Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/579

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թիթեղի (մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը կար նման մի քանի կարտել, հետագայում կազմակերպվել է «ակումբի» ձևով) ևն։
Նավթի կարտել։ Միավորում է ԱՄՆ–ի «Էքսսոն» («Exxon»), «Սթանդարդ օյլ քամփընի օֆ Քալիֆոռնիը» («Standard Oil Company of California»), «Մոբայլ օյլ» («Mobil Oil»), «Գալֆ օյլ» («Geulf Oil»), «Թեքսաքո» («Texaco»), Մեծ Բրիտանիայի «Բրիթիշ փեթրոլիըմ» («British Petroleum»), անգլո–հոլանդական «Ռոյալ դաչ–Շելլ» («Royal Dutch-Shell») նավթի 7 խոշոր տրեստները, որոնց հետ մի շարք դեպքերում սերտորեն համագործակցում է ֆրանս․ «Կոմպանի Ֆրանսեզ դե պեթրոլ» («Compagnie Frangaise des petroles») մոնոպոլիան։ Կարտելը ձևավորվել է 20-ական թթ․ վերջին — 30-ական թթ․ սկզբին և իր գործունեությունը տարածել կապիտալիստական բոլոր երկրներում ու նավթային տնտեսության բնագավառներում։ Կարտելի մեջ մտնող ԱՄՆ–ի նավթի մոնոպոլիաները ամերիկյան, իսկ «Ռոյալ դաչ–Շելլ»-ը՝ անգլո–հոլանդական մասնավոր կապիտալի սեփականությունն են։ «Բրիթիշ փեթրոլիըմ»-ի բաժնետոմսերի 49%–ը պատկանում է պետությանը։ Այդպիսով, նավթի կարտելը մասնավոր և պետ․ մոնոպոլիստական կապիտալի միավորում է, որը մասնակից–երկրների կառավարությունների ուղղակի աջակցությամբ հատկապես ագրեսիվ քաղաքականություն է վարում զարգացող նավթարդյունահանող երկրների նկատմամբ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարտելի անդամների և աութսայդեր–մոնոպոլիաների միջև մրցապայքարի սրման, նավթի և նավթամթերքների հիմնական սպառող արդյունաբերական զարգացած երկրներում պետական–մոնոպոլիստական միավորումների ուժեղացման, զարգացող երկրներում հակաիմպերիալիստական շարժման ծավալման և այլ պատճառներով կապիտալիստական ու զարգացող երկրների նավթային տնտեսութ․ մեջ կարտելի բաժինը փոքրացել է։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ, տես Պայմանագիր միջազգային։
ՄԻՋԱՋԳԱՅԻՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԱԼՅԱՆՍ (ՄԿԱ), միջազգային կազմակերպություն, որ միավորում է կոոպերատիվների (հիմնականում սպառողական, վարկային, գյուղատնտեսական) ազգային, ռեգիոնալ միություններ ու ֆեդերացիաներ։ Հիմնադրվել է 1895-ին, Լոնդոնում։ 1979-ի սկզբին միավորում էր 65 երկրի կոոպերատիվ կազմակերպություններ։ Նպատակն է՝ աջակցել բոլոր երկրներում կոոպերացիաների զարգացմանը, պրոպագանդել կոոպերատիվ շարժման սկզբունքներն ու մեթոդները, պաշտպանել նրա շահերը, ընդլայնել տարբեր երկրների կոոպերատիվների տնտ․ կապերը ևն։ ՄԿԱ–ի ղեկավար մարմիններն են Կոնգրեսը, Կենտրոնական կոմիտեն, Գործադիր կոմիտեն։ Ընթացիկ աշխատանքները ղեկավարում են դիրեկտորն ու քարտուղարությունը։ Սպառողական ընկերությունների Մոսկվայի կենտրոնական միությունը ՄԿԱ–ին անդամագրվել է 1903-ին, Ցենտրոսոյուզը՝ 1921-ին։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐ, դրամական հաշվարկներ տարբեր երկրների ձեռնարկությունների , հիմնարկությունների, բանկերի, առանձին անձանց միջև։ Կապված են արտաքին առևտրի, վարկերի, կապիտալի երկարաժամկետ ներդրումների, տրանսպորտային ծառայությունների, տուրիզմի, արտասահմանում գտնվող դիվանագիտական ներկայացուցիչների ապահովման, պահպանման, գործուղումների, պատվիրակությունների ուղևորությունների, ինչպես նաև միջոցների արտասահմանյան այլ բնույթի փոխանցումների (շահույթի, հոնորարի, ալիմենտի ևն) հետ։ Մ․ հ–ի հիմնական միջոցներն են՝ վճարման ու գանձման հանձնարարականները, չեկերը, փոխանցվող մուրհակները (տրատտա), ակրեդիտիվները։ Կապիտալիստական երկրների միջև փոխադարձ հաշվարկները կատարվում են կապիտալիստական գլխավոր պետությունների վալյուտաներով։
Սոցիալիստական երկրների Մ․ հ․ հենվում են տնտ․ համագործակցության պլանային ու երկարաժամկետ ձևերի զարգացման վրա։ 1964-ի հունվ․ 1-ից ՏՓԽ–ի անդամ–երկրների միջև հաշվարկներն իրականացվում են փոխանակային ռուբլով՝ Տնտ․ համագործակցության միջազգային բանկի և Միջազգային ինվեստիցիոն բանկի միջոցով։ Սոցիալիստական երկրների Մ․ հ․ կապիտալիստական պետությունների հետ կատարվում են վճարման երկկողմ համաձայնությունների հիման վրա (որոնցով սահմանվում են հաշվարկների կատարման կարգը, հաշվարկային վալյուտան, հաշիվների վարման ռեժիմը ևն), իսկ զարգացող երկրների հետ հիմնականում անկանխիկ հաշվարկների համակարգով (քլիրինգ), ինչպես նաև զուտ վճարային ու խառը՝ վճարային–քլիրինգային բնույթի համաձայնություններով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԲԱՆԿ (ՄՀԲ) (Bank for International Settlements-BIS), ստեղծվել է 1930-ին, Բազելում (Շվեյցարիա)։ Անդամներն են՝ եվրոպական կապիտալիստական և սոցիալիստական (բացի ՍՍՀՄ–ից և ԳԴՀ–ից) երկրների, Թուրքիայի, ՀԱՀ–ի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի կենտրոնական ու ԱՄՆ–ի մի խումբ մասնավոր բանկեր։ Ըստ կանոնադրության ՄՀԲ կոչված է նպաստելու կենտրոնական բանկերի համագործակցությանը, լրացուցիչ բարենպաստ պայմաններ ապահովելու միջազգային ֆինանսական գործառնությունների համար, ինչպես նաև գործելու որպես միջազգային ֆինանսական միջոցառումների իրականացման հավատարմատար կամ գործակալ; Ըստ ձևի բաժնետիրական ընկերություն է։ Իր կամ կենտրոնական բանկերի հաշվին գնում, վաճառում և պահում է ոսկի, արժույթ, շրջանառող արժեթղթեր (բացի բաժնետոմսերից), փոխատվություններ է տալիս կենտրոնական բանկերին և ընդունում ավանդներ նրանցից։
ՄՀԲ–ի բարձրագույն մարմինն ամենամյա ընդհանուր ժողովն է, որի աշխատանքներին մասնակցում են բաժնետեր-երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչները (ձայները համապատասխանում են բաժնետոմսերի թվին)։ Ընթացիկ գործերը ղեկավարում է դիրեկտորների խորհուրդը, որն ընտրում է խորհրդի նախագահ ու փոխնախագահ, ՄՀԲ–ի պրեզիդենտ (3 տարով)։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավունքի նորմերի ամբողջություն, որով կարգավորվում են միջազգային բնույթի քաղաքացիա–իրավական հարաբերություններ (գույքային, դրան առնչվող ոչ գույքային, ինչպես նաև ընտանեկան, աշխատանքային և դատավարական իրավահարաբերություններ)։ Իրավահարաբերությունների մասնակիցները կամ արտասահմանցիներ են, արտասահմանյան իրավաբանական անձինք ու պետություններ, կամ իրավահարաբերությունների օբյեկտը արտասահմանում գտնվող գույքն է։ Առաջին հերթին կարգավորում է պետությունների տնտ․, գիտատեխնիկական համագործակցության ընթացքում ծագած հարաբերություններ։ Մ. մ․ ի–ի բնագավառին են վերաբերում օտարերկրացիների, օտարերկրյա իրավաբանական անձանց ու խառը ընկերությունների իրավական դրության համապատասխան հարցերը, սեփականության իրավունքը, պարտավորական իրավունքը (արտաքին առևտրական գործարքներ, տեխ․ օգնության պայմանագրեր, գիտատեխնիկական և այլ աշխատանքների կատարում), ծովային, երկաթուղային–ավտոմոբիլային և օդային փոխադրումների պայմանագրեր, վարկ–հաշվարկային հարաբերություններ, հեղինակային և գյուտարարական իրավունքի, ընտանեկան և ժառանգման իրավունքի, քաղաքացիական դատավարական (օտարերկրյա պետությունների դատավարական իրավունքներ, դատական հանձնարարություններ, օտարերկրյա դատական որոշումների կատարում, արտաքին առևտրի և ծովային իրավարարություն) հարցերը։ Մ․ մ․ ի–ի նորմերը կամ ուղղակի սահմանում են որոշակի իրավունքներ ու պարտականություններ, կամ մատնանշում, թե որ պետության օրենքով (այսպես կոչված, կոլիզիոն նորմ) կարող է կարգավորվել տվյալ հարաբերությունը։ Որքանով կոլիզիոն նորմերի տեսակարար կշիռը մեծ է, Մ․ մ․ ի․ երբեմն կոչում են կոլիզիոն իրավունք։ Մ․ մ․ ի․ սերտորեն առնչված է միջազգային (հանրային) իրավունքի հետ։ Հաճախ Մ․ մ․ ի–ի նորմերը բխում են հանրային իրավունքի ընդհանուր սկզբունքներից։ Օրինակ, ըստ պետությունների սուվերեն իրավահավասարության սկզբունքի, գործը կարող է ընդդատյա լինել այս կամ այն պետության դատական մարմին միայն մյուս պետության համաձայնությամբ։ Մ․ մ․ ի–ի նորմերի մի մասն ամփոփված է ներպետական նորմերում, մյուսը՝ միջազգային պայմանագրերում ու սովորույթներում։ Մ․ մ․ ի–ի սուբյեկտներ կարող են լինել ինչպես պետությունները, այնպես էլ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք։ ՍՍՀՄ–ում Մ․ մ․ ի–ի նորմերն ամփոփված են ՍՍՀՄ արտաքին առևտրի պետ․ մենաշնորհի մասին օրենսդրությունում, ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսդրության հիմունքներում, ամուսնության և ընտանիքի օրենսդրության