Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է Մ. և իր «կրտսեր դաշնակից» կոչված Ուլուսունուի օգնությամբ (պարենով, ձիերով) ներխուժել Ուրարտու, ավերել և կողոպտել նրա հվ. 7 գավառը: Մ–ի միավորման համար Ասորեստանի դեմ պայքարը շարունակել է Ռուսայի որդի Արգիշտի Բ թագավորը (մ. թ. ա. 714 - մոտ 680): Ատրպատականի Արտավետ (Արդաբիլ) քաղաքից ոչ հեռու, Սավալան լեռան հվ. լանջին պահպանված Արգիշտի Բ–ի արձանագրությունը վկայում է հվ–արլ. շրջաններում նրա ձեռք բերած ազդեցության մասին: Մ. թ. ա. 670-ական թթ. Ասորեստանի դեմ Մ. և Ուրարտուն դաշնակցել են այդ ժամանակ Կուրի և Երասխի միջագետքում հիմնված Ասքանազյան թագավորությանը: Ըստ Ասարխադդոնի արձանագրությունների, մ. թ. ա. 674-ին Մ. Իշկուզայի (Ասքանազյան թագավորության) և Կուտիների (կորտիներ–կորդվացիներ) զինակցությամբ, սպառնում էր ներխուժել Ասորեստան: Մ. թ. ա. 673-ին, երբ հաշտության և փոխօգնության պայմանագիր է կնքվել Ասարխադդոնի և Ասքանազյան Պարտատուա թագավորի (նույնացվում է հուն. աղբյուրների Պրոտոթիասին և հայկ. աղբյուրների Պարույր Սկայորդուն) միջև, Մ–ի Ախշերի թագավորը Ասորեստանի դեմ պայքարում փորձել է դաշնակցել հարևան Մարաստանին: Սակայն Ասորեստանի Աշշուրբանապալ թագավորը հաղթել և տապալել է (մ. թ. ա. 660 կամ 659) Ախշերի թագավորին և Մ–ի գահը հանձնել նրա Ուալլի որդուն: Վերջինս, Աշշուրբանապալին պատանդ տալով իր Երիսինի որդուն և նրա կանանոցը ուղարկելով իր դուստրերից մեկին, դարձել է Ասորեստանի «կրտսեր դաշնակից»: Այդ հարաբերությունները շարունակվել են մինչև մ. թ. ա. VII դ. վերջին քառորդը:
Մեծ հզորության հասած Ասքանազյան թագավորությունը, ի դեմս Պարտատուա-Պրոտոթիասի որդու և հաջորդի՝ Մադիես թագավորի, մ. թ. ա. 625-ին պարտության մատնելով Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարես թագավորին, ապա՝ Եգիպտոսի փարավոնին և Փոքր Ասիայում հաստատված կիմերական տրերների ցեղերին, 28 տարի գերիշխանություն է հաստատել Մերձավոր Արևելքում (Հերոդոտոս, գիրք 1, 106): Մ. և Արարատյան (Ուրարտու) թագավորությունը այդ ժամանակ ռազմաքաղաքական սերտ դաշինքի մեջ են եղել Ասքանազյան թագավորության հետ: Այդ է պատճառը, որ հրեաների առաջնորդ Երեմիան (մ. թ. ա. 629-586) Հայկական աշխարհը ներկայացնում է որպես հիշյալ երեք թագավորությունների (Արարատ, Միննի, Աշքենազ) միություն (Աստվածաշունչ, Երեմիա, գլ. LI, 27): Աստվածաշնչի հին հուն. և հայկ. թարգմանություններում (Յոթանասնից) այդ թագավորությունները հիշատակվում են հավաքական անունով՝ «Արարատյան թագավորություններ»: Աստվածաշնչի հին ասոր. թարգմանությունը (Պեշիտտա) Մ. հիշատակում է «Ար–Մենի» անունով, որը համապատասխանում է հին պարսկերեն «Ար–Մինա» կամ «Ար–Մանիյա» և ելամերեն «Խար-Մինայա» անվանաձևերին: Մ. թ. ա. VI դ. ելամացիները, մարերը և պարսիկները իրենց անմիջական դրացի Մ–ի և մանացիների անունը տարածեցին նաև բովանդակ Հայոց աշխարհի ու հայ ժողովրդի վրա, որովհետև Մ. արդեն կազմում էր Հայոց միասնական աշխարհի նահանգներից մեկը, իսկ մանացիները՝ հայ ժողովրդի էթնիկական բաղադրամասը: Աքեմենյանների եռալեզու արձանագրություններում (Բագհաստանա, Նագշ–ի Ռուստամ, Պերսեպոլիս) Հայաստանը հին պարսկ. բնագրում հիշատակվում է «Արմինա» կամ «Արմանիյա», ելամերենում՝ «Խար–Մինայա», իսկ աքքադերենում՝ «Ուրաշտու» անունով: Մարաստանի, ապա Աքեմենյան Պարսկաստանի աշխարհակալության ժամանակ (մ. թ. ա. VI-IV դդ.) Մ. երկրանունից ծագած Հայաստանի «Արմինա» («Ար–Մինա») օտարաշխարհիկ անունը «Արմենիա», «Առմանա», «Առմոնա», «Ռեմանա» և այլ ձևերով տարածվել է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների մեջ:
Գրկ. Սանտալճյան Հ., Ասորեստանյա և պարսիկ սեպագիր արձանագրությունք…, Վնն. 1901: Ադոնց Ն., Հայաստանի պատմություն, Ե., 1972: Կատվալյան Մ. Ա. Հին Հայաստանի «Արմենիա» անվան ծագման շուրջ, «ԵՀ», 1976, № 1(24): Дъяконов И. М., Ассиро-вавилонские источники по истории Урарту, «Вестник-древней истории», 1951, № 2-3; Նույնի, История Мидии..., М.-Л., 1956; Меликишвили Г. А., Урартские клинообразные надписи, М., 1960; Грантовский Э. А., Раняя история иранских племен Передней Азии, М., 1970.Մ. Կատվալյան ՄԱՆԱԳՈՒԱ (Managua), Նիկարագուայի մայրաքաղաքը (1858-ից), երկրի վարչական, արդյունաբերական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Մանագուա լճի ափին, Պանամերիկյան խճուղու վրա: 400 հզ. բն. (1978): Երկաթուղային կայարան է, միջազգային օդանավակայան (Լաս Մերսեդես): Կան տեքստիլ, կաշվի–կոշիկի, սննդի, ցեմենտի, նավթավերամշակման ձեռնարկություններ: Ունի համալսարան, փիլիսոփայության, ազգային, աշխարհագրության, պատմության ակադեմիաներ, ազգային արխիվ և թանգարան: Հիմնադրվել է XVI դ.:
ՄԱՆԱԶԿԵՐՏ, Պատնոց (այժմ՝ Բանսան), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի ձախ վտակը: Երկարությունը մոտ 73 կմ է: Սկսվում է Ծաղկանց լեռների արմ. լանջից, հոսում Մանազկերտի դաշտով և Մանազկերտ քաղաքից հս–արմ. խառնվում Արածանիին: Սնումը խառն է, հորդացումը՝ մայիսին:
ՄԱՆԱԶԿԵՐՏ, Մանավազակերտ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Ապահունիք գավառում, այժմյան նույնանուն գյուղի տեղում, Արածանիի միջին հոսանքում, ձախ ափին: Եղել է Ապահունիք գավառի կենտրոնը, Մանավազյան նախարարների աթոռանիստը: Մ–ի միջով է հոսում Արածանիի ձախակողմյան վտակ Պատնոցը (Մ. գետ): Մ–ի դաշտը պատված է հարթ, մի քանի շերտից բաղկացած սև քարերով:
Մատենագրության մեջ Մ. հիշատակված է որպես գյուղ, գյուղաքաղաք կամ բերդաքաղաք: Հայկ. հնագույն ավանդության համաձայն, Հայկ Նահապետի որդի Մանավազը հիմնադրել է Մ. և անվանել Մանավազակերտ, որը հետագայում կրճատ ձևով կոչվել է Մ.: Ենթադրվում է, որ Մ. հիմնադրել է ուրարտ. Մենուա թագավորը (մ. թ. ա. մոտ 810-778): Այստեղ պահպանվել են Մենուայի սեպագիր մի քանի արձանագրություններ: Մինչև IV դ. Մ–ին տիրել են Մանավազյանները: Այս տոհմի բնաջնջումից (333) հետո Հայոց թագավոր Խոսրով Բ Կոտակը Մ., գավառով հանդերձ, պարգևել է Աղբիանոսյան տոհմին, որը Մ. դարձրել է եպիսկոպոսանիստ: Մ–ում տեղի է ունեցել եկեղեցական երկու ժողով (719-ին՝ Հովհան Օձնեցի կաթողիկոսի գլխավորությամբ, և 726-ին): Բյուզանդական Հովհաննես Սկիլիցես պատմագիրը (XI դ.) հաղորդում է, որ Մ. եղել է ամենաամուր և անառիկ քաղաքն ամբողջ Հայաստանում և ունեցել է սև քարից կառուցած եռաշար, աշտարակավոր ամրակուռ պարիսպներ՝ 5 դարպասներով: XI-XIII դդ. Մ. Շահ ի–Արմենների ամիրայության երկրորդ կենտրոնն էր և իր նշանակությամբ զիջում էր միայն աթոռանիստ Խլաթ քաղաքին: Մ–ում զարգացած են եղել արհեստները, ներքին ու արտաքին առևտուրը: Արածանիի հովտով ու Մ–ի դաշտով անցնող ճանապարհներով այն կապված էր Հայաստանի մի շարք քաղաքների հետ:
968-ին բյուզանդական զորքը գրավել է Մ.: 1000-ին Վասիլ կայսրը այն նվիրել է Արծրունի իշխաններին: 1054-ին Մ–ի վրա են հարձակվել սելջուկները՝ սուլթան Տուղրիլի գլխավորությամբ: Մ–ի կայազորն ու բնակիչները, Վասակ իշխանի ղեկավարությամբ, սելջուկյան զորքին հարկադրել են նահանջել: Հս. Հայաստանն ամբողջապես գրավելով՝ սելջուկյան զորքերը 1071-ի օգոստոսի 10-ին Մ–ում ընդհարվել են բյուզանդական, հայկ. և այլ զորքերի հետ (տես Մանազկերտի ճակատամարտ 1071), սելջուկներն ավերել, կողոպտել են Մ., սրի մատնել բնակչությանը, որից հետո քաղաքը շարունակ անկում է ապրել՝ աստիճանաբար վերածվել սովորական գյուղաքաղաքի: 1915-ին Մ. ունեցել է 5000 բնակիչ (մեծ մասամբ՝ հայեր), որոնք հիմնականում զբաղվել են հացահատիկի մշակությամբ, մասամբ՝ առևտրով ու արհեստագործությամբ: Մ. առաջին համաշխարհային պատերազմից հետո վերածվել է անշուք գյուղի:
Մ–ի հին հուշարձանները համեմատաբար լավ են պահպանված: Կիսականգուն վիճակում մեր օրերն են հասել նրա արլ. ծայրամասում գտնվող հնագույն միջնաբերդի պարիսպներն ու աշտարակները և մի քանի այլ կառույցների ավերակներ: Առանձնապես լավ է պահպանվել միջնաբերդի՝ XI դ. կառուցված ամենամեծ աշտարակը: Մ–ում կար 2 եկեղեցի (Ս. Աստվածածին և Ս. Գևորգ), հայկական մեկ դպրոց: 1915-ի Մեծ եղեռնից հետո Մ–ի հայ բնակչությունը ևս ենթարկվեց կոտորածների ու տեղահանման, և այնտեղ դադարեց հայկ. կյանքը:
Գրկ. Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978: Առաքելյան Բ. Ն., Քաղաքները և արհեստները Հայաստանում IX-XIII դդ., (հ.) 1, Ե., 1958: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի