Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Դե, բիձա՛, առավոտը վե կա՛ց գնա. տղեն որ արհեստը սարվեց, մենք վե կունենք, կբերենք կտանք քեզ:

— Ա՛յ տղա, — ասեցին, — դորակը[1] վե կալ, ըստի մոտիկ ախպուր կա, լքցրու բեր:

Տղեն դորակը վե կալավ, գնաց դըբա ախպուրը, ջուրը լքցրուց, ուզեց որ քաշի՝ տեհավ դորակը գալիս չի, մըն էլ թափ տվուց՝ մի սիպտակ բիլակ էրևաց. մի ձեռով դորակը բռնեց, մի ձեռով էլ բիլակը: էտ բիլակատերը ճղղաց ու մի հատ թաս վրա արուց դըբա էտ տղեն. բիլակը բաց թողուց, դորակը լիքը վե կալավ, էկավ թասի կուշտը, թասը ֆողոտ էր, սրփեց, դրուց ծոցը, վե կալավ գնաց հարամու տունը: Հարամիքը մնացին զարմացած, իրար էրես թամաշ արին:

— Ա՛յ տղա, էտ ջուրը ո՞րդիան բերիր:

— Ձեր տան կշտի ախպրիցը: Դորակը կոխեցի ջուրը, որ ջուր հանեմ, դորակը դուս չէր գալի, ուժով քաշեցի՝ մի հատ բիլակ դուս էկավ, ընդար սիպտակ էր՝ կասենաս ձին ըլներ, ետո որ բիլակը բռնեցի, էն մի ձեռը տարավ ծոցը, մի թաս հանեց, քցեց. բիլակը թողի, հասա թասին. հրե՛ս, ծոցիս ա:

Հարամբաշին առավ թասը, թամաշ արուց, խելքը գնաց, ասեց. — էս թասին գին չունի: — Վե կացավ ու տղի ճակատը պաչեց. — Տղա՜, հալալ ա քեզ:

— Դե՛ տղեք, էլ մեզ հարամութունը հարամ ա. տանենք էս թասը խուրդենք, քանի սաղ ու կենդանի ենք՝ ուտենք, հատնիլ չի: Դե, — ասեց,— ձիս դուս քաշեք, էթամ խուրդեմ, փողը բերեմ կես անենք, ամեն մարթ իրա փողը վեր ունի, էթա իրա տունը:

Հարամբաշին ձին նի'լավ գնաց քաղաք, տարավ մի սարաֆի կուշտ, որ խուրդի: Սարաֆն ասեց. — Մեր բանը չի էտ, էտ որ խուրդի՝ ֆլան ջհուդ սարաֆը կխուրդի:

Վե կալավ տարավ էտ երևելի ջհըդի կուշտը. — Առ, — ասեց, խուրդա էս թասը:

Ջհուդն առավ թասը ձեռը, պտըտեց, տեհավ որ անգին բան ա, ասեց. — Տանենք թաքավորի կուշտը, ա՜յ տղա, թասը գնահատա, փողը տամ:

  1. Փոքրիկ կուժ,(ծանոթ. բանահավաքի)