Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ. մ–ի կանոնների հսկողությունը և արդյունքների գրանցումը իրականացնում են մրցավարները:
ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ, ֆիզկուլտուրայի ու սպորտի միջազգային (աշխարհամասային) և ազգային (որևէ երկրի) ոչ պետական, հասարակական կազմակերպություններ:
ՍՍՀՄ–ում ստեղծվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեին և ԴՕՍԱԱՖ–ի կենտկոմին կից: Առաջին մարզական միավորները (սեկցիաներ) ՍՍՀՄ–ում ձևավորվել են 1923-24-ին (թենիսի, շախմատի են), հետագայում (1930-1950) այդպիսիք ստեղծվեցին մարզաձևերի մեծ մասի գծով: 1959-ին դրանք վերանվանվեցին Մ. ֆ.: Այժմ գործում են մոտ 70 Մ. ֆ., որոնք ղեկավարում են նաև հանրապետական համապատասխան ֆեդերացիաների գործունեությունը:
Հայաստանում գործում են ֆուտբոլի, մարմնամարզության, շախմատի, ժամանակակից. հնգամարտի, բռնցքամարտի, ծանր աթլետիկայի, ջրային, տեխ. ու պաշտպանական մարզաձևերի, թեթև աթլետիկայի, թենիսի, սեղանի թենիսի, դասական ըմբշամարտի և այլ՝ թվով 33 Մ. ֆ.: Տես նաև Մարզական միավորումներ միջազգային:
ՄԱՐԶԱՍՐԱՀ, մարզական փակ կառույց, որ համախմբում է մարզումների և ցուցադրումների համար անհրաժեշտ սրահները, հաճախ նաև հանդիսատեղեր: Մ–ներ կառուցվել են դեռևս անտիկ աշխարհում, պալեստրա, գիմնասիոն (Հունաստան), կրկես, ամֆիթատրոն, թերմեր (Հռոմ): Միջնադարում Մ–ի նոր տիպ չի ստեղծվել: Օլիմպիական խաղերը վերսկսելու կապակցությամբ (1896) աշխուժացել է Մ–ների շինարարությունը: Հայտնի են ծածկված սրահը Սան Լուիում (1930), «Դինամո»-ի թենիսի դաշտը Մոսկվայում (1936), Ռալեյ սրահը ԱՄՆ–ում (1950), «Պալացցո դելլա սպորտը» Հռոմում (1959), «Յոյոգին» Տոկիոյում (1964), Լուժնիկիի մարզական պալատը Մոսկվայում (1956), Օլիմպիադա–80-ի Մ–ները Մոսկվայում:
Հին Հայաստանում կառուցված Մ–ները չեն պահպանվել, սակայն մատենագրական տեղեկությունները վկայում են, որ Հայաստանում եղել են ոչ միայն բաց մարզասպարեզներ, այլև փակ մրցարան-մարզարաններ, գլխավորապես գահանիստ քաղաքներում, ուր սիստեմատիկորեն կազմակերպվել են մրցումներ: Մ–ների շինարարությունը մեծ ծավալ է ստացել Սովետական Հայաստանում՝ կառուցվել են շուրջ 235 Մ–ներ: Նշանավոր է Երևանի «Դինամո» Մ.՝ 1800 հանդիսատեղով (1965, ճարտ–ներ Կ. Հակոբյան, Ն. Ալավերդյան, կոնստրուկտոր՝ Կ. Ղազարյան):Մ. Միքայելյան ՄԱՐԶԻՉ, ֆիզկուլտուրայի դասատու, որոշակի մարզաձևի մասնագետ: Կատարում է ուսումնա–մարզչական աշխատանք մարզիկներ դաստիարակելու, ուսանելու և վարպետությունը կատարելագործելու նպատակով, զարգացնում նրանց ֆունկցիոնալ հնարավորությունները: ՍՍՀՄ–ում Մ–ներ հիմնականում պատրաստում են ֆիզիկական կուլտուրայի ինստ-ների մարզական ֆակուլտետները: Միջազգային և համամիութենական մրցումներում բարձր արդյունքների հասած մարզիկներ և թիմեր պատրաստելու համար Մ–ին շնորհվում է ՍՍՀՄ կամ հանրապետության վաստակավոր Մ–ի պատվավոր կոչում:
ՄԱՐԶՊԱՆ, մարծպան (պահլ. marzpan — կուսակալ), Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ մարզպանության կառավարիչը և արքայից արքայի տեղապահը: Հայ Արշակունի արքայատան անկումից (428) և Մարզպանական Հայաստանի ստեղծումից հետո Սասանյան արքունիքը V-VII դդ. Հայոց Մ–ներ է նշանակել թե՛ պարսիկ, թե՛ հայ իշխանների: Հայերը Մ–ին անվանել են նաև «Տանուտեր Հայոց»: Մինչև V դ. կեսը Մ–ի աթոռանիստ քաղաքն է եղել Արտաշատը, այնուհետև՝ Դվինը: Հետագայում, կուսակալի իմաստով, Մ. գործածվում էր նաև հայ Բագրատունիների արքունիքում: 908-ից «Մ.» տիտղոսը կրում էր Արծրունյաց թագավորը՝ Վասպուրականում: Մ–ի պաշտոն են վարել նաև Տաշիր–Ձորագետի Կյուրիկյան թագավորների վասալները՝ Դսեղի Մամիկոնյանները, որոնց տոհմում «Մարզպան–մարծպանը» դառնում է նույնիսկ անձնանուն:
Գրկ. Адонц Η., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.Ս. Երեմյան ՄԱՐԶՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ, Սասանյան Իրանի (Երանշահրի) գերիշխանությանը ենթակա առանձնահատուկ վարչական միավոր V-VII դարերում: Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկս և Հայք, հաճախ նաև Արցախ նահանգները կամ «աշխարհները»՝ 134 հզ. կմ², իսկ Արցախի հետ՝ շուրջ 145 հզ. կմ² տարածությամբ և շուրջ 3 մլն հայ բնակչությամբ: Սասանյան Իրանի և Հռոմեական (Բյուզանդական) կայսրության միջև Մեծ Հայքի թագավորության բաժանումից (385) առաջ արդեն անդամահատվել էին Հայոց ծայրամասային նահանգները՝ Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Նոր–Շիրականը (Պարսկահայք), Կորճայքը, Աղձնիքը, Հայոց Միջագետքը: 385-ին Մեծ Հայքի Ծոփք և Բարձր Հայք նահանգներն անցան Հռոմ. կայսրությանը, մնացածը՝ Սասանյան Իրանին: Արշակունի արքայատան ներկայացուցիչները շարունակեցին ձևականորեն իշխել առաջինում մինչև 387 թ., երկրորդում՝ մինչև 428 թ.: Այնուհետև Մ. Հ–ում (բյուզ. աղբյուրներում հորջորջվում է նաև Պերսարմենիա–Պարսկահայք անունով) կառավարում էր Սասանյան արքունիքից նշանակված մարզպանը: Մ. Հ. իրենից ներկայացնում էր ինքնավար մի երկիր, որի փաստական տերն ու տնօրենը դարձան հայ նախարարները, պահպանվեցին նրանց գործակալական իշխանության բոլոր իրավունքները, հայկ. զորաբանակը մնաց Հայոց սպարապետի տնօրինության ներքո: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Սասանյանները Մ. Հ–ում իրենց քաղ. տիրապետությունը հաստատեցին հայ նախարարների ու եկեղեցու հնավանդ իրավունքներն ու արտոնությունները ճանաչելու գնով: Պետ. կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկ. մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, իսկ Այրարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի ևն): Գրիգոր Լուսավորչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը ևն) անցան Մամիկոնյաններին: Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը: Գողթան գավառի եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ: Այս երևույթը դիտվում է Բասեան գավառում և այլուր:
Մինչև V դ. կեսը Հայոց մարզպանը նստում էր Արտաշատում, այնուհետև՝ Դվինում: Սասանյան պետության մյուս մարզպանությունների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում: Երկրի կառավարման պաշտոնները՝ գործակալությունները, մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Սպարապետության գործակալությունը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները, հազարապետությանը՝ Ամատունիները, մաղխազությանը՝ Խորխոռունիները (նոր պայմաններում Խորխոռունի նահապետը հանդիսանում էր մարզպանի թիկնապահների գնդի պետը): Պահպանվում էր Մեծ դատավորության գործակալությունը, որը գլխավորում էր Հայոց կաթողիկոսը:
Վեհմիհրշապուհ մարզպանից հետո արքայից արքա Հազկերտ II (439-459) Հայոց մարզպան նշանակեց Վասակ Սյունուն (443-451), որը 441-ից Ալանաց դռները պահպանող Ծանարների գավառի պարսկ. կայազորների պետն ու մարզպանն էր: Նրա ժամանակ Մ. Հ–ում բացի Այրարատի որոշ բերդերում տեղակայված «կայենական» կոչվող պարսկ. զորամասերից, որոնք նույնպես ենթարկվում էին Վասակ Սյունուն, չկար Սասանյան իշխանության այլ ներկայացուցիչ: Երկիրն ապրում էր շինարարության ու մշակութային զարգացման շրջան: Մ. Հ. բաղկացած էր խոշոր ու մանր տիրույթներից, յուրաքանչյուրում ժառանգաբար իշխում