Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


մինիստրության հիդրոմեխանիկական վերանորոգման գործարանը, «Գյուղշին» № 5 տրեստի № 16 շարժական մեքենայացված շարասյունը են։ 1921-ի քաղաքացիական կռիվների ժամանակ գյուղի մոտ տեղի են ունեցել մարտեր, որոնց ակտիվորեն մասնակցած Լ․ Մխչյանի անունով էլ կոչվում է գյուղը։ 1958–62-ին Մ–ում լույս է տեսել «Խաղողագործ» թերթը։ Բնակիչների նախնիները եկել են Խոյից, Սալմաստից, 1828-ին։
ՄԽՉՅԱՆԻ ՋՐՀԱՆ ԿԱՅԱՆ, կառուցվել է 1968-ին, Սևջրի աղբյուրների և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը Արտաշատի ջրանցք տեղափոխելու համար։ Ունի երկու աստիճան, ապահովում է ջրամբարձը 135 մ–ի վրա, ճնշման խողովակաշարի երկարությունը 9,1 կմ է։ Ջրի ելքը առաջին աստիճանում 16,6 մ³/վրկ է, երկրորդում՝ 9,4 մ³/վրկ։ Հզորությունը՝ 24 հզ․ կվտ։ Ջուրը Սևջուր գետի ավազանից Հրազդան գետ և ջրհան կայան փոխադրվում է ջրանցքներով։ Գետերի վրա կառուցված է երկու պատվար։ Մխչյանի և Արևշատի (1967) ջրհան կայանների կառուցմամբ (վերջինս Սևջրի աղբյուրների ջրերը բարձրացնում է Ստորին Հրազդանի ջրանցք) հնարավոր դարձավ ոռոգման նպատակով օգտագործվող Սևանա լճի ջրի տարեկան ծախսը կրճատել մոտ 200 մլն մ³-ով։ Գ․ Աղախանյան ՄԽՋԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄԽՈՒՄ, նյութերի ջերմամշակման տեսակ (տաքացում, ապա արագ հովացում), որի նպատակը նյութի բարձրջերմաստիճանային վիճակի հաստատումն է կամ նրա դանդաղ հովացման ժամանակ ընթացող ամցանկալի պրոցեսների կանխումը: Մ–ման կարելի է ենթարկել միայն այնպիսի նյութեր, որոնց հավասարակշիռ վիճակը բարձր ջերմաստիճանում տարբերվում է հավասարակշիռ վիճակից ցածր ջերմաստիճանում (օրինակ, բյուրեղային կառուցվածքով)։ Մ–ից հետո նյութը գտնվում է, այսպես կոչված, անհավասարակշիռ կառուցվածքային վիճակում, որը հատուկ չէ տվյալ նյութին նորմալ ջերմաստիճանում (20°C)։ Մ–ման հետևանքով առաջացող կառուցվածքները լոկ հարաբերականորեն են կայուն (տաքացնելիս անցնում են ավելի կայուն վիճակի)։
Մ–ման ենթարկվող նյութերի առավել խոշոր խումբ են կազմում պողպատները։ Կատարվում է նաև հնացող, կարգավորվող ու միաֆազ համաձուլվածքների և մաքուր մետաղների Մ․։ Հեղուկի Մ–ման միջոցով կարելի է կասեցնել նրա բյուրեղացումը։ Այս դեպքում Մ–ման արդյունքը հեղուկի անցումն է․ապակենման վիճակի։ Որոշ համակարգերի համար Մ․ հնարավոր է հեղուկ վիճակից։ Այդպիսի Մ–ման շնորհիվ կարելի է վերացնել լիքվացիան։
ՄԾԲԻՆ (Νίσιβις), քաղաք Վերին կամ Հայոց Միջագետքում, այժմյան Նիսիբին քաղաքի մոտ, Խաբուր գետի Ջախջախ վտակի ափին։ Հնագույն ժամանակներում Մ․ Միգդոնիա փոքրիկ պետության մայրաքաղաքն էր, իսկ Տիգրան Բ–ի օրոք (մ․ թ․ ա․ 95–55) մտնում էր հայկ․ պետության մեջ և վերջինիս Արվաստան երկրի գլխավոր կենտրոնն էր։ Մ․ Տիգրան Բ–ի աթոռանիստերից էր, որտեղ պահվում էր նրա գանձերի մի մասը։ Մ–ի անմիջական տնօրինողը, գերագույն կառավարիչն ու բազմամարդ կայազորի հրամանատարը Տիգրանի եղբայրն էր՝ Գոռը, որը մ․ թ․ ա․ 68-ին երկար ժամանակ դիմադրեց հռոմ․ զորավար Լուկուլլոսի հարձակումներին։ Ի վերջո հռոմեացիներին հաջողվեց գրավել քաղաքը և կողոպտել նրա հարստությունները։ Հուլիանոս կայսեր մահից (363) հետո Մ․ անցել էր պարսիկներին։ VII դ․ Մ․ գրավում են արաբները, որից հետո նրա բնակչության կազմն աստիճանաբար ենթարկվում է փոփոխության, այնտեղ պարսիկների ու հայերի հետ միասին բնակություն են հաստատում արաբներ ու քրդեր, իսկ թուրք. նվաճումներից հետո (XIV դ․)՝ թուրքեր։ Հին և միջին դարերում Մ–ի բնակչության թվի մասին տվյալներ չկան (ենթադրվում է մինչև 100 հզ․ մարդ)։ Մ․ եղել է վաճառաշահ քաղաք, որը շրջափակված էր պաշտպանական պարիսպներով և ուներ ամուր բերդ։ Այն եղել է քրիստոնեության տարածման նշանավոր կենտրոն։ Մ–ի ավերակների մոտ մինչև օրս էլ գոյություն ունի Նիսիբին կամ Նեսիբին փոքրիկ քաղաքը, որը Դիարբեքիրի վիլայեթի համանուն սանջակի կենտրոնն է և XX դ․ սկզբին ուներ մոտ 7 հզ․ բնակիչ, որից շուրջ 1000-ը՝ հայեր։ Վերջիններս, որ ունեին իրենց արհեստանոցները, խանութները, եկեղեցիները և դպրոցը, 1915-ին ենթարկվեցին թուրք. բռնություններին, մի մասը ոչնչացավ, մյուս մասը տարագրվեց զանազան երկրներ։ Այժմ պատմական Մ–ից պահպանված են պարսպապատերի մնացորդները, մի քանի եկեղեցիների (որոնց թվում և կիսով չափ հողի մեջ թաղված գեղատեսիլ Ս․ Հակոբի եկեղեցու) ավերակները, ինչպես և զանազան շենքերի փլատակներ։
ԳրկԻնճիճյան Ղ․, Աշխարհագրութիւն չորից մսանց աշխարհի, մաս 1, հ․ 1, Վնտ․, 1806։ Ծոցիկյան Ա․ Մ․, Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947։Թ․ Հակոբյան ՄԾՂՆԵՈՒԹՅՈՒՆ, աղանդավորական շարժում Հայաստանում, V դարում։ Անունը հավանաբար առաջացել է Ասորիքում տարածված «մսալյանա» (աղոթողներ) աղանդից։ Մ․ դատապարտվել է Շահապիվանի եկեղեցական ժողովում (443)։ Ժողովի կանոններից երևում է, որ Մ–յանը հարել են ոչ միայն ժող․ խավերը, այլև հոգևորականներ ու իշխանավորներ։ Մ–յան մեջ մեղադրվողների նկատմամբ գործադրված դաժան պատիժներն ու խոշտանգումները ցույց են տալիս, որ շարժումն ունեցել է հակաեկեղեցական և հակաֆեոդալական բնույթ։ Հետագայում մծղնեները ձուլվել կամ հարել են պավլիկյաններին (տես Պավլիկյան շարժում
Գրկ․ Տեր–Մինասյան Ե․ Գ․, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե․, 1968։Ս․ Մելիք–Բախշյան ՄԾՈՒՐՆ, Մծուրք, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Արածանիի և Մեղրագետի միախառնման մոտ։ Հիմնադրել է Սանատրուկ թագավորը (78–110) և դարձրել իր գահանիստ քաղաքներից մեկը։ Գտնվելով Տիգրանակերտ–Արտաշատ առևտրական և ռազմ. մայրուղու վրա՝ կարճ ժամանակում բարգավաճել և զարգացել է։ Հավանաբար ավերվել է IV դ․ 2-րդ կեսին՝ Սասանյան Շապուհ II թագավորի արշավանքների հետևանքով։
ՄԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տես Անատոմիա։
ՄԿԱՆԱԲՈՐԲ, միոզիտ, կմախքային մկանների բորբոքային հիվանդություն։ Սովորաբար ընդգրկում է ամբողջ մկանային համակարգը և ընթանում որպես բազմամկանաբորբ։ Մ․ կարող է նկատվել տարբեր հիվանդությունների ժամանակ, սակայն առավել հաճախ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունների (տես Կոլագենային հիվանդություն) դրսևորման ձև է։ Երբեմն զուգակցվում է մաշկային ախտահարումների հետ, և զարգանում է դերմատոմիոզիտ (մաշկամկանաբորբ)։ Հիվանդության յուրահատուկ ձև է մակաբուծական Մ․, որը լինում է տրիխինելոզի, էխինոկոկոզի և ցիստիցերկոզի դեպքում։ Գոյություն ունի նաև ոսկրացնող Մ․, որի դեպքում մկանային հյուսվածքը փոխարկվում է ոսկրայինի։ Ախտանշանները, մկանացավեր, մկանաթուլություն, շարժողության խանգարումներ, հետագայում՝ մկանների կարծրացում, մկանների կծկանք (կոնտրակտուրա)։ Բուժումը. հորմոնային պատրաստուկներ, վիտամիններ, ցավը հանգստացնող միջոցներ, հակամակաբուծական բուժում։
ՄԿԱՆԱԹՈՒԼՈՒԹՅՈՒՆ, միասթենիա, Էրբ–Հոլդֆլամի հիվանդություն, քրոնիկական առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է միջաձիգ զոլավոր մկանների թուլությամբ և ախտաբանական գերհոգնածությամբ, որոնք ի հայտ են գալիս սովորական ֆիզիկական աշխատանքից հետո։ Հիվանդության սկզբում առավել խոր ախտահարվում են գլխուղեղային՝ հատկապես կոճղեզային (բուլբար) նյարդերով նյարդավորվող մկանները, հետագայում նաև պարանոցի, իրանի և ծայրանդամների մկանները։ Պատճառներն են․ ուրցագեղձի ֆունկցիայի (հիպերտրոֆիա, ուռուցքներ), իմուն պրոցեսների, նյարդամկանային սինապսի շրջանում խոլինէսթերազի և ացետիլխոլինի փոխհարաբերության խանգարումները։ Հիվանդությունը զարգանում է 20–40 տարեկանում, հիմնականում կանանց մոտ։ Ախտանշաններն են․ վերին կոպերի իջեցումը (պտոզ) և աչքի մկանների թուլությունը, որի հետևանքով առաջանում են շլություն, երկտեսություն։ Դժվարանում է ծամելը, կլլումը, խոսելը, երբեմն խանգարվում է բնականոն շնչառությունը։ Շատ արագ առաջանում է ծայրանդամների հոգնածություն, շարժումների սահմանափակում։ Ծանր դեպքերում (կլլման խանգարման պատճառով) հիվանդները հյուծվում են։ Կարող է զարգանալ տարածված Մ․, կոճղեզային լուծանք (բուլբար պարալիզ), շնչառության