Պահպանվել են XIV–XVI դդ. ճարտ. հուշարձաններ:
ՀԱԼԵՊ, Ալեպպո, Հալաբ (անտիկ շրջանում՝ Բերոյա), քաղաք Սիրիայի հյուսիս–արևմուտքում, Հալեպ մուհավազի վարչական կենտրոնը: 639,4 հզ.բն. (1978): Տնտ. և կուլտուրական նշանակությամբ երկրի երկրորդ քաղաքն է (Դամասկոսից հետո): Երկաթուղային կայարան է, գյուղատնտ. շրջանի առևտրատրանսպորտային կենտրոն: Կան տեքստիլ, կաշվի կոշիկի, մետաղամշակման, ցեմենտի, սննդհամի ձեռնարկություններ: Ունի համալսարան: Առաջին տեղեկությունները Հ–ի մասին վերաբերում են մ․թ․ա․ XX դ․: Մ․թ․ա․ XVII–XII դդ. գտնվել է Խեթական պետության (ընդհատումներով), Միտաննիի կազմում: Մ․թ․ա․ XII դ. եղել է համանուն թագավորության կենտրոն, մ․թ․ա․ VI դարից՝ Աքեմենյանների, ապա Սելեկյանների պետության կազմում: Մ․թ․ա․ 64-ին անցել է Հռոմին, ապա՝ Բյուզանդիային, 636-ին՝ արաբներին: X դ. 40–60-ական թթ․ Համդանյանների տիրույթների կենտրոնն էր: 1023–79-ին գտնվել է Միրդասյանների դինաստիայի, 1079–1129-ին՝ Ասորիքի սելջուկների, 1129–83-ին՝ Զանգյանների պետության կազմում: 1183–1260-ին Հ. մտել է էյուբյանների պետության մեջ: XII–XIV դդ. Հ–ի ամիրաների և Կիլիկիայի հայկ. պետության միջև եղել են զինված ընդհարումներ: 1375-ին Հ–ի ամիրա Իշեկ Թեմուրը օգնել է Եգիպտոսի մամլուքներին Սիսը գրավելու ժամանակ և ապահովության երաշխիք տալով՝ գերել Կիլիկիայի վերջին Հայոց թագավոր Լևոն Զ–ին: 1516-ին Հ. զավթել են թուրքերը և դարձրել համանուն փաշայության կենտրոն: 1822-ին ավերվել է երկրաշարժից: XIX դ․ վերջին քառորդին Հ․ ապրել է տնտ․ վերելք, աշխուժացել է հասարակական–մշակութային կյանքը: Ֆրանս․ տիրապետության տարիներին (XX դ. 20–40-ական թթ.) եղել է ազգային–ազատագրական պայքարի կենտրոն: Հ–ում պահպանվել են միջնադարյան շինություններ և ճարտ. հուշարձաններ: Հայերը Հալեպում. Հ–ի (հայկ․ աղբյուրներում նաև Բերիա, Տիբերիա, Խալիպոն, Խաղար) հայ գաղութի վերաբերյալ առաջին հավաստի տեղեկությունը, որ XIV դ. Հ–ում եղել է հայ համայնք և եկեղեցի (Ս․
Աստվածածին), հաղորդում է 1329-ին Հ–ում գրված հայկ. ձեռագրի մի հիշատակարան: XV դ. կեսին, երբ Հ. դառնում է միջազգային տարանցիկ առևտրի կենտրոն, հայ համայնքը վերելք է ապրում: 1616-ին Հ–ում կար շուրջ 6 հզ.ք իսկ 1652-ին՝ ավելի քան 20 հզ. հայ (հիմնականում Ջուղայից, Երևանից, Ղարաբաղից, էրզրումից, Սեբաստիայից, Ակնից, Կիլիկիայից գաղթած): Հալեպահայերը վարպետ ոսկերիչներ, ակնագործներ, կաշեգործներ, մետաքսագործներ էին: Նշանակալից էր հայ խոջաների (խոշոր առևտրականների) դերը Սիրիայի միջազգային առևտրի և ապրանքափոխանակության մեջ: Զբաղվելով Պարսկաստանի և Սիրիայի հում մետաքսի սանտրով, նրանք աշխույժ կապերի մեջ էին Վենետիկի, Ջենովայի, Լիվոռնոյի, Ամստերդամի, Մարսելի շուկաների հետ: Հայ խոջաների ձեռքում էր Հ–ի մաքսատունն ու փողերանոցը: XVII դ. վերջին, երբ գնալով նվազում էր Հ–ի նշանակությունը միջազգային տարանցիկ առևտրի ասպարեզում, ինչպես նաև ուժեղանում էին կամայականությունները քրիստոնյաների նկատմամբ, հայ համայնքն անկում ապրեց: Գաղութի վիճակը համեմատաբար բարելավվեց XIX դ. 40-ական թթ., երբ օտարերկրյա կապիտալի ու ապրանքների ներթափանցումը նպաստեցին Սիրիայի առևտրական կապերի զարգացմանը: Եվրոպական վաճառականները օգտվում էին գլխավորապես հալեպահայ միջնորդ առևտրականների ծառայություններից: 1880–90-ական թթ. հալեպահայ առևտրականները, դրամական խոշոր միջոցներ կուտակելով, ձեռնամուխ եղան գորգագործական, տեքստիլ, պղնձագործական, կաշեգործական և այլ մանուֆակտուրաների ստեղծմանը, նրանց արտադրանքը առաքվում էր Եվրոպա, ԱՍՆ և այլ երկրներ: Հ–ի հայ գաղութը ստվարացավ առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ մեծ թվով գաղթականներ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայից ապաստանեցին Հ–ում: Հալեպահայերի թիվը հասավ շուրջ 60 հզ.: Հ–ում էին Հս. Սիրիայի հայության ազգային առաջնորդարանը, ազգային կուսակցությունների Սիրիայի ղեկավար մարմինները: 1921–24-ին Հ–ի հայ աշխատավորները կազմակերպեցին առաջին կոմունիստական խմբակները, որոնք 1924–25-ին միաձուլվեցին Սիրիայի և Լիբանանի կոմկուսակցության հետ: 1936-ին Հայ աշխատավորական միությունը, հնչակյան և ռամկավար կուսակցությունները Հ–ում կազմեցին ֆաշիզմի դեմ պայքարի Սիրիահայ ժող․ ճակատ: 1943–45-ին Հ–ի հայերը գործունորեն մասնակցեցին Սիրիայի ժողովրդի ազգային անկախության պայքարին: 1946–1947-ին զգալի թվով հալեպահայեր ներգաղթեցին Սովետական Հայաստան: 1967–1973-ի արաբա–իսրայելական պատերազմները բացասաբար անդրադարձան նաև Հ–ի հայ գաղութի վրա, մեծ թվով հայեր արտագաղթեցին Հ–ից: Հ–ի հայերը ստեղծել են մշակութային ուշագրավ արժեքներ:XVI–XVII դդ. Հ–ում գործում էր դպրատուն («դասա– տուն»), որտեղ աշխատած գրիչների գործերից պահպանվել են 200-ից ավելի ձեռագիր մատյաններ, ինչպես նաև հալեպահայ վարպետների բարձրորակ որմնանկարներ, սրբապատկերներ ու մանրանկարներ: Ականավոր նկարիչներ էին Ումեի որդի Անանիան, Հանանիայի որդի Խաչատուրը և ուրիշներ: XIX դ. 40-ական թթ. Հ–ում գործում էր հայկ. 4 տարրական դպրոց: 1858-ին բացվել է հալեպահայ առաջին մանկապարտեզը («ծաղկոցը»), 1867-ին՝ առաջին իգական դպրոցը: 1876-ին հիմնվել են Ներսիսյան (արական) և Վարդուհյաց (իգական) դպրոցները: 1930-ական թթ. կային 18, 1946–47-ին՝ 21, 1972–78-ին՝ 14 հայկ․ միջնակարգ և տարրական դպրոցներ: Հալեպահայ ազգային կյանքը կազմակերպել են Ռուբինյան միությունը (հիմն. 1846), Ուսումնասիրաց ընկերությունը (հիմն. 1880), Դպրոցասեր տիկնաց միությունը (հիմն. 1898), 1920-ական թթ. ի վեր գործում են մեծ թվով բարեգործական, մշակութային, հայրենակցական, մարմնամարզական միություններ: Գնահատելի աշխատանքներ են կատարում ՀԲԸՄ (1910-ից), Թեքեյան մշակութային միության, ՀԵԸ Հ–ի մասնաճյուղերը, Ազգային մշակութային և Կիլիկյան մշակութային միությունները, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի անվ․ կերպարվեստի «ակադեմիան» և Ս․ Ասլամազյանի անվ․ լարային կվարտետը: Հալեպում 1877-ին արաբերեն լույս տեսած «Ֆռաթ» (Եփրատ) պարբերականը ունեցել է հայկական բաժին: Երկարատև ընդհատումից հետո հայ մամուլը սկսել է հրատարակվել 1918-ից, և ցայսօր լույս է տեսել ավելի քան 60 անուն պարբերական: Գրկ․ Սյուրմեյան Ա․, Պատմություն Հալեպի հայոց, հ․ 3, Փարիզ, 1950: San-jian A. K., The Armenian Communities in Syria under Ottoman dominion, Cambridge, 1965.
ՀԱԼԵՎԻ Աբու–Հասան Եհուդա Բեն Շամուել ռաբբի (մոտ 1075–1141), հրեա բանաստեղծ և Փիլիսոփա: Հայտնի էր նաև որպես բժիշկ: Գրել է իվրիտերեն, մասամբ՝ արաբերեն: Կ–ի ժառանգությունը Դիվանում ամփոփված աշխարհիկ և կրոնական բանաստեղծություններն են: Հ. երգել է բնությունը («Ծովային երգեր»), կնոջ գեղեցկությունը («Պարուհուն», «Հարեմ Եգիպտոսում»), սերն ու բարեկամությունը («Գարուն» են): «Խազարի գիրքը» Փիլ․ տրակտատում Հ․ շարադրել է հրեականության հիմունքները, քննադատել Արիստոտելի ուսմունքը:
ՀԱԼԵՎԻ (Halevy) ժակ Ֆրանսուա Ֆրոմանտալ էլի [իսկական անուն–ազգանունը՝ էլիաս Լեվի (Levy), 27.5. 1799, Փարիզ–17.3.1862, Նիցցա], ֆրանսիացի կոմպոզիտոր: Ֆրանսիայի ինստ–ի անդամ (1836), Գեղեցիկ արվեստների ակադեմիայի մշտական քարտուղար (1854-ից): 1809–19-ին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ դասավանդել է 1816-ից (պրոֆեսոր՝ 1827-ից): Աշակերտներից են՝ ժ. Բիզեն, Շ. Գունոն, Կ. ՍեՍանսը: Հ․ մեծ օպերայի (տես Օպերա) ականավոր ներկայացուցիչներից է: Նրա լավագույն օպերաները գրված են ազգային ճնշման դեմ պայքարի թեմայով («Կիպրոսի թագուհին», 1841, «Կարլոս VI», 1843): Առավել ճանաչված է «Հրեուհին» («Կարդինալի դուստրը», 1835) օպերան: Գրել է նաև 2 բալետ, կանտատներ, ռոմանսներ, խմբերգեր, դաշնամուրային պիեսներ, պաշտամունքային երաժշտության երկեր:
ՀԱԼԵՎՈՐՈհԿ (Senecio), բարդածաղկավորների ընտանիքի բույսերի ցեղ: Բազմամյա, երկամյա կամ միամյա կոճղարմատավոր խոտաբույս է, թուփ, երբեմն ծառ: Ծաղիկները դեղին են, նարնջագույն, մանուշակագույն, զամբյուղներում հավաքված: Ավելի քան 1500 տեսակ տարածված է հիմնականում Հարավային Աֆրիկայում, Սիջերկրական ծովի ափերին, Ասիայի և Ամերիկայի չափավոր