Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

510 ՄԵՔՍԻԿԱ
Պատմագիտությունը։ Մ–ում պատմագիտությունը սաղմնավորվել է XVIII դ․ վերջին, երբ երևան են եկել ճիզվիտ հայրեր Ֆ․ Ալեգրեի, Ա․ Կավոյի, Ֆ․ Կլավիխերոյի պատմական առաջին աշխատությունները, ուր բարձր է գնահատվել հին հնդկացիների մշակույթը։ XIX դ․ 1-ին կեսին լույս են տեսել լիբերալ–բուրժուական պատմաբաններ Կ․ Մ․ Բուստամանտեի, Լ․ դե Սավալայի, Խ․ Մորայի աշխատությունները, որոնք հայրենասիրական դիրքերից լուսաբանել են 1810–24-ի անկախության պայքարը Մ–ում։ Գաղութային վարչակարգն իդեալականացրած պահպանողական Լ․ Ալամանի և նրա հետնորդների դեմ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին հանդես են եկել արմատական ուղղության ներկայացուցիչներ Վ․ Ռիվա Պալասիոն, Խ․ Սարատեն, Ի․ Մ․ Ալտամիրանոն և ուրիշներ։ XX դ․ 20–30-ական թթ․ ստեղծվեցին գիտական նոր հիմնարկներ և ընկերություններ՝ Պատմության և աշխարհագրության ազգային ակադեմիան (1925), Պատմության մեքս․ ակադեմիան (1940) ևն։ Պատմագիտության մեջ տիրապետում էր կղերա–պահպանողական ուղղությունը, որը մոտ էր Ալամանի հայացքներին (Տ․ Էսկիվել Օբրեգոն, Ա․ Կառենյո, Ռ․ Գարսիա Գրանադոս և ուրիշներ)։ 1940-ական թթ․ բարձրացավ պատմական հետազոտությունների գիտական մակարդակը։ 1943-ին հիմնվեց Մեքսիկական պատմական ընկերությունը, իսկ 1946-ին, նրա հիմքի վրա՝ Մ–ի պատմության ուսումնասիրման միավորումը, 1949-ին՝ Պատմության ուսումնասիրման մեքս․ ընկերությունը։ 1950–60-ական թթ․ հրատարակվեցին 1910–17-ի Մեքսիկական հեղափոխության պատմության բազմաթիվ փաստաթղթեր։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացավ Մ–ի պատմագիտության դեմոկրատական ուղղությունը, որը շարունակեց և խորացրեց XIX դ․– XX դ․ սկզբի լիբերալ պատմաբանների լավագույն ավանդույթները։ Նրա որոշ ներկայացուցիչներ մոտ են պատմության մատերիալիստական ըմբռնմանը։ Սոցիալ–տնտեսական հարցերին են նվիրված Ա․ Կուե Կանովասի, Լ․ Չավես Օրոսկոյի և այլոց ուսումնասիրությունները։ 1910–1917-ի Մեքսիկական հեղափոխության վերաբերյալ աշխատությունների մեջ առանձնանում են Ռ․ Բլանկո Մոենոյի, Խ․ Ռոմերո Ֆլորեսի, Մ․ Գոնսալես Ռամիրեսի և ուրիշների գրքերը։ Մ–ում պատմության ուսումնասիրման և պատմական փաստաթղթերի ժողովման կարևոր կենտրոններ են Պատմության ազգային թանգարանը (1822), Ազգային գլխավոր արխիվը (1823), Ազգային գրադարանը (1833) ևն։ Ազգային ինքնավար համալսարանին կից կան Պատմական հետազոտությունների ինստ․, Հասարակական հետազոտությունների ինստ․, Քաղաքական և հասարակական գիտությունների ազգային դպրոց։ 1953-ին հիմնվել է Մեքսիկական հեղափոխության պատմության ուսումնասիրման ազգային ինստ–ը։ Հրատարակվում են պատմական հանդեսներ, տարեգիրք։
Տնտեսագիտությունը։ Որպես հայացքների ամբողջական համակարգ ձևավորվել է XIX դ․ 1-ին կեսին։ Առավել զարգացել է XX դ․, առաջին տասնամյակներին ընդգրկել օտարերկրյա (հատկապես հս–ամերիկյան) մոնոպոլիաների ճնշման դեմ պայքարի, ֆեոդալիզմի մնացուկների վերացման, տնտ․ զարգացման տեմպերի արագացման պրոբլեմները։ Տնտեսագիտության մեջ 1960–70-ական թթ․ կազմավորվել է երեք հիմնական ուղղություն։ Առաջին ուղղության ներկայացուցիչները (Լ․ Սոլիս, Դ․ Իբառա, Վ․ Լ․ Ուրկիդի և ուրիշներ) մշակում են Ինստիտուցիոն–հեղափոխական կուսակցության պաշտոնական տնտ․ ուսմունքը։ Նրանք կրում են քեյնսականության ու տնտ․ զարգացման բուրժ․ ժամանակակից տեսությունների խիստ ազդեցությունը և կողմ են լատինաամերիկյան զարգացման (կամ դեսառոլիզմի, < իսպ․ desarrollo – զարգացում) տեսությանը։ Էկոնոմիկայի արագ զարգացման համար կարևորում են օտարերկրյա կապիտալի կիրառումը, պետ․ կապիտալիստական սեկտորի ընդլայնումը, տնտ․ ծրագրավորումը, էկոնոմիկայի խառը սեկտորը՝ իշխող կապիտալիստական արտադրաեղանակի շրջանակներում։ Երկրորդ, լիբերալ–դեմոկրատական ուղղության կողմնակիցներն իրենց հետազոտություններում ինչ–որ չափով բացահայտում են երկրի տնտ․ զարգացման արատներն ու թերությունները, բայց դրանց վերացումը կապում են մասնակի բարենորոգումների ու կապիտալիստական կարգերի պահպանման հետ։ Գյուղատնտեսության տեխ․ կատարելագործումը, հողերի ոռոգումը համարում են ագրարային (Է․ Պադիլիա Արագոն, Օ․ Ֆլորես դե լա Պենյա, Ա․ Բոնիլյա և ուրիշներ), իսկ կալվածատիրական լատիֆունդիաների վերացումը, օտարերկրյա կապիտալի ներհոսքի սահմանափակումը, էկոնոմիկայի պետ․ սեկտորի ըստ ամենայնի զարգացումը՝ ընդհանուր տնտ․ (Ռ․ Ստավեն–Խագեն, Կ․ Կարդենաս, Մ․ Գոմես Ագիլերա և ուրիշներ) պրոբլեմների լուծման ուղի։ Երրորդ, առաջադիմական ուղղության ներկայացուցիչները (Խ․ Լուիս Սեսենյա, Ռ․ Ռամիրես Գոմես, Ա․ Ագիլար Մոնտեվերդե և ուրիշներ) հանդես են գալիս ամերիկյան մոնոպոլիաներից Մ–ի էկոնոմիկայի անկախության, ժողովրդի կենսամակարդակի բարձրացման, տնտ․ խորը վերափոխումների պահանջներով։ Նրանց աշխատություններում, թեև ոչ միշտ հետևողականորեն, օգտագործվում է մարքսիստական մեթոդաբանությունը։ Վերջին տասնամյակների հետազոտություններում կարևոր տեղ են գրավում տնտեսության ու տնտեսագիտական մտքի զարգացման պատմությանը նվիրված աշխատությունները (Խ. Սիլվա Էրսոգ, Ա․ Կուե Կանովաս, խ․ Ռեյես Էրոլես և ուրիշներ)։
Տնտեսագիտության կենտրոններն են՝ համալսարանների, Ազգային պոլիտեխնիկական, Մոնթերեյի տեխնոլոգիայի ու բարձրագույն կրթության, Մ–ի տեխնոլոգիական ինքնավար ինստ–ների տնտեսագիտության ֆակուլտետները, Ազգային ինքնավար, ինչպես նաև Նուևո Լեոն նահանգի համալսարանին առընթեր տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնները։ Լույս են տեսնում տնտեսագիտական պարբերականներ։
3․ Գիտական հիմնարկները
1970-ական թթ․ սկզբներին Մ–ում կար ավելի քան 200 գիտահետազոտական հիմնարկ։ Պետ․ առաջատար գիտահետազոտական կազմակերպություններն են․ Ատոմային էներգիայի ազգային հանձնաժողովի գիտահետազոտական համալիրը (հիմնադրվել է 1956-ին, միավորում է 15 լաբորատորիա և ատոմային կենտրոնը), Տիեզերական տարածության յուրացման ազգային հանձնաժողովի հետազոտական կենտրոնը (1962, ունի հրթիռակայան և իոնոլորտային խոշոր կայան)։ Գյուղատնտեսության ազգային ԳՀԻ (I960), Գիտությունների ազգային (1884), Իրավաբանական գիտությունների (1889), Պատմության մեքս․ (1940), Պատմության և աշխարհագրության ազգային (1925), Լեզվի մեքս․, Բժշկության ազգային (1864) ակադեմիաները ևն։ Խոշոր ԳՀԻ–ներ ունեն Ազգային ինքնավար համալսարանի (Մեխիկո, 20-ից ավելի) և Ազգային պոլիտեխնիկական ինստ–ի (10-ից ավելի) գիտահետազոտական կենտրոնները։ Խոշորագույն անկախ գիտահետազոտական հիմնարկ է Տեխնոլոգիական հետազոտությունների մեքս․ ինստ–ը (1950), որտեղ հետազոտություններ են կատարվում պետության և մասնավոր ֆիրմաների հետ կնքված պայմանագրերով։ Միջազգային գիտահետազոտական կազմակերպություններից են Քիմիայի պանամերիկյան ինստ–ը, Ռեգիոնալ հաշվողական կենտրոնը, Ախտաբանական անատոմիայի հարցերի ռեգիոնալ ինֆորմացիոն կենտրոնը։ Մ–ում կա (1973) 100-ից ավելի գիտական ընկերություն, որոնցից հնագույններն են՝ աշխարհագրության և վիճակագրության (1833), բնապատմության (1868), աստղագիտական (1902), երկրաբանական (1904) ևն։ Մ․ ավելի քան 30 միջազգային գիտական կազմակերպությունների անդամ է։ 1968-ին ՍՍՀՄ–ի և Մ–ի միչև կնքվել է մշակութային և գիտական փոխանակության համաձայնագիր։
XII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը Մ–ում լույս է տեսնում շուրջ 1600 պարբերական հրատարակություն։ Առավել ազդեցիկ օրաթերթերից են՝ «Նասիոնալ» («Еl Nacional», 1929-ից, կառավարական), «Նովեդադես» («Novedades», 1936-ից), «Պրենսա» («La Prensa», 1928-ից), «Սոլ դե Մեխիկո» («Еl Sol de México», 1965-ից), «Էկսելսիոր» («Excelsior», 1917-ից), «Ուլտիմաս նոտիսիաս դե էկսելսիոր» («Ultimas Noticias de Excelsior», 1936-ից), «Ունիվերսալ» («Еl Universal», 1916-ից), «Դիա» («Еl Dia», 1962-ից), «Վոս դե Մեխիկո» («La Voz de Mexico», 1924-ից, Մ–ի կոմկուսի օրգանը)։ Հիմնական հանդեսներից են՝ «Պոլեմիկա» («Polémica», 1969-ից), «Նասիոն» («La Nación», 1941-ից), «Սիեմպրե» («Siempre», 1953-ից), Մ–ի կոմկուսի օրգաններ «Օպոսիսիոն» («La Oposición», 1970-ից), «Նուեվա էպոկա» («La Nueva Epoca»)։ Ինֆորմացիոն գործակալություններն են՝ Ինֆորմեկս (1960-ից), ԱՄԵԿՍ (1968-ից, երկուսն էլ բաժնետիրական ընկերություններ են), ՆՈՏԻՄԵԿՍ (1968-ից,