Ճրաքը վառըմ են, կուռը բռնըմ են, դես ման ածըմ, դեն ման ածըմ, ազատվըմ ա, բերըմ ա մի տղա։ Ընչար հանգը-հունգը՝ քշերը լիսանըմ ա։
Առավոտը դարբիշն ասըմ ա. — Նախրչի ախպե՛ր, դու կէթաս քու նախրի աղաքը, մենք էլ կէթանք մեր բանին՝ ընչար ութ օր, ութ օրից ետնա մենք կգանք, էն վախտը էրեխեն էլ կհալալենք՝ կմկրտենք, ամեն ծախսն էլ մեր վրա կըլի։
— Ես, — ասըմ ա, — թաքավոր եմ, էս էլ իմ նազիրն ա, ուրիշ բան չմտածես. իմ խորուրթը քու մոտ մնա, առ էս էրկու մանեթ փողը տան վրին ծախս արա, մենք էթըմ ենք։
Դարբշները վեր են կենըմ ու էթըմ են։ Պտըտըմ են, ութ օրից ետը էլի գալիս են. գալիս են ասըմ. — Բարի իրիկուն, նախրչի ախպեր, ա՛յ քիր, լա՞վ եք։
— Լավ ենք, փառք ասսու։
— Նախրչի ախպե՛ր, — ասըմ ա, — դե գնա տերտերին ասա, թող գա էս էրեխին մկրտի։
Էթըմ ա, տերտերին կանչըմ ա, գալիս ա։
— Ողջո՛ւյն։
— Օրհնյա տե՛ր, — ասըմ ա, — տերտեր ջա՛ն, պատահել ա՝ մենք էկել ենք էս մարթի տունը, էս մարթի կնիկը ազատվել ա, հըմի մենք մուննաթ ենք անըմ, որ էս էրեխին մկրտես։
Տերտերը էդ էրեխին մկրտըմ ա, անըմը դնըմ ա Դավիթ, թաքավորն էլ ըլըմ ա քավոր։ Տերտերին ինչ որ հասնելու ա՝ տալիս են, տերտերը թողըմ ա էթըմ ա։
Մնըմ ա էքսի առավոտը, էտ մարթիկը պըտի էթան, էս թաքավորը հանըմ ա մի բազմանդ՝ տալիս ա իրա սանամորը, ասըմ ա. — Սա՛նամեր, եփ որ տղեն մենձանա, էթա ուրիշ երկրներ, էն վախտը էս բազմանդը կկապես կռնիցը, նոր ճամփու կդնես։ Օր ինձ էլ չպատահի, իմ ազգին կպատահի՝ կպահեն։ — Ասըմ են ու թողըմ էթըմ դարբշները։
Անցնըմ ա մի տասը, տասնէրկու տարի։ Տղեն մենձանըմ ա, տենըմ ա՝ իրանց գեղացիք էթըմ են ուրիշ երկրները ֆահլութուն անելու, ինքն էլ իրա մորն ասըմ ա. — Ես էլ պըտի էթամ, բո՛լ ա, ինչ հերս նախրչի ըլի, ես էլ՝ հորթարած։
— Դե, — ասըմ ա, — ա՛յ որթի, դու գիտաս. որ էթըմ ես, արի, – ասըմ ա, — քու քավորդ մի բազմանդ ա տվել, կապեմ կռնիցդ, գնա։