Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/600

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

զբաղվում է նաև անասնապահությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապարտեզ, բուժկայան։

«ՌԱՆՉՊԱՐ» շաբաթաթերթ։ ՀԿ(բ)Կ Նոր Բայազետի գավկոմի և գավգործկոմի օրգան։ Լույս է տեսել 1921–1923 թվականներին, Նոր Բայազետում։ Խմբագիր՝ Վ․ Ծովյան (Խերանյան)։ Զգալի դեր է կատարել գավառի չքավոր գյուղացիության քաղաքական դաստիարակության գործում, ագիտացիոն–կազմակերպչական աշխատանքներ է ծավալել պարենհարկի գանձման և խորհուրդների ընտրության ընթացքում։ Անդրադարձել է նաև դպրոցական շինարարության, գյուղատնտեսության վերականգնման, առողջապահության խնդիրներին։ 1922 թվականին ունեցել է «Աշխատավոր կնոջ թերթիկ» հավելվածը։

«ՌԱՆՋԲԱՐ ԻՐԱՆԻ», աշխատավորական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1921–1923 թվականներին, Թեհրանում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ. Մեսրոբյան։ Տեղեկություններ է հաղորդել իրանահայ գաղութի առօրյայից, գործել հանուն հայ և պարսիկ ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի ամրապնդման, աշխատավորությանը հավատ ներշնչել ապագայի հանդեպ։ Քննադատել է դաշնակցության գործունեությունը, 1921 թվականի փետրվարյան խռովությունը։ Անդրադարձել է նաև կրթության ու մշակույթի հարցերին։

ՌԱՆՏՅԵ (ֆրանսերեն rentier< rente– ռենտա), կապիտալիստական երկրներում սոցիալական խավ, որն ապրում է դրամական կապիտալի փոխատվության դիմաց տրվող տոկոսների ու արժեթղթերից ստացվող եկամտի հաշվին։ Կապիտալիստական հասարակության առավել պորտաբույծ խավն է, բոլորովին կապված չէ արտադրության հետ։ Իմպերիալիզմի զարգացմամբ առաջանում են ռանտյե հիմնարկություններ (օրինակ, ինվեստիցիոն տրեստները) և պետություններ (տես Պետություն–ռանտյե

ՌԱՇԵԼ [Rachel, իսկական անունը և ազգանունը՝ Էլիզ Ռաշել Ֆևլիքս (Félix), 1821 –1858], ֆրանսիացի դերասանուհի։ Դրամատիկական արվեստի դասեր է առել դերասան և մանկավարժ Ժ․ Ի․ Սանսոնից։ Առաջին ելույթներն ունեցել է 1837 թվականին՝ «Ժիմնազ» թատրոնում, 1838 թվականին՝ «Կոմեդի ֆրանսեզում»։ Ռաշելի արվեստի հետ է կապված կլասիցիստական ողբերգության վերածնունդը ֆրանսիական բեմում։ Խաղացանկի հիմնական դերերից են՝ Կամիլլա, Էմիլիա (Պ․ Կոռնելի «Հորացիոս», «Ցիննա»), Փեդրա, Հերմիոնե, Ռոքսանա, Եսթեր (Ժ․ Ռասինի «Փեդրա», «Անդրոմաքե», «Բայազետ», «Եսթեր»)։ 1848-ի հեղափոխության օրերին նա կատարել է «Մարսելյեզը»։ Ռաշելի խաղին բնորոշ էր ձևերի պլաստիկական ավարտվածությունը, միաժամանակ՝ մեծ հուզականությունը, զգացմունքների կենդանի, ամիջական վերարտադրումը։ 1850-ական թվականներին, Երկրորդ կայսրության շրջանում, երբ հաստատվում էր բուրժուական կենցաղային դրաման, դերասանուհի ողբերգակ Ռաշելի արվեստն այլես չի ընդունվել։ 1840-ական թվականների 2-րդ կեսից հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում,

1853–1854 թվականներին՝ Ռուսաստանում։ 1855 թվականին թողել է բեմը։

Գրականություն՝ История западноевропейского театра, т․ 3, М․, 1963․

ՌԱՇԻԴ ԱԴ ԴԻՆ, Ռաշիդ էդ Դին, Ֆազլուլա իբն Աբուլ խեյր Համադանի (1245–1318), իշխանության պետական գործիչ, մատենագիր։ Սերում էր մահմեդականություն ընդունած հրեա ընտանիքից ։ Եղել է բժիշկ։ Ղազան խանի (1295–1304) օրոք նշանակվել է մեծ վեզիր (1298–1317)։ Գործուն մասնակցություն է ունեցել պետության մեջ ռեֆորմների իրականացմանը, պայքարել կենտրոնախույս ուժերի դեմ, վարել հարկային չափավոր քաղաքականություն, սեփականել է մեծ թվով կալվածքներ և դարձել պետության խոշոր հողատերերից մեկը։ 1317 թվականին պաշտոնազրկվել է, ապա մեղադրվել դավադրության մեջ և մահապատժի ենթարկվել։

Գրած աշխատություններից ամենաարժեքավորը «Զամե–աթ–թավարիխ» («Տարեգրությունների ժողովածու», պարսկերեն, 1301–1311 թթ.) եռահատոր պատմական երկն է։ Աշխատության առաջին մասը, որ կոչվում է նաև «Թարիխ–ե Ղազանի» («Ղազանի պատմություն»), 13-րդ դարից – 14-րդ դարի սկզբի Իրանի և հարևան երկրների (այդ թվում՝ Հայաստանի) հասարակական–տնտեսական պատմության հիմնական և կարևոր սկզբնաղբյուր է, պարունակում է Ղազան խանի անունով հրապարակված, սակայն իր կազմած, յառլիկները (հրամանագրերը)։ Ռաշիդ ադ Դինը գրել է նաև ուսումնասիրություն եվրոպական երկրների մասին․ «Թարիխ–ալ–աֆրանջ» («Ֆրանկների պատմություն») պատմաաշխարհագրական աշխատության երկրորդ մասի երկրորդ գլխում ուշագրավ տեղեկություններ է հաղորդում Կիլիկյան Հայաստանի սահմանների, ճանապարհների և պաշտպանական կարողությունների մասին։

Մեծ արժեք են ներկայացնում Ռաշիդ ադ Դինի նամակներն ու գրությունները, որոնք ամփոփված են «Մուքաթեբաթ–ե–Ռաշիդի» («Ռաշիդյան գրագրություններ») ստվարածավալ հատորում։

Երկեր Сборник летописей, т․ 1, кн․ 1–2, т․ 2–3, М․–Л․, 1946–60; Переписка, М․, 1971․

Գրականություն Մանանդյան Հ., Երկեր, հատոր 3, Ե․, 1977։ Փափազյան Հ․, Ռաշիդ–էդ–Դինը Կիլիկյան Հայաստանի մասին, «ՊԲՀ», 1978, №2։ Петрушевский И․, Рашид-ад-Дин и его исторический труд, в кн․։ Рашид-ад-Дин․ Сб․ летописей, т․ 1, М․–Л․, 1952; Фалина А․, Изучение Рашид-ад-Дина в СССР, М․, 1960․ Հ․ Փափազյան

ՌԱՇԻԴՈՎ Շարաֆ Ռաշիդովիչ (1917–1983), խորհրդային կուսակցական և պետական գործիչ, գրող։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1974, 1977)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։ Ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1941), ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1948)։ 1935 թվականից մանկավարժական աշխատանք է տարել միջնակարգ դպրոցում։ 1937 թվականից՝ Սամարղանդի մարզային «Լենին յուլի» («Լենինյան ուղի») թերթի պատասխանատու քարտուղար, պատասխանատու խմբագրի տեղակալ, խմբագիր։ 1941 – 1942 թվականներին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943–1944 թվականներին՝ «Լենին յուլի» թերթի խմբագիր, 1944 թվականից՝ Ուզբեկստանի կոմկուսի

Սամարղանդի մարզկոմի քարտուղար, 1947 թվականից՝ հանրապետական «Կզիլ Ուզբեկստոն» («Կարմիր Ուզբեկստան») թերթի պատասխանատու խմբագիր։ 1949–1950 թվականներին Ռ․ Ուզբեկստանի գրողների միության վարչության նախագահն էր, 1950 թվականից՝ Ուզբեկական ԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ։ 1959 թվականի մարտից Ուզբեկաոանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարն էր։ 1961 թվականից ԽՄԿԿ ԿԿ Նախագահության (1966 թվականից՝ Քաղբյուրոյի) անդամության թեկնածու ԽՍՀՄ 3 – 10 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության անդամ (1970 թվականից): Բանաստեղծությունների առաջին ժողովածուն («Իմ ցասումը») լույս է տեսել 1945 թվականին։ «Հաղթողները» (1951) վիպակում և «Փոթորկից ուժեղ» (1958) վեպում պատկերված է ժողովրդի պայքարը խոպան հողերի յուրացման համար։ «Հզոր ալիք» (1964) վեպը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքի մարդկանց սխրանքին։ «Քաշմիրյան երգ» (1956) ռոմանտիկական վիպակում արտացոլված