Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/336

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մարմարի և փայտի վիրտուոզ քանդակազարդում, ջնարակված հախճապակիներ, խեցե և ապակե խճազարդեր, վիտրաժներ (Թազայի Մեծ մզկիթը, XII–XIII դդ․, Աթթարին մեդրեսեն Ֆեսում, 1323–25)։ XVI –XVII դդ․ հուշարձանները աչքի են զարնում ճոխությամբ (դամբարանների անսամբլը Մառակեշում, XVI դ․ 2-րդ կես)։ XVIII –XIX դդ․ կառույցներից առանձնանում են Բաբ ալ Մանսուր դարպասը (1732) Մեկնեսում, Ֆեսի Դար–Բատա, Մեկնեսի Դար–Ջամաի և Մառակեշի Դար ալ Մակզեն պալատները (բոլորը՝ XIX դ․)։ Միջնադարում են կազմավորվել XX դ․ ևս պահպանված ժող․ բնակարանի տիպերը՝ երկհարկ, ներքին բակով քարե տներ (Ռաբաթ, Սալե), աշտարակավոր տուն–ամրոցներ (Բարձր Ատլաս), շրջանաձև հատակագծով, կոնաձև կտուրով խրճիթներ (Ռաբաթին մոտ), երկթեք եղեգնյա կտուրներով բնակարաններ (երկրի հս–ում)։ Միջնադարում կատարելության են հասել ոստայնանկությունը, գորգագործությունը, կաշվի դրոշմումը, խեցեգործությունը, բրոնզի գեղարվեստական մշակումը (մզկիթների ցանցկեն, բազմահարկ շահեր)։ Ֆրանս․ պրոտեկտորատի շրջանում քաղաքներում կառուցվել են եվրոպական թաղամասեր (ֆրանս․ ճարտ․ Ա․ Պրոստ, Մ–ում աշխատել է 1912–23-ին)։ XX դ․ 1-ին կեսին ճարտ–յան մեջ կիրառվել է «մորեսկ» ոճը (մավրիտանական ճարտ–յան դեկորատիվ տարրերի էկլեկտիկ օգտագործում)։ 1950-ական թթ․ Ռաբաթում և Կասաբլանկայում կառուցվել են շենքեր ժամանակակից շինանյութերով ու կոնստրուկցիաներով («Լիբերտե» շենքը Կասաբլանկայում, 1950, ճարտ․ Լ․ Մորանդի, Ռաբաթի հոսպիտալը, 1950-ական թթ․ սկիզբ, ճարտ․ Է․ Դելապորտ)։ Անկախության նվաճումից (1956) հետո լայն թափ է ստացել զանգվածային բնակելի տների, արդ․ և հասարակական կառույցների շինարարությունը (մարոկկացի ճարտ–ներ Է․ Ազագուրի, Ժ․ Ֆ․ Զևակո, ֆրանսիացի ճարտ–ներ Ժ․ Կանդիլիս, Շ․ Վուդս): Զարգանում է Մ–ի համար նոր կերպարվեստը (գեղանկարիչ՝ Մ․ Ա․ Իդրիսի, քանդակագործ՝ Հ․ Բեն Սալահ, գրաֆիկ՝ Մ․ Ամմար)։ Ռաբաթում, Կասաբլանկայում և այլ քաղաքներում ստեղծվել են կիրառական արվեստի կոոպերատիվներ։ Զարգանում են գորգագործությունը, կաշվի ասեղնագործումն ու դրոշմումը, պղնձի դրվագումը։
XIV․ Երաժշտությունը
Մ–ի երաժշտությունը բերբերական և արաբ. մշակույթների փոխազդեցության արդյունք է։ Բերբերական երաժշտական արվեստին, որի «մաքուր» նմուշները պահպանվել են Մ–ի կենտրոնական մասում (հիմնականում հեռավոր գյուղական շրջաններում), բնորոշ է երաժշտության սերտ կապը բանաստեղծության և պարի հետ․ ամենատարածված ժանրը խմբական երգ–պարն է։ Առանձնանում է ախիդու (հս–արլ–ում բնակվող) և ախուախ (հվ–արմ–ում բնակվող) բերբերների արվեստը։ Բերբերների երաժշտական գործիքներից են՝ կասբա (ֆլեյտա), բենդիր (դափ), էլ–կալալ ջա և ու–էր–ռբաբ (ջութակներ) ևն։ Բազմազան է արաբ. երաժշտական արվեստը։ Գոյություն ունի դասական (ալա և ռամա) և ժող․ (գրիխա) արաբ. երաժշտություն։ Ալան աշխարհիկ, պալատական արվեստ է, որի հիմքը արաբ. դասական պոեզիան է, ռաման՝ կրոնական բովանդակությամբ արվեստ (յուրատեսակ հոգևոր պոեմներ)։ Գրիխան հասարակ մարդկանց երգերն են՝ հիմնված խոսակցական լեզվի վրա։ Արաբ. երաժշտական գործիքներից են՝ լյուտնյա, քնար, ռեբաբ, ցիտրա։
Մարոկկացիների ժող․ ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ դիկրը։ Այլ ժանրերից տարածված են օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի, շքահանդեսների երաժշտությունը ևն։
Մ–ում գործում են Երաժշտության, պարի և դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիա (Ռաբաթ), Երաժշտության և պարի ազգային դպրոց (Թեթուան)։ 1960-ից Մառակեշում անց են կացվում երաժշտ․ բանահյուսության ամենամյա ազգային փառատոներ։
XV․ Կինոն
Մ–ում առաջին կինոնկարահանումներին (1907) և առաջին գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը մասնակցել են արտասահմանցի, հիմնականում՝ ֆրանսիացի, ռեժիսորներ և օպերատորներ։ Արաբերենով ֆիլմերի ստեղծման նպատակով 1944-ին Ռաբաթում կառուցվել է «Սուսսի» կինոստուդիան, հիմնադրվել Մարոկկոյական կինոկենտրոնը։ Սակայն ազգային կինոարտադրությունն սկզբնավորվել է Մ–ի անկախությունից (1956) հետո միայն։ 1958-ից թողարկվել է «Մարոկկոյական նորություններ» կինոժուռնալը։ 1970-ին Այն Շոկում (Կասաբլանկայի արվարձան) հիմնադրվել է երկրորդ կինոստուդիան։ Ստեղծվել են ժամանակակից խնդիրներ արծարծող գեղարվեստական ֆիլմեր՝ «Հաղթել՝ ապրելու համար» (1968, ռեժ․ Մ․ Թազի և Ա․ Մեսնաուրի), «Հետքեր» (1970, ռեժ․ Համիդ Բեննանի), «Հազար ու մի ձեռք» (1973, ռեժ․ Ս․ Բեն Բարկա) ևն։ 1972-ին գործել է 255 կինոթատրոն։ Տարեկան թողարկվում է շուրջ 20 կարճամետրաժ ֆիլմ։
Պատկերազարդումը տես 368 –369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IV։
Գրկ. Горнунт М․ Б․, Уткин Г․ Н., Марокко, М․, 1966; Аяш А․, Марокко, [пер․ с франц․], М․, 1958; Аваков Р․ М․, Марокко, М. 1957; Նույնի, Марокко от протектората к независимости, М․, 1961; Солоницкий А․С․, Социально-экономическое развитие современного Марокко, М․, 1965; Завадовский Ю․Н․, Марокканская литература на арабском языке, в кн․։ Фольклор и литература народов Африки, М․, 1970; Веймар Б․, Каптерева Т․, Подольский А․, Искусство арабских народов, М․, 1960; Всеобщая история архитектуры, т․ 8, М․, 1969, с․ 85–100; Шоттен А․, Обзор марокканской музыки, [пер․ с франц․], М․, 1968․
ՄԱՐՈԿԿՈՅԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍԿ), քաղաքական կուսակցություն, ստեղծվել է 1974-ի օգոստոսին։ ՄԱՍԿ կանոնադրության մեջ նշվում է, որ կուսակցությունը իր նպատակն է համարում շահագործումից զերծ իսկական սոցիալիստական արտադրության հասարակարգի ստեղծումը։ ՄԱՍԿ հանդիսանում է Մարոկկոյի բանվոր դասակարգի և աղքատ գյուղացիության հեղափոխական ավանգարդը։ Կուսակցությունը պայքարում է ազգային ինքնուրույնության, երկրի անկախության ամրապնդման, դեմոկրատական ազատությունների ընդլայնման, հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական ազգային ճակատի շրջանակներում երկրի հայրենասիրական ու առաջադիմական ուժերի միավորման, ՍՍՀՄ–ի և Մարոկկոյի միջև բարեկամական հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։ ՄԱՍԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ ՄԱՍԿ բարձրագույն մարմինն է կուսակցության ազգային համագումարը, որն ընտրում է ԿԿ և ԿՎՀ։ Գլխավոր քարտուղարն է Ալի Յատան։ Հրատարակում է «Ալ–Մաբադի» ամսագիրը և «Ալ–Բայան» թերթը։
ՄԱՐՈԿԿՈՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԿԿ), ստեղծվել է 1943-ի նոյեմբերին։ ՄԿԿ I համագումարը (1946-ի ապրիլ) ժողովրդին կոչ արեց միավորել ուժերը երկրի անկախության, դեմոկրատական ազատությունների ու աշխատավորության դրության բարելավման համար պայքարում։ 1953–56-ին Մարոկկոյի կոմունիստները մասնակցել են ֆրանս․ գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարին։ Մարոկկոն սուվերեն պետություն հռչակվելուց (1956) հետո ՄԿԿ հանդես է եկել հանուն ազգային անկախության ամրապնդման, երկրում եղած օտարերկրյա ռազմ. բազաների վերացման ու զորքերի դուրսբերման, տնտ․ ինքնուրույնության, ագրարային ռեֆորմի իրականացման։ ՄԿԿ գործունեությունը բազմիցս (1952, 1959, 1960-ին) արգելվել է։ 1968-ին Մարոկկոյի կոմունիստները հայտարարեցին ազատության և սոցիալիզմի կուսակցության (ԱՍԿ) ստեղծման մասին, որը մինչև 1974-ը գործել է կիսալեգալ պայմաններում։ ԱՍԿ ղեկավարությունը պայքարել է երկրի այլ քաղ․ ուժերի հետ դաշինքի ամրապնդման, «հակաիմպերիալիստական ու հակագաղութային բնույթի միասնական ժողովրդական ճակատի» ստեղծման համար։ 1974-ին հայտարարվել է Մարոկկոյի աոաջադիմության և սոցիալիզմի կուսակցության ստեղծման մասին։
ՄԱՐՈՂ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, ֆիզիկական մեծության պարբերական փոփոխումներ,