Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՄԵԾԱՄՈՐ 440
զբաղեցնում է մոտ 50 հա մակերես) պեղված առաջնորդների, ավագանու այլ ներկայացուցիչների քարակերտ հսկայածավալ դամբարաններն՝ օղակված առյուծի և ձիու բարձրաքանդակներով զարդարված սալերով։ Դամբարանի կենտրոնում փայտե պատգարակի վրա թաղվել է առաջնորդը՝ ոսկուց, արծաթից, բրոնզից, անագից պատրաստված զանազան իրերի, սարդիոնից, ագատից, սաթից, ապակուց և մածուկից պատրաստված ձևավոր ուլունքների, բազմագույն ջնարակով պատած կավամանների, որսի տեսարաններով զարդաքանդակված խեցեղենի, քարե սկահակների հետ, որոնք խոսուն վկաներն են տեխնոլոգիական նորույթներով հագեցված տարատեսակ արհեստների, հատկապես ակնագործության ու մետաղամշակման զարգացման բարձր մակարդակի։ Առաջնորդի հետ թաղվել են նաև ծառաներ, ստրուկներ, նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ (հավանաբար՝ որսաշներ)։
Սակայն, հայտնաբերվածների շարքում ամենանշանավորը օնիքսից պատրաստված գորտի քանդակն է, որը սեպագիր արձանագրությունով բաբելական կշռաքար է։ Այն թվագրվում է մ․ թ․ ա․ XVI դ․, ՍՍՀՄ տարածքում գտնված գրավոր հուշարձաններից ամենահինն է և, անշուշտ, վկայում է հեռավոր անցյալում աշխույժ առևտրական ու մշակութային կապերի առկայությունը։
Մեծամորն Արարատյան դաշտի վաղ երկաթի դարաշրջանի կարևորագույն կենտրոններից, «արքունի» քաղաքներից մեկն էր և իր արժեքավոր ավանդն է ներդրել այդ տարածքի մշակույթի զարգացման գործում։
Մ․ հրդեհվել և կործանվել է մ․ թ․ ա․ VIII դ․ 80-ական թթ․՝ Արարատյան դաշտը նվաճելիս։ Սակայն կարճ ժամանակ անց՝ կյանքն այստեղ վերահաստատվել է։ Նվաճողները, կիկլոպյան աշտարակավոր նոր պարսպով ամրացնելով միջնաբերդը՝ քաղաքը հարկատու են դարձրել Վանի թագավորությանը։ Միջնաբերդի տարածքի մեծ մասում ստեղծվել են հնոցներ և նրանց ծառայող օժանդակ կառույցներ։
Ուրարտ․ պարսպից դուրս, նրան կից կառուցված քարաշեն շինությունների հետքերից երևում է, որ կյանքը Մ–ում շարունակվել է նաև մ․ թ․ ա․ VI դ․։ Միջնաբերդի տարածքում հայտնաբերվել են անտիկ և հելլենիստական ժամանակաշրջանների սակավաթիվ նյութեր։ Միջին դարերում Մ․ ամրոց էր՝ քարակերտ, բարձրադիր աշտարակով, որի ուրվագծերը պարզորոշ ընդգծված են բլրի մակերեսին։ Մեծ բլրի հատկապես հս–արլ․ լանջահարթակում հայտնաբերվել են միջնադարյան շինություններ և նյութական մշակույթի այլ մնացորդներ։
Գրկ․ Խանզադյան Է․ Վ․, Մկրտչյան Կ․ Հ․, Պարսամյան Է․ Ս․, Մեծամոր, Ե․, 1973։Է․ Խանզադյան Պատկերազարդումը տես 369-րդ էջից առաջ՝ ներդիրում, աղյուսակ VIII։
ՄԵԾԱՄՈՐ (մինչև 1946-ը՝ Ղամարլու), գյուղ Հայկական ՍՍՀ Էջմիածնի շրջանում, Մեծամոր գետի ձախ ափին, շրջկենտրոնից 8 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։
ՄԵԾԱՄՈՐ, քաղաքատիպ ավան (1972) Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևելք։ Հիմնադրվել է 1969-ին, որպես Հայկական ատոմակայանի բնակելի ավան։ Գլխ․ հատակագիծը և բնակելի հասարակական շենքերը նախագծվել են 1968-ին (ճարտ․ Մ․ Միքայելյան, համահեղինակներ՝ Գ․ Հովսեփյան, Կ․ Տիրատուրյան)։ Ունի միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մարզադպրոց, 2 կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինոսարք, կենցաղսպասարկման տաղավար, 3 մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց (120 մահճակալով), պոլիկլինիկա, ամբուլատորիա, սանէպիդկայան։ Մ․ ունի ջրմուղ–կոյուղու ցանց և օգտվում է բնական գազից։ Մ–ի տարածքում է Հայկական ատոմակայանը։ Քտա հիմնադրվել է 1972-ին։
ՄԵԾԱՊԵՏԱԿԱՆ ՇՈՎԻՆԻԶՄ, շովինիզմի, նացիոնալիզմի տարատեսակ, գաղափարախոսությունն ու քաղաքականությունը պետության մեջ գերիշխող ազգի շահագործող դասակարգերի, որոնք իրենց ազգը համարում են մյուսներից «բարձր»։ Մ․ շ․ առաջացել է բուրժ․ ազգերի, ազգային ու բազմազգ պետությունների և գաղութային կայսրությունների կազմավորման ժամանակաշրջանում։ Մ․ շ․, և առհասարակ շովինիզմը, հրահրում է թշնամանք ու ատելություն մյուս ժողովուրդների նկատմամբ, խտրականություն՝ տնտ․, քաղ․ ու մշակութային բնագավառներում, զրկում նրանց ինքնուրույնությունից։ Օրինակ, նախկին Ավստրո–Հունգարական, Ռուսական կայսրություններում, սուլթանական Թուրքիայում իշխող դասակարգերը Մ․ շ–ի քաղաքականություն էին իրականացնում ենթակա բազմաթիվ ժողովուրդների նկատմամբ։ Ռուս. ցարիզմը երկիրը դարձրել էր «ժողովուրդների բանտ»։ Մ․ շ–ի գաղափարախոսությունն ու քաղաքականությունը սաստկացան իմպերիալիզմի դարաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) ժամանակ Մ․ շ–ի կատաղի կրողը հանդիսացավ գերմ․ ֆաշիզմը, որը գերմ․ ազգը հռչակեց «բարձր» ռասա՝ իբր կոչված գերիշխելու մյուս բոլոր ժողովուրդներին։ Ետպատերազմյան շրջանում մի շարք երկրներում (ՀԱՀ, ԱՄՆ, Իսրայել և այլն) իրականացվում է Մ․ շ․, որը դրսևորվում է ռասայական խտրականության ձևով։ Մ․ շ․ ընկած է մաոիզմի և Չինաստանի ներկա մաոական ղեկավարության ներքին ու արտաքին քաղաքականության հիմքում։ Մարքս–լենինյան կուսակցությունները Մ․ շ–ին, ինչպես և բուրժ․ նացիոնալիզմի մյուս ձևերին հակադրում են հետևողական պրոլետարական ինտերնացիոնալիզմը։ Սոցիալիստական հեղափոխությունը վերացնում է Մ․ շ–ի, նացիոնալիզմի սոցիալական պատճառները, ստեղծում է ժողովուրդների բարեկամության ու եղբայրության, փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ ՍՍՀՄ սահմանադրությամբ (36 հոդված) Մ․ շ–ի ուղղակի կամ անուղղակի ամեն մի դրսևորում պատժվում է օրենքով։
Մարքսիզմ–լենինիզմի դրոշի ներքո հանդես եկող կոմունիստական ու բանվորական կուսակցությունները սկզբունքային պայքար են մղում Մ. շ–ի դեմ՝ հանուն պրոլետարական ինտերնացիոնալիզմի և սոցիալիստական հայրենասիրության։
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Բանվոր դասակարգը և ազգային հարցը, Երկ․, հ․ 19։ Նույնի, Սոցիալ–շովինիզմի դեմ պայքարելու մասին, նույն տեղում, հ․ 21։ Նույնի, Սոցիալ–շովինիստական քաղաքականության քողարկումը ինտերնացիոնալիստական ֆրազներով, նույն տեղում։
ՄԵԾԱՍԱՐ, տես Քորեյ։
ՄԵԾԱՎԱՆ (մինչև 1978-ը՝ Շահնազար), գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական, կարտոֆիլաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի 2 միջնակարգ, երեկոյան և 2 ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, 3 գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, 3 մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց։ Գործում են «Հայգորգ» միավորման և Չարենցավանի գործիքաշինական գործարանի մասնաճյուղերը։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցիներ (V–X դդ․), գյուղատեղիներ, ուխտատեղի