Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

(բոդհիսատվա) քանդակները (քնքշությամբ ոգեշնչված դեմքեր)։
Ֆեոդալական կենտրոնացված պետության ստեղծման հետ է համընկնում ճապոնական առաջին մշտական մայրաքաղաքի (Նարա) հիմնադրումը (710), որը կառուցվել է չինական կանոնավոր հատակագծով քաղաքների օրինակով։ Քաղաքի գլխավոր տաճարային համալիրները (Յակուսիձի, Տոդայձի, Տոսյոդայձի) առանձնանում էին հատակագծերի հստակ սիմետրիկությամբ, հրապարակների և թափորների ուղիների տարածական անսովոր մասշտաբայնությամբ, կոնստրուկցիաների վեհությամբ ու հզորությամբ։ Տաճարների չափերի մեծացումով բուդդայական պլաստիկայի բնույթը փոխվել է, ավելացել արձանների քանակը։ Նարայի շրջանում քանդակագործության մեջ օգտագործվել են բրոնզ, փայտ, չոր լաք, կավ։ Երևան են եկել մոնումենտալ, ներքին ուժով լի, ճապոնական դիմագծերով հերոսականացված քանդակային կերպարներ, որոնց շարժումներն ավելի ազատ են, մարմինները՝ բոլորաձև ու պլաստիկ։ Ստեղծվել են կիսաստվածների՝ մեծ արտահայտչականության աչքի ընկնող կերպարներ, VIII դ․՝ բուդդայականության հայտնի քարոզիչների դիմաքանդակներ։ Մեծ տարածում են գտել գրոտեսկային ծիսական դիմակները, բարձր մակարդակի է հասել որմնանկարչությունը (Հորյուձի տաճարի որմնանկարները)։ 794-ից հետո, երբ մայրաքաղաքը տեղափոխվել է Հեյան (այժմ՝ Կիոտո), սկզբնավորվել է այսպես կոչված Հեյանի ժամանակաշրջանը (IX–XII դդ․)։ Ֆեոդալիզմի զարգացման հետ կապված այս շրջանը նշանավորվում է մարդու ներաշխարհի նկատմամբ առավել հետաքրքրությամբ։ Էնրյակուձի (782), Կոնգոբուձի (816) և Մուրոձիկի (VIII դ․ վերջ – IX դ․ սկիզբ) տաճարներն առանձնանում են փոքր չափերով, կառույցի և բնության մտերմիկ զուգորդումով, կանոնավոր հատակագծի բացակայությամբ։ Խորանների կոմպոզիցիաները դառնում են բարդ։ Աստծո կերպարը պատկերվել է բազմադեմ ու բազմաձեռք։ Ներկվելով վառ գույներով՝ փայտե արձանիկները կորցրել են իրենց նախկին վեհությունը և ձեռք բերել սարսափեցնող դիվային կերպարանք։ Բուդդայական գեղանկարչությանը հատկանշական են դարձել աշխարհաստեղծման խորհրդանշական համակարգերը՝ սրբապատկեր–մանդալները։
X–XII դդ․ քաղաքային կյանքի վերելքը նպաստել է աշխարհիկ ճարտ–յան զարգացմանը։ Բնակելի համալիրի նոր տիպը ձեռք է բերել այսպես կոչված սինդենձուկուրի ոճի հատկանիշներ, որը շարունակել է ազգային ճարտ–յան ավանդույթները։ Սյուների վրա բարձրացված ընդարձակ, միադահլիճ տաղավարներին (սինդեն) երկու կողմից հարում են հիմնական շենքը համալիրի մնացած մասերին միացնող սրահները (տայնոյա)։ Սինդենի ճակատը բացվում է ավազածածկ հրապարակի վրա, որի հվ․ մասում տարածվում է կղզյակներով, ժայռերով և արհեստական լճով ընդարձակ պարտեզը (Կիոտոյի կայսերական պալատը, 1789-ին վերակառուցվել է IX դ․ տեսքով)։ Տաճարների ներքին հարդարանքում քանդակին զուգահեռ լայն կիրառություն են գտել զարդանախշը և որմնանկարը։ Հեյանի շրջանում ծաղկում է ապրել Յամատո–է դպրոցի (X–XI դդ․) ազգային գեղանկարչությունը, որի շրջանակներում ձևավորվել է գրական երկ պատկերող գալարաթերթը (էմակիմոնո)։ Այդ նկարները (մասնավորապես «Գենձիմոնոգատարի» վեպի համար արվածները) առանձնանում են կերպարների էլեգիականությամբ և նրբին ու հստակ ուրվագծերով։ Նրբագեղությամբ են աչքի ընկնում նաև այս շրջանի դեկորատիվ արվեստի տեսակները (գեղարվեստական լաքեր՝ մակիե, հովհարներ ևն)։
XII–XIV դդ․ սյոգունության հաստատմամբ (այսպես կոչված Կամակուրայի շրջան՝ Մինամոտո տան սյոգունների մայրաքաղաքի անունով) արվեստը դարձել է առավել լայն շրջանների սեփականությունը, նրանում նկատելի է պարզության, կրոնական և աշխարհիկ սկզբունքների զուգորդման ձգտում։ Այս շրջանին բնորոշ են ձեն աղանդի մենաստանները, որոնք առանձնանում են սյուներից, հեծաններից և թեթև միջնորմներից կազմված, շինության վրա իշխող հոյակերտ տանիքներով (էնկակուձի մենաստանի գլխավոր շենքը Կամակուրայում, 1285)։ Բնակելի շենքերի ճարտ․ լուծումներում գերակշռում են պարզությունն ու նպատակահարմարությունը։ Կամակուրայի շրջանի քանդակագործությունը ձգտել է կերպարների վավերականության ու մոնումենտալության։ Բուռն զարգացել է դիմաքանդակը (պատկերվել են բուդդայականության լեգենդար քարոզիչներ Մուտյակուն, Սեսինը, սինտոական սրբեր Հատիմոնը և ուրիշներ, ինչպես նաև զորավարներ)։ Ռազմիկների և մենակյացների դիմանկարներ են ստեղծվել նաև XII–XIV դդ․ գեղանկարչության մեջ։ Դեկորատիվ–կիրառական արվեստում բարձր մակարդակի է հասել սրերի և դաշույնների զարդապատումը։ XIV–XVI դդ․ ձեն ուսմունքի ազդեցությամբ ծաղկում է ապրել պարտեզապուրակային արվեստը [Ասիկագասյոգունների վիլլաների (հետագայում՝ Կինկակուձի և Գինկակուձի տաճարներ) պարտեզները Կիոտոյում, XIV դ․– XV դ․ վերջ]։ Սինդեն–ձուկուրի ճարտ․ ոճը փոխարինվել է սյոին ոճով, վերացել են երկարավուն սրահները, ավելացել շարժական միջնորմներով առանձնացնող սենյակների թիվը, երևան է եկել գալարաթերթեր կախելու համար նախատեսված որմնախորշը (տոկոնոմա), սուրբ գրքերի գրադարակը (տանա)։ Հատակը ծածկվել է խսիրներով (տատամի), որոնք հետագայում դարձել են սենյակի մակերեսի չափման ստանդարտ միավոր։ Շարժական պատերը ինտերիերն ավելի են մերձեցրել պարտեզին, որը ձևավորվել է տարբեր ոճերով, երևան են եկել խճից, ավազից ու քարից կազմված այսպես կոչված չոր լանդշաֆտները։
XIV–XVI դդ․ անկում է ապրել քանդակագործությունը, ծաղկել տուշով գեղանկարչությունը (սույբոկու)։ Գալարաթերթային միագույն բնանկարների (վարպետներ Ձյոսեցու, Սյուբուն, Սեսյու) զարգացմանը ազդել է չինական գեղանկարչությունը։ XV դ․ վերջին Յամատո–է դպրոցի ավանդույթները շարունակել և զարգացրել են Կանո (թռչուններ և ծաղկող ծառեր պատկերող կոմպոզիցիաների հեղինակներ Մասանոբու Կանո, Էյտոկու Կանո և այլք) և Տոսա (Միցունոբու Տոսա և ուրիշներ) դպրոցների ներկայացուցիչները։ Բարձրագույն ծաղկման է հասել խեցեգործությունը (Սետո, Տամբա, Սիգարակի, Իգա, Բիզեն ևն արվեստանոցներ)։
XVI դ․ վերջին – XVII դ․ սկզբին Ճ–ի ճարտ․ կորցրել է իր միասնական ոճը։ Պորտուգալական ճարտ–յան ազդեցությամբ, պաշտպանական նկատառումներով, կառուցվել են վիթխարի ամրոցներ, ուր համադրվել են կիկլոպյան շարվածքով գետնախարիսխն ու ավանդական փայտե վերնամասը (Աձուտիձյո, 1576, Օսակաձյո, 1583), կիսամութ, ընդարձակ ինտերիերները (նաև պալատների) հարդարվել են փայտի փորագրություններով և