Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավակնում էր ավստրո–հունգարական բազմազգ բուրժուա–ֆեոդալական պետության պայմաններում լուծել ազգային հարցը՝ առանց նրա սոցիալական հիմքերի վերացման: Աչքի ընկնող տեսաբաններն էին Կ. Ռենները և Օ. Բաուերը: Կուլտուր–ազգային ավտոնոմիայի հիմքն ազգի մասին սխալ տեսությունն է, ըստ որի ազգը միատեսակ մտածող և ընղհանուր ճակատագիր ունեցող մարդկանց միություն է: Կուլտուր–ազգային ավտոնոմիայի տեսության մեջ ազգը կտրվել է իր զբաղեցրած տարածքից, անտեսվել է նրա դասակարգային կազմը, մերժվել դասակարգային պայքարը: Կուլտուր–ազգային ավտոնոմիան ազգային հարցի լուծումը հանգեցնում էր միայն մշակույթի, դպրոցի, լեզվի հարցերով սահմանափակված ազգային ինքնավարության նվաճման: Իրականում դա պրոլետարիատի ենթարկումն է բուրժուազիային, նրա մեկուսացումը և ըստ ազգային հատկանիշների բաժանումը: Վ. Ի. Լենինը 1913–1914 թթ.-ին գրած մի շարք աշխատություններում քննադատել է տեսության ավստրիական և ռուսական կողմնակիցներին, ցույց տվել այդ տեսության սնանկությունը, ապացուցել, որ դրա պրոպագանդան նացիոնալիզմի նրբացրած քարոզ է: Հայ իրականության մեջ կուլտուր–ազգային ավտոնոմիայի տեսության կողմնակիցներն էին «սպեցիֆիկները», դաշնակցականները և ուրիշներ: Հայ բուրժուական նացիոնալիստների դեմ մղած պայքարում խոշոր դեր է խաղացել Ս. Շահումյանի «Ազգային–կուլտուրական ավտոնոմիայի մասին» աշխատությունը:

Գրականություն՝ Լենին Վ. Ի., Բանվոր դասակարգը և ազգային հարցը, Երկ., հ. 19: Նույնի, Թեզիսներ ազգային հարցի մասին, նույն տեղում: Նույնի, «Կուլտուր–ազգային» ավտոնոմիայի մասին, նույն տեղում: Նույնի, Քննադատական դիտողություններ ազգային հարցի մասին, նույն տեղում, հ. 20: Նույնի, [Նամակ] Ս. Գ. Շահումյանին, 19 մայիսի, 1914, Երկ., հ. 35:

ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ սոցիալիստական, հասարակության հոգևոր վերափոխման հեղափոխական պրոցես, սոցիալիստական շինարարության բաղկացուցիչ մասը: Կուլտուրական հեղափոխությունը սոցիալիստական մշակույթի ստեղծման բազմակողմանի պրոցես է, սոցիալիզմի կառուցման կարևոր օրինաչափություններից: Կուլտուրական հեղափոխության տեսությունը մշակել է Վ. Ի. Լենինը («կուլտուրական հեղափոխություն» հասկացությունն առաջին անգամ օգտագործել է Վ. Ի. Լենինը 1923 թ.-ին, «Կոոպերացիայի մասին» աշխատության մեջ): Հակառակ 2-րդ Ինտերնացիոնալի տեսաբանների, որոնց կարծիքով սոցիալիստական հեղափոխությանը պետք է նախորդեր պրոլետարիատի կողմից կուլտուրական զարգացման «բարձր մակարդակի» ձեռք բերումը, Վ. Ի. Լենինը ապացուցեց, որ սոցիալական և քաղաքական հեղաշրջումը կարող է և պետք է նախորդի կուլտուրական հեղաշրջմանը: Կուլտուրական հեղափոխությունը սկսվում է բանվոր դասակարգի կողմից իշխանությունը նվաճելուց հետո, և այն իրականացնում են աշխատավորական զանգվածները: Վ. Ի. Լենինը, կենտրոնական հեղափոխությունը դիտելով որպես սոցիալիստական շինարարության ծրագրի բաղկացուցիչ մաս (երկրի ինդուստրացման ու գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ), բնորոշեց նրա սոցիալական բովանդակությունը՝ նշելով, որ այն ոչնչացնում է բուրժուազիայի հոգևոր գերիշխանությունը, վերացնում ժողովրդի ու մշակույթի միջև այն խզումը, որը հատուկ է հակամարտ հասարակությանը: Կուլտուրական հեղափոխության լենինյան տեսության մեջ կարևոր տեղ է գրավում անցյալի մշակութային ժառանգության նկատմամբ վերաբերմունքի հարցը: Վ. Ի. Լենինը նշել է, որ կուլտուրական հեղափոխությունը նոր սոցիալիստական հասարակության համար պահպանում է «…այն ամենը, ինչ արժեքավոր էր մարդկային մտքի և կուլտուրայի ավելի քան երկու հազարամյա զարգացման մեջ» (Երկ., հ. 31, էջ 389):

Կուլտուրական հեղափոխության հիմնական խնդիրը սոցիալիստական մշակույթի ստեղծումն է: Այն ենթադրում է ժողովրդի ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացում, ժողովրդական լուսավորության և կրթության սոցիալիստական համակարգի ստեղծում ու զարգացում, բուրժուական մտավորականության վերադաստիարակում ու նոր, սոցիալիստական մտավորականության ձևավորում, գրականության ու արվեստի մեջ սոցիալիստական ռեալիզմի հաղթանակ, գիտության ու տեխնիկայի զարգացում, աթեիստական աշխարհայացքի հաստատում, նոր բարոյականության ձևավորում, կենցաղի առաջադիմական վերափոխություն և այլն: Կուլտուրական հեղափոխության կարևորագույն նպատակը կոմունիստական գաղափարախոսության հաղթանակի ձեռք բերումն է: Կուլտուրական հեղափոխությունն օրինաչափություն է՝ հատուկ սոցիալիզմի կառուցման ուղին թևակոխող բոլոր երկրներին: Սակայն, ելնելով տվյալ երկրի, ժողովրդի, ազգի պատմական և ազգային առանձնահատկություններից, տնտեսական և կուլտուրական զարգացման մակարդակից, նոր մշակույթի ստեղծման պրոցեսը կարող է ունենալ իր առանձնահատկությունները: ՍՍՀՄ–ում այդ առանձնահատկությունները բնորոշվում էին ամբողջ երկրի տնտեսական և կուլտուրական զգալի հետամնացությամբ, այնտեղ ապրող ազգերի ու ժողովուրդների սոցիալ–տնտեսական և կուլտուրական զարգացման անհամաչափությամբ: ՍՍՀՄ–ում կուլտուրական հեղափոխության հիմնական խնդիրները լուծվեցին կապիտալիզմից սոցիալիզմին անցման ժամանակաշրջանում, վերացվեց մասսայական անգրագիտությունը, արմատապես վերափոխվեց ժողովրդական կրթության համակարգը, ստեղծվեց կուլտուր–լուսավորական հիմնարկների լայն ցանց, ձևավորվեց սովետական մտավորականությունը, ձեռք բերվեց գրականության և արվեստի ստեղծագործական ուժերի գաղափարական համախմբում, արմատավորվեց կոմունիստական գաղափարախոսությունը: Կենսագործելով լենինյան ազգային քաղաքականությունը՝ կոմունիստական կուսակցությունը հատուկ ուշադրություն էր դարձնում անցյալում հետամնաց ժողովուրդների կուլտուրական մակարդակի բարձրացմանը: Իր զարգացման տեմպերով ազգային հանրապետություններում կուլտուրական հեղափոխությունը գերազանցում էր երկրի կենտրոնական շրջաններին: ՍՍՀՄ–ում մոտ 50 ազգություն ստեղծել է իր գիրը. 89 լեզվով լույս է տեսնում գրականություն, զարգացել է ազգային արվեստը: Ստեղծվեց ազգային կուլտուրաների փոխադարձ մերձեցման և հարստացման հնարավորություն, սկսվեց բազմազգ սոցիալիստական մշակույթի ձևավորման պրոցեսը: Կուլտուրական հեղափոխությունը նպաստեց մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև հակադրության հաղթահարմանը, մասսաների քաղաքացիական աշխուժացմանը, հասարակության ղեկավարմանը, աշխատավորների հաղորդակցմանը, սովետական հասարակության կառուցվածքի առաջադիմական տեղաշարժերին:

Զարգացած սոցիալիզմի ժամանակաշրջանում կուլտուրական զարգացման հիմնական խնդիրն է կոմունիզմի հաղթանակի համար գաղափարական և կուլտուրական պայմանների ստեղծումը, կոմունիստական հասարակարգի մարդու դաստիարակումը: ՍՍՀՄ ժողովուրդների մշակույթների փոխադարձ մերձեցման և հարստացման ընթացքը դարձել է սովետական մշակույթի առաջատար օրինաչափությունը: «…մեր կուլտուրան սոցիալիստական է բովանդակությամբ, իր զարգացման գլխավոր ուղղությամբ, բազմազան է իր ազգային ձևերով և ինտերնացիոնալիստական է իր ոգով ու բնույթով: Այսպիսով, նա իրենից ներկայացնում է բոլոր ժողովուրդների կողմից ստեղծվող հոգևոր արժեքների օրգանական համաձուլվածք» (Բրեժնև Լ. Ի., Լենինյան կուրսով, հ. 4, 1974 թ., էջ 80): Սոցիալիստական կուլտուրական հեղափոխությունը ընդհանուր ոչինչ չունի 1960-ական թթ. երկրորդ կեսի «կուլտուրական հեղափոխություն» անվան տակ Չինաստանում անցկացված քաղաքական կամպանիայի հետ, որի ժամանակ ոչնչացնում էին կուլտուրայի հուշարձանները, ժխտվում էր համաշխարհային մշակույթի փորձը, հետապնդվում մտավորականությունը:

ՀՍՍՀ–ում կուլտուրական հեղափոխությունը սկսվեց սովետական իշխանության հաստատումից (1920 թ.-ի նոյեմբերի 29) անմիջապես հետո: Կուլտուրական հեղափոխությունը Հայաստանում, ինչպես և ամբողջ երկրում, լուծում էր հարցերի երեք հիմնական խումբ. աշխատավորների կուլտուրական հետամնացության և մասսայական անգրագիտության վերացում, մշակույթի դեմոկրատացում՝ հին մշակույթի նվաճումները ժողովրդին մատչելի դարձնելու պայմանների ստեղծում, սոցիալիստական մշակույթի ստեղծում և նոր մարդու ձևավորում: Սովետական Ռուսաստանում արդեն կուտակված կուլտուրական շինարարության փորձն օգտագործվեց հանրապետությունում: 1920 թ.-ի դեկտեմբերին ստեղծվեց լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որի վրա դրվեց կուլտուրական շինարարության բոլոր բնագավառների ղեկավարումը: Այնուհետև ընդունվեցին հանրապետության հեղկոմի և լուսժողկոմատի մի շարք որոշումներ, որոնց համապատասխան իրականացվեցին մշակույթի բնագավառի վերաբերյալ հիմնարար միջոցառումներ՝ հեղկոմի դեկրետը հայերենը հանրապետության պետական լեզու ճանաչելու (1920 թ.-ի դեկտեմբերի 6), կուլտուր–լուսավորական հիմնարկների ազգայնացման (1920 թ.-ի դեկտեմբերի 17), լուսժողկոմատի հրամանները՝ Երևանի համալսարանը կազմակերպելու (1920 թ.-ի դեկտեմբերի 28), դպրոցում կրոնական առարկաների դասավանդումն արգելելու (1920 թ.-ի դեկտեմբերի 31), հուշարձանների