Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գելք (պահեցողություն)։ Առաջացել է հնագույն դասակարգային հասարակություններում գոյություն ունեցած մի քանի պաշտամունքային սահմանափակումներից, ուտելիքի սակավության հետևանքով մարդկանց ինքնազրկումն ստացել է սովորույթներով օրինականացված արգելքի (տաբու) ձև։ ժամանակակից կրոններում Պ․ հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության վերաբերյալ ուսմունքով։ Քրիստոնեական, մահմեդական, հուդայական կրոններում Պ․ հավատացյալների մեջ հավատի ամրապնդման միջոցներից է։ Ուտեստի արգելքներին տրվում է նաև մաքրագործական և ճգնակեցական նշանակություն։ Ուղղափառության մեջ սահմանված են չորս բազմօրյա Պ–եր․ մեծ Պ․ (7 շաբաթ), Պետրոսի (ի պատիվ Պողոս և Պետրոս առաքյալների) կամ առաքելական Պ․ (1–5 շաբաթ՝ կապված Զատկի տոնի ժամանակի հետ), ծննդյան Պ․ (6 շաբաթ), վերափոխման Պ․ (2 շաբաթ)։ Դրանցից բացի, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ, ինչպես նաև տոնական որոշ այլ օրերի սահմանված են միօրյա Պ–եր։ Կաթոլիկ ու թյան մեջ բազմօրյա Պ–եր չկան։ Պ․ պահում են Մեծ Պ–ի առաջին շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Վերափոխման և Ծննդյան տոների նախօրյակներին։ Բողոքականությունը (բացառությամբ անգլիական եկեղեցու) չունի պարտադիր Պ–եր։ Մահմեդականության մեջ գլխավոր Պ․ ուրագան է, որի ժամանակ ռամազան ամսին արևածագից մինչև մայրամուտ արգելված են ուտելը, խմելը, ծխելը, ուրախանալը, սեռական հարաբերությունները ևն (այդ ամենը թույլատրվում է միայն գիշերը)։ Ուրազայից ազատվում են մանուկները, հղի կանայք, կերակրող մայրերը և ծանր հիվանդները։ Ուղևորներին ու մարտադաշտի զինվորներին արտոնվում է ուրագան փոխել այլ ամսում։ Հուդայական կրոնում կան հասարակական (սահմանված են ի նշան սգո, ապաշխարանքի օրերին, ի հիշատակ ժողովրդի կյանքում զանազան պատմ․ իրադարձությունների) և անհատական (ըստ ուխտի կամ երդման) Պ–եր։

Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի՝ տարվա մեջ նախատեսված է գրեթե 160 Պ–ի օր, որից 117-ը՝ ծիսական։ Պ–ի օրեր են յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթին և ուրբաթը (բացառությամբ՝ Զատկի քառասունքի և Ծննդյան 8 օրվա)։ 48 օր տևում է Մեծ Պ․ (Բուն բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ ուրբաթ)։ Յուրաքանչյուր ամիս ունի 5–6 Պ–ի օր (ընդհանուր առմամբ՝ տարեկան 10 շաբաթ)։ Պ–ի ժամանակ թույլատրվում է ուտել բանջարեղեն և մեղր։ Ձուկ և կաթնամթերք թույլատրվում է ուտել տերունական 5 մեծ տոներին (Աստվածահայտնության, Հարության, Այլակերպության, Վերափոխման, Խաչվերաց) պատարագից հետո։ Ծոմը, որպես Պ–ի հավելված, հատկանշվում է ուտելու, խմելու, ծխելու պահեցողությամբ (մինչև կեսօր)։

Կապիտալիստ, երկրներում այժմ պահեցողությունը խստիվ չի արտահայտվում։ Սոցիալիզմի պայմաններում պահեցողությունը գրեթե վերացել է՝ սովորույթի ուժով պահպանվելով միայն որոշ տարեց մարդկանց մոտ։

ՊԱՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Տատիկ գավառակում։ 1909-ին ուներ 58 տուն (441 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են Արևեւյան Հայաստանում և այլուր։

ՊԱՍԱԺ աստղագիտությունում (< ֆրանս․ passage – անցում), երկնային լուսատուների՝ որոշակի ուղղաձիգ գծով (սովորաբար միջօրեականով) անցնելու պահը որոշելու աստղաչա փական գործիք։ Օգտագործվում է լուսատուի ուղղակի ծագումը (աստղագիտական կոորդինատներ) և ժամացույցի սխալը որոշելու նպատակով։ Պատրաստել է դանիացի աստղագետ 0․ Ռյոմերը (Օ․ Romer, 1644-1710)՝ 1689-ին։ Պ․ կազմված է հորիզոնական առանցքի շուրջը պտտվող հեռադիտակից։ Օբյեկտիվի կիզակետային հարթությունում տեղադրված է միկրոմետր՝․ Օկուլյարն ունի ուղղաձիգ գծեր՝ լուսատուների անցման պահերը հատուկ կոճակով կամ ինքնագրով ճշգրիտ որոշելու համար։

ՊԱՍԿԱԼ (Pascal) Բլեզ (1623-1662), ֆրանսիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս, փիլիսոփա, գրող։ Ծնվել է իրավաբանի ընտանիքում։ Պ–ի մաթ․ արտակարգ ընդունակությունները դրսևորվել են դեռ վաղ հասակում։ Առաջին մաթ․ տրակտատում («Կոնական հատույթների տեսության փորձը», 1639, հրտ․ 1640-ին) շարադրել է պրոյեկտիվ երկրաչափության հիմնական թեորեմներից մեկը (Պասկալի թեորեմ)։ 1641-ին (այլ տվյալներով՝ 1642-ին) ստեղծել է գումարող մեքենա։ Պ–ի մի շարք աշխատանքներ նվիրված են թվաբանությանը, թվերի տեսությանը, հանրահաշվին և հավանականությունների տեսությանը։ Գտել է ամբողջ թիվը մի այլ ամբողջ թվի բաժանելու հատկանիշների որոշման ընդհանուր ալգորիթմը, երկանդամային գործակիցների հաշվման եղանակը (Պասկալի և ռանկյուն, տես Թվաբանական եռանկյուն)։ Բնութագրական եռանկյան մասին Պ–ի թեորեմը դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվների ստեղծման սկզբնաղբյուրներից է եղել։ Իր աշխատանքներում Պ․ առաջինն է ճշգրիտ սահմանել և ապացուցման համար կիրառել մաթ․ ինդուկցիայի մեթոդը։ էական ավանդ է ներդրել նաև անվերջ փոքրերի անալիզի զարգացման գործում։ Պ․ դասական հիդրոստատիկայի հիմնադիրներից է․ սահմանել է դրա հիմնական օրենքը (տես Պասկաչի օրենք), բացատրել հիդրավլիկական մամլիչի գործողության սկզբունքը։ Պ–ի անունով է կոչվում ճնշման և մեխանիկական լարման միավորը (պասկաչ) Միավորների միջազգային համակարգում։

Պ–ի գիտական գործունեությանը հակադիր է նրա կրոնամիստիկական աշխարհայացքը։ Լինելով նոր ժամանակի գիտության կերտողներից, ճշմարտության ապացուցման և ստուգման ռացիոնալիստական մեթոդի հիմնավորողներից և աջակցելով ճիզվիտների դեմ յանսենականների պայքարին [այդ Նպատակով գրել է «Նամակներ մի գավառացու» (1657) պամֆլետը՝ ֆրանս․ երգիծաբանության գլուխգործոցը]՝ նա այսուհանդերձ բացահայտորեն պաշտպանել է կրոնը։ 1655-ից վարել է կիսաճգնավորական կյանք (Պոր-Ռուայալ դը Շան աբբայությունում)։ «Խորհրդածություններ․․․» (1656–62, հրտ․ 1669, ճշգրտված հրտ․ 1844, հայ․ հրտ․ 1844) անավարտ փիլ․ երկում առաջ է քաշել մարդու երկակի բնության մասին դրույթը գոյաբանական առումով մարդը հոգու և մարմնի, բարոյական առումով՝ բարու և չարի միացումն է։ Ըստ Պ–ի, մարդը նման է մահապատժի իր հերթին սպասող մահապարտի, նա սահմանափակ, ապականված և չնչին արարած է՝ անկարող ճանաչելու աշխարհը։ Ընդգծեւով մարդու ողբերգականությունն ու դյուրաբեկությունը՝ Պ․ միևնույն ժամանակ մարդու արժանիքն է համարում մտածելու ունակությունը (մարդը «մտածող եղեգ»)։ Նա մարդու փրկության միակ ուղին տեսնում է քրիստոնեական հավատի մեջ։ Պ–ի հոռետեսական գաղափարները (մարդկային գոյությունը որպես իմաստավորման ելակետ, մահը որպես գլխավոր փիլ․ կատեգորիա ևն) հարազատ են էկզիստենցիալիզմին։

Գրկ․ Кляус Е․ М․, ПогребысскийИ․ Б․, Франкфурт У․ И-, Паскаль, М․, 1971․

ՊԱՍԿԱԼ (Բ․ Պասկալի անունով), ճնշման և մեխանիկական լարման միավորի անվանումը Միավորների միջազգային համակարգում։ Պ․ 1 ն ուժի առաջացրած այն ճնշումն է, որը հավասարաչափ բաշխվում