Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կավոր մկներ) մինչև 75-160 սմ է (մոխրագույն կենգուրու): Արտաքին տեսքը խիստ բազմազան է։ Պոչը սովորաբար լավ զարգացած է, մորթին՝ խիտ, Փափուկ, երբեմն՝ քիստամազերով։ Պ-ին բնորոշ են հետանցքային գեղձերը։ Տեսակների մեծամասնության էգերն օժտված են իրենից մաշկի ծալք ներկայացնող պարկով, որտեղ պահում են ձագերին։ Տարբեր Պ-ի մոտ պարկը կարող է բացվել դեպի առաջ, ետ. երբեմն այն առաջանում է կողքային փոքր ծալքերից կամ բացակայում է։ Պտուկները (2-6) բացվում են պարկի մեջ. պարկ չունեցող տեսակներինը (մինչև 25) տեղադրված են մարմնի կողքերում։ Մարմնի ջերմաստիճանը 34-36°C է։ Տարածված են Ամերիկայում (պարկամկներ, ցենոլեստներ), Ավստրալիայում ու շրջակա կղզիներում (մնացած ընտանիքները): Ամենապարզունակ Պ. պարկամկներն են, որոնցից սկիզբ են առնում մյուսները։ Հարմարվածության բազմազանությամբ քիչ են զիջում ընկերքավորներին. ապրում են ամենաբազմազան պայմաններում։ Սնվում են բույսերով, ցամաքային ողնաշարավորներով, միջատներով, շատ տեսակներ ամենակեր են։ Բազմանում են տարեկան մեկ կամ մի քանի անգամ։ Հղիությունը 8-40 օր է։ Ծնվում են թերաճ, 0,5-3 սմ երկարությամբ ձագեր, որոնք ծնվելուց անմիջապես հետո տեղավորվում են մոր պարկում և կախվում պտուկներից։ Ձագերը կաթով սնվում են ավելի քան 2 ամիս, իսկ պարկի մեջ մնում են մինչև 8 ամիս։ Պարկ չունեցող տեսակները ձագերին կրում են մեջքին։ Պ-ի տնտ. նշանակությունն աննշան է։ Որոշ խոշոր Պ-ի որսում են մսի և մորթու համար։ Առանձին տեսակների քանակը խիստ կրճատվել է. 23 տեսակ գտնվում է ոչնչացման եզրին և գրանցված է «Կարմիր գրքում»: Բ. Մարտիրոսյան

ՊԱՐԿԵՏ (ֆրանս. parquet - ռանդած), ոչ մեծ փայտաձողեր՝ հատակը պատելու համար։ Պ. են անվանում նաև այդպիսի հատակի պատվածքը (արտաքին շերտը): Կիրառվում է, սովորաբար, բնակելի և հասարակական շենքերում։ Աչքի է ընկնում գեղեցիկ արտաքին տեսքով, երկարակեցությամբ, փոքր ջերմա- և ձայնահաղորդականությամբ։ Պ. պատրաստելու համար օգտագործում են, հիմնականում,

ամուր ծառատեսակներ (կաղնի, հաճարենի, հացենի, կեչի են), իսկ գեղարվեստական Պ-ի համար՝ թանկարժեք ծառատեսակներ (ընկուզենի, կարմրափայտ են): Պ. լինում է հատային (150-450 մմ երկարությամբ, 30 60 մմ լայնությամբ և մինչև 20 մմ հաստությամբ փայտաձողեր), հավաքովի կամ մոզաիկ (ըստ նախշանկարի հավաքված և հատուկ թղթի վրա սոսնձված փայտաձողերի թերթեր) և վահանակային (տախտակներից կամ փայտաթելային սալիկներից պատրաստված վահանակներ, որոնց վրա սոսնձված է ամուր փայտանյութի մանր ձողերից բաղկացած արտաքին շերտ):

ՊԱՐԿԻՆՍՈՆՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, դողացող լուծանք, կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ։ Առաջինը նկարագրել է անգլիացի բժիշկ Ջ. Պարկինսոնը (J. Parkinson), 1817-ին։ Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է։ Հաճախ հիվանդանում են տարեց տղամարդիկ։ Պատճառներն են՝ ուղեղաբորբը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, գլխի վնասվածքները, թունավորումները (բարբիտուրատներով, շմոլ գազով): Երբեմն հիվանդության պատճառը հնարավոր չէ պարզել։ Պ. պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության նյութ) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի մեդիատորների հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման։ Գլխուղեղի մորֆոլոգիական հետազոտությամբ հայտնաբերվում է ենթակեղևային գոյացությունների սև նյութի բջիջների քայքայում։ Հիմնական ախտանշաններն են. ձեռքերի և ոտքերի մշտական դող, դիմականման դեմք, թքահոսություն, մկանների տոնուսի բարձրացում, ընդհանուր կաշկանդվածություն, շարժումների դանդաղում են։ Խոսակցությունը միապաղաղ է, առանց էմոցիոնալ երանգավորման։ Բ ու ժ ու մ ը. դոֆամինի կոնցենտրացիան նորմալացնող 1-դոֆային և արտանի խմբի պատրաստուկներով (սակայն հաճախ առաջացնում են կողմնային երևույթներ), կենտրոնական ազդեցության խոլինոլիտիկ դեղամիջոցներ։ Դեղորայքային բուժման անարդյունավետության դեպքում՝ վիրաբուժական միջամտություն՝ ստերեոտաքսիկ մեթոդով։

ՊԱՐՀԱԿ, տես Աշխատանքային պարհակ։

ՊԱՐՄԵՆԻԴ (Պարմենիդես) (Παρμενίδης) Էլեացի (Հարավային Իտալիա մ. թ. ա. մոտ 540 V դ. սկիզբ), հին հուն, փիլիսոփա, էլեական դպրոցի ներկայացուցիչ։ Զբաղվել է նաև օրենսդրությամբ։ Սկզբունքորեն զանազանել է մտածողությունը և զգայությունը, դրանց համապատասխան՝ մտքերի աշխարհը և զգայաբար ընկալվող աշխարհը։ Մտածողությունը և մտածողությամբ ըմբռնվող աշխարհը «միասնական» են, որը Պ. բնութագրել է որպես կեցություն, հավերժություն և անշարժություն, միատարրություն, անբաժանելիություն և ավարտվածություն՝ այն հակադրելով լինելությանը և թվացող հոսունությանը։ Պ. տվել է կեցության և մտածողության նույնության առաջին ձևակերպումը. «միևնույն բանն է՝ մտածել և լինել»: Նա ճշմարտության չափանիշ է համարել բանականությունը։ Պ-ի ըմբռնմամբ զգայական աշխարհը կրակի և հողի, լույսի և խավարի, տաքության և սառնության, նոսրի և թանձրի, թեթևի և ծանրի խառնուրդ է։ Անվստահությունը զգայարանների տվյալներին, մտահայեցողության գերագնահատումը իդեալիզմի և նույնիսկ ռացիոնալիզմի տարր են մտցնում Պ-ի աշխարհայացքում։

ՊԱՐՄԻՋԱՆԻՆՈ (Parmigianino իսկականն՝ Մացցոլլա Mazzola) Ֆրանչեսկո (1503-1540), իտալացի նկարիչ։ Պ-ի ստեղծագործությունը ձևավորվել է Կոռեջոյի արվեստի ազդեցությամբ։ Նրա վաղ շրջանի գործերին (Պարմայի Սան Ջովաննի էվանջելիստա եկեղեցու որմնանկարները, 1522, «Ուռուցիկ հայելու անդրադարձումով ինքնանկար», 1524, Գեղարվեստապատմական թանգարան, Վիեննա) արդեն բնորոշ են մարմինների համամասնությունների ձգվածությունը, համարձակ կրճատումները, օպտիկական էֆեկտները։ Յուրովի վերաիմաստավորելով Միքելանջելոյի և Ռաֆայելի ստեղծագործությունը՝ Պ. դարձել է մաներիզմի առաջատար ներկայացուցիչներից։ Նրա նրբագեղ գծանկարն ու գունապատկերը օգնել են կյանքից հեռու, խորհրդավոր, սառը-զգայական գեղեցկության իդեալի մարմնավորմանը («Երկար պարանոցով Տիրամայրը», 1534-40, Ուֆֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա): Պ-ի դիմանկարները տոգորված են ազնվական ներփակվածության ու ներքին տագնապի ոգով և մեծ դեր են խաղացել այդ ժանրի սուբյեկտիվ-հուզական ուղղության զարգացման գործում։ Պ-ի գծանկարները և օֆորտները (Իտալիայում՝ առաջինը) նույնպես աչքի են ընկնում կատարման վիրտուոզությամբ։

ՊԱՐՆՈԿ, Սոֆյա Յակովլևնա (30.711.8 1885 Տագանրոգ, 26.8.1933 Մոսկվա) ռուս սովետական բանաստեղծուհի, թարգմանչուհի։ Տպագրվել է 1906-ից։ 1916-ին հրատարակել է «Բանաստեղծություններ» գիրքը։ Հարել է կլասիցիզմին հակված, բանաստեղծության պարզությունն ու ներդաշնակությունը հավաստող «Քնարական շրջանակ» խմբին։ Պ-ի պոեզիայում մեծ տեղ են գրավում անտիկ դիցաբանության, աստվածաշնչի կերպարները, արվեստի, սիրո, մահվան թեմաները, միայնության մոտիվները։ «Պիերիայի վարդերը» անթոլոգիական ժողովածուի (1922), «Որթ» (1923), «Երաժշտություն» (1926), «Կես ձայնով» (1928) ժողովածուների հեղինակ է։ Հանդես է եկել նաև որպես քննադատ (Անդրեյ Պոլյանին կեղծանունով), Շ. Բոդլերի, Ռ. Ռուանի, Մ. Պրուստի,