Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/643

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարազատներին։ Կարոտը դաոնում է նրա հոգու կրակը, հառաչանքը՝ ծուխը։ Մ․ Ն․ նույնպես եղել է պանդխտության մեջ, տեսել ու զգացել այդ վիճակի ողջ դառնությունը, օտարների սառն անտարբերությունը․ «Հոգի՛, մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտս կարունի»։
Մ․ Ն–ի լեզուն գրական միջին հայերենն է՝ պարզ ու մատչելի։ Նրա ստեղծագործությունը, հատկապես պանդխտության երգերը, խոր ազդեցություն են թողել ուշ միջնադարի քնարերգության վրա։
Գրկ․ Կոստանյան Կ․, Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը, Վաղ–պատ, 1898։ Զամինյան Ա․, Հայ գրականության պատմություն, Նոր Նախիջևան, 1914, էջ 219–221։ Աբեղյան Մ․, Երկ․, հ․ 4, Ե․, 1970։ Մկրտիչ Նաղաշ, Ե․, 1965 (աշխատասիրությամբ Էդ․ Խոնդկարյանի)։ Ա․ Ղազինյան ՄԿՐՏՉՅԱՆ Լևոն Մկրտչի (ծն․ 2․3․1933, ք․ Ախալցխա), հայ սովետական գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտ․ դ–ր (1971), պրոֆեսոր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1959-ից։ 1958-ից դասախոսում է Երևանի համալսարանում, 1980-ից՝ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի դեկան։ 1975– 79-ին եղել է Հայաստանի ԳՄ վարչության երկրորդ քարտուղարը։ Զբաղվում է ռուս գրականության, մասնավորապես՝ դասականների (Սալտիկով–Շչեդրին, Ֆ․ Դոստոևսկի, Լ․ Տոլստոյ, Ա․ Չեխով), հայ հին և միջնադարյան պոեզիայի ուսումնասիրությամբ, հայ–ռուսական մշակութային առնչություններով, թարգմանության տեսության հարցերով։ Մ․ մեծ մասամբ հրատարակվել է ռուս․՝«Ավետիք Իսահակյանը և ռուս գրականությունը» (1963), «Հայ պոեզիան և XIX–XX դարերի ռուս բանաստեղծները» (1968), «Հարագատ և մտերիմ» (1978, ՍՍՀՄ ԳՄ վարչության մրցանակ, 1978) ևն։ Հայերեն տպագրվել են «Եթե Բաբելոնում թարգմանիչներ լինեին» (1976) ժողովածուն, «Հայաստանի բանաստեղծը» (1974, Վերա Զվյագինցևայի մասին) և «Վիլյամ Սարոյանը մոտիկից» (1978) գրական դիմանկարները, «Պոեզիայի հասակը» (1979) ուսումնասիրությունը։ Կազմել է Ա․ Իսահակյանի երկհատորյակը, Հ․ Թումանյանի եռհատորյակը (Լ․ Հախվերդյանի մասնակցությամբ), «Սա Հայաստանն է» (1967), «Հայ միջնադարյան քնարերգություն» (1972), «Ընթերցելով Նարեկացուն» (1974), «Հայ դասական քնարերգություն» (հ․ 1–2, 1977), «Հայաստանի բանաստեղծներ» (1979) ռուս. ժողովածուները։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ընտիր հատվածները (բնագիր, ռուս. տողացի թրգմ․, 1977), Նահապետ Քուչակի «Հարյուր և մեկ հայրեն» ժողովածուն (բնագիր, ռուս. տողացի թրգմ․, 1975, բնագիր, անգլ․ թրգմ․, ռուս. տողացի, 1979)։
Երկ․ Քաղցր է լույսը, Ե․, 1980։
ՄԿՐՏՉՅԱՆ Հարություն Գաբրիելի [ծն․ 15․4․1903, գ․ Փայխներ (Վանի վիլայեթի Արճեշ գավառում)], հայ սովետական գրող, գրականագետ։ ՀՍՍՀ գիտության վաստ․ գործիչ (1963), բանասիրական գիտ․ դ–ր (1975), պրոֆեսոր (1968)։ ՍՄԿԿ անդամ 1922-ից։ 1916–19-ին սովորել է Գևորգյան ճեմարանում, 1923–26-ին՝ Թիֆլիսի 26 կոմիսարների անվ․ կոմունիստական համալսարանում։ 1940-ին ավարտել է (էքստեռն) Երևանի մանկավարժական ինստ–ի լեզվագրական ֆակուլտետը։ 1931–33-ին եղել է Հայաստանի արվեստի աշխատողների միության նախագահը, 1934–37-ին՝ Հայաստանի գրողների միության առաջին քարտուղարը, «Գրական թերթ»-ի (1932, 1935–1936), «Սովետական գրականություն» («Խորհրդային գրականություն», 1934–1937, 1947–50) ամսագրի խմբագիր, գրական թանգարանի դիրեկտոր (1937–40)։ Մասնակցել է 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմին։ 1950–68-ին՝ Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի հայ գրականության ամբիոնի վարիչ, 1968-ից՝ Երևանի համալսարանի հայ գրականության դասախոս։ Սկսել է գրել 20-ական թթ․։ Լույս են տեսել Մ–ի «Նովելներ և ակնարկներ» (1945), «Անմահական այգի» (1957), «Հայրենի երկրում» (1963) ժողովածուները, մանուկների համար՝ «Զանգակավոր գայլը» (1945), «Արագիլը» (1946) գրքույկները։ «Անհայտ զինվորի հիշատակարանը» (գիրք 1–3, 1969–75) վեպում Մ․ պատկերել է 1918–20-ին Հայաստանում տիրող վիճակը, հայ ժողովըրդի պայքարը ներքին և արտաքին թշնամիների դեմ, սովետական կարգերի հաստատումը Հայաստանում։ Հրատարակել է Մ․ Նալբանդյանին, Ս․ Զորյանին, Ա․ Բակունցին նվիրված մենագրություններ, «Գրական դեմքեր»-ով (1953) ներկայացրել Հ․ Հակոբյանի, Ա․ Իսահակյանի, Դ․ Դեմիրճյանի, Ն․ Զարյանի, Գ․ Սարյանի դիմանկարները, կազմել քրեստոմատիա IX և X դասարանների համար, գրել սովետահայ գրականության դասագիրք (1967) X դասարանի համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։
Երկ․ Միքայել Նալբանդյան, Ե․, 1955։ Ակսել Բակունց, Ե․, 1958։ Ստեփան Զորյան, Ե․, 1977։
ՄԿՐՏՉՅԱՆ Հարություն Ռուբենի [ծն․ 1922, գ․ Ներքին Ղանլիշա (այժմ՝ Վահրամաբերդ, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], Սովետական Միության հերոս (24․3․1945), ավագ սերժանտ։ Ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստ–ը (1953)։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1942-ից (1943-ից՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի կազմում)։ Աչքի է ընկել Օրջոնիկիձեի, Նովոռոսիյսկի ուղղությամբ մղված մարտերում։ Հերոսի կոչմանն արժանացել է Ղրիմի ազատագրման ժամանակ ցուցաբերած սխրագործության համար։ Մասնակցել է նաև Լեհաստանի ազատագրմանը, Օդերի անցմանը, Ֆրանկֆուրտի և Բեռլինի գրավմանը։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։Կ․ Հարությունյան ՄԿՐՏՉՅԱՆ Մարտիրոս Շիրազեցի (Դավթյանց Մարտիրոս, ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XIX դարի 1-ին կեսի հնդկահայ գրող, խմբագիր, գրաքննադատ։ Կալկաթայում հրատարակել է «Շտեմարան»-ը․ (1821–23), որը առաջին աշխարհաբար պարբերականներից է։ Այստեղ էլ տպագրել է իր բանաստեղծությունները (մեծ մասամբ գրաբար), առակները («Ագռավի մասին», «Բժիշկ ամոթխած», «Դարվիշ և խափշիկ» ևն), հոդվածները, որոնցում քննադատում է դաստիարակչական կոպիտ մեթոդներ կիրառող քահանաներին, հանդես գալիս ստրուկներին ու սպասավորներին գանակոծելու դեմ։ Հրատարակել է նաև մի կատակերգություն՝ «Խտրադիմա դժրողության» (1821), կից «Հասարակախոսություն» հավելված-ուսումնասիրությամբ, որտեղ տրվում են պիեսի ստեղծման հանգամանքները, կարևորվում թատրոնի նշանակությունը։ Մ–ի գրած «Վիկտորիա» այբբենարանը (1841) երկար տարիներ ուսումնական ձեռնարկ է ծառայել Կալկաթայի հայկ․ դպրոցների համար։ Մասնակի թարգմանություններ է կատարել Շեքսպիրից, Մոլիերից։ Օգտագործել է Վ․ Օ․ Տ․, Ներսես Ապողան, Անխաբ Եպիփան և այլ ծածկանուններ։
Գրկ․ Կարինյան Ա․, Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ․ 1, Ե․, 1956։ Թերզիբաշյան Վ․, Հայ դրամատուրգիայի պատմություն, Ե․, 1959։Ս․ Շտիկյան ՄԿՐՏՉՅԱՆ Մհեր (Ֆրունզե) Մուշեղի (ծն․ 4․ 7․ 1930, Լենինական), հայ սովետական դերասան։ ՀՄՄՀ (1971) և Վրաց․ ՍՍՀ (1980) ժող․ արտիստ։ Սովորել է Լենինականի նկարչական ուսումնարանում (1946) և Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետում (1953–56)։ 1946-ին հրավիրվել է Լենինականի Մռավյանի անվ․ թատրոն, սովորել է դրամատիկական ստուդիայում և միաժամանակ խաղացել՝ հանդես բերելով գրոտեսկային ցայտուն դերապատկեր ստեղծելու, կերպարը սրամտորեն «գունավորելու», խոսքը յուրօրինակ հնչերանգներով հարստացնելու ձիրք։ Մ․ աչքի է ընկել Սաղաթելի (Շիրվանզադեի «Պատվի համար»), Խլեստակովի (Գոգոլի «Ռևիզոր»), Տրուֆալդինոյի (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») դերակատարումներով։ 1953-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնում։ Լավագույն դերերից են՝ Գվիդոն (Ժ․ Հարությունյանի «Սրտի արատ»), Եզովպոս (Գ․ Ֆիգեյրեդոյի «Աղվեսն ու խաղողը»), Պաղտասար (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Ղազար (Ժ․ Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Իսայի (Սունդուկյանի «Խաթաբալա»), Սիրանո (Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ»)։ Նկարահանվում է նաև կինոյում, ճանաչված դերերից են՝ Գվիդոն («01–99»), Սիմոն («Տերն ու ծառան»), Արմեն («Զինվորն ու փիղը»), Ռուբեն («Միմինո»), Բորիս Իվանովիչ («Ունայնություն ունայնությանց»)։ Մ–ի արվեստին բնորոշ են կոմիկականի և