Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Հ․ Ա․ Լորենցի էլեկտրոնային տեսության համար։ 1895 թվականին հայտնաբերել է նոր տեսակի ճառագայթում, որը նա անվանել է X-ճառագայթներ (տես Ռենտգենյան ճառագայթներ) և ստեղծել առաջին ռենտգենյան խողովակները։ 1895–1897 թվականներին հրատարակած 3 աշխատանքներում տվել է նոր ճառագայթման որոշ հատկությունների սպառիչ վերլուծությունը։ Ռենտգենյան ճառագայթման հայտնագործումը կարևոր նշանակություն է ունեցել ատոմի և նյութի կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն լայնորեն կիրառվում է բժշկության մեջ, գիտության ու տեխնիկայի զանազան բնագավառներում (տես Ռենտգենակառուցվածքային վերլուծություն, Ռենտգենամետրիա, Ռենտգենատեխնիկա և այլն)։ Նոբելյան մրցանակի առաջին դափնեկիրը (1901)։

ԵրկերՕ новом виде лучей, под ред․ и с примечаниями А․ Ф․ Иоффе, М․–Л․, 1933 (կա Ռենտգենի աշխատությունների ցանկ)։

Գրականություն Иоффе А․ Փ․, Вильгельм Конрад Рентген, «Природа», 1938, № 2; Иоффе А․ Փ․, Историческое значение открытия Рентгена, «Изв․ АН СССР․ Сер․ физическая», 1946, т․ 10, № 4․

ՌԵՆՏԳԵՆ (Վ․ Կ․ Ռենտգենի անունով), ռենտգենյան և գամմա–ճառագայթման լուսակայման դոզայի արտահամակարգային միավոր։ Նշանակվում է ռ (միջազգային նշանակումը՝ R)։ 1 ռ լուսակայման դոզայի դեպքում համապատասխան մասնիկային ճառագայթումը (էլեկտրոնները) 0,001293 գ օդում (այսինքն՝ 1 սմ3 օդում, նորմալ պայմաններում) առաջացնում է իոնների այնպիսի քանակություն, որ դրանց գումարային լիցքը հավասար է լինում յուրաքանչյուր նշանի էլեկտրականության քանակի մեկ էլեկտրաստատիկ միավորի։ 1980 թվականի հունվարի 1-ից ռենտգենը հանվել է գործածությունից և փոխարինվել Միավորների միջազգային համակարգի կ/կգ միավորով։ 1 ռ=2,57976 • 10-4 կ/կգ։

ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ հայկական գիտահետազոտական Բ․ Ա․ Ֆանարջյանի անվան, հիմնադրվել է 1946 թվականին, Բ․ Ֆանարջյանի նախաձեռնությամբ։ Ինստիտուտն ունի 1․ կլինիկական բաժին, որի կազմի մեջ են մտնում կրծքային, որովայնային, ընդհանուր ուռուցքավիրաբուժության, ռադիոգինեկոլոգիական, կոնսերվատիվ թերապիայի, գիտապոլիկլինիկական բաժանմունքները, ինչպես նան կլինիկա–բջջաբանական, կենսաքիմիական և ախտաբանա–հյուսվածաբանական լաբորատորիաները։ 2․ Ռենտգենաբանության բաժին՝ կրծքավանդակի, մարսողության օրգանների, ոսկրահոդային և միզասեռական համակարգերի ախտաբանության ռենտգենախտորոշման, ճառագայթաբուժության, հորմոնների և ռադիոիզոտոպների բաժանմունքներով։ 3․ Գիտակազմակերպական բաժին՝ բժշկական կիբեռնետիկայի լաբորատորիայով։ 4․ Փորձառական բաժին՝ փորձառական քիմիաբուժության, ուռուցքաբանության, իմունոլոգիայի, ուռուցքաբանավիրուսաբանության, մորֆոլոգիայի, հանքային փոխանակության լաբորատորիաներով։ 5․ Գիտաօժանդակ ստորաբաժանումներ՝ կլինիկական և վերստուգիչ դոզաչափության խմբերով։ Ինստիտուտի հիմնական գիտական խնդիրներն են․

չարորակ նորագոյացությունների ախտորոշման, բուժման և կանխարգելման նոր ու առավել արդյունավետ մեթոդների մշակումը, ուռուցքային և այլ հիվանդությունների ախտորոշման ռենտգենաբանական մեթոդների մշակումն ու կատարելագործումը, ՀՍՍՀ ռենտգենաբանական և ուռուցքաբանական ծառայության կազմակերպումը և մեթոդական ղեկավարումը։ Վերջինիս նպատակով տարբեր շրջաններ են գործուղվում ինստիտուտի մասնագետներից կազմված հատուկ խմբեր։ Ինստիտուտում ուսումնասիրվում և գործնականում ներդրվում են նաև առավել արդյունավետ համակցված մեթոդներ (քիմիաբուժություն, հորմոնաբուժություն, իմունաբուժություն և այլն)։ Ինստիտուտը հրատարակել է մենագրություններ և գիտական աշխատությունների ժողովածուներ։

ՌԵՆՏԳԵՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ռենտգենոլոգիա, բժշկական և անասնաբուժական դիսցիպլին, որն ուսումնասիրում է ռենտգենյան ճառագայթների օգտագործումը մարդու և կենդանիների առողջ ու հիվանդ օրգանիզմները հետազոտելու նպատակով։ Ծագել է 19-20-րդ դարերում, ռենտգենյան ճառագայթների հայտնագործումից հետո։ Ռուսաստանում ռենտգենյան ճառագայթների օգտագործման առաջին փորձերը կատարել են Ա. Պոպովը, Վ․ Տոնկովը, Ա․ Յանովսկին, Ի․ Թարխանովը։ Ռենտգենաբանությունը գիտականորեն ձևավորվել է Ս․ Գրիգորևի, Մ․ Նեմենովի, Ս․ Ռեյնբերգի (Ռուսաստան), Մ․ Օբրեի (Ֆրանսիա), Ա․ Օկեռլունդի (Շվեդիա), Գ․ Բերգի (Գերմանիա), Ջ․ Քեյզի (ԱՄՆ) և այլոց աշխատանքների շնորհիվ։ Ռենտգենաբանությունը նպաստեց մարդու մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանության կարևոր խնդիրների մշակմանը, ինչպես նաև գործնական առողջապահության զարգացմանը։ Ռենտգենաբանական հետազոտությունը (տես Ռենտգենախտորոշում) հիվանդությունների հայտնաբերման առաջատար մեթոդներից է։ XX դ․ 2-րդ կեսին ռենտգենաբանության առաջընթացը պայմանավորված է գիտատեխնիկական հեղափոխությամբ (ռենտգենյան պատկերի էլեկտրոնաօպտիկական ուժեղացուցիչների, ռենտգենահեռուստատեսության, արագացված ռենտգեննկարահանման և արյան անոթների կաթետերացման հարմարանքների, տեսամագնիսական գրանցման ի հայտ գալը և այլն)։ Ժամանակակից ռենտգենաբանության հիմնական խնդիրներն են՝ բժշկական ռենտգենատեխնիկայի և հիվանդների հետազոտման մեթոդների կատարելագործումը, հիվանդությունների ռենտգենախտորոշման, մասնավորապես ռենտգենյան «պատկերները» ճանաչելու տեսության զարգացումը, տարբեր օրգանների ռենտգենագրերը և ֆլյուորագրերը վերլուծելու ավտոմատ հարմարանքների ստեղծումը, պրակտիկայում էլեկտրա–ռենտգենագրության ներդրումը, ռենտգենյան հետազոտության ընթացքում հիվանդների և անձնակազմի պաշտպանության միջոցների կատարելագործումը և այլն։ Ռենտգենաբանությունը սերտորեն առնչվում է ռադիոլոգիայի հետ։ Մի շարք երկրներում ռենտգենաբանության փոխարեն կիրառում են «Ռադիոլոգիա» տերմինը։ Աշխարհում առաջին ռենտգենառադիոլոգիական ինստիտուտը հիմնվել է Պետրոգրադում, 1918 թվականին (ԽՍՀՄ–ում առողջապահության մինիստրության ռենտգենառադիոլոգիայի կենտրոնական ԳՀԻ)։ Հետագայում հիմնվել են բժշկական ռենտգենոլոգիայի և ռադիոլոգիայի բժշկական ռադիոլոգիայի