Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թաքավորը գալիս ա հ՚իքին, տենըմ չորացած, կանչըմ ա բաղմանչուն, նեղանըմ, թե․ — Էս հ՚իքին ո՞նց ես պահել, որ չորացել ա։

Բաղմանչին պատասխանըմ ա թաքավորին, թե. — Մի հալիվոր էկավ ողորմութուն ուզեց, ինչ պտուղ տվի ընդունեց ոչ, էս իրեք խնձորից մինը ուզեց՝ տվի ոչ, հ՚իքուն անըծեց՝ չորացավ։ Ետո հարցրի թե. «Բիձա՛, ո՞նց պըտի անենք, որ հ՚իքին կանանչի», ասեց. «Ընչար Հազարան բլբուլը բերեք ո՛չ, կանանչիլ չի»։

Թաքավորն ասեց.— Ի՞նչ անենք, ո՜վ կբերի էս Հազարան բլբուլը, ով չի բերիլ։

Մենձ տղեն էկավ կաննեց թաքավորի հ՚առաչն, ասեց.— Թաքավորը ապրած կենա, ես կբերեմ։

Միշնեկն էլ էկավ ասեց.— Ե՛ս կբերեմ։

Թաքավորն ասեց.— Որ ըտենց ա, էրկուսդ էլ գնացե՛ք։

Էրկու ախպերը ձի նստեցին, գնացին։

Ալո-Դինոն էկավ տուն, մորիցը հաց ուզեց ուտելու։ Տեհավ, որ հ՚իրա ախպերտինքը տանը չեն, ասեց.— Ազի՛, իմ ախպերտինքը հ՚ո՞ւր են։

Մերն ասեց.— Ա՛յ ֆողը գլխիդ, վրիդ խաբար չկա, ախպերտինքդ ըսօր վեց օր ա գնացել են Հազարան բլբուլը բերելու։

Ալո-Դինոն վե կացավ, գնաց ախոռապետի կուշտը, ասեց.— Մի լավ ձի ջոկա՛, ես պըտի նի՚լնեմ էթամ։

Ախոռապետն ասեց.— Ձիանքը ըստոնք են, որը ուզում ես՝ էն նստի գնա։

Գնաց, ձիերի միշքին ձեռ տվուց, ձիանը բիրադի մեշքները կռացրին, դիմացան ոչ դրա ձեռի տակին։ Էկավ տեհավ, որ դռան տակին մի քոսոտ ձի կա կապած, աշկից քցած, ձեռը տվուց ձիու յալին, շատ թափեթափ տվուց, տեհավ, որ ձին հեչ եռըմ չի[1]. թամբահ արուց ախոռապետին, որ օրենը իրեք հետ լեզացընեն և ամեն ժըմին մի փութ չամիչ տան։

Իրեք օրից ետո Ալո-Դինոն գնաց էտ ձին նստեց, քշեց գնաց իրա ախպորտանցը հասավ։

Մենձ ախպերը բարկացավ դրա վրին, թե.– Խի՞ էկար, ա՛յ գիժ. ուզըմ ես մեզ էլ խայտառակես քեզ հետ։— Ասեց ու մի սիլլա, տվուց։

  1. Չի շարժվում (ծանոթ. բանահավաքի)