Ստացվել է Ղազախ․ ՍՍՀ-ում միջտեսակային հիբրիդացման եղանակով (նորկովկասյան մերինոսների մաքիները սերմնավորել են որսի ժամանակ սպանված լեռնային արխարի ամորձիներից վերցված սերմնահեղուկով)։ Հետագայում առաջին սերնդի խառնացեղ խոյերը տրամախաչել են պրեկոս և ռամբուլյե ցեղերի մաքիների հետ, իսկ երրորդ սերնդի խառնացեղերը բուծել են «ինքն իր մեջ»։ Ցեղը հաստատվել է 1950-ին։ Աշխատանքները ղեկավարել է Ն․ Ա․ Բուտարինը։ Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա ն ոսկրակազմ, համամասն մարմնակազմ։ Լավ հարմարված են լեռնային արոտների պայմաններին։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90–115, մաքիներինը 55–65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7–8 և 3,2–3,5 կգ։ Բրդի մաքուր ելքը՝ 50–55%, երկարությունը՝ 7–10 սմ, հաստությունը՝ հիմնականում 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 110–120 գառ է։ Վաղահաս է․ 4 ամսական գառների կենդանի զանգվածը հասնում է մինչև 30–32, 1,5 տարեկաններինը՝ 50 կգ։ Ցեղն օգտագործվում է կոպտաբուրդ ոչխարները բարելավելու համար։ Տարածված է Ալմա Աթայի, Պավլոդարի, Արևելյան Ղազախստանի մարզերում։կենտրոնաղազախական մանրաբլուրներ, Տուրգայան սարավանդից մինչև Ալթայ ձգվող ընդարձակ հարթավայրա–բարձրավայրային տարածություն Ղազախական ՍՍՀ–ում։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մինչև 900 կմ, ռելիեֆը բլուրների, բլրաթմբերի և գոգավորությունների ամբողջություն է (հարաբերական բարձրությունը՝ 30–100 մ)։ Առանձին լեռնային զանգվածներով՝ Ուլուտաու (1133 մ), Կոկչետավի (Սինյուխա լեռ, 947 մ), Կարկարալինյան (Ակսորան լեռ, 1565 մ) և Չինգիզտաուի (1077 մ)։ Կլիման խիստ ցամաքային է, չոր, հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 14°C–ից մինչև –18°C, ամենացածրը՝ մինչև –40°C, հուլիսինը՝ 20–24°C, երբեմն՝ 35°C։ Տարեկան տեղումները 200 մմ են, լեռնային մասերում՝ 370 մմ։
Գետերը՝ Իշիմ, Նուրա, Սարիսու ևն, ունեն անկայուն ռեժիմ։ Շատ են մանր լճերը, ամենամեծը Թենգիզ աղի ծանծաղ լիճն է։ Ղ․ մ․ հարուստ են ածխի (Կարագանդա, Էկիբաստուզ), երկաթի (Ատասու), պղնձի (Ջեզկազգան, Կոունրադ) ևն հանքերով։ Ղ․ մ–ի հս–ում շյուղախոտա—փետրախոտային տափաստաններ են (մասամբ՝ մշակված), կենտրոնական մասում՝ չոր տափաստաններ, հվ–ում՝ քարքարոտ կիսաանապատներ, անապատային բուսականության առանձին տեղամասերով: Խոպանն օգտագործվում է որպես արոտավայր։
ՂԱԶԱԽԱԿԱՆ ՆՐԲԱԳԵՂՄ, մսաբրդատու ոչխարների ցեղ։ Ստացվել է 1931–46-ին, Ղազախական անասնաբուծական ԳՀԻ–ի փորձարարական կայանում, տեղական դմակավոր մաքիների և պրեկոս ցեղի խոյերի տրամախաչումից։ Առաջին և երկրորդ սերնդի նուրբ ու կիսանուրբ բրդով ոչխարները բուծել են «ինքն իր մեջ» եղանակով։ Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա։ Մաքիներն անեղջյուր են, խոյերը՝ եղջյուրներով կամ անեղջյուր։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90–100, մաքիներինը 60–65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7–9 և 4,0–4,5 կգ։ Մաքուր բրդի ելքը 50–52% է, երկարությունը՝ 7–8 սմ, հաստությունը՝ 60 և 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 130–140 գառ է։ Միսը լավ որակի է։ Սպանդային ելքը՝ 53–57%։ Տարածված է Ղազախ․ ՍՍՀ հվ–արլ․ շրջաններում։
ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Կազակ Սովետտիկ Սոցիալիստիկ Ռեսպուբլիկասը), Ղ ա զ ա խ ս տ ա ն
Բ ո վ ա ն դ ա կ ու թ յ ու ն
I. | Ընդհանուր տեղեկություններ | 7 |
II. | Պետական կարգը | 7 |
III. | Բնությունը | 7 |
IV․ | Բնակչությունը | 8 |
V․ | Պատմական ակնարկ | 8 |
VI․ | Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը | 10 |
VII․ | Ղազախստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը | 10 |
VIII․ | Արհմիությունները | 10 |
IX․ | Ժողովրդական տնտեսությունը | 10 |
X․ | Բժշկա–աշխարհագրական բնութագիրը | 12 |
XI․ | Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները | 12 |
XII․ | Գիտությունը և գիտական հիմնարկները | 12 |
XIII․ | Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը | 14 |
XIV․ | Գրականությունը | 14 |
XV․ | Ճարտարապետությունը և կերպարվեստը | 15 |
XVI. | Երաժշտությունը | 16 |
XVII․ | Թատրոնը | 16 |
XVIII․ | Կինոն | 17 |
I․ Ընդհանուր տեղեկություններ
Ղազախական ՍՍՀ կազմվել է 1920-ի օգոստ․ 26-ին՝ որպես Կիրգիզական ԻՍՍՀ ՌՍՖՍՀ կազմում, 1936-ի դեկտ․ 5-ին վերակազմվել է միութենական հանրապետության՝ Ղազախական ՍՍՀ: Գտնվում է ՍՍՀՄ ասիական մասի հվ–արմ–ում։ Սահմանակից է ՌՍՖՍՀ–ին, Թուրքմենական ՍՍՀ–ին, Ուզբեկական ՍՍՀ–ին, Կիրգիզական ՍՍՀ–ին, Չինաստանին։ Արմ–ում ողողվում է Կասպից ծովով։ Տարածությունը 2717,3 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 14858 հզ․ (1980), մայրաքաղաքը՝ Ալմա Աթա։ Վարչականորեն բաժանվում է 19 մարզի և 218 շրջանի։ Ունի 82 քաղաք, 193 քտա։ Ղ–ում է Բայկոնուր տիեզերանավակայանը։
Քարտեզները տես 16–17-րդ էջերի միջև՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
Ղ․ համաժողովրդական պետություն է, ՍՍՀՄ կազմի մեջ մտնող սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն սովետի Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դատարան, ընդունում օրենքներ ևն։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների մարզային, շրջանային, քաղաքային, աուլային սովետներն են։ Ղազախական ՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։
III․ Բնությունը
Ղ–ի տարածքի մեծ մասը գրավում են հարթավայրերն ու դաշտավայրերը։ Արմ–ում տարածվում են Մերձկասպյան դաշտավայրը (որի հվ-ում է գտնվում Կարագիեն՝ ՍՍՀՄ–ում ամենացածր իջվածքը, – 132 մ) և Ուրալյան լեռների հվ․ ճյուղերը, հվ–ում՝ Թուրանի դաշտավայրը։ Կենտրոնական մասը զբաղեցնում են Ղազախական մանրաբլուրները (Սարիարկա) և Բետպակ Դալա անապատը։ Հս–ում Արևմտասիբիրական հարթավայրի հվ․ եզրերն են, հվ–արլ–ում՝ Ալթայը, Տարբագաթայը, Զունգարական Ալա Թաուն, Տյան Շանի հս․ և արմ․ շղթաները։
Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները։ Արմ–ում Ղ–ի տարածքն ընդգրկում է Արևելաեվրոպական պլատֆորմի Մերձկասպյան սինեկլիզի մեծ մասը, որտեղ ֆաներոզոյան հաստվածքների հզորությունը հասնում է 16–18 կմ։ Սինեկլիզի կարվածքի միջին հատվածը ներկայացված է պալեոզոյան հասակի աղաբեր նստվածքներով։ Աղը կազմում է ավելի քան 350 աղային գմբեթների միջուկները։ Աղագմբեթային կառուցվածքների հետ են կապված նավթի շահագործվող հանքավայրերը, որոնք հարում են պերմտրիասի, յուրայի, կավճի և պալեոգենի ապարներին։ Մուհոջարները կազմված են մինչքեմբրիի ու պալեոզոյի բարդ ծալքավորված և գրանիտոիդային ինտրուզիաներով կտրտված հաստվածքներից։ Մուհոջարներից դեպի արլ․ և հվ․ պալեոզոյան հիմքը առկա է Ղ–ի ամբողջ տարածքում։ Այդ հիմքի հետ են կապված մետաղային և ոչմետաղային օգտակար հանածոների մի շարք խոշոր հանքավայրեր։ Ղ․ հարուստ է օգտակար հանածո-