Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

1925-ից) թերթը, «Վեսյոլիե կարտինկի» («Весёлые картинки»), «Մուրզիլկա» («Мурзилка»), «Կոստյոր» («Костер»), «Յունի տեխնիկ» («Юный техник») ամսագրերը: Արտասահմանյան առաջին մանկական պարբերականներից են «Լայպցիգեր վոխենբլաթ»-ը («Leipziger Wochenblatt», 1772-74), «Բոյգ օուն փեյփը» («Boy’s Own Paper», 1879-ից) և այլ հրատարակություններ:
Սոցիալիստական երկրներում երեխաների դաստիարակության գործում կարևոր դեր են կատարում «Դրուժինկա»-ն («Дружинка», 1949-ից, Բուլղարիա), «ԱԲՑ պիոնիերով»-ը («ABC pionierov», 1960-ից, Չեխոսլովակիա), «Բումմի»-ն («Bummi», 1957-ից, ԳԴՀ) ևն:
Հայկ. առաջին մանկական հրատարակություններ են «Բուրաստան Սուրբ Սահակյան»-ը (1851-55, Կ. Պոլիս) 7 «Թութակ Հայկազյան»-ը (1854-55, Զմյուռնիա): XIX դ. վերջին քառորդում Կ. Պոլսում լույս են տեսել «Երկրագունդ»-ը (1870-71), «Ավետաբեր տղայոց համար»-ը (1872-78), «Բուրաստան մանկանց»-ը (1882-93), «Թատրոն բարեկամ մանկանց»-ը (1876-78): Նշանակալի էր «Աղբյուր»-ի (1883-1918, Թիֆլիս) գործունեությունը, որը, ելակետ ընդունելով Խ. Աբովյանի և Մ. Նալբանդյանի դաստիարակչական սկզբունքները, նպաստեց հայ մանկական ռեալիստական գրականության զարգացմանը: Տարբեր ժամանակներում շուրջ երկու տասնյակ այլ պարբերականներ են լույս տեսել Թիֆլիսում, Լոնդոնում, Ալեքսանդրիայում, Բուխարեստում, Փարիզում, Թեհրանում, Հալեպում և այլ քաղաքներում: Սովետահայ առաջին մանկական հրատարակությունը «Պատկոմ»-ն էր (1923-24), որին փոխարինեց «Պիոներ»-ը (1925-ից): 1923-41-ին հրատարակվել է «Կարմիր ծիլեր»-ը, 1925-ից լույս է տեսնում «Պիոներ կանչ» թերթը, 1978-ից՝ «Ծիծեռնակ»-ը:
Գրկ. Գյուլնազարյան Խ. Մ., Ակնարկներ հայ մանկական գրականության պատմությունից, Ե., 1961: Նազարյան Ս., Հայ մանկա–պատանեկան մամուլը (1861-1917), Ե., 1979:Ս. Նազարյան ՄԱՆԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ Երևանում, մանկական ստեղծագործության պատկերասրահը: Հիմնվել է 1970 թվականին՝ Երևանում, արվեստաբաններ Հ. Իգիթյանի և Ժ. Աղամիրյանի (1936-1975, եղել է առաջին դիրեկտորը) նախաձեռնությամբ: Թանգարանի էքսպոզիցիայի հիմք է հանդիսացել 1968-ին Երևանի նկարչի տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսը: Մ. պ. Հ. ունի մշտական էքսպոզիցիա և ցուցասրահ, որտեղ կազմակերպվում են անհատական և թեմատիկ ցուցահանդեսներ: Այն սերտ կապեր ունի հանրապետության միջնակարգ և գեղարվեստական դաստիարակության թեքումով դպրոցների, պիոներական պալատների նկարչական խմբակների հետ: Մ. պ. Հ. աշխատանքներ է ստանում Սովետական Միության հանրապետություններից, աշխարհի տարբեր երկրներից, կատարում փոխանակումներ: 1975-ին Անգլիայի պրեմիեր մինիստր Հարոլդ Վիլսոնը պատկերասրահին է նվիրաբերել անգլիացի երեխաների 150 աշխատանք: Այժմ Մ. պ. Հ. ֆոնդերում կան մոտ 100 հզ. մանկական ստեղծագործություններ (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, խեցեգռրծություն, ապլիկացիա, գորգ, կարպետ, ձեռագործ), այդ թվում՝ աշխարհի 90 երկրներից: Նրա ֆոնդերից աշխատանքներ են ուղարկվել ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Իտալիայում, Չեխոսլովակիայում կազմակերպված ցուցահանդեսներին: Ամեն տարի մայիսի 20-ին Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի ասֆալտապատ հրապարակում կազմակերպվում է մրցույթ՝ «Երեխաները նկարում են ասֆալտի վրա», իսկ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի մեկին՝ միջազգային մեծ ցուցահանդես: Մ. պ. Հ. դերին և մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն է նվիրված Ժ. Աղամիրյանի «Հայաստանի մանկական պատկերասրահը» (1980, Մոսկվա, ռուս.) աշխատությունը: 1962-ին Մ. պ. Հ–ին շնորհվել է ՀԼԿԵՄ Կենտկոմի դափնեկրի կոչում: 1980-ին Գեղագիտական դաստիարակության կենտրոնի համալիրի հիմնադրումով Մ. պ. Հ. վերածվել է Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի (մասնաճյուղեր ունի Ախուրյանում, Լենինականում, Կիրովականում): Համալիրն ունի մանկական արվեստի ակադեմիա, ֆիլհարմոնիա, թատրոն, կինոստուդիա: Ակադեմիան բաղկացած է կերպարվեստի ստուդիաներից՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակագործության, խեցեգործության, փայտի և քարի փորագրության: Մանկական ֆիլհարմոնիայում գործում են սիմֆոնիկ, կամերային, ազգագրական, էստրադային անսամբլներ: Թատրոնում երեխաները ինքնուրույն բեմադրություններ են կատարում, խաղում դերեր: Կինոստուդիայում նկարահանվում են վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր:Գ. Նալբանդյան ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ, ՍՍՀՄ–ում պետական բուժ–կանխարգելիչ հիմնարկություն. մանկական հիվանդանոցի ենթաբաժինը կամ բժշկական ինքնուրույն հիմնարկ: Կազմակերպում է երեխաների արտահիվանդանոցային բուժօգնությունը (նորածիններից մինչև 14 տարեկանը ներառյալ), ապահովում երեխաների առողջության, ֆիզիկական, նյարդա–հոգեկան զարգացման դիսպանսերային հսկողությունը, երեխաների և ծնողների սան–հիգիենային դաստիարակությունը: Ինքնուրույն Մ. պ–ներն ունեն մանկաբուժական հիմնական բաժանմունքներ, մասնագիտացված (մանկական վիրաբուժության, քիթ–կոկորդ–ականջի, աչքի, երիկամային հիվանդությունների), ախտորոշիչ, բուժական ֆիզկուլտուրայի և մերսումների կաբինետներ: Խոշոր քաղաքներում գոյություն ունեն կոնսուլտացիոն Մ. պ–ներ, ուր գործում են միջշրջանային մասնագիտացված (մանկական ուրոլոգիայի, ալերգոլոգիայի ևն) կաբինետներ: Տես նաև Պատրոնաժ, Մանկաբուժություն:
ՄԱՆԿԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ստեղծագործության պրոցեսում զարգանում է երեխայի բանականությունն ու հուզականությունը, նա կարողանում է ճանաչել կյանքն ու որոշել իր տեղը, ձեռք է բերում կոլեկտիվ աշխատանքի փորձ, տարբեր նյութերով ու գործիքներով աշխատելու հմտություն, ինքնատիրապետում: Սոցիալիզմի պայմաններում Մ. ս. զարգացնում է կոմունիզմի ապագա կառուցողների ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև նյութ տալիս երեխաների տարիքային առանձնահատկություններն ու անձի ձևավորման օրինաչափություններն ուսումնասիրելու համար:
Տեխնիկական Մ. ս. պոլիտեխնիկական կրթության ու մասնագիտական կողմնորոշման կարևոր միջոցներից է: Նպաստում է տեխնիկայի հանդեպ երեխայի կայուն հետաքրքրության ձևավորմանը, նորարարական ու գյուտարարական հակումների, մտածողության զարգացմանը, խթանում կրթության գիտական մակարդակի բարձրացմանը: Տեխնիկական Մ. ս. ավելի շատ իրականացվում է արտադասարանական պարապմունքներում և դրսևորվում է մոդելներ, սարքեր, մեխանիզմներ, ոչ բարդ մեքենաներ նախագծելու և պատրաստելու ընթացքում: 1924-ին առաջին անգամ Մոսկվայում անցկացվեց ավիամոդելիստ դպրոցականների մրցույթ: Տուլայում բացվեց երկրում առաջին տեխնիկական Մ. ս–յան ցուցահանդեսը: 1926-ին Մոսկվայում հիմնադրվեց առաջին մանկական տեխ. կայանը՝ ՄՏԿ (այժմ՝ ՌՍՖՍՀ–ի պատանի տեխնիկների կենտրոնական կայան): 1920-30-ական թթ. վերջին ՄՏԿ–ներ են կազմակերպվել երկրի շատ քաղաքներում: 1939-ին ՍՍՀՄ պատանի տեխնիկների աշխատանքները ցուցադրվել են Նյու Յորքի համաշխարհային, 1941-ին՝ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսներում: Հայրենական պատերազմի տարիներին (1941-45) պատանի տեխնիկները մասնակցել են գյուղատնտեսական մեքենաների և սարքավորումների պատրաստման, վերապատրաստման, զինվորական հիվանդանոցների ռադիոֆիկացման ևն աշխատանքների: 1967-ից ՍՍՀՄ–ում անց է կացվում երիտասարդության տեխ. ստեղծագործության ստուգատես (ԵՏՍՍ): Տեխ. Մ. ս–յան բնագավառի լավագույն աշխատանքները ցուցադրվում են ՍՍՀՄ ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսում: Տեխ. Մ. ս–յան ամենամյա ցուցահանդեսներ են անցկացվում բոլոր միութենական հանրապետություններում, մարզերում և շրջաններում: 1968-ից շարունակաբար անց են կացվում հրթիռամոդելիստ դպրոցականների համամիութենական մրցումներ: Տեխ. Մ. ս–յան խմբակներում են իրենց գործունեությունը սկսել ակադեմիկոս Բ. Ե. Պատոնը, ավիակոնստրուկտորներ Ս. Վ. Իլյուշինը, Ա. Ս. Յակովլևը, Օ. Կ. Անտոնովը, օդաչու–տիեզերագնացներ Գ. Մ. Տիտովը, Ա. Վ. Ֆիլիպչենկոն և ուրիշներ:
Տեխ. Մ. ս-յան հիմնական սովետական հանդեսներ են «Մոդելիստ–կոնստրուկտոր»-ը («Моделист-конструктор», 1966-ից) և «Յունի տեխնիկ» («Юный техник», 1956-ից):