Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ավչու տղեն ասըմ ա. — Ա՛յ մարթ, քու փորը կպատռի։

Ասըմ ա. — Ինչի՞ ես զարմանըմ. հունարը Ավչու տղինն ա:

— Ի՞նչ ա արել, — ասըմ ա, — Ավչու տղեն։

Ասեց. — Ավչու տղեն բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը։

Ասեց. — Ես եմ Ավչու տղեն:

— Որ ըտենց ա, — ասեց, — ես քու ախպերն եմ, — իրեք չըլենք, չորս ըլենք, ես պըտի գամ քու հետ:

Ընկան ճամփա, գնացին։ Երկար գնացին, մի սարի դոշի մտիկ տվին, որ մի չոբան բլուլ ա ածըմ, էտ ոչխարը թև են բռնե հաղըմ են, չեն արածըմ։

Ավչու տղեն ասեց. — Ա՜յ մարթ, — ասեց, — էտ էլ շատ հունար ա։

Պատասխանեց չոբանը. — Հունար, հունար Ավչու տղինն ա, որ գնաց բերուց Շամ-չրաղը, բերուց ֆլի օսկոռը, բերուց դրախտական ծառը։

Ավչու տղեն ասեց. — Էտ ես եմ։

— Որ դու ես, — ասեց չոբանը, — ես էլ եմ քու ախպերը, չորս չըլենք, հինգ ըլենք։

Էլան ախպեր, գնացին. շատ գնացին, քիչ գնացին, աստված՝ գիտի, գնացին տեհան մի մարթ գլխի վրին ցից էլած։

Ավչու տղեն ասեց. — Ախպեր, ընչի՞ ես գլխիդ վրին ցից ըլել։

— Ես, – ասեց, — հ՚անգաջ եմ անըմ, որտեղ խոսան՝ ես իմանամ։ Ես ձեր ճամփեն ի պահում, որ ես էլ ձեր հետ ախպերանամ։ Հինգ չըլենք, վեց ըլենք։

Վեց ախպերը ընկան ճամփեն, գնացին։ Գնացին, չոբանը ասեց Ավչու տղին. — Ի՛նչ ա քու մուրազը։

Ասեց. — Իմ մուրազը՝ թաքավորի ախչիկը բերեք ինձ հըմար։

— Լա՛վ, — ասին հինգ ախպերը, գնացին։

Գնացին հասան թաքավորի քաղաքը, խնամաքարին նստեցին։ Խաբար արին թաքավորին, որ քու ախչիկը ուզող ա էկել։ Թաքավորը շատ ընդունեց դրանց, մաքուր օթախ շանց տվուց. գնացին, նստեցին, սպասեցին թե ինչ ա ըլնելու։

Թաքավորը ճաշ պատրաստեց դրանց հըմար։ Որ հացը կերան պրծան, նստած վեցով զրից ին անըմ. էտ գլխի տնկվողը գլխի վրին տնկվեց, ասեց. — Տենամ ի՞նչ ա խոսըմ թաքավորը։