Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

― Է՜, կնիկ,― ասեց,― աստված տվեց որ տվեց, էտ կիտուկը ոչ թե սառից ա՝ ոսկի, արծաթ ա։ Արի էթանք քաղաք, մեզ հըմար ամարաթներ շինենք, դոստ ու դուշմանի աչքը քոռացնենք։

― Չէ,― ասեց կնիկը,― անճախ ա անգաջներս դինջացել, ապրենք ըստեղ, մեզ հըմար։ Ամարաթ ես ուզըմ՝ ըստեղ շինենք, էտ ղազի գլխին։

Մարթը ռադի կացավ, գնաց քաղաքից ուստա, ֆահլա բռնեց, բերեց մի ընենց ամարաթներ շինեց ղազի գլխին, որ չուտես, չխմես՝ նստես թամաշ անես։

Տասնըհինգ տարի ըստեղ ապրեցին, ախչիկը մենձացավ, տասնհինգ տարեկան էլավ։ Թե ուրիշի էրեխեքը տարով ին մենձանում, դա օրեցօր էր մենձանում. բարցրացել դառել էր չինարի, որ ման էր գալիս՝ ոնների տակին անմահական ծաղիկներ ին բսնում, էրեսը կասես լիսնհագ ըլեր, լիսնհագին ասում էր մի դուս գա, ես դուս եմ էկել։ Հ'աշկերը մին-մին արեքակ ին, ծամերը ոսկեթել մինչև կրնկներն ին կոխում։ Պոոշները բարակ՝ ոնց որ վարթի թեր։ Որ խոսում էր՝ կասես բերանիցը անուշ մեղր էր թափում։ Տեսնողը խելքամաղ էր ըլնում։

Օրերից մի օրը թաքավորը ասում ա իրա տղին․― Արի՛ քեզ նշանեմ մեր վեզրի ախչկա հետ։

Տղեն ասում ա.― Նշանվելուցս առաչ ես պըտի էթամ ավ անելու։

Թաքավորի տղեն վեզրի հետ հեծնում են ձիանիքը, մի քանի մարթկանց եննա էթում են ավ անելու։

Սաղ օրը սար ու ձոր ման են գալի, ավ չի պատահում։ Վեր են գալի ձորը, տենում են մի հատ մարալ արածում ա․ մարալը ըտրանց որ տենում ա, փախնում ա. թաքավորի տղեն ձին լցնում ա, քար ու ձոր մտիկ չի տալի, եննուցը գնում ա։ Վարդիթերենց ամարաթի կշտին մարալը հ'աշկիցը կորչըմ ա։ Թաքավորի տղեն ձիուցը վեր ա գալի, տենում ա, որ դռան առաչին մի հալիվոր նստած ա։

Թաքավորի տղեն ասում ա. — Ա՛յ բիձա, իմ մարալը ըստեղ էկավ, պտի տաս։

Հալիվորը շիվարեց, ասեց․ ― Ա՛յ բալա, ըստի մարալ չի էկել, գնա քու մարալիդ քամակիցը։

Էտ զրըցին վեզիրն էկավ կշտին կաննեց։ Էրկուսը մին էլան, էտ հալիվորին նեղը լծեցին։