Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

58 ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ
ամրացված առանցքակալից, դրա միջով անցնող և երկու կողմերում միակտոր փայտից կամ միմյանց վրա խաչաձև դրված ութաձև բարակ տախտակներով թևերից ու թելը փաթաթող իլիկից։ Թևերը միմյանց միանում են վերին և ստորին եզրերի ատամների արանքով անցկացված բրդե թելերով և կազմում անվի հակառակ երեսը։ Թևերի վրա փաթաթված կպրած թելով առանցքի վրա ամրացված շուռտվիկի միջոցով գործի դրվող անվի պտույտը փոխանցվում է իլիկին։ Ճ–ով մանում էին ցանկացած բարակության և ոլորման աստիճանի թել։ Այժմ Ճ․ օգտագործվում է հազվադեպ։Ն․ Ավագյան ՃԱԽԱՐԱԿԱՅԻՆ ՆՅԱՐԴ (nervus trochlearis), գլխուղեղային չորրորդ զույգ նյարդը, հիմնականում սոմատիկ շարժիչ է, նյարդավորում է ակնագնդի վերին թեք մկանը։ Ճ․ ն–ի զույգ կորիզները գտնվում են միջին ուղեղում, ուղեղի ջրանցքը շրջապատող կենտրոնական գորշ նյութում։ Կորիզից սկսվող նյարդարմատը նշված նյութով անցնում է ուղեղի վերին առագաստ, խաչվում է հակառակ կողմի նյարդարմատի հետ, դուրս գալիս գլխուղեղի թիկնային մակերես, ապա շրջագրկում դրսի կողմից ուղեղի ոտիկը, փապարային երակածոցի դրսի պատի հաստությունով ուղղվում է առաջ և ակնակապճի վերին ճեղքով մտնում է ակնակապիճ ու վերջանում ակնագնդի վերին թեք մկանում։ Ճ․ ն–ի ցողունը պարունակում է նաև սոմատիկ զգացող (ակնային նյարդից), և սիմպաթիկ (փապարային հյուսակից) նյարդաթելեր։ Ճ․ ն–ի ախտահարումն արտահայտվում է վերին թեք մկանի լուծանքով, որը դժվարացնում է ակնագնդի շարժումը։
ՃԱԽՐԱԹԻՌ, առանց շարժիչի թռչող ապարատ։ Օդից ծանր է, շարժվում է համընթաց՝ իր կշռի ազդեցությամբ։ Ճ–ի թռիչքը հիմնված է նույն ֆիզիկական օրենքների վրա, ինչ ինքնաթիռի թռիչքը։ Հանդարտ մթնոլորտում թռչելիս Ճ․ հորիզոնի նկատմամբ որոշ անկյան տակ անընդհատ իջնում է։ Մթնոլորտում օդի վերընթաց հոսանքների առկայության դեպքում Ճ․ կարող է թռչել առանց բարձրություն կորցնելու կամ նույնիսկ բարձրանալ (սավառնում
Առաջին Ճ․ կառուցել և փորձարկել է ֆրանս․ նավաստի Ժ․ Լը Բրին 1868-ին։ Նրա կատարած թռիչքների հեռավորությունը հասնում էր 30 մ։ ՍՍՀՄ–ում ճախրաթիռաշինությունը զարգացում ապրեց 20–30-ական թթ․։ Կոնստրուկտորներն էին Կ․ Կ․ Արցեուլովը, Ա․ Վ․ Իլյուշինը, Ա․ Ս․ Յակովլևը և ուրիշներ։
Արդի Ճ–ները տարբերվում են ըստ տեղերի քանակի (միա–, երկ– և բազմատեղ) և նշանակման (ուսումնական, մարզական, ռեկորդային)։ Գոյություն ունի Ճ–ի արձակման երեք եղանակ, բուքսիրման միջոցով (ավտոմեքենայով, մոտոցիկլետով, ինքնաթիռով), ներքին այրման շարժիչին միացված կարապիկով կամ ձեռքով ձգվող ռետինե լարի օգնությամբ։ 1960-ական թթ․ տարածում գտան շարժիչավոր Ճ–ները՝ մոտոճախրաթիռները, որոնք կատարում են ինքնուրույն վերսլացք։
ՃԱԿԱՏ, շենքի կամ կառույցի արտաքին կողմը։ Տարբերակվում են գլխավոր, կողային, դեպի փողոց կամ բակ նայող ևն Ճ–ներ։ Ճ–ի համամասնությունները, մասնատումները և հարդարանքը սովորաբար պայմանավորված են կառույցի նշանակությամբ, նրա ոճական, տարածական և կոնստրուկտիվ լուծումների յուրահատկություններով։ Ժամանակակից, հատկապես մասսայական ինդուստրիալ շինարարությունում, երբ կառույցները շրջապատված են լայնարձակ տարածություններով, շենքի բոլոր Ճ–ները ունեն հավասարազոր կարևոր նշանակություն։
ՃԱԿԱՏԱԳԻՐ, ոչ գիտական ըմբռնմամբ առասպելաբանության և իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ դեպքերի, անհատների և ամբողջ ժողովուրդների ապագայի կանխորոշվածություն։ Ճ․ ընկալվում է իբրև անխուսափելիություն, այն իր բնությամբ ինքնին «կույր» է և «մութ»։ Ճ․ կարելի է միայն գուշակել (միստիկական միջոցներով՝ աստղագուշակություն, հմայություններ ևն), բայց ոչ ճանաչել։ Ճ–ի ըմբռնումը կապված է նաև խիստ դետերմինիզմի հետ (տես Ֆատալիզմ)։ Ճ–ի խաղի մեջ իմաստ և նպատակ չկա (դրանով այն տարբերվում է տելեոլոգիայից), և անխուսափելի է (հետևաբար՝ ազատության հակոտնյան է)։
Ճ-․ ընկալվում է կամ իբրև դրսից (բնություն, հասարակություն) անհատին պարտադրվող ուժ, կամ՝ անհատի կենսաֆիզիկական հատկություններով, նրա ժառանգականությամբ պայմանավորված անխուսափելիություն։ Այսպես, ըստ ավանդության մարդու գանգի կարանը (ճակատի գիրը) մարդու համար նախախնամության կանխորոշած ուղին է։
Հունա–հռոմեական մտածողությունը և գեղարվեստական գրականությունը (Հոմերոս, Էսքիլես, Եվրիպիդես) ներծծված են Ճ–ի ըմբռնումով։ Նույնիսկ աստվածները ենթակա են Ճ–ին։ Եթե հունա–հռոմեական դիցաբանության մեջ Ճ․ անձնավորված էր (Մոյրաներ, Պարկաներ), անհատից օտարված, ապա հայերի աշխարհընկալմամբ Ճ․ ուներ անձնական–անհատական բնույթ, ծագում է անհատից և անձնավորված չէ (Եզնիկ Կողբացի)։ Ճ. սովորաբար դիտվում է որպես չար ուժերի ներգործություն։ Երբեմն Ճ․ նույնացվում է բախտին, մինչդեռ բախտը ենթադրում է նաև երջանիկ վախճան։ Աշխարհում իշխող մութ և չար ուժերի կողքին տեղ է տրվում նաև լույսին և բարուն, թեև վերջիններս թեական են, պատահական։
Քրիստոնեությունը Ճ․ մերժում է, որովհետև ընդունվում է զղջալու և քավության միջոցով անխուսափելուց ազատվելը և փրկությանը հասնելը։ Հայ եկեղեցին դատապարտել է հեթանոսության շրջանից ժողովրդի մեջ պահպանված Ճ–ի պատկերացումը, որն ընդունում է միստիկական միջոցներով դեպքերի, իրադարձությունների վրա ազդելու հնարավորություն։
Իռացիոնալիստական փիլիսոփայության մեջ (Ֆ․ Նիցշե, կյանքի փիլիսոփայություն, Օ․ Շպենգլեր) Ճ. կապվում է մարդկային գոյության անիմաստության, հասարակական և մարդկային հարաբերությունների իռացիոնալության և անհատի լքվածության հետ։ Այսպիսով, Ճ․ ստանում է ընդգծված սոցիալական բնույթ, դառնում է կապիտալիստական հասարակության ճգնաժամի արտահայտություններից։Լ․Խաչատրյան ՃԱԿԱՏԱՄԱՐՏ, պատերազմող կողմերի գլխավոր ուժերի վճռական բախում։ Անցյալում (մինչև XIX դ․) ռազմ. գործողությունները տեղի էին ունենում սահմանափակ տարածքների վրա, և հաճախ մի Ճ–ի ելքից էր կախված ոչ միայն բանակի, այլև պետության ճակատագիրը (օրինակ, Ավարայրի ճակատամարտ 451, Կուլիկովյան ճակատամարտ 1380, Պոլտավայի ճակատամարտ 1709 ևն)։ Նոր ժամանակներում, երբ բախվում են զորային մեծ խմբավորումներ ու մեծ տարածքների վրա, «Ճ․» հասկացությունն օգտագործվում է մի շարք մարտերի ու հարվածների հավաքական իմաստով։ Խոշոր ռազմ. կամպանիաների, երբեմն նաև պատերազմների ելքը վճռող Ճ–երը (օրինակ, Աուստերլիցի ճակատամարտ 1805) կոչվում են գլխավոր Ճ։ XIX դ․ կեսից Ճ–ին որպես հոմանիշ է օգտագործվում նաև օպերացիան։
Ճ–երը մղվում են ցամաքում, օդում և ծովում։ Լինում են հարձակողական (երբ գործող զորամասերը կատարելով առաջադրված խնդիրը, հակառակորդից գրավում կամ ազատագրում են տարածքներ), պաշտպանական (երբ ձգտում են պահպանել գրաված դիրքերը, մեծ վնասներ պատճառելով հակառակորդին) և հանդիպական (երբ հետապնդում են նահանջող հակառակորդին, ետ մղում հակագրոհը ևն)։
1941–45-ի Հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ ՍՍՀՄ հաղթանակի գործում կարևորագույն դեր խաղացին մի շարք Ճ–եր՝ Մոսկվայի ճակատամարտ 1941––42, Լենինգրադի ճակատամարտ 1941–44, Կովկասի ճակատամարտ 1942–43, Ստալինգրադի ճակատամարտ 1942–43, Կուրսկի ճակատամարտ 1943 ևն։Մ․ Կարապետյան ՃԱԿԱՏԱՅԻՆ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տես Աերոդինամիկ դիմադրություն։
ՃԱԿԱՏԱՅԻՆ ԾՈՑԻ ԲՈՐԲՈՍՈՒՄ, ֆրոնտիտ, ճակատոսկրի օղակիր խոռոչի բորբոքային հիվանդություն։ Հաճախ վարակիչ հիվանդությունների բարդություն է։ Քրոնիկական ֆրոնտիտը կրկնվող և չբուժված սուր բորբոքումների հետևանք է։ Սուր բորբոքման ախտանշաններն են՝ գլխացավ, ճակատային ծոցի շրջանի ցավեր, հատկապես ճնշելիս, արցունքահոսություն համապատասխան կողմի աչքից։ Հնարավոր է կոպերի այտուց, բարձր ջերմություն, ընդհանուր թուլություն։ Քրոնիկական ընթացքի ժամանակ ախտանշանները թույլ են արտահայտվում, կոմբինացվում են ցանցաձև լաբիրինթոսի բջիջների ախտահարման հետ, որի հետևանքով առաջանում են պոլիպներ։ Բուժումը․ սուր ֆրոնտիտի դեպքում կոնսերվատիվ է․ քթի միջին անցուղուն քսում են 2–3% կոկաինի լուծույթ՝ ադրենալինի հետ, միաժամանակ՝ ընդհանուր հակաբորբոքային դեղամիջոցներ (անտիբիոտիկներ, ցավազրկողներ)։ Քրոնիկական ընթացքի դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։