Ասեց. — Որ ըտենց ա, ես էլ եմ գալի, էկեք հընգերանանք, էթանք։
Էտ մարթիկը իրար մատ կտրեցին, իրար մատից արին խմեցին-ախպերացան։
Էտ Առչի տղեն ասեց.— Թե իմ թուրը ժանգոտեց, կիմանամ որ ախպերտինքս նեղ տեղըմն են, կգամ, կհասնեմ, էն մեկն էլ ասեց.— Թե իմ մատանըքի ակը խավարի, կիմանամ, որ ախպերտինքս նեղ տեղն են ընկե, կգամ, կհասնեմ։
Էն մեկն էլ ասեց.— Ես գեննին անգաջ կդնեմ, հենց որ բայր-բույն էկավ, կիմանամ որ դուք լեն տեղըմն եք, հենց որ կտրվեց, կիմանամ որ նեղն եք ընկե, կգամ կհասնեմ։
Ըտե իրար հետ ախտուջարթ արեցին, խոսքը մին արին, որ ետո իրար հասնեն։
Դրանք մի ճամփա բռնեցին գնացին։ Գնացին, տեհան՝ հրես ճամփեն բաժանվըմ ա էրկսի. ճամփեքանցի մինը փորցանքով լիքն էր, հըմա էն մինը անփորցանք էր։
Առչի աղեն ասեց.— Ես էտ փորցանքոտ ճամփովը կէթամ, դուք էն մնովը գնացեք։
Ըտոնք իրարից բաժանվին, իրանց ճամփեն բռնին։
Թող էտ երկու ախպերն էթան, խաբարը տանք Առչի տղիցը։
Էտ Առչի տղեն գնաց, շատ ու քիչը աստված գիտա, տեհավ որ հրես իրա առաչը մի հատ իրեք գլխանի դև էկավ։
Դևն ասեց.— Վաղուց ա հողածնի միս չեմ կերե, քաղցր կըլնի, մի ուտեմ սրան։
Ասեց.— Կե՛ր։
Էտ դևը վրա պրծավ դրան, հըմա Առչի տղեն ըտրա շլինքը ընենց օլորեց դրեց տակը, ոնց որ հավի ճուտ։ Դրա անգաջները, քիթն ու մռութը կտրեց, լցրեց խուրջինը, ձին քշեց գնաց։
Գնաց, գնաց՝ ըռաստ էկավ մի վեց գլխանի դևի:
Ասեց.— է՜հ, վաղուց ա հողածնի միս չեմ կերե։
Դևը դրան, դա՝ դևին, էտ դևին էլ մորթեց, դրա քիթն ու մռութն էլ հավաքեց. լցրեց խուրջինն ու գնաց։
Մի քիչ էլ գնաց, դրան մի դև էլ ռաստ էկավ, էս հետ՝ օխտը գլխանի։ Էրկուսն էլ թուրները քաշին վրա պրծան իրար։ Թրով իրար ընդար տվին, ճար չէլավ։
Առչի տղեն ասեց.— Արի, կոխ կալնենք: