Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/281

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ասեց. — Իմ հընգորն ա ուզըմ էդ ախչիկը, իմ հընգերն էլ ինձ ա ղրկըմ։

— Ա՛ տղա, — ասեց, — քու ու քու հընգոր մեչ բան կըլի, դու կարա՞ս էդ ախչիկը բերել։

— Ի՜նչ անեմ, որ ղրկըմ են՝ պըտի էթամ, էլի։

— Դե որ պըտի էթաս, ա՛յ որթի, ես պատվերը քե կասեմ։

Ասեց. — Պըտի ծովով էթաս, մի հատ, — ասեց, — ծովի ղրաղին գյամի շինել կտաս, որ մեչը սադա չամ-չրաղից ըլի. նրա մեչին վե կունես մի տարեն ուտելիք, ետո քեզ համար վե կունես տասնէրկու ձեռք թամուզ թաքավորական շորեր, էնու գյորա էլ փող վե կունես. վախիլ մի, թաքավորից ինչ ուզես՝ կտա, թաքի էն ախչիկը բերես։ Վե կունես, — ասեց, — մի ուրաք, մի սղոց, մըն էլ մի կծիկ թել, որ ընչար հազար մղոն երկար ըլի։ Ըտոնք որ թաքավորը տվուց, պրծավ, ընդիան որ նստես գյամին, առաչին սըֆթա մի ձուկ ըռաստ կգա, էն ձկանը քցա ջուրը. ընդիան որ գնացիր, մի ջուր ա գալի՝ մտնըմ ա ծովի մեչը, ինչքան մրչիմ կա՝ թոփ են էլել ընտեղ, սղոցով մի ծառ կկտրես, ուրաքով կտաշես ու կդնես էն ջրի վրեն, որ մրչըմները անց կենան։ Էն մրչըմները ժամանակով քեզ կհարկավորին։ Էնտեղան էլ կէթաս կտենաս, որ մի մենձ ծառի վրա մի Զմբուռթ ղշի բուն կա, նրա ճուտերը ամեն տարի օցը ուտըմ ա, ընտեղ բուսուն կպահես, օցին կսպանես, էն Զմբուռթ ղուշը քեզ կհարկավորի։ Ետո ընդիան էլ կէթաս մի ծովի ղրաղին, մի ծառի վրի աշխարքը ինչ զդար մեղրաճանճ կա՝ հավաքվել են ընտեղ, էն թելի տուտը կկապես էն ծառիցը, մի տուտն էլ ձեռիդ կպահես ու գյամին կքըշես, կէթաս՝ ծովի միչին մի կղզի կա, էն կղզումը մի ծեր, հալիվոր մարթ կա, կէթաս նրան բարով կտաս, նա քու բարովը կառնի, քեզ կօրհնի ու կմեռնի, նրա տեղն ընտեղ կփորես, կդնես փոսի մեչը, ֆողը վրա կտաս, նրանից եննա էլ դու գիտաս, կէթաս, կըլնես Գյուլինան-Բանովշի քաղաքը, ինչ կանես՝ կանես:

Էն օրն էլ մթնեց, գնաց իրա տեղը քնեց, առավոտը լիսացավ, շատ թեզ թաքավորի մարթն էկավ կանչեց տարավ, գնաց թաքավորի կուշտը, թաքավորն ասեց. — Հը՜, ա՛յ տղա, պրծա՞ր, քեֆդ արիր, վերչացրիր, լավ մարթիկ ճանչեցի՞ր։ Հըմի ի՞նչ ես ասըմ, կէթա՞ս:

— Թաքավորը սաղ ըլի, կէթամ, ընչի՞ հըմար չեմ էթա։

Թաքավորն ասեց. — Որթի, դե ուզա՝ տենամ ինչ ես ուզելու քու ճամփի հըմար։