ցիկլի դադարումը (50–55 տարեկան)։ Ուռուցքի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է բժշկի հսկողություն և զննումներ տարեկան 3–4 անգամ։ Բուժումը՝ պահպանողական, անհրաժեշտության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն։
ՄԿՆԱԲԱԶԵՆԵՐ (Circus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչունների սեռ։ Մարմնի երկարությունը 41–60 սմ է։ Թևերը, պոչը, ոտքերը երկար են, մատները՝ կարճ։ Պարանոցի և գլխի փետուրներն առաջացնում են դիմային սկավառակ, որը բնորոշ է բվերին։ Արուները սպիտակավուն են, էգերը և ձագերը՝ գորշ կամ շիկավուն։ Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից։ Բաց տարածությունների թռչուններ են։ Բնադրում են գետնի վրա, դնում 3–6 ձու։ Թխսում է էգը (մոտ 1 ամիս)։ Սնվում են կրծողներով, մողեսներով, գորտերով, այլ թռչունների ձագերով ու ձվերով։ Հայտնի է Մ–ի 9 տեսակ, որից 5-ը՝ ՍՍՀՄ–ում, 4-ը՝ նաև ՀՍՍՀ–ում։ Ճահճային Մ․ հանդիպում են ամենուր, ուր կան եղեգնապատ ճահճուտներ, մարգագետնային Մ․ բնադրում են Արաքսի հովտում, տափաստանային Մ․ տարածված են անտառազուրկ շրջաններում, իսկ դաշտային Մ․ ՀՍՍՀ–ում ոչ միայն բազմանում, այլև ձմեռում են։ Մ–ի բոլոր տեսակները, բացի ճահճային Մ–ից, որոնք ոչնչացնում են ջրային թռչուններին և ճահճակուղբերին, օգտակար են։
ՄԿՆԱՓՈՒՇ (Ruscus), ասեղնուկ, ծնեբեկագգիների ընտանիքի երկտուն, մշտադալար կիսաթփերի ցեղ։ Սողացող կոճղարմատներով, խիտ ճյուղավորված բույսեր են։ Տերևները վեր են ածվել մանր, ժապավենաձև թեփուկների, տերևանութներից դուրս են գալիս տերևի ֆունկցիա կատարող փշոտ ճյուղիկներ՝ ֆիլոկլադիումներ։ Ծաղիկները մեկական են կամ 2–6 հատ, ծաղկապատյանը կանաչավուն է, պարզ, վեցփեղկանի։ Առէջքները երեքն են, պտուղը հատապտուղ է։ Հայտնի է Մ–ի 5–6 տեսակ՝ տարածված Կանարյան, Ազորյան կղզիներում, Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, Կովկասում (ՍՍՀՄ–ում՝ 4 տեսակ)։ Մ–ի բոլոր տեսակները մշակվում են որպես դեկորատիվ բույսեր, որոշ տեսակներ կեր են անասունների համար։ Երևանի բուսաբանական այգում աճեցվում են Մ–ի հիրկանյան (R․ hyrcanus) և պոնտական (R․ ponticus) տեսակները։
ՄԿՆԴԵՂ, տես Արսեն։
ՄԿՆԴԵՂԱՅԻՆ ՀՐԱՔԱՐ, տես Արսենապիրիտ։
ՄԿՆԴԵՂԻ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐ, արսենի հանքանյութեր, բնական միներալային առաջացումներ, որոնց մեջ մկնդեղի () պարունակությունը բավարար է նրա և միացությունների տնտեսապես շահավետ կորզման համար։ Հայտնի են պարունակող ավելի քան 120 միներալ։ Առավել տարածված են արսենապիրիտը (մկնդեղային հրաքարը), լյոլինգիտը՝ (72,8% ), ռեալգարը, աուրիպիգմենտը։ Ըստ արդ․ դասակարգման Մ․ հ–ի հանքավայրերը ստորաբաժանվում են մի շարք տիպերի՝ մկնդեղային (արսենապիրիտային և ռեալգարաուրիպիգմենտային), ոսկի–մկնդեղային, բազմամետաղ–մկնդեղային, մկնդեղ–կապարային։ -ի առավելագույն պարունակությունը արդ․ հանքանյութերում կազմում է 2%, սակայն սովորաբար մշակվում են ավելի հարուստ (5–10%) հանքանյութերը։ Ավելի աղքատ հանքանյութերը հարստացվում են գրավիտացիոն մեթոդներով և ֆլոտացիայով։ Մ․ հ–ի հանքավայրերը հայտնի են ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Շվեդիայում, Մեքսիկայում, Ճապոնիայում, Բոլիվիայում։
ՄԿՆԵՐ (Muridae), կրծողների կարգի կաթնասունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 5–50 սմ է, պոչինը՝ մինչև 45 սմ։ Տարածված են Արևելյան կիսագնդի տաք և բարեխառն գոտիներում (Ամերիկայում հանդիպում են միայն տնային մկներ և առնետներ)։ Ընտանիքն ընդգրկում է ժամանակակից 80 և անհետացած 12 սեռ (ավելի քան 400 տեսակ)։ Մ–ի մեծամասնությունը ապրում են գետնափոր բներում, սնվում գլխավորապես սերմերով, երբեմն՝ միջատներով ու փոքր կաթնասուններով։ Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Բազմանում են տաք եղանակին (տարեկան մինչև 6 անգամ), սինանթրոպ տեսակները՝ ամբողջ տարին, ծնում են 2–8 ձագ, որոնք սեռահասուն են 1,5–3 ամսում։ ՍՍՀՄ–ում տարածված է Մ–ի 11 տեսակ (5 սեռ), ՀՍՍՀ–ում՝ 3 սեռի (առնետներ, մկներ, անտառամկներ) 4 տեսակ (սև առնետ, գորշ առնետ, տնային մուկ, անտառամուկ)։ Մ․ վնասում են գյուղատնտեսությանը և անտառատնտեսությանը, փչացնում սննդամթերքը և որոշ արդ․ ապրանքներ, տարածում մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչներ։ Պայքարի միջոցները՝ մեխանիկական, քիմիական, բակտերիալոգիական։
ՄԿՐԱԳՈՄ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ 1909-ին ուներ 80 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
ՄԿՐԱՏ, տարբեր նյութեր կտրելու ձեռքի գործիք, սարք կամ մեքենա։ Ձեռքի Մ–ով կտրում են գործվածք, թուղթ ևն։ Տարբերում են կենցաղային, ատաղձագործական, թիթեղ կտրելու, դերձակի, բժշկական և այլ Մ–ներ։ Տարբեր նյութեր կտրելու համար (վերանորոգման արհեստանոցներում) կիրառում են սկավառակավոր և ուղղագիծ դանակներով ստացիոնար և շարժական սարքավորումներ։ Թերթավոր և շերտավոր նյութերի, խողովակների, ձևավոր գլոցման պրոֆիլները կտրում են առավել հզոր մեքենաներով։ Այդպիսի Մ–ները ըստ աշխատանքային օրգանի կառուցվածքի լինում են հատիչ, գիլյոտինային, ալիգատորային (լծակավոր), սկավառակավոր ևն։ Դրանցով կարելի է կտրել պողպատե թերթեր՝ մինչև 60 մմ և կլոր գլոցուկ՝ մինչև 165 մմ հաստությամբ։
ՄԿՐՅԱՆ Հովհաննես Կարապետի (1831, Պարտիզակ – 1909), հայ բանասեր, պատմաբան, հասարակական գործիչ։ 1866-ին ձեռնադրվել է քահանա, վարել Կ․ Պոլսի պատրիարքարանի փոխանորդի պաշտոնը։ 1878-ին, իբրև պատրիարքարանի պատվիրակ, մեկնել է Լոնդոն, Հայկական հարցի կապակցությամբ իր հետ տանելով Արևմտյան Հայաստանի վիճակի վերաբերյա տեղեկագիրը։ Պատմաբանասիրական բնույթի հոդվածներով թղթակցել է արևմտահայ մամուլին։ 1886-ին լույս է ընծայել «Կենսագրություն Մեսրովբա Դավթյան Թաղիադյանց Երևանեցվո» ուսումնասիրությունը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է Մ․ Թաղիադյանի գրական ու հասարակական գործունեությունը։ Հրատարակել է «Մահարձանք և հիշատակարան» (1877) հնագիտական նյութերի ժողովածուն և «Ազգապատում Պատկանյան տոհմի» (1889, «Արնելք») գործը։ Մ–ի արխիվը պահվում է Անթիլիասի կաթողիկոսական դիվանում։
Գրկ․ Թեոդիկ, Ամենուն տարեցույցը, ԿՊ, 1910։
ՄԿՐՅԱՆ Մկրտիչ Մամբրեի (ծն․ 9․11․1907, Վան), հայ սովետական գրականագետ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1945), պրոֆեսոր (1946), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1956), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան, 1919-ից հաստատվել Երևանում։ Ավարտել է Երևանի համալսարանը (1930), որտեղ և 1933-ից դասախոսում է հայ գրականության պատմություն։ 1941–47-ին և 1957-1976-ին եղել է բանասիրական ֆակուլտետի դեկան, 1954–80-ին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ, 1947–53-ին՝ ՀՍՍՀ ԳԱ Աբեղյանի անվ․ գրականության ինստ–ի դիրեկտոր։ 1938-ին տպագրվել է նրա «XIII–XVIII դդ․ հայ աշխարհիկ գրականություն»-ը, որը ներառնում է Ֆրիկի, Քուչակի, Կոստանդին Երզնկացու, Սայաթ–Նովայի և այլոց ստեղծագործությունները՝ ընդարձակ առաջաբանով։ «Գրիգոր Նարեկացի» (1955) մենագրության մեջ Նարեկացու ստեղծագործությունը դիտում է որպես հայկ․ Վերածննդի առաջին արտահայտություն։ 1957-ին լույս է տեսել Մ–ի «Էջեր հայ վիպասանության պատմությունից» գիրքը, որն ընդգրկում է Խ Աբովյանի, Պ․ Պռոշյանի, Նար–Դոսի, Րաֆֆու որոշ ստեղծագործությունների վերլուծությունը՝ նորովի մեկնաբանությամբ ու գնահատականով։ «Մովսես Խորենացի» (1970, ռուս․ հրտ․ 1969) մենագրությունը, կենսագրությունից բացի, ներկայացնում է Խորենացու «Հայոց պատմությունը»
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/640
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ