Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լայան Ե․, Սիսիան («ԱՀ», 1898, №1 )։ Հովհաննեսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։
Գ․Շախկյան

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ, Վաղադնի վանք, հայ միջնադարյան ճարտարապետական համալիր ՀՍՍՀ Սիսիանի շրջանի Վաղուդի գյուղից 2 կմ հվ․, Որոտան գետի կիրճի եզրին։

Որոտնավանքի ընդհանուր տեսքը (մինչև 1931-ի երկրաշարժը)

Հուշարձանախմբի շենքերը տեղադրված են ուղղանկյուն բակի պարագծով, հիմնականում՝ հս․ և արլ․ կողմերում։ Առավել վաղ թվագրություն ունեցող կառույցը Սյունյաց Շահանդուխտ թագուհու կառուցած Ս․ Ստեփանոս թաղածածկ եկեղեցին է (1000 թ․)։ 1007-ին Շահանդուխտի որդի Սևադան եկեղեցուց հվ–արլ․ կառուցել է գմբեթավոր, եռախորան, չորս անկյուններում ավանդատներով Ս․ Կարապետ եկեղեցին։ Վանքի տարածքում, այս երկու եկեղեցիներից դեպի արմ․, պահպանվել են նաև թաղածածկ գավիթը և այլ կիսավեր շենքեր։ Ո․ շրջապատված

Որոտնավանքի գլխավոր հատակագիծը

է եղել պարսպապատերով, ընդ որում հուշարձանների հս․ պատերը վանքի պաշտպանական համակարգի մասն են կազմել։ 1931-ի երկրաշարժից փլվել են Ս․ Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը:
Գրկ․Մնացականյան Ս․, Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե․, 1960։ Դիվան հայ վիմագրության, պր․ 2, Ե․, 1960 (կազմ․ Ս․ Բարխուդարյան)։
Ս․ Մնացականյան

ՈՐՈՐՆԵՐ (Laridae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Մարմնի երկարությունը 20 սմ–ից (փոքր ծովածիծառ) մինչև 76 սմ է (բևեռային որոր)։ Որոշ տեսակների կտուցը բարակ, ուղիղ և սրածայր է, մյուսներինը՝ ավելի հզոր, կեռ ծայրով, ելուստավոր ներքնակտցով, հաճախ՝ վառ գունավորված։ Թևերը երկար են, սուր, երկարատև թռիչքների հարմարված, որոշ Ո․ ընդունակ են սավառնող թռիչքի։ Ոտքերը համեմատաբար կարճ են, ամբողջական կամ կտրտված լողաթաղանթներով։ Լավ լողում են, որոշ տեսակներ (ծովածիծառներ) նաև սուզվում են։ Փետրածածկը խիտ է և չթրջվող։ Արուները և էգերը միագույն են, բայց խիստ գունափոխվում են ըստ սեզոնի և տարիքի։ Գերակշռում են սպիտակ, մոխրագույն, սև գույները։ Մերձափնյա թռչուններ են։ Բնադրում են, գլխավորապես գաղութներով, ծովերի, լճերի, գետերի առափնյա ծանծաղուտներում, ժայռերում,

Արծաթափայլ որոր

եղեգնուտներում ևն։ Մոնոգամ են։ Դնում են 1–4 միագույն կամ բծավոր ձու։ Թխսում և ձագերին խնամում են էգը և արուն։ Տարածված են ամենուրեք։ Կան և՝ չվող, և՝ մշտաբնակ տեսակներ։ Սնվում են ձկներով, ջրային անողնաշարավորներով, լեշով, այլ թռչունների ձվերով ու ձագերով, ինչպես նաև միջատներով, մանր կրծողներով ևն։ Գլխավորապես օգտակար թռչուններ են։ Հայտնի է Ո–ի 82 (ՍՍՀՄ–ում՝ 20) տեսակ, ընդգրկված 2 ենթաընտանիքներում՝ բուն Ո․ և ծովածիծառներ։ ՀՍՍՀ–ում հանդիպում է Ո–ի 5 տեսակ։ Ամենատարածվածը և բազմաքանակը՝ հայկական արծաթափայլ Ո․ (Larus argentatus armenicus But․), բնադրում են Սևանի ավազանում և Արփա լճում։ Մշտաբնակ են։ Մտցված են ՀՍՍՀ «Կարմիր գրքի» մեջ։ Արփա լճում բնադրում են նաև չվող լճային Ո․ (L․ ridibundus Լ․)։ Մնացած տեսակները ՀՍՍՀ–ում հանդիպում են միայն չվելիս։
Ն․ Մարգարյան

ՈՐՍ, վայրի թռչուններ և կենդանիներ՝ որսորդական արդյունագործության և սպորտային որսորդության օբյեկտներ, որոնց միսն օգտագործվում է սննդի մեջ։ Բացի մսից Ո–ից ստացվում է նաև փետուր, աղվափետուր, մորթի, եղջյուր։ Որսորդական դասակարգմամբ թռչունները համարվում են փետրավորներ, իսկ կենդանիները՝ չորքոտանիներ։ Փետրավորները ըստ ապրելու վայրի բաժանվում են՝ անտառայինների (աքար, ցախաքլոր, խլահավ, չիլ կաքավ, անտառակտցար), դաշտայինների և տափաստանայինների (մոխրագույն կաքավ, լոր, փասիան, մեծ արոս, արոս ևն), ճահճայինների (կտցար, մորակտցար ևն), ջրլողների (բադ, սագ ևն), լեռնայինների (լեռնային հնդկահավ, քարակաքավ ևն)։ Չորքոտանի Ո–երից են նապաստակները և վայրի կճղակավորների շատ տեսակները (եղջերուն, տափաստանային ու լեռնային այծքաղները, վայրի այծերը, ոչխարները, կինճը ևն)։ Փետրավորներից առավել արդյունագործական նշանակություն ունեն ջրլողները (տարեկան որսվում են մոտ 30 մլն փետրավոր), իսկ չորքոտանիներից՝ հատկապես նապաստակը (տարեկան մոտ 5 մլն) և վայրի երկկճղակավորների շատ տեսակները։ Տես նաև Որսորդություն, Որսորդական տնաեսություն ՍՍՀՄ, Որսորդական օրենսդրություն ՍՍՀՄ, Որսորդաարդյունագործական թռչուններ, ինչպես նաև առանձին թռչունների մասին հոդվածները (օրինակ, Կաքավներ, Արոս ևն)։

ՈՐՍ ԱՊՕՐԻՆԻ, տես Որսագողություն։

ՈՐՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ, վայրի կենդանիների ձեռքբերումը կամ ոչնչացումը որսորդության, ձկնորսության կանոնների և կենդանական աշխարհի պահպանման մասին օրենսդրության այլ պահանջների խախտմամբ։ Սովետական օրենսդրությամբ Ո․ է համարվում՝ 1․ որսորդությունը կամ ձկնորսությունը՝ առանց համապատասխան մարմնի թույլտվության, 2․ որսորդությունը կամ ձկնորսությունը արգելված վայրերում, արգելված ժամանակ կամ արգելված միջոցներով (մեթոդներով, գործիքներով), 3․ «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսը, 4․ վայրի կենդանիների թույլատրված չափից ավելի որսը, 5․ օգտակար թռչունների ձվերի, փետուրների հավաքումը, թռչնաբների, որջերի ու բների քանդումը, կենդանական աշխարհի պահպանման կանոնների այլ խախտումները։ Կախված հանրության համար վտանգավորության աստիճանից, Ո–յան համար նախատեսվում է քրեական կամ վարչական պատասխանատվություն։ Քրեական իրավունքում «Ո․» տերմինը չի օգտագործվում։ Ո–յան համար պատիժ նախատեսող հոդվածում (ՀՍՍՀ քրեական օրենսգիրք, հոդված 168) արարքը համարվում է ապօրինի որս։ Օրենքով նախատեսված կարգով քրեական կամ վարչական պատասխանատվության ենթարկվածները պարտավոր են նաև հատուցել վնասները։ Ո․ արգելվել է նաև հին և միջնադարյան պետություններում (Եգիպտոս, Բաբելոն, Հռոմ, Բյուզանդիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան ևն)։ Ո–յան մասին հիշատակել են Մովսես Խորենացին, Փավստոս Բուզանդը, Սեբեոսը, իսկ Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, Հովհաննես Գ Օձնեցու «Կանոնագիրք Հայոց» –ում Ո–յան պատժելիության մասին կան ամբողջական նորմեր։
Ա․ Թովմասյան

ՈՐՍԻՐԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգում, Մեծ Զավի Որսիրանից (այժմ՝ Գավառ կամ Նեհիլ) վտակի հովտում։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Կորճայքի հետ անցել է Սասանյան Պարսկաս–