Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/601

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

է հնդիկ ժողովրդի պայքարը ազատության համար։ Հրատարակել է նաև «Պատմության դատավճիռը» (1950) հրապարակախոսական հոդվածների ժողովածուն, «Բարեկամության դրոշը» (1967) գիրքը։ Եղել է ՍՄԿԿ XIX–XXVI համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Վ․ Ի․ Լենինի 7 և 4 այլ շքանշաններով։

ՌԱՇԿՈՎ, գյուղ Մոլդովական ՍՍՀ Կամենկայի շրջանում։

XVIII դարում Ռաշկովը մտել է Ռեչ Պոսպոլիտայի Բրացլավյան վոյեվոդության մեջ, ունեցել հայկական գաղթավայր։ Ենթադրվում է, որ հայերը եկել են Մոլդավիայի մյուս գաղթավայրերից կամ Ղրիմից։ Բրացլավյան վոյեվոդությունում իշխող Լյուբոմիրսկի իշխանները խրախուսել են հայերի գաղթը, նպատակ ունենալով բազմամարդ դարձնել իրենց տիրույթները։ Պոդոլյեի և Մոլդովայի առևտրական կենտրոնների մոտ գտնվելը, Դնեստրի վրայով նավարկությունը նպաստել են Ռաշկովում առևտրի զարգացմանը։ Հայերն զբաղվել են առևտրով, կաշեգործությամբ, մուշտակագործությամբ, կոշկակարությամբ, դերձակությամբ, մսագործությամբ, ինչպես նաև ձիաբուծությամբ։ 1751 թվականի մարտի 19-ին Յու․ Լյուբոմիրսկին հատուկ հրովարտակով Ռաշկովի հայերին շնորհել է սեփական օրենքներով ղեկավարվելու, արտոնյալ (առանց մաքս վճարելու) առևտրով և արհեստներով զբաղվելու իրավունքներ, տրամադրել հող։ Հրովարտակը (Զոլչևի հայերին 1688 թվականի հոկտեմբերի 29-ին Յան Սոբեսկու տվածի կրկնօրինակն էր) վարդապետ Օգսեն Նիկոլյանը թարգմանել է հայերեն՝ կցելով աշխարհաբար բացատրություններ։ Ռաշկովի հայ արհեստավորները ստեղծել են համքարություններ (Ս․ Կայեթանի, Ս․ Գրիգոր Լուսավորչի անուններով), երիտասարդները՝ Ս․ Աստվածածին «կտրիճվորաց եղբայրությունը»։ 1773 թվականին կազմակերպվել է Ս․ Երրորդության հոգևոր եղբայրությունը։ Համայնքի ինքնավարությունը իրականացրել են 12 երդվյալ դատավորները՝ ամեն տարի ընտրվող վոյթի գլխավորությամբ, և «քառասուն ախպարների» խորհուրդը։ «Աղքատաց տնտեսի» հսկողության ներքո էր հիվանդանոցը, չքավորների խնամքը, թաղումները։

Ռաշկովի հայկական թաղամասը գտնվել է Դնեստրի աֆին, բարձրադիր բլրի վրա։ Կառուցվել է փայտե, 1786 թվականին՝ քարե եկեղեցի, որը 1791 թվականին ստացել է Անարատ հղության Ս․ Աստվածածնի և Ս․ Կայեթանի անունը։

Լեհաստանի առաջին բաժանումից (1772) հետո Ռաշկովն անցել է Ռուսաստանին։ Հետագայում հայերն աստիճանաբար ձուլվել են տեղացիներին կամ հեռացել Ռաշկովից։ XIX դարի 20-ական թթ․ Ռաշկովում հայեր համարյա չկային, սակայն տեղի հայկական եկեղեցին շարունակել է գործել մինչև 1850-ական թվականները։

Գրականություն Բժշկյան Մ․, ճանապարհորդութիւն ի Լեհաստան, Վենետիկ, 1830։ Գրիգորյան Վ․Ռ․, Հայերը Ռաշկովում, «ԲԵՀ»-, 1973, № 3։ Նույնի, История армянских колоний Украины и Польши (Армяне в Подолии), Е․, 1980․ Վ. Գրիգորյան

ՌԱՇՄԱՃՅԱՆ Սեդրակ Տիգրանի [1907թվականի մայիսի 10(23), Ալեքսանդրապոլ – 1978 թվականի դեկտեմբերի 1, Երևան], հայ սովետական նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)։ Տ. Ռաշմաճյանի որդին։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, 1923–1927թվականներին՝ Երևանի գեղարվեստական–արդյունաբերական ուսումնարանում (Ս․ Աղաջանյանի և Ս․ Առաքելյանի մոտ), 1927–1930 թվականներին՝ Մոսկվայի գեղարվեստա–տեխնիկական բարձրագույն ինստիտուտում (Ա․ Գերասիմովի, Ա․ Դեյնեկայի, Վ. Ֆավորսկու մոտ), 1930–1931 թվականներին՝ Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտում։ Ռաշմաճյանը հայ կերպարվեստ է մուտք գործել բանվոր դասակարգի կյանքը պատկերող թեմաներով՝ ստեղծագործաբար յուրացնելով ու խորացնելով դասական ռեալիզմի սկզբունքները։ Դինամիզմով բնորոշվող նրա արվեստը («Գործադուլավորներ», 1932, «Բանվորների ընդհարումը ոստիկանության հետ», 1953 և այլ թեմատիկ պատկերներ) առանձնանում են ռեալիզմի արդիականացված ձևամտածողությամբ։ Ռաշմաճյանի ստեղծագործությունը արտացոլում է հայ բանվորների հոգևոր ուժն ու կորովը։ Դիմանկարներում պատկերված է նրանց բարոյական գեղեցկությունը, աշխատանքի ներհուն բերկրանքը, գիտակցված արժանապատվությունը։ Ռաշմաճյանի նկարները զերծ են մտացածին գեղարվեստականությունից։ «Բետոնագործ Խաչիկյանը» (1947), «Ձուլարանի Արշակը», (1949, Հայաստանի պետական պատկերասրահ) և այլ կոնկրետ անհատների հոգեբանական դիպուկ կերպավորումները հետագայում ընդգրկելով մարդկային և հասարակական լայն բովանդակություն, նրա արվեստում հանգում են ժամանակակից բանվորի տիպաբանական ընդհանրացման («Ձուլող Արամը», Հայաստանի պետական պատկերասրահ, «Ձուլարանում», նկարչի սեփականություն, «Ձուլող բանվորը», ԽՍՀՄ գեղագիտական ֆոնդ, բոլորը՝ 1949)։ Ռաշմաճյանի թեմատիկ պատկերների ու աշխատանքի դյուցազունների նկարաշարերը արտացոլում են ժողովրդական մտածողությունից բխող «կյանք–մարդ» փոխհարաբերության նկարչի հավատամքը («Գործարանի ինտերիեր։ Չուգունի ձուլում», 1959, Հայաստանի պետական պատկերասրահ)։ Ռաշմաճյանի ստեղծագործության մեջ կարևոր տեղ է գրավում բնանկարչությունը։ Զանգեզուրի, Գուգարքի, Արարատյան դաշտավայրի, Արագածի, Սևանի և այլ շրջանների նրա բնանկարները, որոնք լուրջ ներդրում են հայկական բնանկարչության ասպարեզում

(«Փողոց Աշտարակում», 1939, «Սևան», 1939, «Ուռենիներ», 1943, բոլորը՝ Հայաստանի պետական պատկերասրահ), առանձնանում են կոլորիտի նուրբ զգացողությամբ, գույնի (կանաչ–շագանակագույն երանգներ) իմաստավորմամբ, գծի ամրությամբ, կառուցվածքի ամբողջականությամբ, վրձնահարվածի տարողունակությամբ։ Ռաշմաճյանի գրաֆիկական աշխատանքներին հատուկ է գեղանկարչական հնչողությունը (գուաշ, ջրաներկ, կավճաներկ և այլն)։ Այստեղ կան թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, հայկական բանահյուսության, ինչպես և «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումներ (1939, 30 թերթ, 11-ը՝ Հայաստանի պետական պատկերասրահում)։ Վերջինս էպոսի նկարազարդումների մեջ մնում է լավագույններից սովետական կերպարվեստում։ Ռաշմաճյանի խոր հումանիզմով տոգորված արվեստը բարձր է գնահատել Ե․ Չարենցը։ Ռաշմաճյանի աշխատանքները 1932 թվականից ցուցադրվել են Հայաստանի, Խորհրդային Միության և արտասահմանյան բազմաթիվ քաղաքներում։ 1966 թվականին Երևանում բացվել է Ռաշմաճյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։

Պատկերազարդումը տես 593-րդ էջից առաջ՝ ներդիրում։

Գրականություն՝ Սեդրակ Ռաշմաճյան, Կատալոգ, Ե․, 1966։ Очерки по истории искусства Армении (сб․ ст․), М․–Л․, 1939, с․ 92․ Պ․ Գրիգորյան

ՌԱՇՄԱՃՅԱՆ Տիգրան Հակոբի [1862 թվականի հուլիսի 13(26), Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 1946 թվական դեկտեմբերի 28, Երևան], հայ մանկավարժ։ Կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում, Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Լայպցիգի և Ենայի համալսարաններում։ Փիլիսոփայության թեկնածու (1896)։

Որպես ուսուցիչ և տեսուչ աշխատել է Ալեքսանդրապոլում, Երևանում, Թիֆլիսում։ Դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում, համալսարանում, կոնսերվատորիայում։ Հեղինակ է մի շարք դասագրքերի և գիտամանկավարժական աշխատությունների։ Ա․ Չիլինկարյանի և Ավ․ Իսահակյանի հետ կազմել է հայոց լեզվի «Դասընկեր» դասագիրքը:

Գրականություն Շավարշյան Ա․ Մ․, Հայ մանկավարժներ, XIX–XX դդ․, Ե․, 1961 (գիրք 2)։ Մ․ Նարյան

ՌԱՈ Չանդրա Ռաջեշվար [ծնված 1914 թվականի հունիսի 6-ին, Մանգալապուրամ (այժմ՝ Անդհրա Պրադեշի նահանգում)], Հնդկաստանի և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Բժշկական կրթություն է ստացել Բենարեսի հինդուիստական համալսարանում և Վիշակհապատնամի բժշկական կոլեջում։ 1931 թվականից Հնդկաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) անդամ է։ 1943 - 1952 թվականներին