Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«ՄՇԱԿՈՒՅԹ», գրական հանդես։ Լույս է տեսել 1954–55-ին, Բեյրութում։ Տես «Էջեր գրականության և արվեստի»։
«ՄՇԱԿՈՒՅԹ», երիտասարդական գրական հրատարակություն։ Լույս է տեսել 1935–37-ին (10 համար), Փարիզում։ Խմբագիր–հրատարակիչներ՝ Ա․ Սեմա (Գ․ Աթմաճյան), Պ․ Զարոյան։ Ունենալով հակաֆաշիստական ուղղություն՝ անդրադարձել է գրականության ժողովրդայնության հարցերին, գաղութահայության ճակատագրին ու հայրենադարձությանը (Սեմայի «Սև ու ճերմակ» հրապարակախոսական ակնարկաշարը)։ Զգալի տեղ է հատկացրել արվեստի և մշակույթի խնդիրներին, տպագրել թարգմանություններ (Բոդլեր, Կիպլինգ, Զեգերս, Բրեխտ և ուրիշներ)։ Պարբերականին աշխատակցել են Վ․ Շուշանյանը, Բ․ Թոփալյանը, Զ․ Որբունին, Մ․ Աթմաճյանը, Հ․ Բալույանը, Ա․ Տատրյանը, Գ․ Քերեսթեճյանը և ուրիշներ։ Մ․ Բաբլոյան «ՄՇԱԿՈՒՅԹ», ազգագրական տարեգիրք։ «Մշակույթ» գրատան հրատարակություն։ Լույս է տեսել 1948-ին, Ստամբուլում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Թ․ Ազատյան։ Տպագրել է հայագիտական, պատմագիտական հոդվածներ, դրվագներ Դ․ Վարուժանի, Ե․ Օտյանի, Հ․ Պարոնյանի կյանքից, նրանց անտիպ նամակները, ինչպես նաև Կոմիտասի, Սիամանթոյի, Ռ․ Սևակի ձեռագրերը։ Անդրադարձել է Գ․ Զոհրապի, Հ․ Ասատուրի և ուրիշների նամակներին ու գրագրություններին։
ՄՇԱԿՈՒՅԹ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ, հնագիտության հիմնական հասկացություններից մեկը, միևնույն ժամանակաշրջանի, տեղական առանձնահատկություններով տարբերվող և որոշակի տարածքում կենտրոնացված հնագիտական հուշարձանների ընդհանրություն։ Մ․ հ․ տարբերվում է նույն կարգի այլ ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալ–մշակութային որևէ համակարգի։ Առաջանում է, երբ գործող «կենդանի» մշակույթը «մահանում» է, մարդկային գործունեության առարկաներն ընդմիշտ կորցնելով կիրառական նշանակությունը՝ դառնում են մշակույթի (հնագիտական) հուշարձաններ, որոնց իրական ֆունկցիան բացահայտվում է վերակազմական ուսումնասիրության ընթացքում։ Երկրագնդի հնագիտական բոլոր հուշարձանների ընդհանրությունը կարող է դիտվել իբրև մի ընդհանուր Մ․ հ․։ Սակայն հնագիտական հետազոտությունների պրակտիկայում Մ․ հ․ ասելով ամենից հաճախ հասկանում են հնագիտական հուշարձանների մի ամբողջություն, որի մեջ ընդգրկված հուշարձանները իրար նմանվում են կրկնվող մի շարք հաստատուն հատկանիշներով, որոնցով էլ տարբերվում են համապատասխան այլ խմբերից։ Մ․ հ․ բնութագրվում և տարբերակվում է ոչ թե առանձին, այլ մի խումբ յուրահատուկ հատկանիշներով։ Առանձին դեպքերում հաջողվում է բացահայտել Մ․ հ–ի համապատասխանությունը տնտեսական–մշակութային տիպին, պատմաազգագրական մարզին։ Ենթադրվում է, որ ճիշտ տարբերակված Մ․ հ․ առավելապես համապատասխանում է պատմաազգագրական մարզերի տիպաբանական որևէ ստորաբաժանման։ Մ․ հ–ները, որպես կանոն, անվանվում են ըստ այն հուշարձանախմբի կամ տարածքի, որտեղ տվյալ մշակույթը տարբերակվել է առաջին անգամ (օրինակ, Տրիպոլյան մշակույթ՝ Տրիպոլիե գյուղից ևն) և ըստ առարկայական հատկանիշների, որ բնորոշ են որոշակի խմբի (օրինակ, զանգաձև գավաթների մշակույթ, կատակոմբային մշակույթ ևն)։
Գրկ․ Каменицкий И․ С․, Археологическая культура-ее определение и интерпретация, «Советская археология», № 2, 1970․ Клейн Л․ С․, Проблема определения археологической культуры, նույն տեղում։ Գ․ Աբեշյան ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՆԵՐ ԵՎ ՏՆԵՐ ՍՍՀՄ–ում, խոշոր ակումբային հիմնարկներ, որոնք նպաստում են աշխատավորների կոմունիստական դաստիարակության, կուլտուրական մակարդակի բարձրացման և ազատ ժամանակի կազմակերպման գործին։ Մ․ պ․ և տ․ ունեն դահլիճներ, ստացիոնար կինոսարքավորումներ, գրադարաններ, կազմակերպում են ցուցահանդեսներ, դասախոսություններ, թեմատիկ երեկոներ, փառատոներ, հանդիպումներ անվանի մարդկանց հետ, գործում են մանկական սեկտորներ։ Մ․ պ․ և տ–ի գործունեությունը նպաստում է ժող․ ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Նրանցում ձևավորվում են ժող․ թատրոններ, նվագախմբեր, պարարվեստի կոլեկտիվներ, երգչախմբեր, երգի և պարի անսամբլներ։ Մ․ պ․ և տ–ի հիմքի վրա է աշխատում ժողովրդական համալսարանների մեծ մասը։
Շրջանային, քաղաքային և գյուղական կուլտուրայի տները պետ․ ակումբային հիմնարկներ են և մտնում են ՍՍՀՄ կուլտուրայի մինիստրության համակարգի մեջ։ Արհմիութենական կազմակերպությունների Մ․ պ․ և տ․ ստեղծվում են արհմիութենական ֆաբրիկա գործարանային կոմիտեների (տեղական) կողմից և պահվում նրանց միջոցներով։ Ստեղծագործական և գիտական մտավորականության տները (արվեստի, լուսավորության աշխատողների) գտնվում են համապատասխան արհմիությունների կենտկոմների տնօրինության տակ։Մ․ պ․ և տ․ են կազմակերպվում նաև կոլտնտեսությունների միջոցներով։ ՍՍՀՄ–ում գործում են նաև սպայի տներ, պիոներների և դպրոցականների տներ և պալատներ։ Մ․ պ․ և տ․ ղեկավարում են ընտրովի հասարակական միությունները կամ սովետները։ ՀՍՍՀ–ում 1979-ին գործել են 1219 Մ․ պ․ և տ․ ու ակումբային հիմնարկ։
Մ․ պ․ և տ․ բաղկացած են հանդիսատեսային, ակումբային (մեծահասակների և մանուկների), մարզական և հանգստի մասերից՝ կազմելով մեկ ընդհանուր համալիր։ Առաջին խոշոր Մ․ պ․ և տ․, որ կոչվել են բանվորական, կառուցվել են 1920-ական թվականներից սկսած։ Նշանավոր են Մոսկվայում՝ Ռուսակովի անվ․ (1928) և Ավտոգործարանի (1934), Լենինգրադում՝ Գորկու անվ․ (1927) և Կիրովի անվ․ (1937), իյարկովում՝ Երկաթուղայինների (1937), Բաքվում՝ Շահումյանի անվ․ (1939) և այլ մշակույթի պալատները։
ՀՍՍՀ–ում առաջին Մ․ պ․ և տ–ից է Երևանի Կառուցողների ակումբը (1936, ճարտ–ներ՝ Կ․ Հալաբյան, Մ․ Մազմանյան, Գ․ Քոչար)։ 1950–60-ական թթ․ կառուցվել են հիմնականում ակումբատիպ Մ․ պ․ և տ․, որոնցից են Երևանում՝ Ալյումինագործների (1957, ճարտ․ Ա․ Մանուկյան) և Կիրովի անվ․ գործարանի (1962, ճարտ–ներ՝ Ռ․ Ալավերդյան, Ռ․ Իսրայելյան, Զ․ Խանամիրյան), Էջմիածին քաղաքի (1955, ճարտ․ Ա․ Մանուկյան), Կիրովականում՝ Քիմիագործների (1950–53, ճարտ–ներ՝ Շ․ Ազատյան և Ռ․ Ալավերդյան) մշակույթի պալատները։ 1970-ական թվականներից սկիզբ է դրվել լիակազմ Մ․ պ․ և տ–ի նախագծմանն ու շինարարությանը՝ Սևանում, Եղեգնաձորում, Մարալիկում (1966–76, ճարտ–ներ՝ Մ․ Միքայելյան, Զ․ Սիմոնյան), Ղափանում և Գորիսում (1972–79, ճարտ–ներ՝ Ս․ Գուրզադյան, Կ․ Մատինյան, Մ․ Մուրզա), Աբովյանում (1978, ճարտ․ Լ․ Չերքեզյան) ևն։
ՄՇԿԱՅԾՅԱՄ (Moschus moschiferus), մշկայծյամների ընտանիքի երկսմբակավոր կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 1 մ է, մնդավի բարձրությունը՝ 70 սմ, քաշը՝ 17 կգ։ Ետին վերջավորությունները երկար են առջևիններից։ Գլուխը փոքր է, ականջները՝ մեծ, եղջյուրներ չունի։ Արուները վերին ծնոտում ունեն երկար ժանիքներ, որոնք կախվում են կզակից ցած։ Պոչը կարճ է։ Արուները փորի վրա ունեն մուշկ արտադրող հատուկ գեղձ։ Մորթին բաց դարչնագույնից մուգ դարչնագույն է, սպիտակ բծերով։ Տարածված է Ասիայում (Ալթայ, Արևելյաև Սիբիր, Հեռավոր Արևելք, Արևելյան Չինաստան, Արևելյան Տիբեթ)։ Ապրում է քարքարոտ լեռնային տայգաներում։ Սնվում է բուսականությամբ, առավելապես ծառերի քարաքոսներով։ Էգը ծնում է 1–2 ձագ։ Արդյունագործական նշանակությունը սահմանափակ է։ Որսում են մուշկի համար, որն օգտագործվում է օծանելիքի արդյունաբերության մեջ։
ՄՇԿԱՎԱՆՔ, Մշակավանք, XIII դարի հայկական ճարտարապետական համալիր։ Գտնվում է ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա։ Պահպանվել են Ս․ Աստվածածին եկեղեցին և նրան