Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ճ․։ Ձեռնարկությունը թողարկում էր ամանեղեն, սպասքներ, սկահակներ (վաղ նմուշները կրում են արլ․ և մայսենյան Ճ–ու կնիքը), նաև բիսկվիտից արձանիկներ քանդակագործներ Վան դը Վոորստի, Բլոնդոի, Ֆալկոնեի մոդելներով, Բուշեի և այլ արվեստագետների էսքիզներով։ 1740-ական թթ․ Անգլիայում սկսեցին արտադրել փափուկ Ճ․ և նրա տարատեսակը՝ ոսկրե Ճ․ (նշանավոր էին Բաուի, Չելսիի, Վուսթերի մանուֆակտուրաների արտադրած ամանեղենը, հարդարանքի բազմազան առարկաները՝ ծաղիկների, թռչունների նախշազարդերով)։ Կարծր Ճ–ու առաջին գործարանը հիմնադրվեց Պլիմուտում (մոտ 1760-ական թթ․), որը 1781-ին տեղափոխվեց Շելտոն (թողարկվում էր արտադրանք մայսենյան և սևրյան ոգով)։ Իտալիայում Ճ–ու արտադրությունն սկսվել է 1720-ին (Վենետիկ)։ Առավել նշանավոր էր Դոչչիայի (Ֆլորենցիայի մոտ) մանուֆակտուրան (1735)։ 1743-ին Նեապոլի և Սիցիլիայի արքա Կառլ III հիմնադրել է Կապո դի Մոնտեի (Նեապոլի մոտ) մանուֆակտուրան, ուր հիմնականում արտադրում էին չինական մոտիվներով ամանեղեն, մանր պլաստիկա, ուռուցիկ քանդակազարդեր։ XVIII–XIX դդ․ կարծր և փափուկ Ճ–ու գործարաններ են հիմնվել Դանիայում (Կոպենհագեն, 1752), Շվեդիայում (Մարիենբերգ, 1758), Բելգիայում (Տուրնե, 1750), Հոլանդիայում (Վեսպ, 1764, Լոսդրեխտ, 1771, Հաագա, 1778), Չեխիայում (Սլավկով, 1792, Բրժեցովոյ, 1803) և այլ երկրներում։ XIX դ․, չնայած տեխնիկական կատարելագործմանը, Ճ–ու գեղարվեստական որակը աստիճանաբար ընկել է։ XX դ․ Ճ–ու արտադրանքի նկարազարդման մեջ ներմուծվում են մեխանիկական եղանակներ՝ պատճենահանում (դեկալկոմանիա), նախշակաղապար (տրաֆարետ), դրոշմահատոց (շտամպ)։ Ռուսաստանում Ճ–ու արտադրություն կազմակերպելու փորձեր է արել դեռևս Պետրոս I։ Մեծ աշխատանքներ են կատարել Մ․ Վ․ Լոմոնոսովը, մոսկվացի բրուտագործ Ի․ Ա․ Գրեբենշչիկովը։ 1744-ին Պետերբուրգում հիմնադրվել է Ճ–ու առաջին գործարանը, որտեղ, մոտ 1747-ին, քիմիկոս Դ․ Ի․ Վինոգրադովը բացահայտել է կարծր Ճ–ու արտադրման եղանակը (թողարկվում էին նրբագեղ անոթներ, սպասքներ, ծխախոտատուփեր, կենցաղային արձանիկներ, առանձնապես աչքի էին ընկնում գեղանկարիչ Ի․ Չյոռնիի զարդապատած իրերը)։ Կատարվում էին աշխատանքներ բարոկկոյի, ռոկոկոյի, վաղ կլասիցիզմի («Ռուսաստանյան պետության ժողովուրդներ» ֆիգուրների շարքը), XIX դ․ սկզբին՝ ամպիրի (զինվորական տեսարաններ, 1812-ի Հայրենական պատերազմի հերոսների դիմապատկերներ) ոճերով։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին կիրառվել են բյուրեղային և հրակայուն ջնարակներ։ 1914-ից գործարանը հիմնականում թողարկում էր տեխնիկական և քիմ․ Ճ․։ XVIII –XIX դդ․ Ռուսաստանում հիմնադրվել են Ֆ․ Յ․ Գարդների գործարանը՝ Մոսկվայի նահանգի Վերբիլկի գյուղում (այժմ՝ Դիմիտրովյան պետ․ գործարան), թողարկում էր ամանեղեն, կենցաղային ֆիգուրներ, ճանաչված են «շքանշանային» սպասքները, Ա․ Գ․ Պոպովի գործարանը՝ Գորբունով գյուղում (արտադրանքը, մասնավորապես կենցաղային քանդակները կրում էին դեմոկրատական բնույթ), Ս․ Բատինի գործարանը Պետերբուրգում (արտադրած իրերի նկարազարդումը արտացոլում էր ռուս ժողովրդի կյանքը և սովորությունները) ևն։ 1899-ին խոշոր արդյունաբերող Մ․ Ս․ Կուգնեցովը ստեղծեց բաժնետիրական ընկերություն, որն ընդգրկեց գրեթե ամբողջ Ճ–ու արտադրությունը։ 1918-ին Ճ–ու գործարանները Ռուսաստանում ազգայնացվեցին։ Սկսվեց տեխնիկական, կենցաղային, գեղարվեստական Ճ–ու արտադրությունը հայրենական նյութերից։ Նոր թեմատիկա էր յուրացվում սովետական ագիտացիոն Ճ–ու մեջ (Ս․ Վ․ Չեխոնին, Ա․ Վ․ Շչեկոտիխինա–Պոտոցկայա), ստեղծվում են համապարփակ նմուշներ, որոնք լայն ճանաչման են արժանանում նաև արտասահմանում։ 1930-ական թթ․ մեծանում է Ճ–ու զանգվածի ջնարակի բարձր որակով մասսայական արտադրանքի թողարկման պահանջը։ Մ. Վ․ Լոմոնոսովի (նախկին՝ Կայսերական), Դիմիտրովյան, Դուլևյան Ճ–ու գործարաններին կից ստեղծվում են գեղարվեստական լաբորատորիաներ, ուր փորձարկվում էին սովետական Ճ–ու նոր նմուշներ։ Գործարաններում աշխատում են բազմաթիվ խոշոր նկարիչներ և քանդակագործներ՝ ստեղծելով պարզ, լակոնիկ ձևեր, նկարազարդեր։ 1960–70-ական թթ․ Ճ–ու արտադրությունում կիրառվում են նոր, առավել կատարյաւ միջոցներ։
1978-ից Արտաշատում գործում է ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության Հայճենապակի արտադրական միավորման № 1 մասնաճյուղը:
Պատկերազարդումը տես 472-րդ էջից հետո՝ ներդիրում։
Գրկ. Селиванов А․ В․, Фарфор и фаянс Российской империи, Владимир, 1903; Кочетова С․ М․, Фарфор и бумага в искусстве Китая, М․–Л․, 1956; Андреева Л․ В․, Советский фарфор, 1920–1930 гг․, М․, 1975; Jedding Н., Europaisches Pofzellen, Bd 1–2, München, 1971: Հ․ Հարությունյան ՃԵՆՏԵՐԵՃՅԱՆ Մուշեղ, Մուշեղ Իշխան [ծն․ 1913, Սիվրիհիսար (Անկարայի նահանգ, Թուրքիա)], հայ բանաստեղծ, մանկավարժ, լրագրող։ 1915-ին Ճ–ների ընտանիքը տեղահանվել է, 1923-ին՝ հաստատվել Դամսակոսում։ Ճ տպագրվել է 1930-ական թթ․։ Հրատարակել է «Տուներուն երգը» (1936), «Կրակը» (1938), «Կյանք և երազ» (1949), «Ոսկի աշուն» (1963), «Տառապանք» (1968) բանաստեղծությունների ժողովածուները, «Հայաստան» (1946) և «Ողջույն քեզ, կյանք» (1958) պոեմները, «Հացի և լույսի համար» (1951), «Հացի և սիրո համար» (1956) վեպերը, «Մեռնիլը որքան դժվար է» (1971) թատերախաղը և այլ գործեր։ Ճ․ երգել է սփյուռքահայ զանգվածների ծանր ու դաժան առօրյան։ Հայրենիքից կարված, ապագայի հեռանկարը կորցրած մարդու վիճակը պայմանավորել է նրա պոեզիայում հաճախակի հանդես եկող հոռետեսական և անկումային տրամադրությունները։Գ․ Սևան ՃԵՊԱՆԿԱՐ պլաստիկ արվեստներում, գրաֆիկայի, գեղանկարչության կամ քանդակագործության (ճեպաքանդակ) փոքրաչափ ստեղծագործություն, որն արվեստագետը կատարում է արագ և թռուցիկ կերպով։ Արվեստագետի աշխատանքային պրոցեսում մասնակի դիտարկումների և մտահղացումների արագ սևեռակումը Ճ–ի հիմնական նպատակն է։ Ճ․ կարող է կատարվել առանց բնորդի՝ հիշողությամբ կամ երևակայությամբ։ Ճ․ իր բնույթով մոտենում է էսքիզին։
ՃԵՊԵՃՅԱՆ Ռոբերտ (Ռոպերտ) Ավետիսի (ծն․ 2․8․1909, Այնթապ), հայ ակնաբույժ, կոկորդաբան, հասարակական գործիչ; Բժշկ․ գիտ․ թեկնածու (1970, Երևան)։ 1934-ին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1935-ից ապրում է Հալեպում, ուր 1948-ին հիմնադրել է «Ճեպեճյան ակնաբուժարանը», որը 1971-ից ակնաբույժների պատրաստման կենտրոն է։ Ճ․ կատարել է աչքի (հատկապես տրախոմա) և կոկորդի հիվանդությունների բուժման ու կանխարգելման աշխատանքներ։ Սիրիայում առաջինն է կիրառել ակնաբուժության ժամանակակից մեթոդները։ 1947-ին կատարել է աչքի եղջերապատվաստման վիրահատություն։ Մշակել է կոպերն անշարժացնելու նոր եղանակ դիթիլինով, առաջարկել ակնագնդի մեջ թափանցած երկաթի բեկորները հանող մագնիս և ակնաբուժական մի շարք գործիքներ։ 1948-ին հիմնել է Աչազրկության կանխարգելման սիրիական ընկերությունը, որի նախաձեռնությամբ Հալեպում բացվել է կույրերի առաջին դպրոցը (1955)։ 1948-ից ֆրանսիական ակնաբուժական ընկերության, 1965-ից՝ Սիրիայի ակնաբուժական ընկերության անդամ (1975–77-ին՝ նախագահ), 1979-ից՝ ՀՍՍՀ ակնաբույժների ընկերության պատվավոր անդամ, 1956-ից Սիրիայի ներկայացուցիչն է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում։ 1955-ին Զարեհ Գաբլանի հետ հիմնել է «Մարտիրոս Սարյան» նկարչական ակադեմիան։ Ճ–ի ջանքերով Սովետական Հայաստան են տեղափոխվել նկարիչներ Արմիսի և Ժ․ Օրագյանի որոշ գործեր, բազմաթիվ ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայկ․ ժանյակների հավաքածու են։ 1968–70-ին գլխավորել է ՀԲԸՄ Սիրիայի մասնաճյուղը։ 1968-ին ստեղծել է ՀԲԸՄ «Մատենագիտական հանձնախումբ», որը հրատարակում է գրքեր