համար։ Բնության մեջ հանդիպում են պրիզմաձև, ասեղնաձև, թերթաձև, սյունաձև, թեփուկավոր, հավասարաչափ և այլ տեսքի Մ–ներ։ Միներալային ագրեգատի բնույթը (դրուզներ, ժեոդներ, սեկրեցիաներ ևն), նրա ստրուկտուրան (հատիկային, գաղտնաբյուրեղային, կոլոմորֆ ևն), օրինաչափ սերտաճումները, բյուրեղների աճման և լուծման, կարծր լուծույթների տրոհման ձևերը հաճախ հնարավորություն են ընձեռում վերականգնելու Մ–ների առաջացման պատմությունն ու պայմանները տվյալ հանքավայրում։
Մ–ներն ունեն բազմազան ծագում։ Լինելով բնական ֆիզիկաքիմիական ռեակցիաների արդյունք՝ ամեն մի Մ․ կայուն կերպով կարող է գոյություն ունենալ միմիայն որոշակի ջերմաստիճանի, ճնշման և միջավայրի պայմաններում։ Բազմաթիվ միներալային տեսակների և երկրակեղևում նրանց գտնվելու ձևերի ուսումնասիրությունների և փորձարարական տվյալների հիման վրա ստեղծվել է Մ–ների առաջացման պրոցեսների պայմանական սխեմա։ Ըստ այդ սխեմայի, միներալագոյացման բոլոր պրոցեսները բաժանվում են ներծին և արտածին խմբերի։ Փոփոխված արտաքին պայմանների դեպքում ներծին (ընդերքի խորքերում ծնված) և արտածին (Երկրի մակերևույթին առաջացած) Մ–ները ենթարկվում են էական փոփոխությունների՝ նոր պայմաններում փոխարինվում են նոր կայուն միացություններով և առաջացնում մետամորֆածին Մ–ներ։
Մ–ների քիմ․, ֆիզիկական ու ձևաբանական առանձնահատկությունների և նրանց ծագման միջև գոյություն ունեցող փոխադարձ կապի ուսումնասիրությունը թույլ է տալիս վերականգնելու միներալային հանքավայրերի ծագման պրոցեսների և ձևավորման պատկերը, որը գիտական հիմք է օգտակար հանածոների հանքավայրերի կանխատեսման, որոնման, հետախուզման և գնահատման համար։ Մ–ների ժամանակակից դասակարգման հիմքում դրված են քիմ․ կազմության և բյուրեղային ստրուկտուրայի փոխադարձ կապի մասին գոյություն ունեցող պատկերացումները։
Մ–ների ընդհանուր դասակարգման սխեման համառոտ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝ 1․ ատոմային ցանցերի տիպ ատոմների մետաղային կապերով, 2․ ատոմային ցանցերի տիպ նույնաբևեռային կապերով, 3․ իոնային ցանցերի տիպ տարաբևեռային կապերով և ստրուկտուրայում համալիրային անիոնների բացակայությամբ, 4․ իոնային ցանցերի տիպ կապերի տարաբևեռային բնույթով և ստրուկտուրայում համալիրային անիոնների խմբերի առկայությամբ։ Վերը թվարկած տիպերը ստորաբաժանվում են ավելի մանր միավորների։ Մ–ներն օգտագործվում են որպես հանքանյութեր, որոնցից ձուլվում են մի շարք, այդ թվում հազվագյուտ, մետաղներ և կորզվում բազմաթիվ արժեքավոր տարրեր։ Շատ միներալներ կիրառվում են որպես հրակայուն, թթվակայուն, խեցեգործական, մեկուսիչ, ներկող նյութեր, զարդաքարեր ևն․ օգտագործվում են նաև օպտիկայում, ռադիոտեխնիկայում և բազմաթիվ այլ բնագավառներում։
Պատկերազարդումը տես 345-րդ էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ․ Вернадский В․ И., История минералов земной коры, т․ 1, в․ 1–2, Л, 1923-27; Дир У., А․, Хауи Р․ А., Зусман Дж․, Породообразующие минералы, пер․ с англ․, т. 1–5, М., 1965–66; Бетехтин А. Г․, Курс минералогии, 3 изд․, М., 1961․
ՄԻՆԵՐԱԼԱՅԻՆ ԲԱՄԲԱԿ, խարամների և ապարների կամ դրանց խառնուրդի հալույթից ստացվող թելքավոր նյութ։ Ապակու հալույթից ստանում են ապակեբամբակ։ Մ․ բ․ օգտագործում են շինարարական կոնստրուկցիաների (այդ թվում և խոշորապանելային) ջերմամեկուսացման համար և արդյունաբերությունում։ Մ․ բ–ից պատրաստում են թաղիք, խսիրներ, սալեր, սեգմենտներ, ինչպես նաև միներալաբամբակային խառնուրդ՝ մածուկային ջերմամեկուսացման համար։
ՄԻՆԵՐԱԼԻԶԱՏՈՐՆԵՐ, մագմայում և հիդրոթերմալ լուծույթներում լուծված դյուրացնդող ու քիմիապես բավական ակտիվ, հատկապես բարձր ջերմաստիճաններում, նյութեր։ Պնևմատոգեն լուծույթները հիմնականում կազմված են Մ–ից։ Հավանաբար, և այլ մի շարք չցնդող միացություններ մագմայի բյուրեղացման դեպքում նույնպես Մ–ի դեր են կատարում։ Մ–ի առկայությունը մագմայում նվազեցնում է նրա մածուցիկությունը և բյուրեղացման ջերմաստիճանը, կարող է փոխել մագմայից միներալների անջատման կարգը և նպաստել խոշոր բյուրեղների աճին։ Մ–ի ներկայությունը լուծույթներում խիստ մեծացնում է նրանց մետասոմատիկ քիմ․ ակտիվությունը և առաջացնում բազմազան միներալային հանքավայրեր, որոնք տարբերվում են շրջապատող ապարների միներալներից։ Մ․ հաճախ չեն մտնում առաջացող միներալների բաղադրության մեջ, մասամբ էլ լոկ նպաստում են միներալների առաջացմանը՝ կատարելով կատալիզատորների դեր, որտեղից և ծագել է նրանց անվանումը։
ՄԻՆԵՐԱԼՆԻԵ ՎՈԴԻ, քաղաք (1920-ից) ՌՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում, Կումա գետի հովտում։ 68 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղային կայարան է, օդանավակայան (սպասարկում է կովկասյան հանքային ջրեր կուրորտների խմբին)։ Կան երկաթուղային տրանսպորտի, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն, «Սուվենիր» գործարան, երաժշտական ուսումնարան։
ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱ (միներլա և ․․․ լոգիա), գիտություն բնական քիմիական միացությունների՝ միներալների, նրանց կազմության, ներքին կառուցվածքի, հատկությունների, առաջացման և փոփոխությունների մասին։ Մ․ ուսումնասիրում է ապարների և հանքանյութերի բաղադրամասերը, միներալները և տարբեր երկրբ․ պայմաններում տեղի ունեցող միներալառաջացման պրոցեսները։ Մ–ի հիմնական խնդիրն է միներալների կազմության ու հատկությունների ուսումնասիրությունը, նպատակը՝ նրանց գործնական կիրառումը։ Մ․ որպես երկրբ․ գիտությունների ճյուղ սերտորեն կապված է պետրոգրաֆիայի, երկրաքիմիայի, օգտակար հանածոների մասին ուսմունքի, ինչպես նաև բյուրեղագիտության, բյուրեղաքիմիայի, ֆիզիկական քիմիայի և քիմիայի հետ։ Մ․ բաժանվում է մի քանի ուղղությունների՝ նկարագրական, ծագումնաբանական, ռեգիոնալ և կիրառական տեխնիկա–տնտեսական։ Նկարագրական Մ․ զբաղվում է միներալների նկարագրությամբ, սիստեմավորմամբ, նրանց քիմ․ կազմության և բյուրեղային ստրուկտուրայի, ֆիզիկական հատկությունների (կարծրություն, խտություն, օպտիկական հատկանիշներ ևն) ուսումնասիրությամբ։ Ծագումնաբանական Մ–ի հիմնական խնդիրն է՝ պարզել այն պայմանները, օրենքները և պրոցեսները, որոնք հանգեցրել են երկրակեղևում և նրա մակերևույթին այս կամ այն միներալային տեսակների կամ միներալային համակարգությունների առաջացմանը։ Այդ ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում վերականգնել միներալային տեսակի պատմությունը՝ կապված Երկրի և օրգ․ կյանքի զարգացման ընդհանուր պատմության հետ։ Ռեգիոնալ Մ․ զբաղվում է միներալային տեսակների և նրանց համաստեղությունների՝ որոշակի երկրբ․ կառուցվածքներին և մարզերին տարածականորեն հարելու հարցերի ուսումնասիրությամբ։ Դա թույլ է տալիս դատելու տարբեր միներալային համաստեղությունների հնարավոր տարածական տեղաբաշխման մասին և նպատակասլաց պլանավորելու օգտակար հանածոների որոնումն այս կամ այն տարածքում։ Ռեգիոնալ–միներալոգիական աշխատանքներն օգնում են կազմելու օգտակար հանածոների, մետաղածնական և այլ մասնագիտացված քարտեզներ։ Կիրառական տեխնիկատնտեսական Մ․ ուսումնասիրում է միներալների որպես մետաղային և ոչ մետաղային հանքային հումքի առավել արդյունավետ օգտագործման հարցերը։ Միներալները, բացի օգտակար հանածոների մեծարժեք հանքավայրերի որոնման հուսալի նշաններ լինելուց, ըստ իրենց հատկանիշների օգտագործվում են տեխնիկայի ամենատարբեր բնագավառներում։ Միներալների ուսումնասիրության հետ կապված խնդիրների լուծման նպատակով Մ․ օգտվում է տարբեր մեթոդներից (քիմ․ անալիզ, սպեկտրաքիմիական և ռենտգենոլոգիական հետազոտություններ, ռենտգենակառուցվածքային վերլուծություն, էլեկտրոնային մանրադիտակ, արհեստական միներալների սինթեզ ևն)։
Մ․, ինչպես նաև բնական մյուս գիտությունները, սկզբնավորվել է մարդու գիտակցական կյանքի հետ զուգահեռ։ Մարդը քարն օգտագործել է կացարան շինելու, աշխատանքային, որսի և այլ գործիքներ պատրաստելու համար, աստիճանաբար հայտնաբերել է թանկարժեք քարեր և այլ քարանյութեր, հանքանյութեր ևն։ Միներալների մասին առաջին տվյալները բերվել են անտիկ աշխարհի՝ Հունաստանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/558
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ