արժան») (մոտ 570, Մեքքա – 8.6.632, Մեդինա), արաբ կրոնական քարոզիչ, մահմեդականության հիմնադիրը, պետական գործիչ: Մահմեդականները Մ–ին անվանում են «մեծ մարգարե», «ալլահի դեսպան»: Ըստ ավանդության Մ. ծնվել է արաբ. կուրեյշ կոչվող ցեղի Բանու–հաշըմ սնանկացած տոհմում: Վաղ հասակում որբացել է, տառապել ընկնավորությամբ: Զբաղվել է հովվությամբ, ապա ծառայել մեքքացի մեծահարուստ այրի Հադիջային (ուղեկցել է նրա ուղտերի կարավանը), որի հետ ամուսնացել է: Զբաղվել է կրոնա–բարոյագիտական հարցերով: Ուսումնասիրելով հին, հատկապես հուդայական (մովսեսական) և քրիստոնեական միաստվածական կրոնական ուսմունքները, դրանց ազդեցությամբ Մ. ստեղծել է կրոնական վարդապետություն, որը հետագայում կոչվել է «իսլամ» («հնազանդություն», «ալլահի կամք»): Մեքքայում հալածվելով, Մ. իր հետնորդների հետ 622-ի սեպտ. 22-ին փախել է Յասրիբ կամ Յատրիբ (հետագայում՝ Մեդինա): Այդ իրադարձությունը կոչվել է «հիջրա»: Մ–ի հետևորդներն այն հռչակել են դարակազմիկ, և այնուհետև իրենց տարեգլուխը սկսել 622-ի սեպտեմբեր 22-ից: Մեդինայում Մ. հիմնել է մեջիդ, որը դարձել է մահմեդականների երկրորդ սրբարանը (առաջինը՝ Մեքքայում, երրորդը՝ Երուսաղեմում): Մ. դարձել է Մեդինայի կառավարիչը, մահմեդական համայնքի զորահրամանատարը և գերագույն դատավորը: Մահմեդականությունը համաարաբական կրոն դարձնելու համար, տևական կռիվներից հետո, 630-ին Մ. գրավել է Մեքքան, կործանել հեթանոսական կռատները և հիմնել նոր սրբարաններ: Մինչև 632-ը իր իշխանությունը հաստատելով Արաբիայում՝ մահմեդականությունը հռչակել է միակ պաշտոնական գաղափարախոսությունը, որը կարևոր նշանակություն է ունեցել արաբ. տարանջատ ցեղերի միավորման, միասնական պետության ստեղծման և հզորացման գործում:
Գրկ. տես Մահմեդականություն հոդվածի գրականությունը:
ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Շարիաթ:
ՄԱՀՄԵԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, իսլամ (< արաբ. islam — հնազանդություն), համաշխարհային կրոններից: Մ. առաջացել է VII դ.՝ Հիջազում (Արևմտյան Արաբիա): Հիմնադիրը Մահմեդն է (այստեղից էլ «Մ.», թեև կրոնի ընդունված անվանումը իսլամ է): Մ., որպես միաստվածային կրոն, փոխարինեց արաբ. ցեղերի մեջ տարածված բազմաստվածությանն ու ցեղային այլ կրոններին և գաղափարապես հիմնավորեց միասնական պետություն ստեղծելու արաբների ձգտումը, որը VI դ. վերջում – VII դ. սկզբում դարձել էր պատմական անհրաժեշտություն: Այս խնդիրն իրականացրեց Մ–յան դրոշի ներքո ծավալված կրոնա–քաղաքական շարժումը: Ստեղծված կրոնապետությունն արտահայտում ու սրբագործում էր նոր, մահմեդական և նրան հակվող հին վերնախավի շահերը: Մահմեդական համայնքը (ումմա), որը միաժամանակ և՛ քաղ. կազմակերպություն էր, և՛ կրոնական միավորում, միավորվեց միասնական հավատով: Լինելով կրոնի, քաղ. և իրավական նորմերի համադրություն, որում կրոնը հանդես է եկել որպես միասնականացնող և որոշիչ գործոն, Մ. ձեռք բերեց նշանակալի կայունություն, ինչպես հենց Արաբիայում, ուր նրա հիմքի վրա կազմավորվեց կենտրոնացված պետություն, այնպես էլ արաբական նվաճումներից հետո ստեղծված խալֆայությունում: Մ–յան ունիվերսալացմանը նպաստեց համընդհանուր ճանաչում գտած կրոնահավասարողական իդեալը, նրան անցնելու ծայրահեղ պարզ կարգը և հոգևորական նվիրապետության բացակայությունը: Մ. նպաստեց խալիֆայությունում ձևավորվող արաբական մշակույթի զարգացմանը: IX-X դդ. Մ. վերածվեց բարդ համակարգի՝ փիլ.–աստվածաբանական (քալամ) և իրավական (շարիաթ) հիմքով: Մ–յան դավանաբանության միակ աղբյուրը Ղուրանն է, թեև պրակտիկայում նրան համարժեք է նաև սուրբ ավանդույթը (սուննան):
Իր դոգմատիկայի, բարոյախոսության, ծիսակատարության, առասպելաբանության բազմաթիվ գծերով Մ. առավել մոտ է քրիստոնեությանը և հուդայականությանը: Նրանցից (նաև զրադաշտականությունից և կրոնափիլիսոփայական ու քաղ. այլ հոսանքներից) Մ. փոխառել է բազմաթիվ գաղափարներ և սկզբունքներ, սակայն դրանք ձևափոխվել են և ձեռք բերել այլ նշանակություն:
Մ–յան բուն կրոնական կառուցվածքը բաղկացած է իմանից՝ հավատ Մ–յան ճշմարտացիության նկատմամբ, և դինից (կրոնական պրակտիկա՝ կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների ևնի հանրագումար): Իմանի էությունը արտահայտում է միաստվածության, Մահմեդի մարգարեական առաքելության և նրան նախորդած մարգարեների (մարգարե–առաքյալներից պաշտվում են Ադամը, Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուս Քրիստոսը. Մահմեդը համարվում է մարգարեներից վերջինը, բարձրագույնը), հրեշտակների, հայտնության, դժոխքի և դրախտի մասին հավատը: Մահմեդականները հավատին իրենց պատկանելությունն արտահայտում են հետևյալ բանաձևով. «Չկա աստվածություն, բացի միակ աստծուց (ալլահ) և Մահմեդը նրա առաքյալն է»: Ըստ Մ–յան, իսկական մահմեդականը կարող է հուսալ դրախտային թագավորություն, իսկ ոչ մահմեդականը դատապարտված է հավերժ դժոխային տանջանքների:
Դինի առանցքը «հավատի սյուներն» (արքան) են՝ 1. հավատի դավանում, 2. ամենօրյա հնգակի աղոթք (պարսկ. նամազ), որին նախորդում և հաջորդում է ծիսային լվացումը և ուղեկցվում խոնարհման ու երկրպագման շարժումներով, 3. ծոմ՝ հիջրայի թվականության ռամադան (իններորդ) ամսին (թույլատրվում է նաև կամավոր ծոմ՝ տարվա ցանկացած ժամանակ), 4. պարտադիր բարեգործություն (զաքյաթ կոչվող հարկի վճարում), թույլատրվում է նաև կամավոր ողորմություն, 5. ուխտագնացություն սրբազան քաղաք Մեքքա (սակայն ոչ պարտադիր որոշ կատեգորիաների հավատացյալների համար):
Մ–յանը բնորոշ է ընդարձակ ծիսային համակարգը, որը հաստատում է ոչ միայն հավատը «ամենազոր աստծու», այլև «մահմեդական համերաշխության» նկատմամբ: Բացառիկ նշանակություն է տրվում սովորույթներին և ավանդույթներին, դրանք սոցիալական հսկողության և համախոհության ապահովման գլխակոր միջոցն են: Մ. ունի բազմաթիվ տոներ (ֆիտր, կուրբան, մաուլիդ ևն): Էական նշանակություն է տրվում նաև այնպիսի կրոնական պարտականությանը, ինչպիսին է ջիհադը (ղազավաթ)՝ «պատերազմ հանուն հավատի», «սրբազան պատերազմ», որի համար բնորոշը ոչ միայն այլ երկրների զավթումն է, այլև այլադավանների («անհավատների») բռնի մահմեդականացումը:
Քաղ. պայքարը VII դ. ուղղափառ Մ–ից՝ սուննիզմից (տես Սուննիներ) բացի, որպես հակադիր հոսանք կյանքի կոչեց նաև շիիզմը (տես Շիաներ), որից VIII-IX դդ. առաջացան այլ աղանդներ: XVI-XVIII դդ. Մերձավոր Արևելքում գերիշխանության ձգտող Օսմանյան կայսրության և Իրանի միջև պատերազմները արտաքուստ մղվում էին այդ երկու ուղղությունների պայքարի քողի ներքո: XVIII դ. Մ–ում առաջացան միստիկական հոսանքներ, որոնցից ամենից հզորը սուֆիզմն էր:
Մ–յան պահպանողական և հետադիմական բնույթը նպաստել է մահմեդական Արևելքի տնտ., մշակութային հետամնացությանը: Միաժամանակ Մ., որպես այն դավանող ժողովուրդների ունիվերսալ գաղափարախոսություն, նպաստել է նրանց ազգային–ագատագրական շարժումների ակտիվությանը: Այս բանը պահպանել է Մ–յան ազդեցությունը սոցիալական կյանքում: Այսուհանդերձ, ամբողջովին վերցրած, տեղի է ունենում Մ–յան ավանդական ուժի ու հեղինակության, նրա սոցիալական նշանակության անկում: Կապիտալիստական հարաբերությունների զարգացումը, հատկապես XIX դ., էական փոխհարաբերություններ առաջացրեց Մ–յան ֆեոդալական գաղափարախոսության մեջ, որոնք հիմք դարձան XIX դ. վերջին – XX դ. սկզբին Մ–յան արդիականացմանը: Բարենորոգիչների (Աբդո, Ռաշիդ Ռիդա, Իկբալ) նպատակն էր Մ–յան քաղ. և ինտելեկտուալ ուժի վերականգնում ժամանակի գիտական, տեխ. և հասարակական հարաբերությունների պահանջներին համապատասխան: Սակայն այդ գաղափարախոսները չէին շոշափում Մ–յան հիմնական դոգմաները և սկզբունքները, այլ պարզապես ներառում էին նոր տարրեր: Այս պատճառով դեմոկրատական, լուսավորական, հակաֆեոդալական պահանջները հաճախ մղվում էին ետին պլան, և ընդգծվում Մ–յան անառարկելի առավելությունը մյուս հավատքների, սոցիալ–քաղաքական ուսմունքների և մշակույթների նկատմամբ: Մ–յան կրոնա–քաղաքական գաղափարախոսության արդիականացման արտահայտություն էր պանիսլամիզմը, որի հետևորդները, Վ. Ի. Լենինի գնահատմամբ, փորձում են եվրոպական և ամերիկյան իմպերիալիզմի դեմ ուղղված ազատագրական շարժումը միացնել խաների, կալվածատերերի, մոլլաների դիրքի ամրացման հետ (Երկ., հ. 31, էջ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/186
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ