ևն): Զարգացած երկրներում Մ. իրականացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, որպես կանոն, 0-ով կամ 1-ով վերջացող տարիներին:
Գրկ. Խոջաբեկյան Վ. Ե., Հայաստանի բնակչությունը և նրա զբաղվածությունը, Ե., 1979: Гозулов А. И., Переписи населения СССР и капиталистических стран, М., 1936; Его же, Переписи населения земного шара (Хронологические таблицы), М., 1970; Курс демографии, под ред. А. Я. Боярского, 2 изд., М., 1974.
ՄԱՐԴԱՂԻ, Մարդոյ աղի, Մարդոյ ուղի, Մարդուղի, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Երասխ գետի ակունքների շրջանում: Արմ–ից Մեղեդուխի լեռնաշղթայով (մինչև Այծպտկունք լեռը) բաժանվում էր Բարձր Հայք նահանգի Կարին գավառից, արլ–ից սահմանակցում էր Տուրուբերանի Դասնավորք, Տվարածատափ և Դալառ գավառներին, հվ–ից ձգվում մինչև Սերմանց (Բյուրակնյան) լեռները: Միջին դարերում Մ. իր կենտրոնական բերդի անունով կոչվել է նաև Սևուկ բերդակ: Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Էրզրումի վիլայեթի Թեքմանի շրջանին: Լեռնային է, կլիման՝ ցուրտ, տարեկան տեղումների քանակը՝ 800-900 մմ: Հայտնի է սառնորակ աղբյուրներով, փարթամ արոտավայրերով ու խոտհարքներով:
Մ–ի մասին պատմական տեղեկությունները սակավ են: Ենթադրվում է, որ գավառանունն առաջացել է «մարդ» (ցեղանուն) և «աղխ» («տոհմ», «ցեղ») բառերից: Հայկ. առաջին Աշխարհացույցում Մ. հիշատակվում է որպես սալակ և ձիղկ հանքանյութերով, ինչպես նաև սև և սպիտակ նավթով հարուստ գավառ: Մ. եղել է առանձին եպիսկոպոսական թեմ: Արտաշատի ժողովին (450) մասնակցողների թվում հիշատակվում են Մ–ի Եվղաղ եպիսկոպոսը, իսկ Դվինի ժողովին (555)՝ Հովհաննես եպիսկոպոսը:
Գրկ. Ինճիճյան Ղ., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ.. 1822: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968: Адонц Η., Армения в эпоху Юстиниана, Е., 1971.
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Մարդասիրական ընկերություն հանուն Ս. Գրիգորի, Լուսավորչին Հայաստանի, հայկական բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է 1864-ի մայիսի 21-ին, Բաքվում, բժշկապետ Դ. Հ. Ռոստոմյանի, Մ. Զ. Զոհրապյանցի և տեղի այլ ազդեցիկ հայերի նախաձեռնությամբ՝ լուսավորական, մշակութային և բարեգործական գործունեություն ծավալելու նպատակով: Ըստ հաստատված կանոնադրության, ունեցել է հիմնադիր, պատվավոր, անփոփոխ և տարեկան անդամներ: Ղեկավարել են հիմնադիր անդամները, խորհուրդը (3 տարի ժամկետով ընտրված նախագահը և 8 անդամները), ընդհանուր ժողովը: Իրավունք է ունեցել գործելու Ռուսաստանի հայաբնակ վայրերում: Հաշվետու է եղել Կովկասի փոխարքային և Բաքվի նահանգապետին: Եկամուտները գոյացել են կազմակերպված միջոցառումներից, անդամավճարներից, նվիրատվություններից: Մինչև 1875-ը գործունեություն է ծավալել հիմնականում Բաքվում: Մ. ը–յան աշխատանքը առավել բեղմնավոր է եղել 1875-1899-ին: Այն ընդգրկել է Ռուսաստանի հայաբնակ վայրերը, մասամբ նաև՝ Արևմտյան Հայաստանը: Մ. ը. նյութական օգնություն է ցույց տվել կարիքավոր հայ մտավորականությանը, ուսանողներին, աշակերտներին, այրիներին, որբերին, գաղթականներին: Նշել է մշակութային և հասարակական գործիչների ու կազմակերպությունների հոբելյանական տարելիցները, կազմակերպել դասախոսություններ, համաճարակների դեմ պայքարի սանիտարական խմբեր, բացել հիվանդանոցներ, ճաշարաններ, կարի ու ձևի դասընթացներ: 1870-79-ին գործել է տպարան և թանգարան, որտեղ հավաքել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ: 1870-ին բացվել է գրադարան (1880-ին՝ կից ընթերցարան): Գրադարանում տարբեր տարիներ աշխատել են Շիրվանզադեն և Լեոն: Գրադարանից և ընթերցարանից օգտվել են Բաքվի աշխատավորները, առանց ազգի և կրոնի խտրության (մոտ 32700 մարդ): 1914-ին գրադարանը ունեցել է 21800 գիրք, ստացել 68 անուն պարբերական: 1894-ին ստեղծվել է գրական ֆոնդ: Մ. ը. մասնակցել է Բաքվի հասարակական–քաղաքական կյանքին, ներկայացուցիչ ունեցել քաղաքային խորհրդում: Կառուցել է դպրոցներ, դրանք ապահովել գույքով և դասագրքերով: Օժանդակել է հայ ուսուցիչներին՝ ուսուցչական ցենզ ստանալու գործում: Նյութական օգնություն է ցույց տվել Ղուբայի, Գանձակի, Նուխիի, Շամախիի գավառների հայկ. դպրոցներին, Երևանի նահանգի, Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի գավառի գյուղացիներին՝ սերմացու ձեռք բերելու համար, Թավրիզի բնակիչներին, հրդեհից տուժած Զեյթունի հայերին և Էջմիածնի Գևորգյան ճեմարանին: 1899-ին Մ. ը. ունեցել է 500 անդամ: 1899-ին Ռուսաստանի ներքին գործերի մինիստր Ի. Լ. Գորեմիկինը հաստատել է Մ. ը–յան նոր կանոնադրությունը, որով այն զրկվում էր մշակութային և ուսումնական գործունեության իրավունքից: Այդ պատճառով Մ. ը. իր գումարների մի մասը նվիրաբերել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Շուշիի հայոց հոգևոր դպրոցին և Բաքվի քաղաքային ինքնավարությանը: 1899-1912-ին Մ. ը. բարեգործական նպատակներով ծախսել է 369 847 ռ.: Այդ տարիներին բացվել և մինչև 1920-ը գործել են բարեգործական հիմնարկություններ (աշխատանքի տուն, մսուր, որբանոց), ճաշարան, լվացքատուն, խոհարարական դասընթացներ, կառուցվել տներ, որտեղ անվճար կամ մատչելի վճարով բնակվել են աղքատ ընտանիքներ (մոտ 200 հոգի): Մ. ը. նյութական օգնություն է ցույց տվել 1904-05-ի ռուս–ճապոնական պատերազմում վիրավորվածներին և զոհվածների ընտանիքներին, 1902-ին Շամախիի երկրաշարժից և 1904-ին ու 1910-ին Բաքվում խոլերայի համաճարակից տուժած բնակիչներին, 1908-11-ին Բաքվից Արևմտյան Հայաստան վերադարձող գաղթականներին: 1900-17-ին գործել է Մ. ը–յան թատրոնը՝ 420-տեղանոց դահլիճով (ելույթ են ունեցել Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Հ. Գ. Զարիֆյանը և ուրիշներ): 1913-ի հոկտեմբերին ցարական իշխանությունները վերականգնել են Մ. ը–յան մշակութային և ուսումնական գործունեության իրավունքը: 1914-ին Մ. ը. մասնաճյուղ է բացել Շամախիում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) Մ. ը. հավաքագրել է կամավորներ, վիրավորների համար բացել ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ֆելդշերական կետեր, դրանք ապահովել բժշկական անձնակազմով և գույքով: 1914-ի հոկտեմբերին Մ. ը–յանը կից ստեղծվել է հայ կանանց կոմիտե, 1915-ին՝ գաղթականական կոմիտե: Գաղթականների համար բացվել է հիվանդանոց, որբանոց, տրամադրվել անվճար կացարան, սնունդ և հագուստեղեն: 1916-ին նպաստ է տրվել Անդրկովկասի հայ գյուղացիությանը օգնող հանձնաժողովին: Օգնություն է ցույց տրվել նաև այլազգի կարիքավորներին: 1918-ին կապ է հաստատել Բաքվի կոմունայի ղեկավարների (Ս. Շահումյան, Ա. Ջափարիձե) հետ, մասնակցել թուրք. բանակի դեմ Բաքվի պաշտպանությանը: Մ. ը–յան կազմում եղել են տարբեր քաղ. կուսակցությունների հարող անդամներ, սակայն նրա գործունեությունը ընդհանուր առմամբ եղել է առաջադիմական: 1920-ի մայիսին Մ. ը. դադարեցրել է գործունեությունը:
Գրկ. Գալստյան Ա., Պատմական համառոտ տեսություն Բաքվա Հայոց Մարդասիրական Ընկերության 26-ամյա գործունեության, Բաքու, 1891.
ՄԱՐԴԱՍՏԱՆ, Մարդուցայք, Մարդոցեք, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում: Տեղադրվում է Մակու քաղաքից արմ., Կոտուրի (Վասպուրականի) լեռների արլ. ստորոտներում: Ըստ երևույթին գավառը Մ. է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով: Մինչև V դ. մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների («Մարդպետականք»-ի) մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը: IX դարից Մ. հիշվում է որպես Արծրունիների երկրորդական տոհմաճյուղերից մեկի (Ապուպելճի և իր շառավիղների) կալված: Նույն դարի վերջից Մ–ի Համբույրազան ավանը դարձել է եպիսկոպոսական կենտրոն: X դ. սկզբին այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել Վասպուրականի և Ատրպատականի զորքերի միջև: 902-ին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս գավառը մտել է Գագիկի տիրույթների մեջ: Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո Մ. դարձել է Ատրպատականի, սելջուկյան թուրքերի, մոնղոլ–թաթարական և թուրքմեն. ցեղերի ասպատակությունների թատերաբեմ: 1502-ից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ:
Գրկ.Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978:
ՄԱՐԴԱՔՅԱՆԻ, քաղաքատիպ ավան Ադրբեջանական ՍՍՀ–ում, Ապշերոնյան
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/307
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ