Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հուլիսինը՝ 22°C, Ճապոնական կղզիների հվ–ում, Կագոսիմայում, համապատասխանաբար՝ 6°C ն, 27°C, Օկինավայում (Ռյուկյու կղզիներ)՝ 16°C և 28°C։ Ձմեռային մուսսոնը բերում է սառնություն և ձյունառատ ձմեռներ Հոնսյու և Հոկայդո կղզիների արմ․ ափերին։ Ամառային մուսսոնն ավելի թույլ է արտահայտվում։ Ամառային անձրևային սեզոնը տևում է հունիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը։ Աշնանը հաճախակի են թայֆունները։ Տարեկան տեղումները 800–3000 մմ են։ Կուրոսիո և Ցուսիմա ծովային հոսանքները տաքացնում են Ճապոնական կղզիների հվ․, հս–արմ․ ու արմ․ ափերը, Օյասիոն, ընդհակառակը, սառեցնում է հս–արլ․ ափերը։
Ներքին ջրերը։ Ճ․ ունի կարճ, բայց ջրառատ գետերի խիտ ցանց։ Առավել խոշոր գետերն են Իսիկարին (Հոկայդո կղզում), Սինանոն, Տոնեն և Կիտակամին (Հոնսյու կղզում)։ Երկրի հիդրոէներգետիկական ռեսուրսները գնահատվում են 52,7 մլն կվտ, որից յուրացված է 21,8 մլն (1975)։ Լճերից ամենամեծը Բիվան է (716 կմ2
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Ճ–ի հս–ում տարածված են պոդզոլային և մարգագետնաճահճային, բարեխառն գոտու հվ․ մասում՝ գորշ անտառային հողեր, մերձարևադարձերում և արևադարձերում՝ դեղնահողեր ու կարմրահողեր։ Ճ–ի տարածքի 2/3-ից ավելին զբաղեցնում են անտառներն ու թփուտները։ Պահպանվել են մինչչորրորդական հին ֆլորայի բազմաթիվ ներկայացուցիչներ (պտերներ, ձիաձետներ ևն)։
Հոկայդո կղզում մինչև 500 մ բարձրությունները գերակշռում են փշատերև անտառները, ավելի բարձր՝ մայրու մացառուտներն ու կեչուտները։ Հոնսյու կղզում փշատերև անտառները բարձրանում են մինչև 1800–2000 մ։ Ճ–ի ավելի հվ․ շրջաններում փշատերև ծառատեսակներն աստիճանաբար իրենց տեղը զիջում են տերևաթափ լայնատերև տեսակներին։ Հոնսյու կղզու հվ․ մասի և Սիկոկու ու Կյուսյու կղզիների լեռնալանջերին հանդիպում են մշտադալար մերձարևադարձային անտառներ։ Կյուսյու կղզու ծայր հվ–ում և Ռյուկյու կղզիներում աճում են արմավենիներ, ֆիկուսներ, ծառանման պտերներ, հնդկեղեգներ, խոլորձներ։ Ճ–ի ֆաունան ընդգրկում է էնդեմիկ և ռելիկտային շատ տեսակներ, գերակշռում են լեռնային անտառների կյանքին հարմարվածները։ Հանդիպում են գայլ, աղվես, գորշուկ, ենոտանման շուն, ջրասամույր, նապաստակ, արջ, սամույր, կնգում, աքիս, ճապոնական մակակ, այծքաղ, հսկա սալամանդր, ցատկող շներ ևն։ Կան բազմատեսակ թռչուններ, միջատներ ու ձկներ։ Կատարվում է նաև ծովախեցգետնի, կրևետի, ոստրեի որսամթերում։ Ստեղծվել են 23 (1977) ազգային պարկեր և պետ․ արգելավայրեր, ինչպես նաև շուրջ 40 (1976) ստորջրյա ազգային պարկեր։
IV․ Բնակչությունը
Ճ․ բնակչության թվով աշխարհում գրավում է 6-րդ տեղը։ 99%-ը ճապոնացիներ են։ Հոկայդո կղզում պահպանվել են երկրի հնագույն բնակիչների՝ այների մնացորդներ (շուրջ 20 հզ․ մարդ)։ Ապրում են նաև կորեացիներ, չինացիներ և այլք։ Պաշտոնական լեզուն ճապոներենն է։ Հիմնական կրոններն են սինտոյականությունը (մինչև 1945-ը՝ պետ․ կրոն) և բուդդայականությունը, որոշ տարածում է ստացել քրիստոնեությունը։ Տոմարը՝ գրիգորյան (1873-ից)։ Բնական աճը 1,4% է (1975)։ Տնտեսապես ակտիվ բնակչությունը 52,2 մլն է (1975), միջին խտությունը 1 կմ2 վրա՝ 309 մարդ (1978), քաղաքային բնակչությունը՝ 75% (1975)։ Երկրում կա միլիոնից ավելի բնակչություն ունեցող 10 քաղաք։ Առավել խոշոր քաղաքներն են Տոկիոն, Օսական, Յոկոհաման, Նագոյան։ Քաղաքների տարածքի ընդարձակման հետևանքով ձևավորվել են մի շարք մեգալոպոլիսներ, որոնցից առավել խոշորներն են՝ Կեյհին Կեյյա (Տոկիո, Կավասակի, Յոկոհամա, Տիբա և այլ քաղաքներ՝ 27 մլն բնակչով), Հանսին (Օսակա, Կոբե, Կիոտո քաղաքները՝ 17 մլն բնակչով)։
V․ Պատմական ակնարկ
Մ․ թ․ ա․ մոտ 7500 – մոտ 300-ին Ճ–ի տարածքում գոյություն է ունեցել նոր քարեդարյան ձյոմոն մշակույթը, նրան փոխարինել է յայոի մշակույթը (մ․թ․ ա․ III–մ․ թ․ III դդ․), որին բնորոշ էր զարգացող երկրագործությունը, անասնապահությունը և մետաղե գործիքների կիրառումը։ Մ․ թ․ առաջին դարերից ուժեղացել է սոցիալական շերտավորումը, երևան են եկել ստրուկներ։ Մեծ իշխանություն ուներ գյուղի (տոհմի) ավագը, որը տնօրինում էր նաև պաշտամունքի՝ վաղ սինտոյի (տես Սինտոյականություն) գործերը։ III դ․ կազմավորվել է Յամատոո ցեղային միությունը, որի հիման վրա ձևավորվել է ճապոնական պետականությունը։ VI դարից Ճ–ում սկսել է տարածվել բուդդայականությունը։ 645-ի, այսպես կոչված, Տայկայի (բառացի՝ մեծ բարեփոխում) հեղաշրջումից հետո Ճ–ում ստեղծվեց վաղ ֆեոդալական կենտրոնացված պետություն, որը հենվում էր հողի պետ․ ֆեոդալական սեփականության և գյուղացիության բաժնեհողային հողօգտագործման համակարգի վրա։ 710-ին կառուցվեց առաջին մշտական մայրաքաղաքը՝ Նարան [784-ին տեղափոխվել է Նագաոկու, 794-ին՝ Հեյան (այժմ՝ Կիոտո)]։ X դ․ հաստատվեց հողի մասնավոր ֆեոդալական սեփականությունը, տիրապետող ձևը դարձավ ֆեոդալական կալվածքը (սյոեն)։ 1192-ին իշխանությունն անցավ սյոգուններին (տես Սյոգունություն) [Մինամոտոներ (1192–1333), Ասիկագաներ (1335–1573), Տոկուգավաներ (1603–1867)], որոնք հենվում էին ռազմա-ֆեոդալական խավի (բուսի) և հատկապես սյոգունի անձնական վասալների վրա (վերջիններս զբաղեցնում էին վարչական պաշտոնները)։ Բուսի խավի ստորին աստիճանին կանգնած էին զինվորական մանր ազնվականները՝ սամուրայները։
1274-ին և 1281-ին մոնղ․ Խուբիլայ խանը, որը նվաճել էր Չինաստանն ու Կորեան, երկու արշավանք ձեռնարկեց Ճ–ի դեմ, որոնք ձախողվեցին։ XIV–XVI դդ․ ֆեոդալական միջին հողատիրությունն իր տեղը զիջեց խոշոր հողատիրությանը՝ իշխանություններին (իշխանի՝ դայմյոյի գլխավորությամբ)։ Խոշոր տիրույթների երևան գալը նպաստեց ֆեոդալական մասնատվածության ուժեղացմանը։ XV–XVI դդ․ Ճ–ում անընդհատ տեղի էին ունենում գյուղացիական ապստամբություններ։ XVI դ, Ասիկագաների կենտրոնական կառավարությունը լիովին կորցրեց իր իշխանությունը երկրում։
XV–XVI դդ․ Ճ․ լայն առևտուր էր անում Չինաստանի և Կորեայի հետ։ XVI դ Ճ–ում երևացին եվրոպացիները (1542-ին՝ պորտուգալացիները, 1584-ին՝ իսպանացիները), որոնք առևտուր անելուն զուգընթաց տարածում էին քրիստոնեություն։ Չդադարող գյուղացիական ելույթների պայմաններում ֆեոդալական վերնախավի շրջանում ուժեղացավ պետությունը միավորելու և կենտրոնական ուժեղ իշխանություն հաստատելու ձգտումը։ Միավորման շարժումը գլխավորեցին զորավարներ Նոբունագա Օդան (1534–82), Հիդեյոսի Տոյոաոմին (1536–98) և Իեյասու Տոկուգավան (1542–1616), որն էլ ավարտեց երկրի միավորումը։ Տոկուգավաների օրոք ճ․ կենտրոնացված ֆեոդալական բացարձակապետություն էր։
XVII դ․ 30-ական թթ․ արգելվեց օտարերկրացիների մուտքը Ճ․ և ճապոնացիների ելքը արտասահման, միջոցներ ձեռնարկվեցին քրիստոնեության (որը դառնում էր ժող․ շարժման գաղափարախոսություն) տարածման դեմ։ XVIII դ․ սկզբին Ճ–ում երկարատև ճգնաժամ սկսվեց, որի պատճառը ֆեոդալական կարգերի քայքայումն էր։ 1601–1867-ին Ճ–ում տեղի է ունեցել 1640 գյուղացիական ելույթ։ Երկրում աստիճանաբար զարգանում էր կապիտալիստական կացութաձևը։ XIX դ․ 50–60-ական թթ․ Ճ․ դարձավ ԱՄՆ–ի և եվրոպական տերությունների էքսպանսիայի օբյեկտ։ Զենքի գործադրման սպառնալիքի տակ (Մ․ Պերրիի էսկադրայի ուղարկումը) ԱՄՆ հասան այն բանին, որ Սիմոդա և Հակոդատե նավահանգիստները բացվեցին օտարերկրյա նավերի համար։ 1854–58-ին կնքվեցին մի շարք անհավասար պայմանագրեր, որոնք Ճ․ ներքաշեցին համաշխարհային շուկայի մեջ։ 1867–68-ին տեղի ունեցավ բուրժ․ հեղափոխություն (տես «Մեյձի» հեղափոխություն), սյոգունի կառավարությունը տապալվեց, և իշխանությունն անցավ բուրժուա–կալվածատիրական խմբավորմանը (կայսերական կառավարություն)։ Հեղափոխությունից հետո Ճ․ թևակոխեց կապիտալիզմի ժամանակաշրջանը, որի զարգացման վրա խիստ ազդում էին ֆեոդալական մնացուկները։ 1872–73-ին անցկացվեց հողային ռեֆորմ, որն օրենսդրորեն ամրապնդեց հողի մասնավոր սեփականությունը․ հողը հիմնականում մնաց, այսպես կոչված, նոր կալվածատերերի և ունևոր գյուղացիության ձեռքին։ XIX դ․ 90-ական թթ․ Ճ–ում սկսեց զարգանալ կազմակերպված բանվորական շարժումը։
XIX–XX դդ․ սահմանագլխին ճապոնական կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը, որը Ճ–ում կրում էր ռազմաֆեոդալական բնույթ։ 1894–95-ին Ճ․ թալանչիական պատերազմ մղեց Չինաստանի