Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/636

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


78-րդը)։ Հայտնի են ռենիումի հազվադեպ հանդիպող երեք միներալները՝ օքսիդը, սուլֆիդը և ջեզկազգանիտը։ Նշանակալի քանակներով ռենիում է պարունակվում մոլիբդենիտում (0,1 – 10–5%), որոշ պղինձ սուլֆիդային կոնցենտրատներում (2–5• 10-3%), ավելի քիչ՝ կոլումբիտներում, տանտալատներում, երբեմն՝ հողային տարրերի միներալներում և այլուր։

Ռենիումը բաց մոխրագույն, արծաթափայլ մետաղ է։ Հալման ջերմաստիճանը՝ 3180± 20°С, եռմանը՝ 5900°С, խտությունը՝ 21030 կգ/մ³։ Դժվարահալությամբ զիջում է միայն վոլֆրամին, խտությամբ՝ պլատինին, ռադիումին և օսմիումին։ Կռելի է, ենթարկվում է սառը դեֆորմացման, ունի դեֆորմացման մեծ դիմադրություն։ Ամրությունը պահպանում է անգամ երկարատև տաքացնելիս (2000°С)։ Սովորական ջերմաստիճաններում կայուն է օդում և ջրում։ Քիմիական միացություններում ցուցաբերում է – 1-ից +7 օքսիդացման աստիճաններ, որոնցից ամենաբնորոշը +7-ն է (յոթարժեք)։ Ջրածնի, ազոտի և ածխածնի հետ չի միանում։ Թթվածնի հետ միանում է 600°С–ից բարձր տաքացնելիս, առաջանում են Re2Օ7 և ReՕ3 օքսիդները։ Ռենիումի (VII) օքսիդը ցնդող, բաց դեղին, բյուրեղական նյութ է, եռում է 360°С–ում։ Լուծվում է ջրում, առաջացնելով ուժեղ ռենիումական թթու, որը լուծույթը գոլորշիացնելիս քայքայվում է, անջատելով Re2Օ7։ Աղերը՝ պերռենատները, մեծ մասամբ ջրում լուծելի, անգույն, բյուրեղական նյութեր են(KReՕ4 և NH4ReՕ4 կարևոր ռեակտիվներ են)։ ReՕ3-ի նարնջագույն կարմիր բյուրեղները ալկալիների հետ առաջացնում են կանաչ, բյուրեղական ռենատներ (VI)՝ M2ReՕ4։ Ռենիումի (V) օքսիդը չի ստացվել, հայտնի են, սակայն, ռենատները (V) MReՕ3, M4Re2Օ7, M3ReՕ4։ ReՕ2 սև շագանակագույն փոշի է, ստացվում է R2Օ7-ը ջրածնի հոսքում տաքացնելիս (300°C), այրվում է թթվածնում, լուծվում է աղաթթվում՝ առաջացնելով H2ReCl6, որի աղերը ջրում հիդրոլիզվում են՝ անջատելով Re-ի (IV) օքսիդի հիդրատները՝ ReՕ2*2H2Օ։ Ալկալիների հետ ReՕ2-ն առաջացնում է ջրում անլուծելի ռենատներ (IV)՝ Na2ReՕ3 և այլն։ Ռենիումի (III) օքսիդը հայտնի է միայն հիդրատի ձևով՝ Re2Օ3•nH2Օ։ Ֆտորի և քլորի հետ ռենիումը միանում է տաքացնելիս՝ առաջացնելով ReF6 և ReCl5 (մյուս հալոգենների հետ անմիջականորեն չի միանում)։ Հայտնի են նաև ռենիումիի օքսիհալոգենիդները (ReՕF4, ReՕCl4, ReՕ3Br և այլն)։ Ծծմբի հետ (700–800°C) առաջացնում է ռենիումի (IY) սուլֆիդ, որը ջրում և աղաթթվում չլուծվող բյուրեղական, սև նյութ է։ Ստացվել է նաև ռենիումի (VII) սուլֆիդը։ Ռենիումն առաջացնում է բազմաթիվ կարբոնիլներ՝ ReCl(CO)5, Re2(CՕ)10, K[Re(CO)5]։ Աղաթթվում և ֆտորաջրածնական թթվում ռենիումը չի լուծվում (անգամ 100°Շ–ում), լուծվում է ազոտական, տաք և խիտ ծծմբական թթուներում, ջրածնի գերօքսիդում՝ առաջացնելով ոենիումական թթու։ Ռենիումի արդյունաբերական ստացման աղբյուրը մոլիբդենային և պղնձային հանքանյութերի կոնցենտրատներն են, որոնք պարունակում են համապատասխանաբար 0,01-0,04 և 0,002–0,003% ռենիում։ Կոնցենտրատների օքսիդացնող բովման ընթացքում ռենիումը (Re2Օ7) հեռանում է վառարանային գազերի հետ և կուտակվում փոշեգտիչներում։ Ռենիում լուծույթ են անցկացնում օքսիդիչի (MnՕ2) առկայությամբ նոսրH2ՏՕ4-ում լուծելով, ապա անջատում ադսորբման կամ օրգանական լուծիչով լուծահանելու միջոցով։ Ստանում են NH4ReՕ4, որը վերականգնում են ջրածնի հոսանքում։ Ռենիումի փոշին վերամշակում են մամլման և ջերմամշակման միջոցով կամ հալում էլեկտրոնաճառագայթային վառարանում (թողարկվում է ձողիկների, լարի, ժապավենի, նրբաթերթիկի ձևով)։ Ռենիումը և նրա համաձուլվածքները (W, Мо, Та), որպես դժվարահալ և կոռոզիակայուն նյութեր, օգտագործվում են էլեկտրոնիկայում, օդագնացային և տիեզերական տեխնիկայում, ինչպես նաև բարձրջերմաստիճանային (մինչև 2500°С) թերմոզույգեր պատրաստելու համար։ Ռենիումը և նրա միացությունները նավթի կրեկինգի արդյունավետ կատալիզատորներ են։

ՌԵՆՅԱՐ (Regnard) Ժան Ֆրանսուա (1655–1709), ֆրանսիացի դրամատուրգ։ 1688 թվականից սկսած ստեղծել է ֆարսեր՝ երաժշտությամբ ու պարերով հանդերձ (մեծ մասը գրել է Շ․ Ռ․ Դյուֆրենիի հետ)։ Ճանաչվել է «Խաղամոլը» (բեմադություն 1696 թվականին, հրատարակություն 1697 թվական) չափածո կատակերգությամբ։ Պլավտոսի սյուժեներով են գրված «Անսպասելի վերադարձը» (բեմադրություն և հրատարակություն 1700) և «Մենեխմները» (բեմադրություն 1705, հրատարակություն 1706) կատակերգությունները։ Ռենյարի ամենանշանավոր չափածո կատակերգության («Միակ ժառանգը», հրա տարակություն 1708) կենտրոնում խորամանկ և խելացի ծառայի կերպարն է։ Նրա կատակերգությունները, չունենալով Մոլիերին հատուկ փիլիսոփայական խորություն և երգիծական սրություն, հիմնականում զվարճացնող բնույթի են, լի անսպառ զավեշտական հնարամտություններով։ Գրել է «Պրովանսուհին» (հրատարակություն 1731) ինքնակենսագրական վեպը։ Ա․ Գասպարյան

«ՌԵՆՈ», ֆրանսիական ավտոմոբիլաշինական ընկերություն։ Տես Մոնոպոլիա կապիտալիսոական հոդվածի արդյունաբերական մոնոպոլիաներ բաժինը։

ՌԵՆՏԱ (գերմաներեն Rente, ֆրանսերեն rente, < ուշ լատիներեն rendita, լատիներեն reddita– ետ տրված, վերադարձված), եկամտի տեսակ, որ ստացվում է կապիտալից, հողից, ունեցվածքից և կապված չէ ձեռնարկատիրական գործունեության հետ։ Հողատերերը ստանում են հողային ռենտա, որը, իր հերթին, հանդես է գալիս բացարձակ ռենտայի, դիֆերենցիալ ռենտայի և մենաշնորհային ռենտայի ձևերով։ Կապիտալիստական բազմաթիվ երկրներում ռենտա են անվանում նաև տոկոսները, որ վճարվում են ըստ պետական փոխառությունների պարտատոմսերի։ Ռենտայով ապրող անձինք կազմում են հասարակության պորտաբույծ խավը (տես Ռանտյե

ՌԵՆՏԱՎՃԱՐ հաստատագրված վճար սոցիալիզմի ժամանակ, ձեռնարկությունների շահույթի մի մասը (որի ստացումը կախված չէ նրանց գործունեությունից) պետական բյուջե գանձելու ձև։ Շահույթից կատարվող առաջնահերթ վճարումներից է, որի միջոցով արտադրության բնական, տրանսպորտային կամ տեխնիկատնտեսական հատուկ բարենպաստ պայմանների շնորհիվ առաջացող զուտ եկամուտը անցնում է պետական բյուջե։ ԽՍՀՄ–ում սահմանվել է ԽՄԿԿ ԿԿ և ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի 1965 թվականի հոկտեմբերի 4-ի «Արդյունաբերական արտադրության պլանավորման կատարելագործման և տնտեսական խթանման ուժեղացման մասին» որոշմամբ։ Գյուղատնտեսության մեջ ռենտավճարի աղբյուրը դիֆերենցիալ ռենտան է, որը պետական բյուջե է անցնում գնման գների ու կոլտնտեսություններից գանձվող եկամտահարկի միջոցով։ Արդյունահանող արդյունաբերության մեջ, հայթայթվող հումքի իրացման միասնական մեծածախ գների պայմաններում, ռենտային ծագում ունեցող եկամուտների ստացման հիմքը երկրաբանական, իսկ վերամշակող արդյունաբերության մեջ՝ տեխնիկատնտեսական պայմաններն են։ Արտադրության բոլոր ճյուղերում եկամտաբերության մակարդակը կախված է նաև հումքի ու պատրաստի արտադրանքի փոխադրման հեռավորությունից։ Ռենտավճարը կատարում է բաշխողական (ձեռնարկությունների և պետական բյուջեի միջև շահույթի բաշխման տարր է), կարգավորող (հարաբերականորեն հավասարեցնում է միատեսակ արտադրանք թողարկող ձեռնարկությունների եկամտաբերության մակարդակը), խթանող (ուժեղացնում է ձեռնարկությունների շահագրգռվածությունը տնտեսական ռեզերվների բացահայտման գործում) փոխկապված ֆունկցիաներ։ Արդյունահանող արդյունաբերության ձեռնարկությունները, որպես կարգ, ռենտավճարը մուծում են կայուն գումարով՝ իրացվող արտադրանքի միավորից (1 տ նավթ, 1000 մ³ գազ և այլն), իսկ վերամշակող արդյունաբերության ձեռնարկությունները՝ տոկոսներով՝ ձեռնարկության մեծածախ գնով հաշվարկված իրացվող արտադրանքի արժեքից կամ հաշվեկշռային շահույթից։

Ռենտավճարը կիրառվում է նաև սոցիալիստական մյուս երկրներում (ՄԺՀ–ում՝ հաստատագրված վճարներ, ՀԺՀ–ում՝ արտադրական հարկ, ԼԺՀ–ում՝ բյուջետային տարբերություն)։ Կապիտալիստական երկրների մեծ մասում անմիջապես պետական բյուջեի եկամուտ է դառնում կապիտալիստական շահույթի մի մասը ռենտավճարի ձևով։

ՌԵՆՏԳԵՆ, Ռյոնտգեն (Röntgen), Վիլհելմ Կոնրադ (1845–1923), գերմանացի ֆիզիկոս։ 1865–1868 թվականներին սովորել է Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1868 թվականին Ցյուրիխի համալսարանում ստացել դոկտորի աստիճան։ Հոհենհայմի բարձրագույն գյուղատնտեսակամ դպրոցի (1875 թվականից), Ստրասբուրգի (1876 թվականից), Գիսենի (1879 թվականից), Վյուրցբուրգի (1888 թվականից, 1894 թվականից՝ ռեկտոր) համալսարանների պրոֆեսոր։ 1900–1920 թվականներին Մյունխենի համալսարանի պրոֆեսոր (այստեղ 1903–1906 թվականներին նրա ասիստենտն է եղել Ա․ Ֆ․ Իոֆեն)։ Ուսումնասիրել է բյուրեղների պիեզոէլեկտրական և պիրոէլեկտրական հատկությունները, բացահայտել բյուրեղներում էլեկտրական և օպտիկական երևույթների փոխադարձ կապը։ Մագնիսականության բնագավառում Ռենտգենի կատարած հետազոտությունները հիմք են ծառայել