», «Բարեկենդաններ»): Կուստոդիևը ստեղծել է ռուս վաճառականների հավաքական կերպարներ («Վաճառականի կինը», 1915 թ., Ռուսական թանգարան, Լենինգրադ): 1900-ական թթ. սկզբից մշակել է դիմանկար–պատկերի ժանրը, մոդելը շաղկապելով ինտերիերին և բնանկարին (Ֆ, Ի. Շալյապին, 1922 թ.,