Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չթողուց, որ բաց անի: Առ հա՛ մի սիլլա դռնապանի բերնին. — Շո՛ւն-շան որթի, թողըմ չե՛ս իմ հոր կարողութունը ես տենե՜մ, — քացով տվուց՝ դուռը բաց արուց: Տեհավ մի հատ պատկեր կա՝ էնքան սիրուն, որ տղի խելքը գնաց, վեր ընկավ: Խաբարը գնաց հորն ու մորը: Վազեցին էկան, ջուր բերին, ածեցին գլխին, օյանմիշ էլավ[1]:

Ասեցին. — Այ տղա, խի՞ ըտենց էլար։

Ասեց. — Մեռնեմ՝ սրա կշտին, ապրեմ՝ սրա կշտին, ի՞նչ ուզըմ ա ըլի՝ ես պըտի էթամ, դրան բերեմ:

Ջեյրան-օղլին էկավ, տեհավ տղի գլխին թոփ են էլել, ասեց. — Էտ ի՜նչ բան ա։

Ասեցին. – Տղեն քառսուն հուսատեր ախչկա պատկերը տեհել ա, ասըմ ա՝ էթալ պտեմ բերեմ։

— Էտ քու բանը չի, ես կէթամ կբերեմ, — ասաց Ջեյրան-օղլին:

Թաքավորի տղեն վե կացավ, սիլլով տվուց Ջեյրան–օղլուն, թե՝ էտ ի՞նչ ես ասըմ։

Ջեյրան-օղլին վե կացավ ձեռը քցեց տղին, բանցրացրուց, ասեց. — Ո՞նց ես՝ տամ քարովը, քարի հետ հավասարվես։

Թաքավորը ասեց. — Ւ՞նչ ես անըմ, ա՛յ տղա, քու ախպերն ա ախար։

Հ՚առավոտը վե կացան, հ՚իրար հետ ձիանը նի էլան, գնացին:

Թաքավորի տղեն ասեց. — Ես զուր խի՞ տվի սիլլով Ջեյրան-օղլուն. տղա ա, կտանեմ հետս, ձիս կջրի, ինձ հըմար հաց կըշինի, կուտեմ։

Գնացին, գնացին, շատն ու քիչը աստված գիտի, ճամփին Ջեյրան-օղլին ասեց. — Կէթանք մի դևի կպատահենք, որ տենաս՝ վախենաս ոչ։

Տղեն ասեց. — Խի՞ պըտի վախենամ, մարթը դևից վախենա՞:

Գնացին, սարը նի էլան, տեհան մի ջանավար փոնչալով գալիս ա. հենց որ տեհավ թաքավորի տղեն, վախից պռոշը ճղվեց, արինը՝ շռռալով թափվեց։

— Հը՛, ա՜յ տղա, ի՞նչ բանի ես, — ասեց Ջեյրան-օղլին:

— Էս ի՞նչ դժար էր։

  1. Ուշքն էկավ գլուխը, (ծանոթ. բանահավաքի):