Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
15. ԱՍԼԱՆ ԹԱՔԱՎՈՐ

Ըլըմ ա մի թաքավոր, թաքավորին ըլըմ ա օխտը հատ տղա, մի հատ ախչիկ, էտ թաքավորը օխտը տղիցը շատ սիրըմ ա մի հատ ախչկանը։ Թաքավորի մենձ հարսը նախանձըմ ա ախչկա վրին, որ օխտը տղից շատ ա ուզըմ դրան:

Քշերվա մի վախտը վեր ա կենըմ իրա էրեխուն մորթըմ, դանակը տանըմ դընըմ ախչկա ջեբը. մորթելուց ետնա վեր ա կացնըմ իրա մարթին, ասըմ ա.— Տունդ քանդվի, ո՛չ էս թաքավորութունը ըլի, ո՛չ էտ թավուր թաքավոր ըլի, իմ տղեն օրորոցի մեչ մորթել են։

Հավարը քցըմ ա թաքավորի ամարաթի մեջ։

Թաքավորը իմանըմ ա՝ ասըմ ա. — Սպասեցեք լիսանա։

Որ լիսանըմ ա, մենձ հարսը վազըմ ա մտնում թաքավորի սինոդի մեչը, ասըմ. — Թաքավոր, ո՛չ դու ըլես, ո՛չ քու թաքավորութունը, էս ինչ բան ա, որ իմ տղեն օրորոցի մեչ մորթել են։

Թաքավորն ասըմ ա. — Հարս, դի՛վանը տվի քեզ, թե կարաս՝ քթի սըպանողը, դիվանը քունն ա, ինչ կանես, արա։

Ասըմ ա, — Բեր քու պալատիդ մեչը ինչքան մարթ կա, ես խուզարկեմ[1]:

Դա բոլորը հավաքըմ ա, հարսը սկսըմ ա խուզարկիլ, էթըմ ա թաքավորի ախչկա ջիբիցը արնոտ դանակը հանըմ ա, ասըմ ա.— Թաքավոր, քթա իմ թշնամին:

  1. Գյուղացիք գործ են ածում այս բառը, (ծանոթ. բանահավաքի)