Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/155

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանությունը դպրոցում», 1971, № 6։ Նույնի, Վերլուծականությունը հայերենի տարբեր մակարդակներում, «ՊԲՀ», 1972, № 3։ Ջահուկյան Գ․Բ․, ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե․, 1974։ Աբրահամյան Ս․Գ․ և ուրիշներ, ժամանակակից հայոց լեզու, հ․3, Ե․, 1976։ Սևակ Գ․, Հայոց լեզվի շարահյուսություն, Ե․, 1976։ Шахматов А․А․, Синтаксис русского языка, Л․, 1941; Мещанинов И․И․, Члены предложения и части речи, М․, 1945; Грамматика русского языка, т.1, М․,1953, т․2, ч․1, М․, 1954; Пешковский А․М․, Русский синтаксис в научном освещении, 7 изд․, М․, 1956․ Ա․ Աբրահամյան

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ, տվյալ լեզվի քերականական կանոններով ձևավորված շարահյուսական կաոուցվածք՝ բառերի կապակցություն կամ բառ, որը մտքի ձևավորման, արտահայտման և հաղորդման հիմնական միջոցն է։ Որպես լեզվական միավոր և շարահյուսության հիմնական կարգերից մեկը, Ն․ հակադրվում է բառակապակցությանն ու բառին և՝ իր ձևական կառուցվածքով, և՝ լեզվական նշանակությամբ ու ֆունկցիայով։ Ն․ բնորոշող հիմնական հատկանիշներն են ստորոգումը, քերականորեն ձևավորվածությունը և մտքի ավարտվածությունը։ Վերջինս իրականացվում է հնչերանգի օգնությամբ, այսինքն՝ Ն․ ունի նաև հնչերանգային ավարտվածություն։ Ստորոգման միջոցով, որը Ն-յան կառուցվածքային ու իմաստային հիմքը հանդիսացող ամենակարևոր հատկանիշն է, հաստատվում կամ ժխտվում է իրականության որևէ երևույթ, իրողություն, հատկանիշը դիմային և ժամանակային հարաբերությամբ վերագրվում է առարկային, տրվում է հաղորդվածի հարաբերությունը իրականությանը, ձևավորվում է միտքը։ Ստորոգումը դրսևորվում է քերականական (ձևաբանական ու շարահյուսական) և հնչերանգային միջոցներով (քերականորեն այն արտահայտվում է դեմքի, ժամանակի և եղանակի կարգերի միջոցով)։ Ստորոգման հետ անմիջականորեն կապված է Ն-յան եղանակի կարգը, որն իր լեզվական ձևերով (բայի եղանակ, եղանակավորող բառեր, հնչերանգ) արտահայտում է Ն-յան բովանդակության հարաբերակցությունը իրականությանը, այսինքն, ըստ խոսողի՝ Ն-յամբ հաղորդված երևույթների, իրողությունների իրական լինելը, հավանականությունը ևն։ Ստորոգումն ամենացայտուն կերպով արտահայտվում է ենթակայի և ստորոգյալի հարաբերությամբ, որոնք Ն-յան առանցքային կենտրոննեն, նրա գլխավոր անդամները։ Վերջիններս իմաստային ծավալման հետևանքով կարող են ստանալ լրացումներ, որոնք կոչվում են Ն-յան երկրորդական անդամներ։ ժամանակակից հայերենում Ն-յան անդամները կապակցվում են համաձայնությամբ, առդրությամբ և խնդրառությամբ։ Ըստ ստորոգման դրսևորման ձևի՝ Ն-ները լինում են երկկազմ և միակազմ։ Երկկազմ են կոչվում այն Ն-ները, որոնցում ստորոգումն արտահայտվում է գլխավոր անդամների՝ ենթակայի և ստորոգյալի հարաբերությամբ («Սուրենը աշակերտ է», «Սուրենը գնաց»)։ Սա Ն-յան կառուցվածքային հիմնական տիպն է։ Հաղորդման ժամանակ ոճական նպատակներով ենթակայի կամ ստորոգյալի զեղչումը չի փոխում Ն-յան կառուցվածքային տիպը (Այսօր չեմ կարող գալ Ն-յան ենթական բացակայում է, գեղչված է, սակայն այն երկկազմ է)։ Միակազմ են կոչվում այն Ն-ները, որոնցում ստորոգումը քերականորեն արտահայտվում է կամ միայն ստորոգյալի միջոցով, այսինքն՝ կա ստորոգման քերականական արտահայտության միայն մեկ եզրը, կամ այն չունի քերականական արտահայտություն և իրականացվում է հնչերանգի միջոցով (Լուսացավ և Լռել։ Ամառ)։ Ըստ հաղորդման նպատակի և երանգի (հնչերանգի) Ն-ները լինում են պատմողական, հրամայական, հարցական և բացականչական, ըստ ստորոգման քանակի՝ պարզ և բարդ։ Պարզ են կոչվում այն Ն-ները, որոնք պարունակում են մեկ ստորոգում («Այսօր շոգ է»)։ Դրանք կարող են լինել համառոտ՝ կազմված միայն գլխավոր անդամներից («Գնացքը մեկնեց», «Մթնեց»), և ընդարձակ, որոնք պարունակում են նաև երկրորդական անդամներ («Ճեպընթաց գնացքը Երևանից մեկնում է առավոտյան ժամը 8-ին»)։ Բարդ են կոչվում այն Ն-ները, որոնք պարունակում են երկու կամ ավելի ստորոգում։ Սրանք երկու կամ ավելի պարզ Ն-ների միավորումն են մեկ բարդ ամբողջության մեջ։ Բարդ Ն-յան բաղադրիչ պարզ Ն-ները իրար նկատմամբ մտնում են որոշակի շարահյուսական հարաբերության մեջ․ ըստ որում դրանցից մեկը կարող է ունենալ այնպիսի կառուցվածք կամ կրել կառուցվածքային այնպիսի փոփոխություն, որը հատուկ չէ պարզ Ն-յանը («Ես այդ մասին գիտեի, իսկ նա՝ ոչ»)։ Ըստ բաղադրիչների շարահյուսական հարաբերության բնույթի բարդ Ն-ները լինում են բարդ համադասական և բարդ ստորադասական, ըստ բաղադրիչների կապակցության եղանակի՝ շաղկապական և անշաղկապ (շարահարական)։ Ն․ Պառնասյան

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ երաժշտական, տես Պարբերույթ։

ՆԱԽԱԴԵՊ դատական, որևէ կոնկրետ գործով դատարանի այն որոշումը, որը համանման գործեր քննելիս նույն կամ ցածր ատյանի դատարանների համար կիրառվում է որպես պարտադիր կանոն։ Սովետական իրավունքը Ն․ չի ընդունում։ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում, Ավստրալիայում, Կանադայում ևն Ն․ ճանաչվում է իրավունքի աղբյուր և դրվում նրա համակարգի հիմքում։ Ըստ այդ երկրներում տարածված ուսմունքի, դատավորը ոչ թե ստեղծում է իրավունքի նորմ, այլ ձևակերպում է այն ամենը, ինչ բխում է «մարդու բնությունում ամփոփված իրավունքի ընդհանուր սկզբունքներից»։ Իրականում դատավորը հնարավորություն ունի հաշվի առնելով տվյալ գործի որևէ էական առանձնահատկություն, Ն-ի կիրառումից հրաժարվել, մտցնել միանգամայն նոր կանոն, մեկնաբանել կամ բազմաթիվ Ն-երից ընտրել ցանկացածը։ ԳՖՀ-ում, Բելգիայում ևն, իրավունքի կիրառման հարցերով որոշումներ կայացնելու, օրենքում նկատված բացերը վերացնելու, սովորույթը ճանաչելու ևն դեպքերում, Ն-ի հիման վրա գրանցվում կամ լրացվում է գործող օրենսդրությունը, մեկնաբանվում օրենքը։ Ն-ի իրավունքը ստեղծում է դատական կամայականությունների ազատություն։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐ, վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հասարակական դաստիարակության հիմնարկներ։ ՍՍՀՄ Ն․ հ-ի համակարգի մեջ մտնում են մանկամսուրները, մսուր-մանկապարտեզները, մանկապարտեզները։ Վ․Ի․ Լենինը մեծ նշանակություն տալով Ն․ հ-ի ցանցի զարգացմանը՝ այն անվանել է «Կոմունիզմի ծիլեր»։ ՍՍՀՄ-ում հասարակական նախադպրոցական դաստիարակությունը, որպես ժողկրթության համակարգի օրգանական մաս, գտնվում է կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության ուշադրության կենտրոնում։ Ն․ հ-ում երեխաների դաստիարակությունը տարվում է գիտականորեն հիմնավորված միասնական ծրագրով՝ սովետական նախադպրոցական մանկավարժության հիման վրա։ Ֆիզիկական և հոգեկան պակասությունունեցող երեխաների համար գործում են հատուկ Ն․ հ․, որոնք գտնվում են ՍՍՀՄ առողջապահության մինիստրության համակարգում։ Ն․ հ-ի աշխատակիցներ են պատրաստում մանկավարժական ուսումնարանները և մանկավարժական ինստ-ները։ Ն․ հ-ի աշխատանքի փորձը, հասարակական նախադպրոցական դաստիարակության մեթոդիկան և տեսությունը լուսաբանվում է «Դոշկոլնոյե վոսպիտանիե» («Дошкольное воспитание») ամսագրում։ Արտասահմանյան երկրներում Ն․ հ․ ունեն տարբեր անվանումներ, մանկապարտեզ, մայրական դպրոց, դպրոց փոքրիկների համար, Մոնտեսսորի դպրոցներ, նախադպրոցական կենտրոններ ևն։

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ, մանկավարժության բնագավառ, որն ուսումնասիրում է նախադպրոցական, այդ թվում և վաղ տարիքի երեխաների դաստիարակության օրինաչափությունները։ Սերտորեն կապված է մանկան հոգեբանության, տարիքային անատոմիայի ու ֆիզիոլոգիայի, մանկաբուժության և գիտության այլ ճյուղերի հետ։ Ն․ մ․ ընդհանուր մանկավարժությունից առանձնացել է XIX դ․ 2-րդ կեսին՝ կապված մի կողմից մանկան հոգեբանության զարգացման և գիտության ինքնուրույն բնագավառ դառնալու, մյուս կողմից՝ նախադպրոցական հիմնարկների հանդես գալուն տարածվելու հետ։ Երեխաների հասարակական դաստիարակության գաղափարը առաջինը հիմնավորել և պրոլետարական երեխաների համար առաջին նախադպրոցական հիմնարկը ստեղծել է անգլ․ ուտոպիստ-սոցիալիստ Ռ․ Օուենը։ XIX դ․ 60-ական թթ․ Ռուսաստանում Ն․ մ-յան զարգացման վրա հսկայական ազդեցություն ունեցավ Կ․Դ․ Ուշինսկին։ Մարքսիստական Ն․ մ-յան տեսական հիմքերի մշակման գործում մեծ դեր է խաղացել Ն․Կ․ Կրուպսկայան։ Որոշ կարևոր պրոբլեմներ լուսաբանել է Ա․Մ․ Մակարենկոն։ Նախադպրոցականների դաս-