Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարձր սպորտային արդյունքների: 1946 թ.-ին կազմակերպվել է կուլտուրիզմի միջազգային ֆեդերացիա։ Միջազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում կուլտուրիզմը որպես մարզաձև, իսկ կուլտուրիզմի մրցույթները՝ որպես մարզական մրցումներ: ՍՍՀՄ–ում կուլտուրիզմը զարգացում չի ստացել։

ԿՈՒԼՏՈՒՐ–ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, ՍՍՀՄ–ում միջոցառումների համակարգ, որը նպաստում էր աշխատավորների կոմունիստական դաստիարակության, ընդհանուր կուլտուրական մակարդակի բարձրացման, ստեղծագործական ընդունակությունների զարգացման, ազատ ժամանակի կազմակերպման գործին: Կուլտուր–լուսավորական աշխատանքը կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության, արհմիությունների, կոմերիտմիության գաղափարական գործունեության բաղկացուցիչ մասերից է: «Կուլտուր–լուսավորական աշխատանք» տերմինի տակ հասկացվում է ակումբային հիմնարկների, մասսայական գրադարանների, կուլտուրայի և հանգստի զբոսայգիների նպատակասլաց գործունեությունը: Թանգարանների, կինոթատրոնների, թատրոնների և կուլտուրայի այլ հիմնարկների, ինչպես նաև ռադիոյի և հեռուստատեսության աշխատանքներում կարևոր տեղ է հատկացվում կուլտուր–լուսավորական աշխատանքին: Վ. Ի. Լենինը բնորոշել է նրա գլխավոր խնդիրները և սկզբունքները, որոնք զարգացվել են կոմունիստական կուսակցության համագումարների և ՍՄԿԿ ԿԿ որոշումներում: 1920 թ.-ին ՌՍՖՍՀ ժողկոմխորհի համակարգում ստեղծվել է Գլխավոր քաղաքական–լուսավորական կոմիտե (Գլխքաղլուս): Հետագայում, ուլտուր–լուսավորական աշխատանքի զարգացման և կատարելագործման, կուլտուր–լուսավորական բազմազան հիմնարկների ստեղծման կապակցությամբ, նրա ղեկավարման մեխանիզմը համապատասխանաբար փոփոխվել է: Ժողկոմխորհներում (ավելի ուշ միութենական հանրապետությունների լուսավորության մինիստրություններում) ստեղծվել են խրճիթ–ընթերցարանների, կուլտուրայի տների, գրադարանների վարչություններ: 1945-ից կուլտուր–լուսավորական աշխատանքի ղեկավարման գործը հանձնվել է միութենական հանրապետությունների Մինիստրների խորհուրդներին առընթեր հատուկ կոմիտեներին, իսկ 1953 թ.-ից՝ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների կուլտուրայի մինիստրություններին: 1971 թ.-ին ՍՍՀՄ–ում գործել են 133 հազ. ակումբային հիմնարկ, 128,6 հազ. մասսայական գրադարան, 553 պրոֆեսիոնալ թատրոն, 1173 թանգարան, 157,1 հազ. կինոսարքավորում, 16 հազ. ժողովրդական համալսարան: «Գիտելիք» համամիութենական ընկերությունը և նրա բաժանմունքները, կոմերիտմիությունը և այլ հասարակական կազմակերպություններ, գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, կինեմատոգրաֆիստների միությունների պրոպագանդայի բաժինները, հանրապետական երգչախմբային, պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ընկերությունները ևն ակտիվորեն մասնակցում են կուլտուր–լուսավորական աշխատանքներին:

Կուլտուր–լուսավորական աշխատանքի համար կադրեր են պատրաստում կուլտուրայի ինստիտուտները, բարձրագույն մասնագիտական դպրոցները, կուլտուր–լուսավորական ուսումնարանները, գրադարանային տեխնիկումները (տես Կուլտուր–լուսավորական կրթություն) և մի շարք բուհերի հասարակական մասնագիտական ֆակուլտետները: Կուլտուր–լուսավորական աշխատանքի տեսության և մեթոդիկայի մշակման համար 1969 թ.-ին Մոսկվայում կազմակերպվել է ՌՍՖՍՀ–ի կուլտուրայի մինիստրության կուլտուրայի ԳՀԻ: Բոլոր միութենական և ինքնավար հանրապետություններում, մարզերում և երկրամասերում գործում են կուլտուր–լուսավորական աշխատանքի մեթոդական կաբինետներ, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության տներ:

Կուլտուր–լուսավորական աշխատանքի հարցերը լուսաբանվում են գլխավորապես «Սովետսկայա կուլտուրա» («Советская культура») թերթում, «Կուլտուրնո–պրոսվետիտելնայա րաբոտա» («Культурно-просветительская работа»), «Կլուբ ի խուդոժեստվեննայա սամոդեյատելնոստ» («Клуб и художественная самодеятельность») և այլ հանդեսներում:

ԿՈՒԼՏՈՒՐ–ԼՈՒՍԱՎՈՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ՍՍՀՄ–ում կուլտուր–լուսավորական հիմնարկների համար մասնագետների պատրաստման համակարգ: 1918 թ.-ին Պետրոգրադում ստեղծվել է արտադպրոցական կրթության ինստիտուտ (1925 թ.-ից՝ Կոմունիստական քաղաքական–լուսավորության ինստիտուտ, այժմ՝ Լենինգրադի Ն. Կ. Կրուպսկայայի անվան կուլտուրայի ինստիտուտ): 1924 թ.-ին Մոսկվայում Կոմունիստական դաստիարակության ակադեմիային կից բացվել է կուլտուր–լուսավորական ֆակուլտետ: 1920–1930-ական թթ. կազմակերպվել է քաղլուսավորության ինստիտուտների, սովկուսդպրոցների ցանց: Գրադարանային ինստիտուտներում և տեխնիկումներում, ինչպես նաև 1959 թ.-ին Մոսկվայի, Խարկովի ինստիտուտներում բացվել են կուլտլուսաշխատանքի ֆակուլտետներ: 1964 թ.-ին գրադարանային ինստիտուտները վերակազմավորվել են կուլտուրայի ինստիտուտների: Կուլտ–լուսաշխատողներ են պատրաստել կուլտուր–լուսավորական ուսումնարանները և դպրոցները, մի շարք գրադարանային տեխնիկումներ, արվեստների մի քանի ինստիտուտներ, կոնսերվատորիաները, թատերական և մանկավարժական բուհերը և այլն: Լենինգրադի, Մոսկվայի և Խարկովի կուլտուրայի ինստիտուտները ունեն ասպիրանտուրա: (Տես նաև Կուլտուր–լուսավորական աշխատանք):

ԿՈՒԼՏՈՒՐ–ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐ, կուլտուր–ջրարբի հողեր, տարածված են ջրովի երկրագործության հնագույն կենտրոններում: Անվանվում են նաև գորշ մարգագետնային ջրովի հողեր: Մեծ մասամբ զբաղեցնում են նախկին գետահովիտները, նրանց հնագույն դարավանդները կամ լճային ծագում ունեցող տարածքները: Ընդարձակ զանգվածներով տարածված են Միջին և Հարավ–Արևելյան Ասիայում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և այլուր: Անդրկովկասում հանդիպում են Կուր և Արաքս գետերի միջին և ստորին հոսանքների շրջանում, ՀՍՍՀ–ում՝ Արարատյան դաշտում: Բնութագրվում են հումուսի ցածր քանակով (1–2,5%), պրոֆիլում հումուսանյութերի գրեթե հավասար տեղաբաշխմամբ, գենետիկական հորիզոնների թույլ զատորոշմամբ, կրազերծվածությամբ կամ կարբոնատների ոչ մեծ չափերի պարունակությամբ, երբեմն նաև ստորին շերտերի մնացորդային աղակալվածությամբ: Կուլտուր–ոռոգելի հողերն ունեն ծանր մեխանիկական կազմ: Բերրի են, ճիշտ մշակության դեպքում ապահովում են կուլտուրաների բարձր բերք:

ԿՈՒԼՏՈՒՐ–ՊԱՏՄԱԿԱՆ ԴՊՐՈՑ, ուղղություն արվեստագիտության, առավելապես գրականագիտության մեջ: Առաջացել է 19-րդ դ. կեսին, մշակել է գրականության և արվեստի պատմա–ծագումնաբանական ուսումնասիրման սկզբունքը: Այդ սկզբունքը, որ 18-րդ դ. վերջին առաջ է քաշել Յո. Հերդերը և մասամբ ընկալվել որպես կենսագրական մեթոդ, առավել լրիվ հիմնավորված է Հ. Տենի (Ֆրանսիա) աշխատություններում: Նա գեղարվեստական ստեղծագործությունը դիտել է որպես ժողովրդի հասարակական հոգեբանության արտահայտություն՝ նրա զարգացման որոշակի փուլում: «Արվեստները հայտնվում և անհետանում են մտքի ու բարքերի բնագավառի որոշակի հոսանքների հետ միաժամանակ, որոնց հետ նրանք կապված են» (Հ.Տեն, Գեղարվեստի փիլիսոփայությունը, Ե.–Մ., 1936, էջ 12): Իսկ այդ հոսանքների առանձնահատկությունները կախված են երեք հիմնական պայմանից. «ռասայից», «միջավայրից» և պատմական «պահից»:

Ազգագրության մեջ. հակաէվոլյուցիոն ուղղություն բուրժուական գիտության մեջ, որի հիմքում ընկած է, այսպես կոչված, «մշակութային շրջանակների տեսությունը»: Այդ տեսության մեթոդաբանական սկզբունքները շարադրել է գերմանացի ազգագրագետ Ֆ. Գրեբները «Աղգաբանության մեթոդ» (1911 թ.) գրքում: Դրանց հիմքում ընկած է նեոկանտական Հ. Ռիկերտի իդեալիստական կոնցեպցիան, ըստ որի պատմությունը ընդհանրական բնույթի օրինաչափություններ չունի, պատմական երևույթներն անհատական են և չեն կրկնվում, մշակույթի յուրաքանչյուր երևույթ առաջանում է մեկ անգամ, մի տեղում: Տարբեր ժողովուրդների մոտ մշակույթի առկայությունը բացատրվում է սկզբնակենտրոնից տարածված լինելով:

ԿՈՒԼՈՒԱՐՆԵՐ (< ֆրանս. couloir – միջանցք), պառլամենտի կամ կառավարական այլ հիմնարկությունների, ինչպես և թատրոնի, համերգադահլիճի ևն շենքերում օժանդակ սենյակներ, ճեմասրահներ՝ ընդմիջման, հանգստի, ոչ պաշտոնական տեսակցության, մտքերի փոխանակման, հարցազրույցի ևն համար: «Կուլուարներում» արտահայտությունը օգտագործվում է նաև փոխաբերաբար՝ բնութագրելով «պառլամենտական միջավայրում» կապիտալիստական օրենսդիր հիմնարկություններում կատարվող անդրկուլիսային գործարքները:

ԿՈՒԼՈՒՆԴԱՅԻ ՏԱՓԱՍՏԱՆ, Կուլունդայի հարթավայր, տափաստան Արևմտա–Սիբիրական հարթավայրի հարավային մասում: Տարածությունը մոտ 100 հազ. կմ² է, բարձրությունը կենտրոնական