Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտադրանքը վաճառվում է որպես սինդիկատի ընդհանուր սեփականություն։

Մ․ կ–ի զարգացման կարևորագույն կողմը կապված է բանկերի ու ֆինանսական այլ ինստուտների նոր դերի և մասնակցությունների համակարգի հետ։ Արտադրության ու կապիտալի համակենտրոնացման աճը նպաստեց նաև բանկային կապիտալի առավել համակենտրոնացմանը, որը XX դ․ սկզբին արդ․ զարգացած կապիտալիստական մի շարք երկրներում հասավ նոր մակարդակի։ Առաջացան բանկային մոնոպոլիաներ՝ բանկերի միավորումներ կամ բանկ–հսկաներ, որոնք իշխում են բանկային գործում։ Բանկային կարտելը խոշոր բանկերի համաձայնություն է դիվիդենդային միասնական քաղաքականության վարման, տրվող վարկերի դիմաց ընդհանուր տոկոսադրույքների սահմանման վերաբերյալ և այլն։ Բանկային սինդիկատը կամ կոնսորցիումը բանկերի համաձայնություն է համատեղ շահավետ խոշոր ֆինանսական գործառնություններ (արժեթղթերի բացթողում և իրացում, մեծ չափերի վարկերի տրամադրում ևն) կատարելու մասին։ Բանկային և արդ․ կապիտալների միաձուլմամբ առաջանում է ֆինանսական կապիտալ և օլիգարխիա ֆինանսական։

Ճյուղային և միջճյուղային մոնոպոլիստական միություններն առաջանում են նաև մասնակցությունների համակարգի միջոցով։ Այդ համակարգի վրա հիմնված ճյուղային միավորումը տրեստը, կապիտալիստների միություն է, որի մեջ մտնող ձեռնարկությունները չունեն արտադրական և առևտրական ինքնուրույնություն։ Մասնակիցները բաժնետերեր են, իրավունք ունեն մասնակցելու կառավարմանը և ստանալու շահույթի իրենց բաժինը։ Տրեստները միավորում են ինչպես միևնույն ճյուղի նույնասեռ արտադրանք արտադրող, այնպես էլ տեխնոլոգիապես հետևողականորեն միմյանց հեա կապված արդ․ ճյուղերի ձեռնարկությունները (օրինակ, քարածխի, մետալուրգիական, մեքենաշինական)։ Վերջին տեսակի տրեստները կոմբինատներ են։ Բանկային տրեստը մի քանի խոշոր կապիտալների միավորում է բաժնետիրության սկզբունքով։ Գլխավոր կապիտալիստական երկրներում ստեղծվել են նաև հատուկ բաժնետիրական ընկերություններ (Հոլդինգ ընկերություններ), որոնք կամ ֆինանսական հիմնարկություններ են (բանկեր, ինվեստիցիոն ընկերություններ), կամ արդ․ և առևտրական խոշոր կորպորացիաներ։

Մոնոպոլիաների հետագա զարգացումը կապված է 1920–30-ական թթ․ արտադրության կոմբինացման ուժեղացման հետ։ Կոմբինացման հիման վրա կազմավորվեց կոնցեռնը։ Այն մոնոպոլացման ձև է, որը միավորում է ձևականորեն անկախ արդ․ տարբեր ճյուղերի ձեռնարկություններ, առևտրական ֆիրմաներ, բանկեր, տրանսպորտային և ֆինանսական ընկերություններ՝ միասնական սեփականություն և դրանց նկատմամբ ֆինանսական վերահսկողություն սահմանելու միջոցով։ ժամանակակից պայմաններում լայնորեն տարածված է տրեստների փոխարկումը կոնցեռնների։ Բաժնետոմսերի հսկիչ ծրագրի (տես Հսկիչ ծրար բաժնետոմսերի) ձեռք բերմամբ «մայր ընկերությունը» իրեն է ենթարկում«դուստրերին», վերջիններս՝ «թոռներին» և այլն։ Այստեղ իրական իշխանությունը պատկանում է բուրգի գագաթին գտնվող ընկերությանը՝ գլխավոր ֆիրմային, որը վերահսկում է վիթխարի կապիտալ, մյուս ձեռնարկությունների վնասի կամ պարտավորության համար պատասխանատու է միայն ունեցած բաժնետոմսերի ծրարի գնի սահմաններում։ Բանկային կոնցեռնը ձևականորեն անկախ բանկերի միավորում է մեկ խոշոր բանկի ֆինանսական վերահսկողությամբ, որը տիրում է մյուս բանկերի բաժնետոմսերի հսկիչ ծրարը։ Բանկային կոնցեռնի տարատեսակ են «բանկային խմբերը», որոնք վերահսկվում են բանկերի բաժնետոմսերի հսկիչ ծրարի գնման համար հատուկ ստեղծված բաժնետիրական մեկ ընկերության (բանկային հոլդինգ ընկերություն) կողմից։

Իմպերիալիզմի զարգացման սկզբնական շրջանում կապիտալիստական յուրաքանչյուր երկրի բնորոշ էր մոնոպոլիաների այս կամ այն ձևը․ Գերմանիային՝ կարտելը, Ռուսաստանին և Ֆրանսիային՝ սինդիկատը, ԱՄՆ–ին և Անգլիային՝ տրեստը, ճապոնիային՝ կոնցեռնը։ Այժմ սինդիկատներ և տրեստներ «մաքուր» ձևով գրեթե չկան, տիրապետող են բազմաճյուղ կոնցեռնները։

Իմպերիալիզմի դարաշրջանի սկզբին մոնոպոլիաները սովորաբար նվաճում էին արդյունաբերության այս կամ այն ճյուղը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կապիտալները ներդրվում են (մասնավորապես՝ անկախ ընկերությունների բաժնետոմսերի գնման ուղիով) արտադրության տարբեր ոլորտներում։ Առաջանում է մոնոպոլիաների արտադրության դիվերսիֆիկացման միտում, որի հետևանքով ստեղծվում են (հիմնականում ԱՄՆ–ում) միավորումների նոր ձևեր՝ կոնգլոմերատներ, որոնք ամենատարբեր, հաճախ միմյանց հետ արտադրական որևէ կապ չունեցող արտադրության տեսակների միավորումներ են։

Մոնոպոլիաների տիրապետությունն ու զարգացումը արտադրության հանրայնացումը հասցնում են կապիտալիզմի ժամանակ հնարավոր բարձր աստիճանի, որը պահանջում է հասարակական մասշտաբով արտադրության պլանաչափ կարգավորում և կենտրոնացված վերահսկողություն։ Կյանքի են կոչվում տնտեսության կարգավորման նոր համակարգեր՝ միջճյուղային մոնոպոլիստական միություններ, պետ․ կարգավորում և ծրագրավորում։ Մակայն արտադրության միջոցների մասնավոր սեփականությունն անհնարին է դարձնում ամբողջ հասարակական արտադրության պլանաչափ զարգացումը։ Արտադրությունն ու աշխատանքը բարձր մակարդակով են կազմակերպվում յուրաքանչյուր մոնոպոլիայի ներսում, իսկ ամբողջ հասարակության մասշտաբով իշխում է արտադրության անարխիան։

Ժամանակակից պայմաններում մոնոպոլիաները զարգացել են լայնությամբ ու խորությամբ և վճռական ուժ դարձել համաշխարհային կապիտալիստական էկոնոմիկայի բոլոր ոլորտներում։ Կապիտալիստական երկրների ազգային եկամտի և ազգային հարստության առավել մեծ մասը կենտրոնացրել են մի բուռ խոշորագույն մոնոպոլիաներ։

Արդյունաբերական մոնոպոլիաներ:

Ավիահրթիռաշինություն։ Ավիահրթիռաշինական մոնոպոլիաները մտնում են ռազմաարդյունաբերական կոմպլեքսի մեջ։ Կապիտալիստական աշխարհում թողարկվող ավիահրթիռային տեխնիկայի 4/5-ը բաժին է ընկնում ԱՄՆ–ի մոնոպոլիաներին։ 1979-ին Պենտագոնի ռազմ, պատվերների 1/3-ը ստացան ավիահրթիռաշինական երեք ընկերություն՝ «Մաք Դոննելլ–Դուգլաս»-ի գլխավորությամբ։ «Դուգլաս էյարքրաֆթ»-ը հիմնադրվել է 1920-ին։ Աճելով ռազմ, պատվերների հաշ վին, «Դուգլաս էյարքրաֆթ»-ը երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում դարձավ ԱՄՆ–ի երրորդ ավիաընկերությունը։ 1967-ին այն միավորվեց «Մաք–Դոննելլ»-ի հետ և յուրացրեց «Ֆանտոմ Բ–Մ» կործանիչների սերիական արտադրությունը։ 1974-ից «Մաք–Դոննելլ–Դուգլաս»-ը Պենտագոնի համար թողարկում է «Հարպուն» հրթիռներ, 1975-ից՝ «Ֆ–15» և «Ֆ–18» կործանիչներ։ 1977-ին մոնոպոլիայի վաճառահանման ծավալը կազմել է 3,5 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 61,6 հզ․ մարդ։ «Լոքհիդ էյար–քրաֆթ»-ը (հիմնադրվել է 1932-ին, Կալիֆոռնիայում) առաջատար տեղ է գրավում ռազմատրանսպորտային ինքնաթիռների և ատոմային սուզանավերի համար հրթիռների արտադրության բնագավառում։ Նրա ձեռնարկությունները թողարկում են ռազմատրանսպորտային և դեսանտային նավեր, էլեկտրոնային սարքավորումներ, ուղղաթիռներ, ռեակտիվ կործանիչ–ռմբակոծիչներ։ 1977-ին կոնցեռնի վաճառահանման ծավալը կազմել է 3,4 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 55,1 հզ․ մարդ; «Բոինգ» ընկերությունը (1916, Միեթլ) աշխարհում առաջինն է տրանսպորտային ռեակտիվ ինքնաթիռների արտադրությամբ, «Մինիթմեն» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրության՝ գլխավոր կապալառուն։ 1977-ին վաճառահանման ծավալը կազմել 4 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 66,9 հզ․ մարդ։ Ռազմաարդյունաբերական կոմպլեքսի տիպիկ ներկայացուցիչ «Ջեներըլ Դայնըմիքս»-ը (1952, Մենթ Լուիս) իրականացնում է տիեզերական և օվկիանոսագիտական հետազոտություններ, թողարկում ռմբակոծիչներ և «Ատլաս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Պենտագոնի պատվերով յուրացնում է թևավոր հրթիռների արտադրությունը։ ԱՄՆ–ում, Կանադայում և Լատինական Ամերիկայի երկրներում ունի մոտ 80 դուստր ընկերություն։ 1977-ին վաճառահանման ծավալը կազմել է 2,9 մլրդ դոլլար, զբաղվածների թիվը՝ 73,3 հզ․ մարդ։ Ինժեներները և գիտնականները կազմում են աշխատողների ավելի քան 1/5-ը։ «Յունայթիդ թեքնոլոջիս»-ը (1934, Հարթֆորդ) մասնագիտացել է հզոր ռեակտիվ շարժիչների, ուղղաթիռների, էլեկտրոնային սարքերի արտադրության մեջ։ 1977-ին վաճառահանման ծավալը կազմել