Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Միշնեկ ախպերը ձին նի՚լավ հպարտ-հպարտ գնաց դըբա զորքը։

Ալո-Դինոն ետևից հասավ, ասեց.— Ա՜յ տղա. հ՚ո՞ւր ես էթըմ.

Ասեց.— Բլբուլ ղուշը բերել եմ, էթըմ եմ թաքավորին պատասխան տամ։

Ալո-Դինոն ասեց.— Գնա՛, դու էլ կծեծվես, ետ կգաս։

Գնաց զորքի մեչը հարցրուց, ասեց.— Թաքավորի չատըրը ո՞րն ա։

Շանց տվին, ասեցին.— Է՛ն կարմիր չատիրն ա։

Գնաց օխտ հետ գլուխ տվուց թաքավորին, վրա ութին ձեռը կապեց, կաննեց։

Թաքավորն ասեց.— Դո՞ւ ես բլբուլ ղուշը բերել։

Ասեց.— Հրամա՛նք ես, ես եմ բերել։

Ասեց.— Ո՜նց բերիր։

Ասեց.— Թաքավորը սաղ ըլնի, հ՚իրիկունը մութն էր, մըն էլ տեհա էտ ղուշը սարիցն էկավ, գնաց մտավ հ՚իրա բունը, ձեռս կոխեցի մեչը, բռնեցի բերի։

Ասեց.— Չէլա՛վ, չէլա՛վ, բլբուլը դու չես բերել, սուտ ես խոսըմ։

Հրամայեց զորքին, դրան ծեծելով դուս քշեցին։

Քամակիցը հրաման էկավ, թե. «Յա բլբուլ ղուշը բերողն եմ ուզըմ, յա երկիրդ քանդըմ եմ»։

Ալո-Դինոն էկավ թաքավորին խնթրեց, ասեց.— Իրավունք տո՛ւր, ես էթամ, ջուղաբ տամ։

Թաքավորը չէր ճանանչըմ, որ իրա տղեն ա։

Ասեց.— Դե՛, որթի, թե կարաս՝ գնա ջուղաբ տուր։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, քեզ հետ ես պայման եմ անըմ և քեզնից ստորագրութուն եմ ուզըմ։ Եթե ես էտ թաքավորին ջուղաբ տվի՝ քու երկրիդ առանց վնաս տալ գնաց, իրեք սըհաթ թաքավորութունդ ինձ տուր, որ ինչ դատեմ՝ դատեմ։

Թաքավորը ստորագրութուն տվեց էտ տղին, տղեն պայմանն առավ դրուց ծոցը, վե կացավ գնաց Չաչոնց թաքավորի կուշտը, գլուխ տվուց, կաննեց։

Ասեց.— Դո՞ւ ես թաքավորի որթին։

Ասեց.— Ե՛ս եմ։

Ասեց.— Իմ Հազարան բլբուլը դո՞ւ բերիր։

Ասեց.— Հրամա՛նք ես, ես բերի։