Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(այդ թվում՝ վազող եղջերուների) ոճավորած (սկյութական կենդանական ոճով) ֆիգուրներ։ Նոին–Ուլիում գտնվող խուննու ցեղապետների մ․ թ․ ա․ I դ․ վերջի –մ․ թ․ I դ․ սկզբի գերեզմանաբլուրներում պեղվել են տեղական և դրսից բերված կահ-կարասի, գործվածքներ, թաղիքե գորգեր, զարդարված ձիասարքեր։ Խուննու ցեղերի բնակատեղիներն ունեցել են գրեթե քառակուսի հատակագիծ, շրջապատվել հողապատնեշով։ Մոնղոլիայում թյուրքական խաքանության (VI–VIII դդ․) շրջանում ձիասարքերի, զենքերի զարդանախշերում գերակշռել է բուսական տարրը, տարածվել է հուշաքանդակը (տղամարդկանց քարե արձանիկներ տապանաքարերի մոտ, կրիանման պատվանդանով ստելլաներ)։ Այդ շրջանի արվեստի ստեղծագործություններին բնորոշ է ինչպես բնորդի հավաստի պատկերումը, այնպես էլ հակիրճ պայմանականությունը։ Ույղուրական խաքանության (745–840) շրջանից պահպանվել են հստակ հատակագիծ, պաշտպանական կառույցներ, տներ, տաճարներ ունեցող Օրդու–Բալըկ (հետագայում՝ Խարա–Բալգաս) մայրաքաղաքի ավերակները։ Կիդանիների ժամանակ (X–XII դդ․) ծավալվել է քաղաքաշինությունը։ Բարս–Խոտ I (X–XII դդ․) քաղաքի պեղումներից գտնվել են բուդդայական տաճարի և պագոդաների մնացորդներ (որոնց բնորոշ են տեղական ավանդույթների և չինական ազդեցության տարրերը), զոհասեղաններ, աստվածների և կենդանիների կավե արձանիկներ։ Մոնղ․ ֆեոդալական կայսրության (XII դ․ վերջ – XIII դ․ I-ին կես) կազմավորման շրջանին են վերաբերում Կարակորում մայրաքաղաքում հայտնաբերված Ուգեդեյ խանի պալատի, մեհյանի մնացորդները։ XVI դ․– XX դ․ սկզբին մոնղ․ խանություններում և իշխանություններում կացարանների հիմնական տիպը փայտե հիմնակմախքով թաղիքե յուրդն էր։ XVI դ․ վերջից, լամայականության տարածմանը զուգընթաց, կառուցվել են մենաստաններ և տաճարներ։ Երևան են եկել փայտե (հիմքում ընկած էր յուրդի կառուցվածքը), աղյուսե (չինական տիպի) և քարե (տիբեթական տիպի) պաշտամունքային կառույցներ։ Հայտնի են «խառը» տիպի Դա–Խուրե և Դանդան մենաստանները (Ուլան Բատորում)։ Պաշտամունքային ինքնատիպ հուշակառույցներ են սուբուրգանները։ XVI դ․– XX դ․ սկզբի գեղանկարչությունը ներկայանում է բուդդայական հորինվածքներով և որմնանկարներով։ Խիստ կանոնիկ հորինվածքը, նուրբ գծանկարը, վառ գույները նշում են Տիբեթի, Չինաստանի, Նեպալի գեղանկարչության ազդեցությունը։ Տաճարային քանդակագործության մեջ հիմնականում օգտագործվել է կավը, փայտը, մամլված թղթի զանգվածը։ XIX դ․ վերջին տարածվել է աշխարհիկ արվեստը (դիմանկարներ, կենցաղային նկարներ, բնանկարներ, ծաղրանկարներ)։ Դեկորատիվ–կիրառական արվեստում իշխել է կահ–կարասու, հագուստի զարդանախշումը կենդանական, բուսական (հայտնի էր դեռես XIII դ․) և երկրաչափական մոտիվներով։ XVII դ․ կեսին զարգացել է բրոնզե և արծաթե իրերի մշակումը (դրվագում, փորագրում)։ Տարածվել է փայտի քանդակազարդումը (կենդանիների ֆիգուրներ, զարդատուփեր), աստվածների դիմակների պատրաստումը։ ՄԺՀ–ի ստեղծումով (1924) զարգացել է (ՍՍՀՄ օժանդակությամբ) քաղաքացիական և արդ․ շինարարությունը, կանոնավոր հատակագծով վերակառուցվել են հին քաղաքները (Ուլան Բատոր) և կառուցվել նորերը (Դարխան, Նալայխա, Սայն Շանդ)։ 1920–30-ական թթ․ հասարակական շենքերին հատուկ էին սովետական կոնստրուկտիվիզմի գծերը։ 1940–1950-ական թթ․ սկզբին հասարակական շենքերի ճակատները զարդարվել են շքամուտքերով, սյունաշարերով, ազգային զարդապատկերներով (Մոնղոլական պետ․ համալսարանը, 1943–46)։ 1950-ական թթ․ կեսերից տեղական կլիմայական պայմաններին համապատասխան կառուցվող շենքերը ձեռք են բերել պարզ ծավալատարածական հորինվածք («Շիլեն Բայշին» ցուցահանդեսային տաղավարը, 1964, Ուլան Բատոր)։ 1960–70-ական թթ․ լայնորեն արմատավորվել են շինարարության ժամանակակից (ինդուստրիալ) մեթոդները։ 1920-ական թթ․ որպես ազգային գեղանկարչության բարեփոխիչ հանդես է եկել Շարավը, ավելի ուշ՝ նրա աշակերտ Մանիբադարը, որոնք ստեղծել են ժամանակակից թեմաներով աշխատանքներ՝ երբեմն օգտագործելով լուսաստվերը և գծային հեռանկարը։ 1950-ական թթ․ ընդլայնվել է նկարիչների (Յադամսուրեն, Սենգեցոխիո, Դամդինսուրեն) թեմատիկան։ Ստեղծվել են առաջին յուղաներկ նկարները (Չոյդոգ, Ցեվեգժավ, Դավա, Ցուլտեմ, Ամգալան), զարգացել գրաֆիկան (Ն․ Նացագդորժ, Սոսոյ) և քանդակագործությունը (Չոյմբոլ, Ժամբա)։ ՄԺՀ դեկորատիվ–կիրառական արվեստում ավանդական ձեերի կողքին երևան են եկել նորերը՝ ճենապակի, խեցեգործություն, ոսկրի փորագրություն։
XV․ Երաժշտությունը
Մոնղ․ երաժշտ․ մշակույթն ունի հին ավանդույթներ։ Ժող․ երաժշտության հիմքը պենտատոնիկան է։ Տարածված են երգերը, դյուցազներգերը և գործիքային երաժշտությունը։ Ժող․ երգերը միաձայն են, երկու տիպի՝ դանդաղ «ծորուն» (ուրտ–դուու), որն առանձնանում է մեծ ձայնածավալով, հարուստ զարդհնչյուններով, և «կարճ» (բոգինո–դուու), առավել պարզ ռիթմով ու կառուցվածքով։ Երգերը կատարում են ժող․ նվագարանների՝ լիմբե (ֆլեյտայի տեսակ), մորինխուրա, խուչիրա (լարային աղեղնավոր), շանզի (կնտնտոցային), յոոչինա (ցիմբալի տեսակ), նվագակցությամբ։ Մոնղ․ առաջին հեղափոխական «Շիվե Կյախտա» («Կյախտա ամրոցի գրավումը») երգը ստեղծվել է 1921-ին, որին հաջորդել են «Կարմիր դրոշ», «Երգ ինքնաթիռի մասին», կոմպոզիտոր–երգասացներ Իշդուլամի «Լենինը մեր ուսուցիչն է», Ու․ Լուվսանխուրչիի «Մարքս և Լենին», Մ․ Դուգարժավի «Երգ Սուխե Բատորի մասին» ևն երգերը։ ՄԺՀ տարածքում պրոֆեսիոնալ երաժշտ․ արվեստը սկզբնավորվել և զարգացել է ժող․ իշխանության տարիներին։ 1942-ին Ուլան Բատորում բացվել է Պետ․ երաժշտա–դրամատիկական թատրոն։ 1945-ին ստեղծվել է առաջին սիմֆոնիկ նվագախումբը (1950-ից՝ պետ․ սիմֆոնիկ նվագախումբ)։ 1940–50-ական թթ․ մոնղոլ երիտասարդ կոմպոզիտորները, երգիչները, դիրիժորները, խմբավարները երաժշտ․ կրթություն են ստացել ՍՍՀՄ–ում և սոցիալիստական այլ երկրներում։ 1950-ին ստեղծվել է ՄԺՀ ժող․ երգի–պարի անսամբլը, 1963-ին՝ օպերայի և բալետի պետ․ թատրոնը, 1964-ին՝ ՄԺՀ կոմպոզիտորների միությունը, 1972-ին՝ պետ․ ֆիլհարմոնիան։ Ուլան Բատորում գործում է երաժշտապարարվեստի ուսումնարան։
XVI․ Թատրոնը
Հնուց ի վեր Մոնղոլիայում տարածված են եղել թատերականացված տարրերով պարեր, կենցաղային ծեսեր։ Ավելի ուշ այդ տարրերը մուտք են գործել միստերիական ցամ ներկայացում և աշխարհիկ պալատական թատրոն։ XIX դ․ 30-ական թթ․ բեմադրվել է առաջին հրապարակային ներկայացումը։ ՄԺՀ–ի հռչակումից (1924) հետո զարգացել է գեղարվեստական ինքնագործունեությունը, 1920-ական թթ․ Ուլան Բատորում կազմակերպվել են երաժշտա–դրամատիկական խմբակներ, որոնցից ստեղծվել են պրոֆեսիոնալ թատրոններ։ 1930-ին Ուլան Բատորում բացվել է թատերական ստուդիա, որի հիման վրա 1931-ին ստեղծվել է Մոնղ․ պետ․ կենտրոնական թատրոնը (1942-ից՝ պետ․ երաժշտա–դրամատիկական թատրոն)։ Թատրոնի խաղացանկը կազմվել է մոնղոլ (Դ․ Նացագդորժ, Մ․ Յադամսուրեն և ուրիշներ), սովետական դրամատուրգների, ռուս և եվրոպական դասականների պիեսներից։ 1963-ին պետ․ երաժշտա–դրամատիկական թատրոնը բաժանվել է օպերայի և բալետի պետ․ թատրոնի և Դ․ Նացագդորժի անվ․ դրամայի պետ․ թատրոնի։ Ուլան Բատորում գործում են