Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էթալուն պես ախչիկը էտ տղի գլխի բանը վե կալավ, ասեց. — Թաքավոր, էս ա քու փեսե՞ն:

Ոսկե քաքուլը էրևաց, բոլոր պատերը լիս բռնեց: Թաքավորը հասկացավ, որ դա էն թաքավորի տղեն ա, որին հ՚ինքը հպատակ ա, ներողութուն խնթրեց, որ էտքան նեղութուն ա տվել։

Տղեն ասեց. — Հըմի ինչ էլել ա, էլել ա, ախչիկդ տու, էթամ:

Ախչիկը տվուց դրան, ահագին բաժընքով, խալաթներով, ճամփու դրուց: Գնացին:

Գնացին հասան ղշի յուրդը. ղշերն էկան թափվեցին, դաստախունը բաց արուց դրանց ռուզղան խնթրվեց, կերան, ճամփա տվին՝ գնացին։ Մի քիչ էլ գնացին, հասան մրչըմի յուրդը. միևնուն էլի դաստախունը բաց արուց, մրչըմի ռուզղան խնթրվեց, կերան, ճամփա տվին, գնացին։ Մի քիչ էլ գնացին, հասան օխտը ղովտի յուրդը. դրանց էլ դաստախունը բաց արուց, կերան, ճամփա տվին, գնացին։ Մի քիչ էլ էկան՝ հասան ուշապի յուրդը։

Էտ տղեն թեզ-թեզ երկինքն էր թամաշ անըմ, երկուղիցը ախչըկանը երթըմ էր տալի, թե՝ Ի՞նչ շուռա եմ քեզ բերել, դու քու աստվածը։

Ասըմ էր. — Քիր ու ախպոր պես ենք էլել։

Տղեն էլի երկինք էր թամաշ անըմ, տեհավ ուշապը գալիս ա։

Ախչիկն ասեց. — Ընչի՞ հըմար ես ըտդար վիրև թամաշ անըմ։

Ասեց. — Քեգ էն ուշապի հըմար եմ բերել:

Ասելուն պես ախչիկը վիրև թամաշ արուց՝ վախլութունիցը պռոշը ճղվեց, արինը թափվեց։

Ուշապը վեր էկավ, հ՚իրա խրխին հանեց, քցեց ղրաղ, մի սիրուն տղա դառավ։

Դու մի ասի՛, էտ ուշապն էտ ախչկա ախպերն ա, ճանանչեցին հ՚իրար, փաթըթվեցին ու լաց էլան։

Ախպերը քվորն ասեց. — Քեզ ի՞նչ ջուռա բերուց էս տղեն։

Ասեց. — Իրեք հնարն էլ ինքը հանեց, իրեքն էլ ես ասեցի։

Ասեց. — Շա՛տ լավ արիր, որ ասեցիր, գիտես, ա՛յ տղա, մեր հերն անիրավութուն ա արել, քեզ պես տղի քյալլով օխտը էտաժանի տներ ա շինել, ես կարացի ոչ էտ բանը տանիլ, ասսուն խնթրվեցի, որ ուշապ դառնամ, նի՚լնեմ երկինքը, չտենեմ էտ անիրավութունը: