Տղեն օրդակները առավ գնաց աղի տունը, դուռը բաց արեց ասեց. — Աղա՛, բերել եմ:
Աղեն ասեց. — Պետքը չի, տա՛ր:
Վե կալավ, բերեց տուն, կնիկն առավ, բրախ տվեց։
Էքսի օրը աղեն էլեդ հաց պատրաստեց, կանչեց էն մեկել նոքարներին, ասեց. — Տղեն գնաց ետ էկավ, հըմի ըտրան ընենց տեղ ղրկեք, որ չգա։
Էլեդ էն թոփալն էկավ, ասեց. — Էտ ի՞նչ հաց եք տալի։
Ասեցին. — Հաց ենք տալի, որ խորուրթ անենք, էս մեր նոքարին ընենց տեղ ղրկենք, որ էթա, էլ ետ չգա։
Թոփալն ասեց. — Ղրկեցեք Ալագյազի դոշը, ընտեղ մի ասլան կա, բռնի բերի, որ քու դռանը պահապան ըլի։ Էն ասլանը նրան կփչացնի:
Առավոտը աղեն կանչեց նոքարին, ասեց. — Դու ինձ շատ հավատարիմ ես, պետք ա գնաս Ալագյազի վրի ասլանը սաղ-սաղ բերես։
Տղեն ինչ արած, նիաթը կախ արած, ճարը կտրված, ասեց. — Աղա, բերեմ։
Ետ դառավ գնաց իրա տունը, ասեց. — Կնի՛կ, աղեն ինձ ղրկում ա, որ Ալագյազի ասլանը սաղ-սաղ բռնեմ, ոնները, բերանը կապած բերեմ, տամ իրան։
— Դրա հըմար միտք մի՛ անի, — ասեց կնիկը, — աստված ողորմած ա, աստված դարդը տվել ա՝ դարմանը հետը։ Արի ուտենք, խմենք։
Կերան խմեցին, մի քիչ եննա կնիկը ղուս էկավ դուռը, ձեն տվեց. — Արա՛բ:
Արաբը էկավ, ասեց. — Ի՞նչ ես ուզըմ, սեհրի ախչիկ։
Ասեց. — Ալագյազի ասլանն եմ ուզըմ, ոններն ու բերանը կապած։
Արաբն ասեց. — Գլխիս վրա։
Արաբը գնաց, ախչիկն էկավ նեքսև, շատ էր քնե, թե քիչ դուռը ծեծեցին, դուս էկավ կնիկը, տեհավ արաբը բերել ա ասլանը։
Առավոտը լիսացավ, տվեց մարթին, ասեց. — Կտանես, դուռը բաց կանես, կասես. «Աղա՛, ասլանը բերել եմ». որ կասի՝ բեր, բերանն ու ոնները ետ կանես, բրախ կտաս օթախի մեչը, որ կասի՝ պետքը չի, կբերես ետ։