Կա նավթ, գազ, քարածուխ և գորշ ածուխ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել, քրոմ, վոլֆրամ, պղինձ, կապար, ցինկ, բազմամետաղներ, հազվագյուտ և ազնիվ մետաղներ, ֆոսֆորիտ, կալիումական աղեր, քարաղ, ալյումինի հումք, ասբեստ։
Կլիման խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում – 19°C է, հվ–ում՝ – 4°C, հուլիսինը՝ հս-ում 19°C, հվ–ում՝ 26°C։ Տարեկան տեղումները հս-ում 300–400 մմ են, հվ–ում՝ 100–200 մմ, նախալեռներում և լեռներում՝ 400–1600 մմ։ Վեգետացիոն ժամանակաշրջանը հս-ում 190–200 օր է, հվ–ում՝ 230–290 օր։ Սառցադաշտերի ընդհանուր թիվն անցնում է 2700-ից, որոնց տարածությունը մոտ 2000 կմ2 է։
Ներքին ջրերը։ Գետերը տեղաբաշխված են անհավասարաչափ։ 85 հզ․ գետերից միայն 228-ն ունեն 100 կմ և ավելի երկարություն։ Գլխավոր գետերն են Իրտիշը, Սիրդարյան, Ուրալը, Էմբան, Իշիմը, Իլին, Կարատալը, Չուն, Նուրան։ Գետերի վրա կառուցված են 4000 ջրամբարներ և արհեստական լճակներ։ Կենտրոնական Ղ–ի ջրամատակարարման համար կառուցվել է Իրտիշ–Կարագանդա ջրանցքը։ Կան ավելի քան 48 հզ․ լճեր (գլխավորապես աղի)։ Խոշոր լճերն են Բալխաշը, Զայսանը, Ալակոլը, Թենգիզը, Սելետըտենիզը, Սասըկկոլը, Կուշմուրուն, Մարկակոլը, Ուլկեն Կարոյը։ Ղ–ի սահմանի մեջ են մտնում Կասպից ծովի հս․ և հս–արլ․, Արալյան ծովի հս․ մասերը։ Կան քաղցրահամ և թույլ աղի ստորգետնյա ջրերի մեծ պաշարներ (7000 կմ2)։ Շատ են հանքային աղբյուրները։
Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։ Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված զոնայականությունը։ Հս-ում նեղ շերտով տարածված են սևահողերը, դեպի հվ․՝ շագանակագույն, ավելի հվ․՝ գորշ և մոխրագորշ անապատային հոդերը, որոնք հերթագայվում են անապատային, ավազային և թաքիրանման հողերի զանգվածներով։ Լեռներում տիրապետում է ուղղաձիգ գոտիականությունը։
Ղ–ի հս-ում, տափաստանային զոնայում բուսականությունը տարախոտային է։ Հանդիպում են նաև կեչուտներ, սոճուտներ, կաղամախու պուրակներ։ Չոր տափաստաններին բնորոշ են շյուղախոտա—փետրախոտային և թփուտային բույսերը, կիսաանապատներին՝ օշինդրաընդավորները։ Մեծ տարածություն են գրավում անապատները։ Նախալեռնային հարթավայրերում աճում են էֆեմերներ, լեռնաշղթաների նախալեռները ծածկված են տափաստանային բուսականությամբ, ավելի բարձր՝ անտառներով, ենթալպյան և ալպյան մարգագետիններով։ Անտառների հիմնական զանգվածները կենտրոնացած են Ալթայում, Ջունգարական Ալա Թաուում և Տյան Շանի արլ․ մասում։
Կենդանական աշխարհին բնորոշ են գետնասկյուռը, ավազամուկը, սայգան, ջեյրանը, մարալը, գայլը, աղվեսը, գորշ արջը, հովազը, լուսանը, կուղխը, սիբիրյան կզաքիսը ևն։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։ Շատ են սողուններն ու միջատները, ջրային և տափաստանային թռչունները։ Լճերն ու գետերը հարուստ են ձկներով։ Ղ–ի տարածքում են Ալմա Աթայի, Ակսու Ջաբագլինի, Բարսակելմեսի, Նաուրզումի, Կուրգալջինի, Մարկակոլի արգելավայրերը։
IV․ Բնակչությունը
Հիմնական բնակիչները ղազախներն են (36%)։ Բնակվում են մեծ թվով ռուսներ (40,8%), ինչպես նաև ուկրաինացիներ, թաթարներ, ուզբեկներ, բելոռուսներ, հայեր և այլք։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 5,5 մարդ է (1980)։ Առավել խիտ է բնակեցված Ղ–ի հվ․ նախալեռնային գոտին։ Քաղաքային բնակչությունը 54,3 % է (1980)։ Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Կարագանդան, Չիմքենդը, Սեմիպալսատինսկը, Ուստ Կամենոգորսկը, Ջամբուլը։
V․ Պատմական ակնարկ
Ղազախստանի ներկայիս տարածքում մարդը բնակվել է դեռևս քարի դարում (շուրջ 300 հզ․ տարի առաջ)։ Նոր քարի դարում սկսվել է գործածվել աղեղը, պատրաստվել են խեցեղեն իրեր։ Բրոնզի դարում զբաղվել են խաշնարածությամբ, բրիչային երկրագործությամբ, որսով ու ձկնորսությամբ։ Անասնապահության և հողագործության զարգացման հետևանքով մայրական տոհմը փոխարինվել է հայրականով, երևան են եկել նահապետական ընտանեկան սեփականության սաղմերը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսին անասնապահ ցեղերը սկսել են առանձնանալ և անցնել քոչվոր անասնապահության։ Հերոդոտոսը և այլ անտիկ հեղինակներ Ղ–ի այդ դարաշրջանի ցեղերին անվանել են ասիական սկյութներ, աքեմենյան սեպագրերում նրանք հիշվում են սակեր հավաքական անվամբ։ Սակերի մշակույթը ժառանգել են մ․ թ․ ա․ Ill–II դդ․ կազմավորված և Սեմիրեչիեի (Չու գետից մինչև Տյան Շան և Բալխաշից մինչև Իսսիկ Կուլ) շրջանում տարածված ուսունի ցեղային միությունը, Կարատաուի ու Սիրդարյայի միջին հոսանքում սփռված և Կանգյույ պետ․ կազմավորման մեջ մտած ցեղերը և Արալյան ծովի արմ․ ափերից Կասպից ծովի հս․ ափերը քոչած ալանական ցեղերը։ Ղ–ի ժողովուրդները շրջանցել են ստրկատիրությունը։ Նախնադարյան համայնական կարգերն աստիճանաբար փոխարինվել են ֆեոդալական հարաբերություններով։ VI դ․ կեսին Ղ–ի տարածքում առաջացել է առաջին վաղ ֆեոդալական պետությունը՝ Թյուրքական խաքանությունը։ VIII դ․ սկզբին ստեղծվել է թյուրգեշների, 766-ին՝ կարլուկների պետությունը, որտեղ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են համեմատաբար արագ, առաջացել են քաղաքներ (Թարազ՝ այժմ Ջամբուլ ևն), հատվել է դրամ։ VIII– X դդ․ Ղ–ի հվ–ում տարածվել է մահմեդականությունը։ IX– XI դդ․ արմ․ և հվ–արմ․ շրջանները մտել են օղուզների վաղ ֆեոդալական պետության մեջ, որի տարածքով անցնում էր միջազգային քարավանային առևտրական ճանապարհ։ VIII–XI դդ․ Ղ–ի հս–արլ․ և կենտրոնական շրջաններում բնակություն են հաստատել կիմակների և ղփչաղների թյուրք. ցեղերը։ X դ․ 1-ին կեսին կարլուկների պետության տեղում կազմավորվել է Կարախանյանների ֆեոդալական պետությունը, որը X դ․ վերջին–XI դ․ 1-ին կեսին ներառում էր Կաշգարը, Մավերաննահրը, Մեմիրեչիեն։ Նվաճված տիրույթները կառավարելու համար խանը նշանակում էր իլխաններ, որոնց, որպես իր վասալների, իրավունք էր շնորհում հարկ հավաքելու որոշակի շրջաններում։ XII դ․ 30-ական թթ․ Կարախանյանների պետություն ներխուժեցին մոնղ․ կիդանի ցեղերը, որոնք ստեղծեցին Կարակիդանիների պետությունը։ 1219–1221-ին Ղ․ նվաճեցին մոնղոլ–թաթարները։ XIV դ․ վերջին–XV դ․ սկզբին Ղ–ի տարածքը մտավ հիմնականում Նողայական հորդայի և Ուզբեկական խանության մեջ։
Ուզբեկական խանության բնակչությունը կրում էր «ուզբեկ–ղազախներ» հավաքական անունը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացման և երկպառակությունների հետևանքով XV դ․ կեսից ղազախական տոհմերը խանությունից քոչեցին Արևմտյան Սեմիրեչիե։ Մոնղոլ–թաթարական լծի վերացումից հետո վերականգնված Սեմիրեչիեն դարձավ ղազախական ցեղերի միավորման կենտրոն։ XV դ․ վերջին–XVI դ․ սկզբին այստեղ առաջացավ Ղազախական խանությունը, և այդ ժամանակ էլ ավարտվեց ղազախական ազգության կազմավորման երկարատև ընթացքը։ Ղազախական խանության երեք՝ Մեծ (կամ Ավագ, Սեմիրեչիե), Միջին (Կենտրոնական Ղ․) և Փոքր (կամ Կրտսեր, Արևմտյան Ղ․) շրջաններում (ժուզերում) XVII դ․ կազմավորվեցին ինքնուրույն խանություններ։ Ղազախների տնտեսության առաջատար ճյուղը արոտավայրային–քոչվոր անասնապահությունն էր։ Երկրագործությունը պարզունակ էր, արհեստները զարգանում էին դանդաղ, առևտուրը կրում էր փոխանակային բնույթ։ Ֆեոդալական հարաբերությունները միահյուսված էին նահապետական–տոհմատիրական տարրերի հետ։ Հիմնական դասակարգերն էին ֆեոդալները (խաներ, սուլթաններ, բայեր, խոջաներ ևն) և կախյալ գյուղացիները՝ շարուաները․ հատուկ խավ էին կազմում նահապետական ստրուկները՝ ղուլերը։ Ադաթի բազմազան նորմերի կողքին գործում էին նաև շարիաթի (ֆեոդալա–մահմեդական իրավունք) որոշ նորմեր։ XVIII դ․ սկզբին կազմվեց ֆեոդալական իրավակարգի հիմնական սկզբունքները սահմանող օրենսգիրք։
XVIII դ․ սկզբին խանական մասնատվածության ու չդադարող ֆեոդալական երկպառակությունների, ինչպես նաև արտաքին վտանգի պայմաններում Փոքր ժուզի խան Աբուլհայրը 1726-ին դիմեց Ռուսաստանին՝ նրա հպատակության տակ անցնելու խնդրանքով, որը բավարարվեց 1731-ին։ Ռուս․ հպատակություն ընդունեցին նաև 1740-ին՝ Միջին և 1846-ին՝ Մեծ ժուզերը։ Մեծ բեկում կատարվեց ղազախ ժողովրդի պատմական ճակատագրում։ Արդեն XVIII դ․ 2-րդ կեսից Ղ–ում հասարակական հարաբերությունները սկսեցին զարգանալ Ռուսաստանի տնտեսության ուժեղացող ազդեցության ներքո: Ամրապնդվում էին Ղ–ի և Ռուսաստանի առևտրական կապերը, իսկ սահմանային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/8
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է