Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի մասը ւոուժեց։ Բարդ, հաճախ աննպաստ պայմաններում էր գտնվում գիտությունը «մեծ թռիչքի» տարիներին։ հատկապես ծանր վիճակի մեջ էր կենսաբանական և գյուղատնտ․ գիտությունը։ Ընդհատվեցին մի շարք հիմնարար հետազոտություններ։ Կրճատվեցին տեսական բազմաթիվ մշակումներ։ Չին ղեկավարները գիտակցաբար սահմանափակում էին գիտության զարգացումը և նույնիսկ ժխտում էին գիտությունը այն դեպքերում, երբ գիտ․ հանձնարարականները հակադրվում էին իրենց տեսական աշխարհայացքին կամ պրակտիկ գործունեությանը։ 1960-ից սկսվեց ՍՍՀՄ–ի հետ գիտատեխ․ համագործակցության սառեցումը։

1950-ական և 60-ական թթ․ սկզբին արտասահմանից Չ․ վերադարձավ 4,5 հզ․ գիտնական և ինժեներ։ Գիտ․ հետազոտությունների ծախսերը աճեցին, բայց դրանք հատկացվում էին հիմնականում ատոմային U հրթիռային տեխնիկային։ «Կարգավորման» քաղաքականության ժամանակաշրջանում (1961–69) չին․ ղեկավարության քաղ․ ճնշումը գիտ․ կադրերի վրա թուլացավ, աշխատավարձը բարձրացավ։ Սակայն այդ ժամանակաշրջանում գիտահետազոտական աշխատանքները սահմանափակված էին համեմատաբար փոքրաթիվ ուղղություններով՝ հրթիռամիջուկային զենք և դրա հետ կապված արդ․ ճյուղերի ստեղծում, քիմ․ պարարտանյութերի, պլաստմասսաների, քիմ․ թելերի, պողպատի և մետաղագլանվածքի արտադրության ընդլայնում, որոշ նոր մեքենաների և սարքավորումների թողարկում։ ՉԺՀ–ն անընդհատ կրճատում էր գիտատեխ․ կապերը ՍՍՀՍ–ի և մյուս սոցիալիստական երկրների հետ և միաժամանակ ընդլայնում էր կապերը Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ԳՖՀ–ի, Իտալիայի և այլ կապիտալիստական երկրների հետ։ Գիտ․ կադրերի պակասի հետևանքով չին ղեկավարները 1961-ին Չ․ են հրավիրում արտասահմանյան գիտնականներ։ 1963-ին չին․ կառավարությունը ուսանողներ և գիտնականներ է գործուղում Արմ․ Եվրոպայի երկրները։ 1963-ին (ըստ արտասահմանյան մամուլի տվյալների) ՉԺՀ–ում ընդունվեց գիտության և տեխնիկայի զարգացման 10-ամյա պլան, որի հիմնական նպատակն էր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծումը։ 1962–64-ին գիտ․ հետազոտությունների վրա ծախսվել է (ըստ արտասահմանյան փորձագետների հաշվարկների) տարեկան 2 մլրդ ամեր․ դոլլար, որի 3/4-ը ծախսվել է հրթիռամիջուկային պոտենցիալի ապահովմանը։ «Կուլտուրական հեղափոխությունը» և դրա հետևանքով առաջացած երկրի էկոնոմիկայի խարխլումը բացասաբար անդրադարձան չին․ գիտության և տեխնիկայի զարգացման վրա, ռեպրեսիայի ենթարկվեցին շատ գիտնականներ։ Գործնականում կրճատվեցին գիտ․ աշխատանքները բուհերում։

1971–72-ին բնական և տեխ․ գիտությունների վիճակը սկսեց որոշ չափով բարելավվել։ «Կուլտուրական հեղափոխության» հետևանքով ընդհատված մի շարք գիտահետազոտական հիմնարկների գործունեությունը վերականգնվեց։ Ակտիվացան գիտատեխ․ կապերը կապիտալիստական երկրների հետ։ Գիտ․ հիմնարկների մեծ մասը զբաղված էր կիրառական հետազոտությունների, գլխավորապես ռազմ, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ճյուղերում։

Մեծ նշանակություն է տրվում Չ–ում այն գիտ․ աշխատանքներին, որոնք կապված են բնական ռեսուրսների հետազոտմանն ու օգտագործմանը։ Շնորհիվ երկրաբանական հետազոտ ությունների զարգացման, որի կազմակերպմանը մեծ օգնություն էր ցույց տվել ՍՍՀՄ–ը 50-ական թթ․, հայտնաբերվեցին ածխի, երկաթի հանքի, գունավոր և հազվագյուտ մետաղների, ոչ մետաղային օգտակար հանածոների պաշարներ։ Մակայն հուսալի հանքահումքային բազա (նիկելի, քրոմի, պլատինոիդների և ալմաստների) ՉԺՀ–ում դեռ չի ստեղծվել։ 50–60-ական թթ․ հետախուզվել են նավթի խոշոր հանքավայրեր։ Կատարվել են խոշոր հիդրոտեխնիկական հետազոտություններ։ 50-ական թթ․ մշակվել են Հուանհե և Ցանցզի գետերի վրա հիդրոտեխ․ կառույցների ստեղծման նախագծերը, դրանց ստեղծումը դադարեցված է տնտ․ դժվարությունների պատճառով։

Չին․ աշխարհագրագետների աշխատանքները մեծ նշանակություն ունեն նոր երկաթուղային և խճուղային ճանապարհների ընտրության համար (հատկապես երկրի ծայրամասային շրջաններում), խողովակաշարերի անցկացման, կապիտալ շինարարության օբյեկտների նախագծման համար։ 1956-ին ՍՍՀՄ–ի և ՉԺՀ–ի միջև կնքված համաձայնագրի հիման վրա սկսվեցին աշխատանքներ բնական ռեսուրսների բացահայտման, արտադրողական ուժերի զարգացման հեռանկարների և Ամուր գետի ավազանի ջրերի օգտագործման գծով։ Չին․ կողմի մեղքով այդ աշխատանքները կատարվեցին ոչ լրիվ։

1953-ից կարևոր դարձան միջուկային ֆիզիկայի և էներգետիկայի բնագավառի հետազոտությունները։ Չ–ի ԳԱ–ին կից ստեղծվեց միջուկային էներգիայի ինստ․, որի հետազոտությունների ծրագիրը ղեկավարում էր ֆիզիկոս–միջուկագետ Ցյան Սյան Ցյանը։ 1955–57-ին ընդլայնվեց Չ–ի ԳԱ ֆիզիկայի (1958-ից՝ ատոմային էներգիայի) ինստ–ը։ 1958-ին Պեկինի մերձակայքում ՍՍՀՄ–ի օգնությամբ կառուցվեց առաջին՝ փորձարարական միջուկային ռեակտորը 10 հզ․ կվա հզորությամբ, ինչպես նաև 25 Մէվ հզորությամբ ցիկլոտրոն, շարք մտավ պրոտոնների արագացուցիչը 2,5 Մէվ–ով։

1971-ին երկրում հաշվվում էր մոտ 10 միջուկային ռեակտոր։ 1964-ին կատարվել է առաջին (վերերկրյա) միջուկային, 1967-ին՝ առաջին ջերմամիջուկային սարքերի փորձարկումը։

Մեծ ուշադրություն էր դարձվում հրթիռային տեխնիկայի, իսկ 60-ական թթ․ վերջում հրթիռատիեզերական տեխնիկայի գիտակիրառական հետազոտություններին։ Այդ աշխատանքները ղեկավարում էր Ցյան Այոլէ Շենը։ 1966-ին Չ–ում հերթական ատոմային փորձարկման ժամանակ օգտագործվեց կառավարվող հրթիռ, 1970-ին՝ երկրի արհեստական առաջին արբանյակը, 1971-ին՝ երկրորդը։

Բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում կատարվում է տիեզերական ճառագայթների ուսումնասիրություն։ Չ–ի մի շարք շրջաններում (մասնավորապես Տիբեթում) կատարվել եներկրաֆիզիկական հետազոտություններ։ 1967-ին շահագործման է հանձնվել Պեկինի աստղադիտարանի ռադիոհեռադիտակը, որը նախագծել են ավստրալ․ մասնագետները։

Մաթեմատիկան ժամանակակից Չ–ում զարգանում է թվերի տեսության, հաշվողական մաթեմատիկայի, տոպոլոգիայի ուղղություններով։ Խոշորագույն մաթեմատիկոսներից է Հուա Լոգենը, որը «կուլտուրական հեղափոխության» ժամանակ ենթարկվել է ռեպրեսիայի։ Հայտնի են Ու Վեն Ցզյունի աշխատանքները։

1949-ից հետո խթանվեց քիմիայի զարգացումը։ 1949–60-ին քիմիկոս–հետազոտողների թիվն աճեց 10 անգամ, իսկ ինժեներ–քիմիկոսներինը (1949–63)՝ 14 անգամ։ Միայն Չ–ի ԳԱ համակարգում կենսաքիմիայի և պոլիմերների պրոբլեմներով զբաղված են 10 ԳՀԻ։ Կարևորվում են հանքային պարարտանյութերի և թունաքիմիկատների, արհեստական և սինթետիկ թելերի, սինթետիկ կաուչուկի, դեղամիջոցների, ինչպես նաև նավթաքիմիկատների, հրթիռային վառելանյութի, ատոմային արդյունաբերության համար անհրաժեշտ նյութերի արտադրության խնդիրները։ Քիմիայի և կենսաքիմիայի բնագավառում 60-ական թթ․ կարևոր գիտ․ նվաճումներից են ինսուլինի լրիվ սինթեզի իրականացումը, սինթետիկ բենզոլի արտադրության մշակումը և կազմակերպումը, նավթային ֆրակցիաների բակտերալոգիական դեպարաֆինացումը։ Խոշոր հետազոտությունները պատկանում են Չժուան Չժանգունոյին (օրգ․ քիմիա), Ու Սյուե Չժոուին (ֆիզ․ քիմիա), խոու Դե Բանուին (ազոտական պարարտանյութերի տեխնոլոգիա)։

ՉԺՀ–ում ընդլայնվում են գիտատեխ․ հետազոտությունները մետաղագործության բնագավառում։ Սև մետաղագործության մեջ երկար ժամանակ տարվում են աշխատանքներ պողպատի ձուլման տեխնոլոգիայի բարելավման, դոմենային պրոցեսի կատարելագործական և այլ ուղղություններով։ Մեծ ուշադրություն է դարձվում սինթետիկ կարծր նյութերի՝ ալմաստի փոխարինողների ստեղծմանը։ Սակայն մետալուրգիայի տեխնիկական մակարդակը ետ է մնում համաշխարհային մակարդակից։ Մեքենաշինական տեխնիկայի և մետաղամշակման գլխավոր նպատակն այդ բնագավառի* արտադրանքով ինքնապահովումն է։ Առավել ուշադրություն է դարձվում հաստոցաշինության զարգացմանը։ 60-ական թթ․ վերջում Չ–ում սկսված է թվային ծրագրերով կառավարվող հաստոցների փորձնական արտադրությունը։

Մեքենաշինությունը արտադրում է ջրային սառեցումով 125 հզ․ կվտ հզորությամբ