Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Նրա ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ: Բավականին գումարներ է ծախսել բարեգործական նպատակներով (Թիֆլիսում հիմնել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգել Մայր եկեղեցին ևն): 1894-ին նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը և ընտրվել նրա Կենտրոնական խորհրդի փոխնախագահ: Ալեքսանդրի մահից հետո որդիները (Հովհաննես, Լևոն, Հովսեփ, Գեորգ) «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տան» բաժնետոմսերի մի մասը վաճառել են Պետերբուրգի ռուս. բանկերին, և 1913-ին ընկերության վարչությունը Բաքվից (մինչև 1911-ի վերջը Թիֆլիսում էր) տեղափոխվել է Պետերբուրգ: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Մ. վտարանդվել են: Մ–ին հաջողվել է անգլո-հոլանդ. «Ռոյալ դատչ–Շելլ» տրեստին 10 տարի ժամկետով վաճառել սովետական կառավարության դեկրետով ազգայնացված իրենց նախկին նավթահանքերի շահագործման իրավունքը: Հետագայում պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, և Մ. հեռացել են «գործարար աշխարհից»:
ՄԱՆԻ, հայկական հեթանոսական տոմարի ամիսների 16-րդ օրվա անունը:
ՄԱՆԻ, Մանիքեոս (հուն. Μάνης, Μάνητος, Μανυχαίοι, Μάνου, լատ. Manes, Manichaeus, 216/217-276), մանիքեության հիմնադիրը: Ծնվել է Տիզբոնում, պահլավական մեծատոհմիկ ընտանիքում: Մ–ի հայրը՝ Պաթակ Պապակը, եղել է Եկբատանա քաղաքի մեծահարուստ, մայրը՝ Պարթև Արշակունիների ազգակից, Կամսարական տոհմից: Սասանյանների գահակալումից հետո Մ–ի ընտանիքը տեղափոխվել է Տիզբոն, որտեղ Մ. կրթվել է մաքրակրոն մագդասիլահների մկրտարաններում: Նա իր վարդապետությունը բացահայտ սկսել է քարոզել 242-ից: Սկզբում հաջողություն չգտնելով՝ հեռացել է Պարսկաստանից՝ քարոզիչներ ուղարկելով Արևելքի տարբեր երկրներ: Կարճ ժամանակամիջոցում մանիքեական համայնքներ են ստեղծվել Պարսկաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր: Մտերմիկ հարաբերություններ է հաստատել Շապուհ I Սասանյան թագավորի եղբայր Պերոզի հետ, որի ջանքերով ստացել է իր գաղափարները քարոզելու ազատություն: Սակայն մոգերի պահանջով Մ. կրկին հալածվել է, ձերբակալվել և մորթազերծվել Խուժաստանի Գունդ–ի Շապուհ քաղաքում՝ Բահրամ I արքայի հրամանով: Մ–ի գաղափարները շարադրվել են «Գաղտնիքների գիրք», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրք» և այլ երկերում: Մ–ի ուսմունքը զգալի տարածում է ունեցել Հայաստանում, հետագայում որոշակի ազդեցություն գործել հատկապես պավլիկյան և թոնդրակյան աղանդների վրա:
Գրկ. Տեր–Մինասյան Ե. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968:
ՄԱՆԻԱԿԱԼ–ԴԵՊՐԵԱԻՎ ՊՍԻՒՈԶ, ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով: Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը: Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները): Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, դաշտանի հետ) և տարվա եղանակը (գարուն, աշուն): Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո: Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ: Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև: Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները: Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի: Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ: Մանիակալ փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով: Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ,, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա): Դեպրեսիվ փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ: Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ: Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով: Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին: Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների: Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված: Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես Կատատոնիա): Դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա): Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և ինքնասպանություն: Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին: Մ–դ. պ–ի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա–վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ ևն): Գոյություն ունեն նաև Մ–դ. պ–ի խառը և ատիպիկ ձևեր: Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով: Ատիպիկ ձևերից է ցիկլոթիմիան:
Բուժումը. հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ): Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից: Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել տիզերցինի (նոզինան) հետ: Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը: Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը:Վ. Հովհաննիսյան ՄԱՆԻԶԵՐ Մատվեյ Գենրիխովիչ (5(17).3. 1891, Պետերբուրգ – 20.12.1966, Մոսկվա), ռուս սովետական քանդակագործ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1958): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1911-16-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի իրագործմանը («Բանվորը», բարձրաքանդակ, ցեմենտ, 1920-21, Մոսկվա): ԱԽՌՈ–ի անդամ էր (1926-ից): Դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1921-29. 1935-41, 1945-47), Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստ-ում (1946-52) և Գեղարվեստի ինստ-ում (1952-ից): 194!7-ից՝ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի փոխպրեզիդենտ: Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Աշխատանքներից են. Լենինգրադում՝ Վ. Վոլոդարսկու (1925) և «1905 թվականի հունվարի 9-ի զոհերի» (1931),